Հայաստանը՝ անվիճելի խաչմերուկ Հայաստանը պետք է մնա բազմաբեւեռ աշխարհի կողմնակից… Անվիճելի՞ թեկնածություն էր ԵՏՄ-ի համար… Արագ կնքելու կոչ՝ ԵՄ-ՀՀ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր…

Հայաստանը՝ անվիճելի խաչմերուկ

Ռուսաստան-Արեւմուտք ռազմաքաղաքական սրացումները նոր փուլ են մտել: Եթե մինչ այս հակամարտությունն ընթանում էր քաղաքատնտեսական ոլորտներում, ապա այժմ այն մոտեցել է ռազմական հակամարտության եզրին: Այս ընթացքում էլ ավելի կսրվի Եվրոպական ու եվրասիական միությունների հակադրությունը:

Շատ անսպասելի էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահների որոշումը, ըստ որի՝ Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շատերի կարծիքով այս պաշտոնը կարող էր ստանձնել նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ լիովին բավարարել էր ռուսական կողմի պահանջները… եւ այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ լծվել է ռուսամետ քաղաքական դաշինքի ձեւավորմանը Հայաստանում: Այդ պաշտոնին հասնելու համար նա հոկտեմբերի 8-ին մեկնել Էր Մոսկվա։

Բայց Հայաստանի նախագահը շատ անսպասելի քայլ կատարեց, որին ոչ պակաս անսպասելի դյուրությամբ համաձայնեց Ռուսաստանի նախագահը, ում համաձայնությունը մյուս երկրների նախագահների համար արդեն բավարար էր: Ասում են՝ Սերժ Սարգսյանին խիստ զայրացրել է արդեն քավորսանիկական կապերով կապված Արթուր Բաղդասարյանի եւ Արա Աբրահամյանի համագործակցությունը, ինչն էլ կասեցրել է մշտապես ջրից չոր դուրս եկող ՕԵԿ ղեկավարի պոռթկումները:  Եվ արդեն սկսված քաղաքական պառթկումներն էլ են մարման գնում, հատկապես այն բանից հետո, երբ իր կարեւոր ասուլիսներից մեկից հետո Արա Աբրահամյանը շտապեց հասնել Բաղրամյան 26…

Մոսկվան մի շարք իրադարձություններից հետո կորցրեց առանց այն էլ գրեթե չգոյ վստահությունը հայության շրջանում եւ այսօր Հայաստանում լծվել է նոր քաղաքական ուժի ձեւավորման գործերով: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի սրացումներն ու սառած հակամարտությունները կարող են նոր իրավիճակներ ստեղծել, եւ Հայաստանի դերը այժմ վերստին կարեւորվել է:

Հայաստանը այսօր ոչ միայն Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի կենտրոնում է, այլեւ՝ Իրանի, Չինաստանի ու արաբական որոշ երկրների, ինչը լավ քաղաքական խաղի դեպքում կզարգացնի համահայկական նպատակների միջազգայնացմանն ուղղված ջանքերը: Երեւանը պետք է շարունակի իր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը եւ ԵՄ-ԵՏՄ շահերի բախման կիզակետում չհայտնվի: Առավել եւս, որ ԵՏՄ անդամ Հայաստանը կարողացավ հաղթահարել ԵՄ հետ 2 տարի առաջ ձեւավորված ճգնաժամը: Արեւելյան գործընկերություն ծրագիրը հաջող ընթացք կունենա արդեն, եւ սա պիտի պահպանել ու առաջ գնալ:

Այո, Հայաստանը պետք է մնա բազմաբեւեռ աշխարհի կողմնակից, ինչը միայն բարի ցանկություններով չպետք է պայմանավորված լինի:

Արման Դավթյան

Անվիճելի՞ թեկնածություն էր

Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարի 1-ից նոր պաշտոնի կանցնի. նա կլինի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, Տիգրան Սարգսյանի նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում համարեց անվիճելի բոլոր անդամպետությունների կողմից. «Նախագահի տեղը պատկանում է Հայաստանին՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի: Ըստ այդ համաձայնագրի՝ հերթով, այբբենական կարգով 4 տարի ժամկետով պետք է ղեկավարվի պետությունների ներկայացուցիչների կողմից: Նախկին կոլեգիայի անդամները որոշակի պաշտոնավարման ժամկետ ունեին, որը համաձայնագրով նախատեսված էր, եւ մինչեւ փետրվար այդ լիազորությունները կավարտվեն»:

Իսկ ինչու՞ էր Տիգրան Սարգսյանի թեկնածությունն անվիճելի: Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ այդ թեկնածությունը ուղղակի անվիճելի էր բոլոր պետությունների համար, քանի որ նա եւ իր մակարդակով, եւ փորձով արժանացել է դրան. «Բացի այդ, ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներն աշխատել են Տիգրան Սարգսյանի հետ ու նրան բնութագրում են որպես փայլուն մասնագետի: Կարծում եմ՝ դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամպետությունների համար: Տիգրան Սարգսյանն իր մակարդակով, փորձով է արժանացել դրան: Ավելին, Տիգրան Սարգսյանի հետ աշխատել են այդ երկրների ղեկավարները, մասնավորապես, Պուտինը վարչապետ եղած ժամանակ, ու տարբեր առիթներով շփվել էին նրա հետ, ու հենց նրանք էին Սարգսյանին բնութագրում որպես փայլուն մասնագետի»:

Ի դեպ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նույնպես համոզված է, որ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնում կկարողանա նպաստել հնարավորինս ազատականացված տնտեսական հարաբերությունների հաստատմանը. «Բավականին փորձ կուտակած անձնավորություն է: Գտնում եմ, որ նա կնպաստի տնտեսական հարաբերությունները հնարավորինս ազատականացնելու Հայաստանի դիրքորոշման ամրապնդմանը:

Եվ, իրականում, իր ունեցած գիտելիքներն ու փորձը կօգտագործի այդ միության առավել արդյունավետ աշխատանքի համար»:

Սեփ. լրատվություն

Արագ կնքելու կոչ

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը ողջունել է արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-ՀՀ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով: «Սույն որոշումը կարեւոր փուլ է Եվրամիության եւ 2009թ.ից Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար: Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձեւի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները Եվրամիության ու Հայաստանի միջեւ, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը», նշված է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղարի հայտարարության մեջ:

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, կոչ է արվել արագ կնքել այդ համաձայնագիրը եւ վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայաստանին երկրի արդիականացման եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում:

Եվրամիությունը Հայաստանի հետ բանակցությունները կսկսի մինչեւ տարեվերջ: Սա հենց այն թելն է, որը չկտրեցին եվրոպացիները՝ հասկանալով, որ պաշտոնական Երեւանը փորձում է իր համար դժվարին պայմաններում լինել չեզոք գոտի՝ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում եւ այսպես շարունակ…

Սա՛ է մեր շահերի խաչմերուկը պաշտպանելու գրավականը:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։