Թուրքիան Հայաստանը խառնել է Ռուսաստանի հե՞տ, թե՞… Ինչեւէ, Երեւանը պետք է անարձագանք չթողնի թուրքական ուղղաթիռների սահմանային հատումը – Եվրոպան ու Միացյալ Նահանգները լա՜վ գիտեն, որ Հայաստանն անկախ պետություն է՝ ռուսական ծայրամասային գավառ չէ թուրք-ռուսական խաղերի համար…

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ թուրքական ուղղաթիռները անօրինական հատել են Հայաստանի պետական սահմանը: Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին 2-4 րոպե տեւողությամբ սահմանի հատում է եղել Թուրքիա-Հայաստան պետական սահմանին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում, թռիչքները կատարվել են Իգդիր-Ղարս ուղղություններով: «ՀայաԷրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի կողմից այդ փաստերն արձանագրվել են եւ, ընթացակարգերին համապատասխան, իրականացվել են գործողություններ, որոնցից մեկը նաեւ ճշտումն էր Անկարայի կարգավարի հետ, թե ինչ օդանավ է նրանց կողմից գալիս: Ըստ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի՝ Անկարան տեղեկացրել է, որ սահմանը հատել են թուրքական ռազմական ուղեւորատար ուղղաթիռներ, որոնք, սակայն, շատ չեն խորացել մեր տարածքում եւ արագ հեռացել են։

Թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի պետական սահմանի հատումը կատարվել է ի պատասխան Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների՝ Թուրքիայի սահմանը հատելու քայլերիին: «Սա ոչ թե պատահականություն է, այլ սիմետրիկ պատասխան Ռուսաստանին: Վստահաբար Հայաստանի սահմանը հատելու մտադրությունը Թուրքիան

համաձայնեցրել է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, որի գլխավոր քարտուղարը շատ ավելի կատեգորիկ արձագանքեց ռուսական ինքնաթիռների՝ թուրքական սահմանը ներխուժելու փաստին, քան Անկարան: Հիմա Թուրքիան շատ հստակ հասկացնում է Կրեմլին, որ տե՛ս, եթե դու կարող ես իմ սահմանն անցնել, ես էլ կարող եմ քո կողմից պաշտպանվող սահմանը հատել»,- ասել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության նախագահ, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ Անկարան ռուս-թուրքական սահմանի առաջին գիծ է դիտարկում Հայաստանը, քանի որ այս պահին Թուրքիայի հետ մեր երկրի պետական սահմանը պաշտպանվում է ռուսական բանակի կողմից:

Հասկանալի է, որ թերեւս մի նման բացատրություն էլ կարող է տալ ՆԱՏՕ-ի պատասխանատուն՝ Երեւանին: Սակայն հստակ է. Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում լավ գիտեն, որ Հայաստանը անկախ պետություն է, որ փորձում է իր փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ համագործակցել համաշխարհային բեւեռների հետ: Եվ սա չի կարելի անտեսել, այս հանգամանքը չարաշահել: Ավելին՝ Հայաստանը եւ Թուրքիան ոխերիմ թշնամիներ են: Թուրքիան (ինչպես Ադրբեջանը) կառուցվել է բնիկ հայկական տարածքների վրա, իսկ դրա համար մի քանի միլիոն հայեր են ցեղասպանվել…

Այնպես որ, Արեւմուտքի համաձայնությունը, որպեսզի Անկարան ինչ-որ բան հասկացնի Մոսկվային, պիտի երբեք չլինի Հայաստանի ու հայության շահերի եւ պատվախնդրության հաշվին:

Ինչեւէ, Լ. Ալավերդյանը համոզված է, որ Երեւանը պարտավոր է այս առնչությամբ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, ընդ որում, այդ հայտարարությունն արդեն պետք է արված լիներ. «Իհարկե բանակցելով Ռուսաստանի հետ, որովհետեւ ամեն դեպքում սահմանին նրանց բանակն է կանգնած, անպայման պետք է որեւէ գրավոր տեքստ հրապարակվի՝ անպայման… Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանն ավելի շատ ունի անելիք, քան ՀԱՊԿ-ն կամ էլ որեւէ այլ կառույց, որովհետեւ հատվել է Հայաստանի անկախ պետության սահմանը: ՀԱՊԿ-ն այս պահին գուցե եւ չուզենա արձագանքել՝ Ռուսաստանի ու Թուրքիայի այժմյան հարաբերություններով պայմանավորված: Ռուսաստանն այս պահին կարող է անտեսել այդ փաստը, որովհետեւ նրանք էլ հատել են Թուրքիայի սահմանը եւ դեռ շարունակում են Սիրիայի գործողությունները»:

Այսինքն՝ այս պահին Մոսկվան այնքան էլ շահագրգիռ չէ Հայաստանի սահմանի հատման առնչությամբ կոշտ դիրքորոշում հայտնել: Բայց Հայաստանն անկախ պետություն է, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ անդամ, սերտ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Եվ կշռադատված հայտարարության կարիք կա պաշտոնական Երեւանի կողմից, քանզի սահման հատելու դեպքերը թուրքական օդուժի կողմից կարող են կրկնվել, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ակտիվ լինել Սիրիայում:

«Լուսանցք»-ը գրել էր, որ պատերազմը մտել է Թուրքիայի տարածք, եւ մենք ակամա հայտնվել ենք առաջին գծում: Ուրեմն՝ պիտի աշխատենք, որ խոցելի չլինենք: Պիտի հասկանաք, որ Ռուսաստանի ու Արեւմուտքի լարվածությունը չի կարող մեր կողքով անցնել: Անկարան միշտ էլ փորձարկելու է մեր զգոնությունը, դեռ խորհրդային տարիներին՝ 1974թ. թուրքական ինքնաթիռները հատել էին ԽՍՀՄ սահմանները, երբ Հայաստանի Հանրապետության փոխարեն Խորհրդային Հայաստանն էր… Այն ժամանակ սովետական բանակը անմիջապես հարվածել էր թուրքական ինքնաթիռներին, իհարկե, ըստ սահմանված կարգի, նախ զգուշացրել, ապա արձագանք չստանալով՝ ոչնչացրել են: Ստացվում է՝ այն ժամանակ աշխարհի 2-րդ բեւեռը համարժեք պատասխան է տվել իր սահմանը խախտելու համար, իսկ այսօր 2-րդ բեւեռի ձգտող Ռուսաստանը լռում է…

Փոխարենը մե՛նք լռելու իրավունք չունենք:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։