Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հնդկաձավարով կողիկ (կոտլետ)
Բաղադրությունը – Բլղուր կամ հնդկաձավար – 1 բաժակ, տավարի միս – 0.5 կգ, գլուխ սոխ – 300 գ, կարագ – 50 գ, սեւ պղպեղ, աղ, ձու – 5 հատ:
Պատրաստման եղանակը – Բլղուրը կամ հնդկաձավարը նախապես թրջել: Միսը սոխի հետ աղալ, խառնել կարագը, սեւ պղպեղով ու աղով համեմել: Սրան ավելացնել բլղուրը, վրան ջարդել 1 ձու եւ հունցել: Մնացած 4 ձվերը հարել: Մսային զանգվածին կոտլետի ձեւ տալ, գցել հարած ձվերի մեջ (կամ՝ ալյուրի) եւ տապակել բուսայուղով:
Մուշեղ Գալշոյանի թանգարան–հուշահամալիրը բացվեց ծննդավայր Կաթնաղբյուրում
Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, պետական ու հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ եւ Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Մուշեղ Գալշոյանի այրին եւ զավակները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կաթնաղբյուրում նախ ծաղիկներ է խոնարհել գրողի շիրիմին: Թանգարան-հուշահամալիրի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու արձակագրի դստերը՝ Սիրանուշ Գալշոյանին:
«Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի նախաձեռնության, կառուցման հեղինակը մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է: Տարիներ առաջ, 2001թ.-ին, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հայրենի Արեգ գյուղ այցի ժամանակ Կաթնաղբյուրով անցնելիս վարչապետը ցույց տվեց այս լանջն ասելով, որ սա Մուշեղի ամենասիրված վայրերից մեկն է»,- ներկայացնելով թանգարանի ստեղծման նախապատմությունը՝ ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն՝ ավելացնելով, որ հենց այդ այցելությանն է հետևել վարչապետի հանձնարարականը՝ սկսելու երկու կարևոր շինարարություն՝ Թալինի բերդի վերականգնումն ու այդ լանջին Մուշեղ Գալշոյանի հուշահամալիրի ստեղծումը:
«Ճիշտ կլինի, որ կառույցների ճարտարապետներից գոնե մեկը սասունցի լինի»,- հորդորել է վարչապետն ու շինարարության սկզբից սկսած ամեն անգամ Իրինդ այցելելիս անպայման նաեւ շինհրապարակում է եղել, նայել, նաեւ խորհուրդներ տվել: «Մեր վարչապետի նպատակը մեկն էր. այս շրջանում ստեղծել հոգեւոր մի կենտրոն, որտեղ պետք է ապրի մեր ժողովրդի ոգին, մեր ժողովրդի առնականությունը, մեր ժողովրդի հավատարմությունն իր հայրենիքին»,- նշել է Կամո Արեյանն ավելացնելով, որ վարչապետի ցանկությունն էր նաեւ, որ սա լինի ոչ թե մեկ գյուղի, մեկ գրողի թանգարան, այլ լինի համազգային նշանակության հոգեւոր մի կենտրոն, որտեղ պիտի ապրի գրականությունը, պիտի ապրեն Մուշեղ Գալշոյանի գրական հերոսների հետեւորդները: Ցավոք վարչապետը չհասցրեց ավարտված տեսնել իր նախաձեռնությունը, և տարիներ անց նրա որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրողի ժառանգների հետ հետևողականորեն շարունակեցին մեծ հայրենասերի գործն ու ավարտին հասցրեցին թե ներքին հարդարման, եւ թե թանգարանի կահավորման աշխատանքները: Քաղաքապետը բացման հանդիսության մասնակիցների հետ միասին շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, տպավորություններով կիսվել այցելուների հետ:
«Մենք փորձեցինք վերաիմաստավորել արվածն ու շարունակել Անդրանիկ Մարգարյանի գործը: Կարծում եմ այն, ինչ արվել է՝ շատ հաճելի ու համահունչ է Գալշոյանի հոգուն»,- նշել է Գալշոյանի դուստրը:
Թանգարան-հուշահամալիրի բացման հանդիսությունը շարունակվել է ազգային ու ազգագրական երգ ու պարով հագեցած համերգային ծրագրով, որն իսկական տոնախմբության է վերածվել:
«Թատրոնն ինչ է, խանութ, բազար կբացեն»…
«Հայաստանում ինչ են բացում՝ շուկա, խանութ, այսինքն` առևտուր լինի, կուլտուրական օբյեկտ, մշակույթ ում է պետք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով այն փաստի մասին, որ 1991թ. Սոս Սարգսյանի կողմից հիմնադրված Համազգային պետական թատրոնը մինչեւ օրս սեփական շենք չունի, տեղակայված է Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի շենքում: «Սոս Սարգսյանն այնքան տառապեց, մինչեւ հողատարածք տվեցին թատրոնի շենք կառուցելու համար: Ցավոք, նա մահացավ եւ ամեն ինչ կանգ առավ: Հիմա թատրոնն ինչ-որ գումարներ է ուզում հավաքել կառուցելու համար, բայց չի ստացվում»,- ասաց նա:
Պետականորեն որեւէ բան չեն անում, քանի որ, ըստ Նիկոլայ Ծատուրյանի. «Մշակույթի նկատմամբ շատ… թքած ունեն: Թատրոնն ինչ է, խանութ, բազար կբացեն»: Հիշեցնենք, որ Թատրոնի կառուցման համար տարածք է հատկացվել Երեւանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում: Շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Լեւոն Ղալումյանը: Հիշեցնենք նաեւ, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ավելի վաղ Մնջախաղի եւ Համազգային թատրոնների շենքերի կառուցման հետ կապված ասել էր. «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»:
Արվեստը պետք է կարևոր տեղ զբաղեցնի մարդու կյանքում
«Աշխարհը հիմա լցվում է ժամանակակից կոնցեպտուալ արվեստով, գնվում է ժամանակակից արվեստը, արվեստագետներն էլ փորձում են միայն դա անել, սակայն դասական արվեստն ունի իր տեղը եւ չպետք է մոռացվի: Երիտասարդ նկարիչները պետք է սա հասկանան»,- ասել է նկարիչ, Սարգիս Մուրադյանի պատկերասրահի հիմադիր, նկարչուհի Զարուհի Մուրադյանը: Ըստ նրա, նկարիչն առաջին հերթին պետք է սովորի նկարել պարզագույն բաներ՝ գիծ, դիմանկար, բնություն, մարմին, այնուհետեւ փնտրի իր ուղին. «Նկարիչը չպետք է մտածի՝ հիմա գումար են տալիս կոնցեպտուալ արվեստին, վերցնի աթոռի ոտքը ջարդի, վրան նկարի ու ասի՝ շատ խորիմաստ բան է: Արվեստի բոլոր տեսակներում գնահատվում է անկեղծությունը, գումարած դրան՝ պրոֆեսիոնալիզմ: Պետք է ամեն ինչի հիմքում լինի դասական արվեստ»:
Սարգիս Մուրադյան պատկերասրահը, ըստ տնօրենի, հիմնականում շեշտը դնում է դասական, ռեալիստական արվեստ ցուցադրելու վրա: Պատկերասրահը բացվել է 2014թ. նոյեմբերին, արդեն 6 ցուցադրություն է տեղի ունեցել արվեստի կենտրոնում: «2016թ. համար ավելի մեծ ծրագրեր ունենք. նախատեսում ենք կազմակերպել սփյուռքահայ, վրացի նկարիչների ցուցադրություն, ֆոտոցուցահանդես, Բերձորի արվեստի դպրոցի սաների աշխատանքներ ենք կրկին ներկայացնելու: Ծրագրում ենք բացել նաեւ Տիգրան Մանգասարյանի կոմիքսների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցանկանում եմ հաջորդ տարի ներկայացնել նաեւ մեր դասական ճարտարապետների՝ Մարկ Գրիգորյան, Ռաֆայել Իսրայելյան, գեղանկարները: Ճարտարապետը եթե չի նկարում, չի կարող ճարտարապետ լինել: Սկսել եմ բանակցել նրանց ընտանիքների հետ: Ընդհանրապես, 20-րդ դարի 2-րդ կեսի հայ արվեստը բոլորովին չի ցուցադրվում: Միայն Ազգային պատկերասրահում կարելի է գտել: Տարվա մեջ մեկ անգամ անպայման ցուցադրվելու են Սարգիս Մուրադյանի աշխատանքները: Ի դեպ, չեմ բացառում, որ կցուցադրենք նաեւ ժամանակակից արվեստ»,- ասաց նա:
Հետաքրքրություն արվեստի նկատմամբ, ըստ Զարուհի Մուրադյանի կա. «Բայց չեմ կարող ասել, որ ամբոխները հերթ են կանգնած: Ցուցահանդեսների բացման օրերին են շատ գալիս այցելուներ: Օրվա մեջ 20 մարդ գա, հիանալի է: Շատ շատերը գալիս են, ողջունում են, որ եւս մեկ արվեստի կենտրոն է բացվել: Միաժամանակ մարդկանց համար անսպասելի է, որ այսօր կարող է Երեւանում բացվել արվեստի կենտրոն, պատկերասրահ, որը շահ չի հետապնդում: Այսօրվա կյանքն այնքան իրապաշտական է, որ մարդկանց թվում է, թե կարող է բացվել միայն ռեստորան, խանութ, վարսավիրանոց, ատամնաբուժարան: Բայց միայն առևտուր անելով հնարավոր չէ պետություն պահել, պետք է արվեստը կարեւոր տեղ զբաղեցնի մարդու կյանքում»:
11-ամյա դաշնակահարուհու մենահամերգը՝ կամերային երաժշտության տանը
Մոսկվաբնակ 11-ամյա դաշնակահարուհի, միջազգային փառատոնների բազմակի դափնեկիր Եվա Գեւորգյանը վաղը մենահամերգով հանդես է գալու Երեւանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Փոքրիկ հայուհին ապրում ու սովորում է հայրենիքից հեռու, եւ սա նրա առաջին մեծ մենահամերգն է Հայաստանում:
Համերգին կհնչեն Բախ, Բեթհովեն, Շոպեն, Լիստ, Չայկովսկի, Ռախմանինով, Էռնեստո Լեկուոնա: Համերգը կազմակերպվում է Նարեկացի արվեստի միության նախաձեռնությամբ:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
«Գաբալա»-ն պետականորե՛ն վախեցավ Հենրիխ Մխիթարյանից
Ադրբեջանում ընդդեմ հայ ֆուտբոլիստի շարունակում են քայլեր ձեռնարկել: «Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները՝ եւ տեղացիները, եւ լեգեոնականները, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Մխիթարյանը գոլ չխփի: Մենք չպետք է նրան թույլ տանք աչքի ընկնի Բաքվում»,- հայտարարել է ադրբեջանական ակումբի կիսապաշտպան Սամիր Զարգարովը: Ինչպես հայտնի է, գերմանական «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայում ընդգրկվել է մի խմբում, որտեղ հանդես է գալիս նաեւ «Գաբալա»-ն: Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, Բաքվում:
Ադրբեջանցի ֆուտբոլիստի նման մտավախությունը ունի իր տրամաբանական հիմքը, քանի որ հայ ֆուտբոլիստը գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում եւ բավական արդյունավետ խաղ է ցուցադրում՝ 10 գոլ 15 խաղում: Ի դեպ, Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո ադրբեջանական զլմ-ները լուր տարածեցին, որ հայ ֆուտբոլիստը չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ «համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ» (նկատի ունեն 2011թ դեկտեմբերին ֆուտբոլիստի բարեգործական այցը ԼՂՀ,- խմբ.): Սակայն Ադրբեջանի ԱԳ նախարար Հիկմետ Գաջիեւն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ իրենք չեն կարող արգելք դնել հայ ֆուտբոլիստի առաջ, քանի որ նա Ադրբեջան է ժամանելու ոչ թե առանձին անձնավորություն, այլ որպես թիմի անբաժանելի անդամ: Սակայն այս խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստանում: Ինչպես նշում են գերմանական զլմ-ները, ՈւԵՖԱ-ն ոչնչով չի կարող օգնել «Բորուսիա»-ին՝ կապված թիմի հայազգի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մուտքի վիզայի հետ: Միաժամանակ, ֆուտբոլի եվրոպական միությունը չի կարող պատժել Ադրբեջանի ՖՖ-ին կամ «Գաբալա» ակումբին, քանի որ մուտքի վիզան տալիս է երկրի կառավարությունը՝ ԱԳՆ-ն: Եվ նման խաղերի ժամանակ ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովում է նրա իսկ ակումբը: Ուստի, անվտանգությունը լիովին գտնվում է «Բորուսիա»-ի իրավասության ներքո: Զարմանալի չէ, որ ակումբի սպորտային տնօրենը նշել է, որ «Մխիթարյանը հնարավոր է Բաքու չմեկնի, քանի որ նրա անվտանգությունը դժվար կլինի ապահովել: Գերմանական կողմը որեւէ լուծում չի տեսնում, իսկ հայ ֆուտբոլիստը հայտնել էր, որ պատրաստվում է առաջիկա խաղին: Երեկ ամեն բան պարզ դարձավ. «Հենրիխն անձամբ չի ցանկացել թռչել Բաքու»,- հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Հանց-Յոահիմ Վացկեն:
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին՝ Բաքվում հաղթելու համար
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի իր թիմակիցներին՝ ադրբեջանական «Գաբալա»-ի նկատմամբ տարած հաղթանակի համար: Մեր ֆուտբոլիստը թվիտերյան իր էջում գրել է. «Ապրեք տղաներ: Օբամեյանգը անկասելի էր»:
Ինչպես հայտնել էինք, գերմանական ակումբը Հենրիխ Մխիթարյանին չէր տարել Բաքու՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Չնայած նրա բացակայությանը, «Բորուսիան» վստահ հաղթանակ տարավ ադրբեջանական թիմի նկատմամբ՝ 3:1, ընդ որում դաշտի տերերը պատասխան միակ գոլը խփել են մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին: Դորտմունդցիների կազմում 3 գոլերն էլ հեղինակեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ում եւ գովել է հայ ֆուտբոլիստը:
Ֆուտբոլի ֆանատների պահանջը՝ Ռուբեն Հայրապետյանից
Հայկական առաջին ճակատ ֆուտբոլի ֆանատների շարժումն պահանջներ է ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Մեր 1-ին պահանջն է հավաքական հրավիրել պրոֆեսիոնալ մարզիչ արտերկրից: Հավաքականը փորձարկումների դաշտ չէ: Հաջորդ պահանջը վերաբերում է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներին: Մեր պահանջն է հավաքական հրավիրել Արտակ Դաշյանին, Մաուրո Գեւգեոզյանին, Դենիս Թումասյանին, Արթուր Եդիգարյանին եւ այլոց, 3-րդ՝ պահանջում ենք, որ Ռուբեն Հայրապետյանը վերանայի խաղերի տոմսերի գինը, որոնք շատ բարձր են՝ ելնելով մեր սոցիալական վիճակից»,- ասել է ճակատի հիմնադիր նախագահ Սերգեյ Ջանջոյանը:
Այն հարցերին՝ արդյո՞ք ՀՖՖ-ի ղեկավարությունը մեղավոր չէ մեր տարբեր հավաքականների խայտառակ ելույթների, ակումբային ֆուտբոլի ներկայիս խղճուկ վիճակի համար, ֆաների ղեկավարն ասել է. «Ալբանիայի հետ խաղում կազմակերպեցինք ակցիա եւ պահանջեցինք մարզիչ, 2-րդ քայլը այս մամուլի ասուլիսն է՝ պահանջներով ՖՖ նախագահին, 3-րդ քայլը՝ պահանջներին տեր լինելն է: Չկատարելու դեպքում կդիմենք այլ քայլերի, բայց չենք բացի փակագծերը»:
Մրցավարները չեն կանխում խախտումները
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Այս անգամ ԿԿ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել հիմնականում մանկապատանեկան թիմերը: Մասնավորապես, «Բանանց-2-02», «Ադանա-01», «Փյունիկ-2-01», «Գանձասար-01», «Արտաշատ-2000» եւ «Փյունիկ-Մրգաշատ-2000» թիմերի մարզիչները Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ կատարել են 6-ական փոխարինումներ, ինչն արգելված է կանոնակարգով: Դրանք համակարգող ակումբները տուգանվել են 1000-ական դրամով: Սակայն ուշագրավն այն է, որ պատանեկան մարզիչների թույլ տված բացթողումները չեն նկատում խաղերը սպասարկող մրցավարները, որոնք ի պաշտոնե պարտավոր են կանխել բոլոր խախտումները:
Առաջատարը կրկին «Ալաշկերտ»-ն է
Կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 10-րդ փուլի հանդիպումները: Գյումրիի «Շիրակ»-ը հաղթեց Երեւանի «Միկա»-ին՝ 1:0, Երեւանի «Ալաշկերտ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Բանանց»-ին, Երեւանի «Փյունիկ»-ը անսպասելիորեն 0:1 հաշվով պարտվեց միջին տեղերում գտնվող «Արարատ»-ին: Մնացած խաղերն ավարտվեցին առանց գոլերի՝ ոչ-ոքիներով: Այդպիսով, «Ալաշկերտ»-ը վաստակեց 21 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, 1 միավոր քիչ ունի «Շիրակ»-ը, ապա հաջորդում են «Փյունիկ»-ն ու «Գանձասար-Կապան»-ը, որոնք ունեն 17-ական միավոր:
11-րդ փուլի խաղերը կկայանան հոկտեմբերի 24-ին եւ 25-ին: Նախ՝ «Արարատ»-ը կընդունի «Բանանց»-ին, ապա «Շիրակ»-ը՝ «Փյունիկ»-ին: Հաջորդ օրը կկայանան՝ «Ուլիս»-«Ալաշկերտ», «Գանձասար-Կապան»–«Միկա» հանդիպումները: Բայց մինչ այդ 4 թիմեր կանցկացնեն Հայաստանի 2016թ. գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները:
Հ.Գ. – «Փյունիկ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին. Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 11-րդ փուլի առաջին երկու հանդիպումները: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ընդունեց «Բանանց»-ին: Երկու թիմերն էլ չկարողացան գոլ խփել եւ ոչ-ոքի խաղացին՝ 0:0: «Արարատ»-ը 17 միավորով այժմ 3-4-րդ տեղերն է բաժանում «Գանձասար-Կապան»-ի հետ, իսկ «Բանանց»-ը 8 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականը:Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալեց Երեւանի «Փյունիկ»-ին: Ընդմիջումից հետո փյունիկցիները երկու գոլ խփեցին եւ հաղթանակ տարան՝ 2:0: Այս հաջողությունից հետո «Փյունիկ»-ը վաստակեց 20 միավոր եւ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող նույն «Շիրակ»-ին: Փուլի մյուս երկու հանդիպումներում միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ը արտագնա խաղում կհանդիպի ետնապահ «Ուլիս»-ի հետ, իսկ Կապանում տեղի «Գանձասար-Կապան»-ը կընդունի «Միկա»-ին:
Ի նպաստ ֆուտբոլի.- Live your goals միջոցառում Հայաստանում
ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Երեւանի թիվ 4 եւ 124 դպրոցներում տեղի ունեցան հերթական միջոցառումները: ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց եւ աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձեւավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Այս անգամ վերը նշված դպրոցներում անցկացվեց ֆուտբոլի բաց դաս, 50 աշակերտուհիներ կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրին կարճատեւ ֆուտբոլային խաղեր: ՀՖՖ-ն տրամադրել է գնդակներ, կոներ, օղակներ, իսկ ՖԻՖԱ-ն՝ Live your goals շապիկներ:
Գինեսի ռեկորդակիրը ցանկանում է մեկնել Հայաստանից
«Նպատակ ունեմ մեկնել Հայաստանից եւ նոր ռեկորդներ գրանցել արտասահմանում: Այնտեղ ավելի լավ հնարավորություններ են ստեղծված նրանց համար, ովքեր ցանկանում են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, իսկ Հայաստանում դա բացակայում է»,–ասել է Մանվել Մամոյանը, ով հոկտեմբերի 23-ին համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց: Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում նա ուղղահայաց դիրքում 1 րոպեում կատարեց 28 հենում-հրում: Նախկինում նա այդ վարժությունում կատարել էր ընդամենը 20 ձգում:
«Արտասահմանյան երկրներում հաճախ կազմակերպում են տարբեր տեսակի միջոցառումներ եւ շոուներ, որոնց միջոցով կարող ես եւ մեծ ճանաչում ձեռք բերել, եւ գումարներ վաստակել: Ես նպատակ ունեմ նման եղանակով ապահովել իմ ապագան»,- նշել է 22-ամյա նախկին մարզիկը, ով այժմ անգործ է եւ հիմնականում զբաղված է անգլերեն լեզվի ուսուցմամբ: Ինչպես նշեց Մանվել Մամոյանը, այս ռեկորդը ինքը նվիրում է հայ, ինչպես նաեւ եզդի ժողովրդին, որի ներկայացուցիչն է ինքը:
Լեւոն Արոնյանը հանգիստ չունի – մերոնք օտարերկրյա ակումբներում
Հայ առաջատար շախմատիստը չնայած մի քանի օր առաջ է ավարտել ելույթները արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում, սակայն արդեն նոր մրցաշարի է մասնակցում: Լեւոն Արոնյանը Ռուսաստանի «Սիբիր» թիմի կազմում կպայքարի Եվրոպայի ակումբային գավաթի համար: Նրա խաղընկերները կլինեն աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Ալեքսանդր Գրիշչուկը, չինացիներ Վան Յուեն եւ Լի Չաոն, ուկրաինացի Անտոն Կորոբովը եւ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը: Մեր շախմատիստը հանդես կգա 2-րդ խաղատախտակի վրա: Գավաթի խաղարկությանը մասնակցում են 48 թիմ: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 փուլով:
Կանանց նմանատիպ խաղարկությանը հայտ են ներկայացրել 12 թիմեր: Մեր շախմատիստուհիներից հանդես կգա միայն Լիլիթ Մկրտչյանը« ով ընդգրկված է ռուսական «Յուգրա» թիմի կազմում: Նա կխաղա 3-րդ համարի տակ: Խաղարկություն կանցկացվի նույն մրցակարգով« ինչպես տղամարդկանց մրցաշարը:
Հ.Գ.-1 – Լեւոն Արոնյանը ոչ–ոքի խաղաց վերջին խաղում. Հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության վերջին խաղում: Ռուսական «Սիբիր» թիմը ներկայացնող մեր շախմատիստը 7-րդ փուլում մրցեց իտալական «Պադովա»-ի անդամ Սերգեյ Կարյակինի հետ: Ռուսաստանցի գրոսմայստերը միջնախաղում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն Լեւոն Արոնյանը պաշպանության ամուր գոտի ստեղծեց եւ 40-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել:Եթե «Սիբիրը» նվազագույնը ոչ-ոքի ավարտի հանդիպումը, ապա կզբաղեցնի 1-ին տեղը եւ կհռչակվի Եվրոպայի գավաթակիր:
Հ.Գ.-2 – Լեւոն Արոնյանը՝ Եվրոպայի գավաթակիր – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ռուսական «Սիբիր» թիմի կազմում նվաճեց Եվրոպայի ակումբային գավաթը: Մակեդոնիայում կայացած մրցաշարի վերջին փուլում «Սիբիր»-ը ոչ-ոքի՝ 3:3 խաղալով իտալական «Պադովա»-ի հետ, վաստակեց 13 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: 2-րդ տեղը զբաղեցրեց ադրբեջանական «Սոկար»-ը, իսկ 3-րդ՝ ռուսական «Մեդնի վսադնիկ»-ը:
Կանանց խաղարկությունում Եվրոպայի գավաթին տիրեց վրացական «Նոնա» թիմը, որը 7 փուլերում տարավ միմիայն հաղթանակներ: Մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի թիմը՝ ռուսական «Յուգրա»-ն, վաստակեց 10 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Հայ շախմատիստի «նոկաուտ»-ը
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը հաջողությամբ հաղթահարեց ֆրանսիայում անցկացվող Corsican Circuit-2015 մրցաշարի ընտրական փուլը: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լատվիացի Իգոր Կովալենկոյի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Իսկ ահա մեր մյուս մասնակից Կարեն Մովսիսյանը 6,5 միավորով զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Մրցաշարի 2-րդ փուլում, որն անցկացվում է նոկաուտ մրցակարգով, Հրանտ Մելքումյանը 1/8 եզրափակիչում մրցեց գերմանացի գրոսմայստեր Դանիել Ֆրիդմանի հետ: Մեր շախմատիստը դասական 2 խաղերում հաղթանակ տարավ եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի հունգարացի Զոլտան Ալմաշիի հետ:
Կարենը չկարողացավ օգնել Ռոբերտին
Մեր շախմատիստները հաջող հանդես եկան Մադրիդում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Հայաստանի այս տարվա չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը 9-րդ փուլւմ ոչ-ոքի խաղաց իսպանացի գրոսմայստեր Օրելվիս Պերեսի հետ, վաստակեց 8 միավոր եւ վստահ գրավեց 1-ին տեղը: Նա 1 միավորով գերազանցեց իրեն հաջորդող 3 մրցակիցներին, այդ թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանին:
Ի դեպ, եթե Կարեն Հ. Գրիգորյանը վերջին փուլում հաղթեր իր հակառակորդին, ապա մեր մյուս շախմատիստը նույնպես մրցանակային տեղ կզբաղեցներ: Սակայն չստացվեց եւ այս տարբերակով Ռոբերտ Հովհաննիսյանը մյուս 2 մրցակիցների հետ լրացուցիչ գործակիցների արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը:
Հայկական շախմատի պատմությունը` ՀԱԱՀ–ի շախմատի թանգարանում
Հայկական շախմատի պատմությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ագրարային համալսարանում՝ 2001թ. հիմնված թանգարանում: Թանգարանի հիմնադիր Ռաֆիկ Չատինյանն համալսարանի 85-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը եւս ժամանակին շախմատ է խաղացել, մասնակցել տարբեր մրցաշարարերի, սակայն հետագայում զբաղվել է գիտական աշխատանքով:
«Թանգարանում ներկայացրված են բոլոր 36 չեմպիոնների ու 32 չեմպիոնուհիների նկարները: Այստեղ կան նաև մեր չեմպիոնների մասին պատմող գրքեր»,- ասել է նա: Տեղեկացրեց նաեւ, որ թանգարանում կազմակերպվում են շախմատի հանրապետական, միջբուհական առաջնություններ, մրցաշարեր, օլիմպիադաներ, միաժամանակյա մրցախաղեր եւ հանդիպումներ շախմատի հայազգի գրոսմայստերների հետ: Այստեղ է մարզվում բուհի հավաքական, որը հանրապետական միջբուհական առաջնության եռակի հաղթող է: Թանգարանի հիմնադիրը հավելեց, որ իրենց «Տպավորությունների մատյան» էջում տեղ են գտել հայտնի շախմատիստների գրառումներ:
Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես օրինակ իմ մենեջեր Արի Զաքարյանն էր
Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մեծ ակնկալիքներ ունի Երեւանում կայանալիք «Սառույցի թագավորներ» շոու-ծրագրից: «Դեռեւս 2008թ. Հայաստանում ունեցել եմ ցուցադրական 2 ելույթ, որոնք մեծ արձագանք գտան այստեղ: Հիմա նորից դադար եմ վերցրել մարզական մրցաշարերից եւ բաց կթողնեմ այս մրցաշրջանը: Փոխարենը համաշխարհային շրջագայության եմ մասնակցում, որն արդեն մեկնարկել է: Երեւանում հաջորդ ամիս կայանալիք ներկայացման ժամանակ ձեզ կներկայանամ նոր շոու-ծրագրով: Կփորձենք զարմացնել հանդիսատեսին եւ հասկանալ նրանք արձագանքը: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Պլյուշչենկոն կրկին կվիրահատվի, բայց ես լավ եմ, ամեն ինչ կարգին է: Շարունակում եմ մարզվել»:
«Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հաջորդ Օլիմպիական խաղերին, առաջին հերթին ինքս ինձ ապացուցելու համար, որ դա հնարավոր է անել (2018թ. Օլիմպիական խաղերի Պլյուշչենկոյի համար կլինեն 5-րդ խաղերը): Իհարկե, սարսափելի դժվար կլինի, բայց ինչո՞ւ ոչ: Հուսեյն Բոլտը, Մայքլ Ֆելպսը, Ելենա Իսինբաեւան յուրօրինակ են, ես եւս կփորձեմ ինչ-որ չափով նրանց հասնել»: «Ցավոք սրտի, Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր: Մենք ժամանակին փորձեցինք «Պլյուշենկո»-ի անվան մարզադպրոց բացել այստեղ, սակայն եթե տարվա մեջ միայն մեկ ամիս կարող ես սահել այդ սառույցի վրա, ապա երեխան չի կարող մարզվել: Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես օրինակ իմ մենեջեր Արի Զաքարյանն էր: Պարզապես ղեկավար այրերը պետք է աջակցություն ցուցաբերեն մարզաձեւի զարգացմանը: Միայն ֆուտբոլ եւ շախմատ խաղալով պետք չէ սահմանափակվել»:
«Ես շատ ընկերներ ունեմ Երեւանում: Նոյեմբերին կայանալիք շոու-ծրագրից հետո կշրջենք երկրով մեկ: Նախորդ անգամ այցի ժամանակ մենք եղել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Դուք հրաշալի կառույցներ ունեք, ինչպիսին մարզահամերգային համալիրն է: Դեռեւս 2008-ին, երբ եղա Հայաստանում, շոու ծրագրում համար ունեի «Իմ Հայաստան» երգի ուղեկցությամբ: Որն, ի դեպ, իմ սիրելի երգն է: Ես այն իմ «Այփադ»-ում (Ipad) ունեմ»: «Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա նոյեմբերի 20-ին մարզահամերգային համալիրում, բացի Պլյուշենկոյից ծրագրում հանդես կգան նաեւ էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն եւ հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից:
Եվգենյա Մեդվեդեւայի իրական ազգանունը Բաբասյան է
Երեւանում կայանալիք «Սառույցի թագավորները» շոու-ծրագրի ժամանակ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյից բացի, կսահեն նաեւ հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը:
«Սառույցի թագավորները» շոուն մոտ 9 տարվա պատմություն ունի: Երեւանյան ծրագրում շեշտը դրված է նաեւ հայ գեղասահորդների մասնակցության վրա: Մենք մեր առաջ խնդիր դրեցինք հայ հադիսատեսին ներկայացնելու այն մարզիկներին, որոնց մասին շատ քիչ գիտեն այստեղ: Այսօր դա հնարավոր կլինի անել Եվգենիի եւ իմ ընկերների օգնությամբ: Ես հպարտ եմ, որ հայ եմ եւ հնարավորություն ունեմ լավ բան անել իմ հայրենակիցների համար: Առաջին հերթին ցանկանում եմ, որ իմանաք՝ մենք ունենք շատ շնորհալի հայ մարզիկներ, մարզիչներ, ովքեր հենց այս մարզաձեւում են: Միգուցե դուք չգիտեք, որ այս տարի ԱՄՆ-ում լավագույն մարզիչ ճանաչվեց Ռաֆայել Հարությունյանը, ով մարզել է շատ հայտնի գեղասահորդների: Նշեմ, որ Ռուսաստանի գեղասահքի երիտասարդ աստղերից մեկի՝ Եվգենյա Մեդվեդեւայի իրական ազգանունը Բաբասյան է: Շատ հայեր կան, ովքեր հայկական գեղասահքի դպրոցն են անցել՝ Գուրգեն Վարդանյանը, ով Անգլիայի լավագույն մարզիչներից մեկն է, Սամվել Հայրապետյանը, ում տղան՝ Սլավիկ Հայրապետյանը, այժմ ներկայացնում է Հայաստանը Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, Անաստասիա Գալուստյանը, ովքեր, սակայն, ստիպված են «սառույց փնտրել», որպեսզի հնարավորություն ունենան մարզվելու: Սա մեծ խնդիր է: Մենք հրաշալի երկիր ունենք, ցավալի է, որ չունենք մարզվելու հնարավորություն եւ տեղ: Շնորհակալություն Իրինա Ռոդնինային, ով մարզադպրոց է կառուցում Երեւանում: Այսպիսի նախաձեռնություններ պետք է շատ լինեն: Դա առաջին հերթին ազգի առողջությունն է: Պետք է այս գաղափարը հասցնել մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն նման մարզադպրոցներ կառուցել և զարգացնել այս մարզաձևը մեր երկրում»,- Արի Զաքարյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը googleի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
«Լուսանցք»ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
«Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում:



