Վտանգ կա, երբ բարելավումը մե՛ր հաշվին է… Թուրքիան եւ ռուսական գազը, Սիրիան եւ մերձավորարեւելյան նավթը… Հայաստանը կսատարի մարդասիրական բոլոր նախաձեռնությունները… Արցախում քննարկվել են անհայտ կորածների ուղղությամբ փնտրողական աշխատանքները…

Վտանգ կա, երբ բարելավումը մե՛ր հաշվին է

Ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի, ով ընդհանուր առմամբ կողմ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, Անկարան Մոսկվայի հետ հակամարտության դեպքում որեւէ շանս չի ունենա: Թուրքիան Արեւմուտքի դաշնակիցն է եւ փորձում է Ռուսաստանին ստիպել, որ Սիրիայի հարցում նստի բանակցությունների սեղանի շուրջ: Թերեւս, այս նույն համատեքստում պետք է դիտել Ռուսաստանի օդանավերի կողմից Թուրքիայի սահմանի խախտումը (նաեւ թուրքական ուղղաթիռների՝ Հայաստանի սահմանի խախտումը պետք է դիտարկել այս տեսանկյունից,- խմբ.):

Այսօրվա վիճակով Ռուսաստանը հզոր է, որովհետեւ ռմբակոծում է տարբեր կարգի ապստամբների: Սակայն այդ հզորությունը հարաբերական է այնքանով, որ գիտենք, որ այդ ապստամբները կամ չափավոր ընդդիմությունը դիմել է Միացյալ Նահանգներին եւ հակաօդային պաշտպանական միջոցներ է խնդրել: Եթե Վաշինգտոնը այդ միջոցները տրամադրի, այդ հզորությունն ի չիք կդառնա, որովհետեւ բավական է մեկերկու լուրջ օդանավ խփեն, իսկ ամեն մի օդանավը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժի, ապա դրա ֆինանսական ծանրությունը շատ կլինի: Պարզապես պետք է հիշել, որ պատերազմի մեջ մտնելն ավելի հեշտ է, քան պատերազմից դուրս գալը: Ճիշտ է, Ռուսաստանը կանխատեսում է, որ այդտեղ ամիսների գործողություն է, եւ մեկ-երկու ամիս հետո դուրս կգա, բայց պետք է հիշել, որ Աֆղանստանում էլ, ուր մտնում էր Ռուսաստանը, նախատեսում էր, որ մեկերկու ամիս հետո դուրս է գալու…

Նշյալ կենտրոնի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ն դատապարտում է ռուսական կողմից իր անդամ երկրի օդային տարածքը խախտելը: Եվ սա ճիշտ է: ՆԱՏՕ-ն ճիշտ է անում, ցույց է տալիս ՀԱՊԿ-ին եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությանը, թե ոնց են աջակցում իրենց դաշնակցին: Նույնիսկ եթե դաշնակցի օդային տարածքն է խախտվել, իրենք հայտարարություն արեցին, ու ոչ թե լռեցին ՀԱՊԿի նման: Այդքան Հայաստանի տարածքը ռմբակոծեցին ադրբեջանցիները, ոչ մի արձագանք չկա: Իսկ ՆԱՏՕ-ն գործեց շատ օպերատիվ, ասաց, որ Թուրքիան իմ անդամ երկիրն է եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտումը նշանակում է գործողություն ՆԱՏՕ-ի դեմ:

Թուրքիայի բոլոր սպառնալիքները խարսխված են այն բանի վրա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ իր թիկունքին կան այլ երկրներ, որոնք կպաշտպանեն, եթե հակամարտություն լինի, եւ այդ դեպքում Ռուսաստանը շանս չի ունենա: Բայց եթե Թուրքիա-Ռուսաստան հակամարտություն լինի, բնականաբար Թուրքիան շանս չի ունենա: Ճիշտ է, հարաբերություններում սրվածություն կա, բայց դա նույն արագությամբ էլ կարող է անհետանալ, հաշվի առնելով այն, որ թուրքերը սովոր են ռուսների հետ հարաբերությունները հարթելու, բարելավվելու:

Իսկ մենք նշենք, որ անհրաժեշտ է առավելագույնս զգույշ լինել, քանի որ այդ սրացումներից հետո տեղի ունեցող բարելավումները կամ դադարները հիմնականում հայկական շահերի հաշվին են լինում:

Ռուսթուրքական հարաբերությունների պատմությունը բազում հայավնաս ու հայադավ դեպքեր ունի, որ հաճախ ճակատագրական են եղել…

Նարե Մշեցյան

Թուրքիան եւ ռուսական գազը, Սիրիան եւ մերձավորարեւելյան նավթը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, թե կհրաժարվեն ռուսական գազից եւ բոլոր այն տարածաշրջանային նախագծերից, որոնք կառաջարկի Ռուսաստանը, եթե ռուսները շարունակել «միջամտել Թուրքիային սահմանակից Սիրիայի գործերին»:

Կրեմլը պատասխանել է ռուսական գազից հրաժարավելու թուրքական սպառնալիքներին՝ նշելով, որ Մոսկվան գնահատում է Անկարայի հետ իր հարաբերությունները եւ հույս հայտնում, որ նախատեված ծրագրերն ուժի մեջ կմնան: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի՝ ռուսական գազից հրաժարվելու «վերջնագրերը»՝ ընդամենը հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարության մասին ասվել է Ռուսաստանի նախագահին, եւ Վլադիմիր Պուտինը քաջատեղյակ է…

Հիշեցնենք. որ Թուրքիայի նախագահն ասել էր. «Թուրքիան ռուսական գազի թիվ մեկ գնորդներից է, ում կորցնելը լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է գազ ձեռք բերել ուրիշ տեղերից»: Նման սպառնալիքների պատճառն այն միջադեպն էր, երբ ռուսական օդուժը, խախտելով Սիրիայի ուղղությամբ Թուրքիայի օդային տարածքը, հարվածներ էր հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:

ՌԴ ՊՆ-ն սա բացատրել էր եղանակային անբարենպաստ պայմաններով, եւ ռուս դեսպանն Անկարայում ներողություն էր խնդրել: Սակայն խնդիրն ավելի խորն է, քանզի տարածաշրջանում իրականում պետական շահերի լուրջ բախում է տեղի ունենում:

Եթե Ռուսաստանն ու Արեւմուտքը լեզու չգտնեն՝ հետեւանքները ծանր կլինեն ոչ միայն ռուս-թուրքական հարաբերությունների համար, այլեւ՝ ռուս-հայկական, քանի որ Ռուսաստանի համար Հայաստանը միշտ լինելու է իր շահերի գործողությունների տարածք, ինչը այլեւս չի կարող հանդուրժվել Երեւանի կողմից: Ամեն բան ավելի կբարդանա, եթե հանկարծ Ռուսաստանը ցամաքային գործողություն սկսի Սիրիայում:

Վասհագն Նանյան

Հայաստանը կսատարի մարդասիրական բոլոր նախաձեռնությունները

Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի եւ զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը եւ հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլեւ ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն:

Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդունելով Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին եւ Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին:

Հանդիպման նպատակն է եղել քննարկել ՀՀ ՊՆ եւ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջեւ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը: Վերջում Սեյրան Օհանյանը վստահ էր, որ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության՝ մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:

Կարեն Բալյան

Արցախում քննարկվել են անհայտ կորածների ուղղությամբ փնտրողական աշխատանքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը օրերս ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ կողմից իրականացվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաեւ ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացիների ճակատագրին՝ ընդգծելով նրանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շարունակական խախտումների անթույլատրելիությունը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժեւիչը։

* * *

Արցախի ԱԳ նախարարությունը ուսումնասիրում է Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցչի տան վրա կատարված հարձակման փաստը: «Միջադեպը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Ներկա դրությամբ ուսումնասիրում ենք կատարվածը», ասել է ԱԳՆ խոսնակը:

Նշենք, որ ավելի վաղ ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ կրակել են Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա ու հրապարակել լուսանկար: «Բեռլինում երեկ կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա։ Ավելի վաղ, տան դիմացին հայտնվել էր Հայերի դեմ վիրավորական գրառում։ Ներկայացուցիչը դա լուրջ չէր ընդունել։ Դեպքը հավանաբար կապված է ԼՂՀ ներկայացուցչի վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ։ Տուժածներ չկան»,- գրել էր նա:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։