ՄԻԵԴ որոշմամբ հայերի կոտորածներն ակնհայտ ցեղասպանություն էին… Արդարություն թուրքական ձեւով (Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական որոշման արձագանքները)… Թուրք ռազմական տեսուչները՝ Հայաստանում… Հիմարանոցներ կառուցելու փոխարեն՝ արդիական զենք հայոց բանակին…

Հայերի կոտորածներն ակնհայտ ցեղասպանություն էին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճռի վերաբերյալ ՄԻԵԴ մի շարք դատավորներ, ներառյալ ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը, համատեղ կարծիք են ներկայացրել հոկտեմբերի 15-ին՝ նշելով. «Այն, որ հայերի կոտորածները եւ տեղահանությունը ցեղասպանություն է եղել, կասկածից վեր է: Հայերի ցեղասպանությունը հստակ եւ հաստատված պատմական փաստ է: Սա հերքելը կնշանակի հերքել ակնհայտը»:

«Բայց սա չէ այս գործի հիմնական հարցը», ասել են Դատավճռին «դեմ» քվեարկած 7 դատավորները, եւ ներկայացրել են համատեղ հատուկ կարծիք, որտեղ գրում են. «Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915-ի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրը այս գործում այն է, թե արդյոք պետությունները կարող են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ցեղասպանություն վերապրած առանձին ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է»: «Մեր անհամաձայնությունը վճռի հետ վերաբերում է մեծամասնության կողմից դիմումատուի (Դողու Փերինչեքի) հայտարարություններին տրված մեկնաբանություններին: Այդ չարաբաստիկ հայտարարությունների եւ դրանց հետեւանքների նշանակությունը այս դատավճռի շրջանակներում շարունակաբար նվազեցվում էր», պնդել են ՄԻԵԴ դատավորները իրենց զեկույցում:

Նշենք, որ 2005թ. մայիսին, հուլիսին եւ սեպտեմբերին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն եւ Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում Դողու Փերինչեքը հրապարակայնորեն հերքել էր 1915թ. ու հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը:  Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»: «Փերինչեքի հայտարարությունների տոնայնությունը ցույց է տալիս, որ նրա մեղադրանքներն ավելի շատ ուղղված էին Անգլիայի, Ֆրանսիայի ու Ցարական Ռուսաստանի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության «իմպերիալիստների» դեմ: Մյուս կողմից, չպետք է անուշադրության մատնել այն փաստը, որ իր հայտարարություններից մեկում դիմումատուն այդ իրադարձությունների մեջ ներգրավված հայերին անվանել է «իմպերիալիստական երկրների» «գործիքներ» եւ նրանց մեղադրել է թուրքերի ու այլ մուսուլմանների զանգվածային սպանությունների մեջ:

Այս դեպքում Դատարանը համաձայն է, որ միջամտությունը միտված է եղել պաշտպանելու (Ցեղասպանության զոհերի) արժանապատվությունը եւ այդպիսով նաեւ նրանց ժառանգների արժանապատվությունը», այսպիսի եզրակացության էին եկել ՄԻԵԴ Մեծ պալատի դատավորները վերոնշյալ հրապարակված դատավճռում:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ Մեծ պալատը վճռել էր, որ ցեղասպանության հերքման համար Շվեյցարիայում Դողու Փերինչեքի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը խախտել էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված վերջինիս խոսքի ազատության իրավունքը, սակայն մերժել էր դիմումատուի պահանջը ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով:

Անի Մարության

Արդարություն թուրքական ձեւով, որ ի սկզբանե խեղկատակություն է

Թուրքական 2 առաջատար իրավապաշտպան հ/կներ՝ «Մարդու իրավունքների միավորում»-ը եւ «Հիշողության կենտրոն»-ը, որոնք, Կանադայում գործող Մարդու իրավունքների եւ ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի հետ համատեղ, իբրեւ երրորդ կողմ, ներգրավված են եղել ՄԻԵԴ Մեծ պալատի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում եւ Դատարանին էին ներկայացրել խնդրի առնչությամբ իրենց դիրքորոշումը՝ շարունակելու են «իրենց ջանքերը ներդնել պատմական փաստերի ներկայացման համար եւ անցյալի հերքման փորձերի դեմ, ինչը ճանապարհ է հարթելու Թուրքիայում արդարության վերականգնման համար»: Հայտարարել են նաեւ, որ «մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակներում շարունակելու են պայքարը ցեղասպանության հերքման դեմ, ինչը շարունակում է վտանգել հայ համայնքի կյանքը Թուրքիայում եւ թշնամանք է սերմանում նրանց դեմ»:

Իսկապես ծիծաղելի է հնչում, երբ թուրքերն են խոսում «արդարության վերականգնման համար ճանապարհ հարթելու» խնդրից: Սրանց համար ՄԻԵԴ Մեծ պալատի վճիռը չի դիտարկվել իբրեւ «ապացույց», որ Հայոց ցեղասպանության հերքումը գտնվում է Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (խոսքի ազատության իրավունք) պաշտպանության տակ, եւ, ըստ նրանց, այդպիսի պնդումները դատավճռի «բացահայտ ու միտումնավոր» աղավաղումներ են:

Թուրք տեսուչները՝ Հայաստանում

«Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» (ԵՍԶՈւ) շրջանակում թուրքական կողմի ղեկավարությամբ 2015թ. հոկտեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում իրականացրել է տեսչական այց եւ համապատասխան ստուգում: «Էրմենիհաբեր»-ը վկայակոչելով Թուրքական «cihan» լրատվական գործակալությանը՝ գրում է, որ թուրքական դիտորդական խմբի կողմից իրականացվող ստուգայցին մասնակցելու է նաեւ Սլովակիայից ժամանած մասնագետ:

Հիշյալ պայմանագիրը սպառազինությունների վերահսկման իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որի նպատակը եվրոպական տարածաշրջանում սովորական սպառազինությունների հետ կապված մարտահրավերները ու մտահոգություն առաջացնող խնդիրները նվազագույնի հասցնելն է: Այդ փաստաթուղթը պահանջում է ռազմական տեղեկատվության ընթացիկ եւ տարեկան փոխանակում, ինչպես նաեւ ներառում է հավաստագրման, սպառազինությունների կրճատման ու տեսչական ստուգումների իրականացման մասին դրույթներ:

Հայաստանն իր հերթին տեսչական այցեր է իրականացնում ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ պետություններում, այդ թվում՝ Թուրքիայում: Ընդհանուր առմամբ, 1993թ. սկսած Հայաստանը տեսչական այցեր է արել Հունաստանում, Թուրքիայում եւ այլ երկրներում, ինչպես նաեւ մասնակցել է Բուլղարիայում, Ուկրաինայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում եւ այլ երկրներում իրականացված բազմազգ տեսչական ստուգումներին:

Հիմարանոցներ կառուցելու փոխարեն

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը չի զարմանում այն փաստից, որ Շվեյցարիայի HSBC բանկում 2006-2007թթ. Գարեգին Երկրորդի անունով անձնական հաշիվ է գործել, որի վրա 1,1 մլն դոլար է եղել: Այս մասին հուշարձանագետն ասել է Lragir.am-ին տված հարցազրույցում: «Ոչ զարմանում եմ եւ ոչ էլ անակնկալ էր: Նախ՝ որեւէ կառույց, եթե ազգային չէ, ինձ համար այն պիղծ կառույց է… Այս եկեղեցին երբեւէ չի սովորեցրել իր հոտի անդամներին ապրել հանուն հայրենիքի, եւ ինքն էլ չի ապրել հանուն հայրենիքի, այլ աստանդական, ցուպը ձեռքին, «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սրիկայական ասույթով է առաջնորդվել, եւ պատահական չէ, որ մեր մեջ կա այս խոսքը, քանի որ սա եկեղեցու վարքագծից է: Ամբողջ աշխարհում ինքը ներկա է, որտեղ հաց է, այնտեղ ներկա է, այսինքն՝ ինքը չի ապրել հանուն հայրենիքի եւ ինքը չի ապրեցրել իր հոտին ապրել հանուն հայրենիքի: Այս տեսանկյունից էլ ասում եմ, որ ինքը ազգային կառույց չէ, եւ որեւէ ոչ ազգային կառույցի գումարները ո՞ր երկրում են, ո՞ր բանկում են, ինձ չի հետաքրքրում»:

Իսկ ինչ վերաբերում է հանրությանը պատասխանին՝ Սամվել Կարապետյանն ասել է. «Ո՞ւմ պատասխան տա, հանրությա՞նը… Գիտե՞ք որ հանրությունը պատասխանատվության կենթարկեր. որը սովորել եւ ապրում է հանուն իր հայրենիքի եւ ամենամեծ արժեքն է հայրենիքը, եւ եթե մեկը դավաճանում է հայրենիքին, ահա այդ հասարակությունը պատասխանատվության կենթարկեր այդ կառույցին: Բայց այդ կառույցի ցանած սերմերի պատճառով ազգային իմաստով կեղծ խոտանացած վիճակում է մեր հասարակությունը, որակից ընկած վիճակում է մեր հասարակությունը, հենց դրա համար էլ արմատախիլ է եղել: Մեկը որ արմատախիլ է եղել, իրեն արմատախիլ անողին ի՞նչ հիմքով պետք է պատասխանատվության ենթարկի, հիմքերը չկան, փչացածը իրեն փչացնողի՞ն պետք է պատասխանատվության ենթարկի»:

Հարցազրույցում հուշարձանագետը շեշտել է. «Վերջերս մոտավոր հաշվարկներ եմ արել՝ անկախությունից ի վեր ողջ աշխարհում եկեղեցաշինության վրա որքա՞ն գումար է ծախսվել: Մոտավոր հաշվարկներ արեցի՝ ողջ աշխարհում ավելի քանի 2 մլրդ. դոլար է ծախսվել, իսկ այսպիսի մեծ գումարներ եկեղեցաշինության վրա ծախսած կառույցը, վստահ եմ, հետ գցած գումարներ կունենա Շվեյցարիայի եւ այլ երկրների բանկերում: Սրանք ահռելի մեծ գումարներ են, եւ սրանք այն գումարներն են, որոնց մեկ քառորդով հիմա կունենայինք ամենաարդիական զենքերով զինված բանակ: Հիմա տարրական բաների վրա են իհարկե սեւեռվել, ինչպես օրինակ գիշերային հեռադիտակների, տարրական բաներ, որ մեր ամբողջ սահմանային գոտում բոլորը պետք է ունենային: Երեւակայեք, որ այս պիղծ կառույցը լափած գումարների եւ անտեղի հիմարանոցներ կառուցելու փոխարեն կոչ աներ, որ մեր ազգի գոյատեւման համար մեզ անհրաժեշտ է բանակը արդիական զենքի տեսակներով համալրել…»:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։