Բոլորովին նոր Մերձավոր Արեւելքի հեռանկարը Կհետեւի՞ արդյոք Իրաքը Սիրիայի օրինակին… Հայաստանն ունենալու է իր շահերը, որ պետք է այսօրվանից լինեն մեր երկրի քաղաքական մեծ օրակարգում…

Այս օրերին ամենաթեժ քննարկվող միջազգային նյութերից է Ռուսաստանի անսպասելի քայլը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ռմբահարումը՝ օդուժի եւ հրթիռակոծման միջոցով: Մոսկվան նաեւ ապացուցում է, որ տիրապետում է ռազմական լուրջ կարողությունների եւ իր հետ պետք է հաշվի նստի Արեւմուտքը:

Սիրիան Ռուսաստանի դաշնակիցն է Մերձավոր Արեւելքում եւ Մոսկվան ընդունել է Դամասկոսի աջակցություն ստանալու խնդրանքը: Սա, ինչպես ասում են, կատարվել է օրինական հողի վրա, ինչը ԱՄՆ-ին զրկել է նույն օրինական ճանապարհով, ՄԱԿ-ի միջոցով կասեցնել ռուսական առաջխաղացումը տարածաշրջանում: Այստեղ նաեւ առկա է ծայրահեղ իսլամականներից ազատվելու խնդիրը, ինչը եւս չի կարող անտեսել Վաշինգտոնը:

Բայց Մոսկվան բացի իսլամականների դիրքերը ռմբակոծելուց, հարվածներ հասցրեց նաեւ Սիրիայի նախագահին ընդդիմադիր ուժերի կենտրոններին եւ հնարավորություն տվեց նախագահ Բաշար Ասադին վերատիրելու որոշ տարածքների: Այս ամենը կատարվեց նաեւ Թուրքիայի օդային սահմանը խախտելու միջոցով, որը նոր բարդություններ առաջացրեց առանց այն էլ խրթին հարցերով տարածաշրջանում: Եվ տեսակետ հնչեց, թե Թուրքիայի օդային տարածքը խախտելով, Սիրիայում պատերազմի մեջ ներքաշվելով, Ռուսաստանն իրականում ցանկանում է ամրապնդվել Մերձավոր Արեւելքում, որը փորձում է իրականացնել Սիրիայում ռազմաբազա հիմնելով:  Այստեղ է, որ Արեւմուտքը եւ Թուրքիան ըմբոստանում են՝ հասկացնելով, որ դա բոլորովին կապ չունի «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ: Մոսկվան առաջարկում է ստեղծել միասնական ճակատ, սակայն Արեւմուտքը այլեւս չի ցանկանում տեսնել ռուսական ձեռքը մերձավորարեւելյան տարածքում:

Սիրիայի պատերազմում Ռուսաստանի անմիջական ներքաշման մասին կարծիքները հերքում է Մոսկվան եւ հավաստում, որ ցամաքային զինուժի կիրառում չի լինի: Հակառակ դեպքում Արեւմուտքը հասկանում է, որ ՆԱՏՕ-ն կկորցնի իր դերը տարածաշրջանում: Եվ՝ ոչ միայն տարածաշրջանում…

Ռուսաստանը հասկանալով, որ իրավիճակի սրումը կարող է վնասել նաեւ իր տարածաշրջանում ամրացման խնդրին, սկսել է աջակցել սիրիական բանակին: Սիրիայի ուղղաթիռները մոտեցել են Թուրքիայի սահմանին եւ թռիչքներ են կատարել: Օդ են բարձրացել նաեւ թուրքական կործանիչները, ինչը նոր լարվածություն է առաջացրել: Թուրքական կործանիչները մի քանի անգամ օդ են բարձրացվել, քանի որ սիրիական մարտական ուղղաթիռները բավական մոտեցել են Թուրքիայի օդային տիրույթին: Ըստ տեղեկատվության՝ թուրքսիրիական սահմանին Սիրիայի մարտական ուղղաթիռների ամեն մոտեցման ժամանակ թուրքերը ստիպված են եղել Ինջիրլիքի ու Բաթմանի բազաներից օդ բարձրացնել «F-16» տիպի 2 կործանիչ: Մի դեպքում Թուրքիայի սահմանին են մոտեցել «MI-17», իսկ մյուս դեպքերում՝ «MI-8» ուղղաթիռներ: Սիրիական ուղղաթիռները Մարդինի եւ Հաթայի նահանգներում Թուրքիայի օդային տարածքին են մոտեցել 4 մղոն հեռավորության վրա, սակայն սահմանը չեն խախտել: Հիշեցնենք, որ թուրքական զինված ուժերն օդային պաշտպանության զինտեխնիկա են տեղակայել Սիրիայի հետ սահմանի երկայնքով՝ հունիսին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սիրիական կառավարական հակաօդային ուժերը կործանել էին թուրքական ռմբարկու օդանավ՝ պնդելով, որ ինքնաթիռը հատել էր Սիրիայի սահմանային ջրերի օդային տարածքը: Մինչդեռ Թուրքիան պնդում էր, որ միջատեպը տեղի է ունեցել միջազգային ջրերում:

Ռուսաստանը եւս Հյուսիսատլանտյան դաշինքին չի տրամադրել ոչ մի իրական բացատրություն՝ Թուրքիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ. հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցածը «նման չէ պատահականության ու անթույլատրելի է»: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ կանչել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին՝ պահանջելով բացատրություններ ներկայացնել, թե ինչպես է ռուսական ռազմական ինքնաթիռը հայտնվել երկրի օդային տարածքում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի օդային տարածքի նախորդ խախտումը բացատրել էր եղանակային վատ պայմաններով ու օդանավակայանի տեղադրությամբ, ինչը հավատ չի ներշնչել թուրքերին: «Ռուսական Սու-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ՝ «ոչ լավ եղանակային պայմանների պատճառով», հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Հայտնել են, որ ձեռնարկել են բոլոր միջոցները, որ հետագայում նման դեպքերը չկրկնվեն: Ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: Նշվում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանը Հաթայի շրջանում եւ միայն թուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ անցել է Սիրիա: Նշվել է նաեւ, որ կրկնվելու դեպքում Անկարան կդիմի կոշտ միջոցների:

Հիշեցնենք, որ Ռուսաստանին անխնա քննադատող Միացյալ Նահանգները ավելի շուտ են սկսել օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին, իմիջիայլոց, առանց ՄԱԿ-ի կամ Սիրիայի իշխանությունների թույլտվության: Ռուսական կողմը գոնե բերում է սիրիական իշխանությունների դիմումը լինելու փաստարկը: Իսկ Վաշինգտոնի համար սովորական է դարձել առանց որեւէ օրինականացման հարվածել այս կամ այն երկրին՝ իշխանափոխության կամ սեփական շահերը պաշտպանելու համար: Այդպես եղավ եւ՛ Իրաքում եւ՛ Հարավսլավիայում, ապաեւ՝ Սերբիայում:

Պենտագոնը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերով իր առաջին հարվածային գործողություններն է ծավալել Թուրքիայի տարածքից: ԱՄՆ-ի զինվորականները նշել էին, որ գործողությունները Բաշար Ասադի կողմնակիցների դեմ չեն ուղղված եւ նպատակ ունեն օդից պաշտպանել դաշնակիցներին Սիրիայում այլ խմբավորումներից:

Ըստ Պենտագոնի խոսնակ կապիտան Ջեֆ Դեյվիսի, անօդաչու թռչող սարքերն օդ էին բարձրացել Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանից:

Հետաքրքիր է, որ Սպիտակ տունը ռմբահարելով սիրիական տարածքները՝ զգուշացրել էր Սիրիայի վարչակազմին՝ չմիջամտել գործողությունների ընթացքում: Չնայած Սիրիայի նախագահը մինչ այժմ ենթարկվել է ԱՄՆ-ի պահանջներին, բայց դա ամենեւին չի նշանակում, թե նա դիտվում է իբրեւ ԱՄՆ-ի դաշնակից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններում:

Իսկ Բաշար ալ-Ասադի այցը Մոսկվա լուրջ քաղաքական քայլ էր: Այն տեղավորվում է սիրիական հակամարտությանը Կրեմլի միջամտության ծրագրի քաղաքական բաղադրիչում եւ միտված է Սիրիայի նախագահի՝ որպես ներսիրիական քաղաքական առանցքային դերակատարի թե՛ ներքին, թե՛ արտաքին դիրքերի ամրապնդմանը:

Սա է, որ առավելապես մտահոգել է Արեւմուտքին եւ Թուրքիային՝ իրենց ծրագրերը վտանգված տեսնելու տեսանկյունից: Սիրիայի օրինակը ոգեւորել է նաեւ Իրաքին եւ Բաղդադը քննարկում է ռուսական օդուժի օգնությանը դիմելու հարցը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում այն ավելի արդյունավետ դիտարկելով:

Իսկ սա կարող է աշխարհին մատուցել բոլորովին նոր Մերձավոր Արեւելք, որը կտարբերվի Արեւմուտքի ծրագրած «Նոր Մերձավոր Արեւելք»-ից…

Արտակ Հայոցյան

* * *

Արեւմուտքը պնդում է, որ «ուժեղ երկիր» լինելու ցուցադրման ռուսական մղումները կսրեն վիճակն ամբողջ աշխարհում: Ուկրաինական հակամարտության տեղափոխումը Մերձավոր Արեւելք՝ նպատակ ունի «ուժեղ երկիր»-ը նաեւ «փրկիչ երկիր» դարձնելու, ինչն էլ հենց ռուսական պետական քարոզչամեքենանյի այսօրվա առաջնային խնդիրն է… Եթե սրան հավելենք նաեւ Արցախի խնդրի պարբերաբար սրացումները եւ Հարավօսական պետության՝ Ռուսաստանին միավորվելուն ուղղված քայլերը, ապա աշխարհն իսկապես ընկղմվելու է պատերազմների շղթայի մեջ:

Հայաստանն ունենալու է իր շահերը, որոնք պետք է այսօրվանից լինեն մեր երկրի քաղաքական մեծ օրակարգում:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruու-մ:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։