Պայթյուններ, որ գուցե պայթեցնեն Թուրքիան ներսից – Արդյո՞ք դրսի ուժերն են Թուրքիան ներսից քայքայելու եւ մասնատելու նպատակ հետապնդում… Իսկ նորօսմանական (նաեւ համաթուրանական) Էրդողանը շարունակում է մրցակցել հանրապետական Աթաթուրքի անվան հետ…

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն արտակարգ հանդիպումներ է ունեցել մայրաքաղաքում հնչած պայթյունների հետ կապված: Պայթյունները եղել են «Աշխատանք, խաղաղություն, դեմոկրատիա» խաղաղ ցույցի ժամանակ, որի մասնակիցները թուրքական իշխանությունների եւ քրդերի միջեւ ընդհարման դեմ էին պայքարում: Հավաքվածներն առավելապես քրդեր էին:

Տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 100-ի, մոտ 250 մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, որոնցից 48-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով այս թվերն ավելին են:

Քրդերը մեղադրում են թուրքերին, իսկ թուրքերը՝ իսլամական ահաբեկիչներին: Եվ հարց է ծագում՝ ո՞մ են ձեռնտու Անկարայի պայթյունները:

Թուրքական իշխանությունները փորձում են սլաքն ուղղել դեպի «Իսլամական պետության» եւ քրդական ուժերի կողմը, որոնք մի քանի օր առաջ հայտարարել էին հրադադարի մասին:

Բայց գրեթե ոչ ոք, իհարկե բացի թուրքերից, հավանական չի համարում, որ պայթյուններն իրականացվել են քրդերի կողմից: Չնայած հայտնի է, որ ռազմատենչ քրդերն այնքան էլ բարյացակամ չեն խաղաղասիրական քայլերի գնացող քրդերի նկատմամբ, սակայն նման արյունալի ոճիր միմյանց նկատամբ քրդերը չէին անի, հատկապես, որ դրա համար որեւէ պատճառ չկար…

Մյուս կողմից էլ անհասկանալի է մնում «Իսլամական պետության»՝ նման քայլի դիմելու շարժառիթները, չնայած Թուրքիայում կան այս ահաբեկչական կառույցի բջիջներ, բայց նրանց կողմից այսպիսի քայլը անտրամաբանական է թվում, որովհետեւ «Իսլամական պետության» վերնախավը առավելապես զբաղված է եվրոպական, ամերիկյան ու ռուսական ռմբահարումներին նախապատրաստվելով ու դիմակայելով:

Բայց քանի որ սա կարող է ուղղված լինել Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը փոփոխելուն, հատկապես ընտրություններից առաջ, ապա թերեւս չի բացառվում, որ սա կազմակերպած լինեն նախագահ Էրդողանին հակադիր ուժերը, որոնք այսպես խաղարկում են քրդական գործոնը: Քրդական խորհրդարանական կուսակցությունն իր ձայներով խանգարեց նախագահ Էրդողանի թիմին միանձնյա ձեւավորելու կառավարությունը, իսկ այժմ քրդերը ավելի ուժգին հանդես կգան գործող նախագահի թիմի դեմ, որը փորձելու է առավելագույն ձայները հավաքել ու իշխել միանձնյա, առանց քաղաքական դաշինքների:

Թե Սուրուչում, թե Անկարայում տեղի ունեցած պայթյունների ժամանակ Թուրքիայի հատուկ ծառայությունները կարծես չեն վերահսկել իրավիճակը: Եվ հարց է առաջանում, թե նման խոշորամասշտաբ ահաբեկչություններն ինչպե՞ս կարող են անտեսվել թուրքական հատուկ ծառայությունների կողմից: Սա նոր հարցեր է առաջ քաշում. այդ ինչպե՞ս է լինում, որ նմանատիպ խոշոր պայթյունների ժամանակ ծառայությունները որեւէ տեղեկություն չեն ունենում, կամ էլ ունենում, բայց հայտարարում են, որ անվտագության մարմինները որեւէ կերպ չեն կարողացել կանխել:

Եվ այստեղ է, որ չեն բացառում, թե պայթյունները կարող են լինել նաեւ ազգայնամոլական ինչ-ինչ ուժերի գործը, որոնց նպատակը երկրում անկայուն վիճակ ստեղծելն է, իշխանությունը զավթելը: Իսկ վերոհիշյալ խաղաղ ցույցի մասնակիցները թուրք-քրդական խաղաղության կողմնակիցներ էին հիմնականում…

Բայց սրանից կփորձեն օգտվել նաեւ իշխող ուժերը, որոնք երկրում պարեկային ժամ, ռազմական դրություն կարող են մտցնել ու ընտրություններն անցկացնել այդ պայմաններում: Ինչը մեկ այլ տրամաբանական հարց է առաջ բերում, արդյո՞ք այս պայմաններում ընտրությունների անցկացումը ձեռնտու չէ Աթաթուրքի անվան հետ մրցակցության մեջ մտած Էրդողանին, նրա թիմին:

Տարբերակները շատ են, ինչը դեռ հնարավորություն չի տալիս եզրահանգման: Դա հնարավոր է երբեք էլ չկայացվի, քանզի թուրքական իշխանությունները լուրջ քայլեր չեն ձեռնարկում: Բայց գուցե իսկապե՞ս ի վիճակի չեն անելու: Եթե պայթյունների հետեւում կանգնած են ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ներքին քաղաքական կամ ազգային-կրոնական շահերը, ապա դրանց հեղինակը կարող է որեւէ գերտերություն լինել, որը հետապնդում է Թուրքիան ներսից քայքայելու եւ մասնատելու նպատակ:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – Մահապարտներն ադրբեջաներեն են խոսել

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության ականատես 15-ամյա մի աղջիկ ոստիկանությանը տված ցուցմունքում ուշագրավ տեղեկություններ է հայտնել: «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, աղջնակը պատմել է, որ տեսել է, թե ինչպես են մահապարտները մոտակա մզկիթ մտել: Մզկիթում նա տեսել է 4 հոգի, ովքեր ադրբեջաներեն ու քրդերեն են խոսել: Աղջիկը ականատես է եղել, թե ինչպես են վերջիններս սեւ ժապավեններով իրենց վրա կապում պայթուցիկները, ապա դուրս գալիս մարդկանց մեջ ու պայթեցնում իրենց: Աղջիկը պնդել է, որ կասկածելի մարդկանց տեսնելուց հետո իր ընկերոջ հետ մոտեցել ու այդ մասին տեղյակ են պահել ոստիկաններին, սակայն վերջիններս ոչ մի միջոց չեն ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթ» թերթը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ 2 խոշոր պայթյուն էր որոտացել, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Նշենք նաեւ, որ այլեւս հայտնի է, որ հարյուրավոր ադրբեջանցիներ են կռվումն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման համար եւ արդեն կան տասնյակ սպանվածներ:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։