Երկուսն էլ մե՛ր հաշվին են կայանում տարածաշրջանում Թուրքերն ու ռուսները ունեն հայության շահի ու անվտանգության հաշվին պայմանավորվելու ավանդույթներ ու փորձ, ինչից էլ պետք է զգուշանալ միշտ…

Արդեն տեղեկացրել ենք, որ թուրքական ռազմական ուղղաթիռը 24 րոպե տեւողությամբ խախտել էր հայթուրքական սահմանը: Սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները: Թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական ՄԻԳ-29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռն այնքան կարճ է գտնվել մեր օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել: Ըստ ռուսական կողմի բացատրության, 24 րոպեն բավական քիչ ժամանակ է, որպեսզի օդանավը կարողանա օդ բարձրանալ ու հասնել սահմանախախտման վայր: Ռազմական օդանավերը անընդհատ չեն գտնվում երկնքում, որ ցակացած պահի կարողանան արձագանքել սահմանախախտմանը: Ռազմական օդանավերի անձնակազմը 24-ժամյա հերթապահություն է իրականացնում, բայց մինչեւ սահմանախախտման ազդանշանը տեղ է հասնում, մինչեւ անձնակազմը հասնում է օդանավ, մինչեւ օդանավի շարժիչը գործի է դրվում, եւ այն օդ է բարձրանում, այդ 23 րոպեն անցնում է. այսպես են բացատրում ռուս զինվորական մասնագետները:

Իսկ օդ բարձրացած ռուսական օդանավի անձնակազմին հրահանգ է տրված եղել թուրքական ուղղաթիռին պարտադրել վայրէջք կատարել Հայաստանի տարածքում, որից հետո միայն կպարզաբանվեր, թե ինչ հանգամանքերում է տեղի ունեցել սահմանի խախտումը: Գործնականում այսպես է, եթե որեւէ երկրի ռազմական օդանավ կամ ուղղաթիռ առանց նախնական համաձայնեցման հատում է այլ երկրի օդային տարածքը, ապա պետք է ենթարկվի հարկադիր վայրէջքի: Պարզապես թուրքական ուղղաթիռները այլ խնդիր են լուծել՝ պատասխանել են ռուսական ինքնաթիռների սահմանախախտմանը Սիրիայի կողմից, ապա կարճ ժամանակահատված մնալով Հայաստանի օդային տարածքում՝ հեռացել են: Իսկ ռուսական ռազմական օդանավը չի հասցրել կատարել առաջադրանքը այդքան կարճ ժամանակահատվածում, հատկապես, որ թուրքական ուղղաթիռը կտրուկ շրջադարձ է կատարել ու արագ հեռացել է թուրքական տարածք՝ թաքնվելով մոտակա լեռների հետեւում:  Ռուսական ռազմական օդանավը գրեթե 1 ժամ շարունակել է պտույտներ գործել սահմանի երկայնքով, որից հետո վայրէջք է կատարել: Հասկանալի է, որ երբ ռուսական օդանավը օդ է բարձրացել, թուրքական համապատասխան ծառայությունները դա արձանագրել եւ հրահանգել են իրենց ուղղաթիռին հետ վերադառնալ, մանավանդ որ՝ թուրքական ուղղաթիռը չի խորացել Հայաստանի տարածքում, այլ թռել է սահմանի երկայնքով, ինչպեսեւ նշեցինք՝ ուղղակի պատասխան խախտում կատարելով:

Այդ խախտումը կատարվել է հենց Հայաստանի սահմանակից տարածքում, քանի որ այդ սահմանային հսկողությունը հիմնականում իրականացնում է ռուսական կողմը:

Ռուսական կողմը բացառում է, որ ինքնաթիռը չէր կարող հասցնել վնասազերծել թուրքական ուղղաթիռը, միայն կարճ ժամանակն է օգնել թուրքական ուղղաթիռին հեռանալ իր տարածք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին Թուրքիայի ՌՕՈՒ-ի տրանսպորտային ուղղաթիռները 24 րոպեով խախտել են Հայաստանի օդային սահմանը Արմավիր քաղաքի ուղղությամբ: Ուղղաթիռները Իգդիրից Կարս էին թռչում:

«ՆԱՏՕ-ն պիտի ներողություն խնդրի, որ թուրքական ուղղաթիռները հայտնվել են Հայաստանի օդային տարածքում», հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61րդ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացած նստաշրջանի արդյունքները: Նա ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի առաջ բարձրացրել է այդ հարցը: «Սկզբում զարմացան, հետո խոստացան հետեւել իրավիճակի զարգացմանը», ասել է հայ խորհրդարանականը եւ հավելել, որ ինքը այդ հարցը բարձրացրել է գրավոր տեսքով եւ հույս ունի նոյեմբերի սկզբին պատասխան ստանալ. «Հայաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ գործընկերներից է: Մենք ուզում ենք, որ նման միջադեպերը չկրկնվեն: ՆԱՏՕ-ն պիտի ներողություն խնդրեր, եթե ուղղաթիռները անգամ եղանակային վատ պատճառների հետեւանքով իրոք խախտել են սահմանը»:

Զարմանալի է, բայց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ասել էր, թե տեղյակ չէ: Սա, իհարկե, քիչ հավանական է, բայց եթե իրոք այդպես է, ապա խնդրին ավելի լուրջ պիտի վերաբերվել: Ինչեւէ, Յենս Սթոլթենբերգը նշել է, թե ՆԱՏՕ-ն պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր ցանկացած անդամի տարածքը, նաեւ՝ օդային: Իսկ արդյո՞ք ՆԱՏՕ-ն կզսպի՞ Թուրքիայի նոր ոտնձգությունը Հայաստանի հանդեպ…

Երեւանը կսպասի ՆԱՏՕ-ի արձագանքին, բայց առավել զարմանալի է, որ ՀԱՊԿ-ն չարձագանքեց: Եթե Ադրբեջանի հետ սահմանային խախտումները որոշ ՀԱՊԿ-ականներ համարում են արցախյան, իսկ Արցախը ՀԱՊԿ անդամ չէ, ապա այս դեպքում նման բան չեն կարող ասել: Չնայած Ադրբեջանի դեպքում էլ չեն կարող, քանի որ սադրանքները լինում են նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանին, որը ԱՊՀ եւ ՀԱՊԿ լիիրավ անդամ է…

Ինչ մնում է ՆԱՏՕ-ին, պետք է նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է եւ ՆԱՏՕ-ն մշտապես արձագանքում է թուրքական դիմումներին եւ շատ արագ: Դա նշանակում է, որ Հայաստանի համար նախ արձագանք պետք է լինի ՀԱՊԿ-ից: Եթե ավելի պարզ նայենք, ապա պիտի նշենք նաեւ, որ Թուրքիան Ռուսաստանից էր պահանջում իր օդային տարածքի խախտման պատասխանը, ոչ թե ՀԱՊԿ-ից: Նույն կերպ էլ պիտի Հայաստանը վարվեր, ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ Թուրքիայից պետք է պատասխան պահանջեր:

Բայց կարծես թե չկա ոչ մի պահանջ, եւ պաշտոնական Երեւանը արտգործնախարարության կամ պաշտպանության նախարարության մակարդակով ոչ միայն չի բարձրաձայնել խնդրի մասին, այլեւ ընդհանրապես ՀԱՊԿ առաջ եւս չի դրել արձագանքելու հարց:

Իհարկե, կարող է հնչել բացատրություն, որ սա ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ կատարված քայլ էր, ինչին արձագանքելու կարիք չկա…

Սակայն, համաձայն լինելով այս բացատրության առաջին մասի հետ, պիտի վիճարկենք երկրորդ մասը՝ երբեք անհիմն չի կարող լինել սեփական երկրի պաշտպանության հարցը:

Իսկ թուրքը կարող է նման խախտումների էլի դիմել: Սա վտանգավոր նախադեպ կարող է լինել:

Եթե արձագանքում ենք Ադրբեջանի սահմանախախտումներին, ապա դա պետք է արվի նաեւ Թուրքիայի, Վրաստանի կամ Իրանի դեպքում եւս:

Համենայնդեպս, ՆԱՏՕ-ին դիմելը եւս օգտակար կլինի, քանի որ ՆԱՏՕ-ի խողովակով հնարավոր է միշտ ազդել Թուրքիայի վրա, ինչը Անկարային հետ կպահի Երեւանի հանդեպ նման հետագա դրսեւորումներից:

Ի դեպ, այդ տեսանկյունից թերեւս ոչ նույնական, բայց խորհրդանշական է 1992թ. մի պատմություն, որ մի քանի առիթով մամուլում ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, Արցախի պատերազմի տարիներին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը կապվել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ ու ասել, թե ինչ կլինի, եթե Թուրքիան միջամտի ռազմական գործողություններին եւ թիրախավորի Հայաստանի տարածքը: «Դուք գործ կունենաք ռուսների հետ», ասել է ԱՄՆ պաշտոնյան: «Իսկ եթե մենք պայմանավորվե՞նք ռուսների հետ», հարցրել է թուրք զինվորականը: «Այդ դեպքում դուք գործ կունենաք մեզ հետ», ասել է ԱՄՆ պաշտոնյան, ինչից հետո Թուրքիան թողել է մտադրությունը:

Այստեղ է, որ պիտի կրկնենք, որ թուրքերն ու ռուսները ունեն հայության շահի ու անվտանգության հաշվին պայմանավորվելու ավանդույթներ ու փորձ, ինչից էլ պետք է զգուշանալ միշտ:

Իսկ պատմական նախադեպերը դիվանագիտությունից դուրս են եւ ահազանգում են՝ երբեք չհավատալ սեւ թուրքի եւ սպիտակ թուրքի (ռուսի) անհաշտությանն ու թշնամությանը, երկուսն էլ հայի հաշվին են կայանում տարածաշրջանում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։