Հայաստանը՝ դանդաղ շտապելու կարգավիճակում – Հայկական դիվանագիտության փոխլրացնող քաղաքականության պտուղները Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների համապատկերին…

Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը հետզհետե սաստկանում է, քանի որ եվրոպական ու ամերիկյան տնտեսական պատժամիջոցները չկարողացան սպասված արդյունքը տալ: Մոսկվան ստացավ լուրջ աջակցություն հատկապես Չինաստանից, որը զգուշության մղեց նաեւ Վաշինգտոնին, քանի որ ռուսչինական համագործակցությունը կարող էր հանգեցնել ամերիկյան դոլարի նկատմամբ «պատժամիջոցի», ինչը զգալի հարված կլիներ ամերիկյան ֆինանսատնտեսական համակարգին: Այստեղ կարող էր շահել եվրոն, ինչը եւս Վաշինգտոնի սրտով չէր: Եվրոպական անկախության որեւէ նշույլ սարսափեցնում է Միացյալ Նահանգներին, քանի որ ԵվրոպաՌուսաստան համագործակցությունը արդեն քանի անգամ մոտեցել էր ավարտական փուլին: Բայց, նախ Իրաքում, ապա Հարավսլավիայում եւ Սերբիայում ամերիկյան ռազմական միջամտությունները կասեցրեցին այդ մերձեցման հնարավորությունները՝ ստիպելով Եվրոպային ռուս-ամերիկյան հակամարտության պարագայում, ուզած թե չուզած, կանգնել ռազմաքաղաքական դաշնակցի կողքին: Այսօր էլ Վաշինգտոնը Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների ծիրում կարողացավ ստեղծել ուկրաինական խնդիրը, ինչին Ռուսաստանն արձագանքեց սիրիական խնդրի նորովի բորբոքմամբ եւ ծայրահեղ իսլամականների դեմ պայքարի թեժացմամբ:

Սա տասնյակ տարիների պայքար է, եւ փոփոխվում են միայն դեմքերն ու դեպքերը, ուղղությունները, սակայն, նույնն են: Հայաստանին հաջողվեց արցախյան խնդիրը դուրս բերել գերտերությունների հակամարտության ներկա օրակարգից, չնայած Ադրբեջանն ու Թուրքիան ամեն բան անում են հարցը օրակարգային դարձնելու համար: Բաքուն անգամ փորձեց հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, որտեղ համագործակցում են Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը եւ՝ հաջողությամբ են դա անում: Ուստի՝ Բաքվի, ապա եւ՝ Անկարայի ջանքերն այս հարցում ձախողվում են ցայսօր:

Ցավալի է, բայց Արցախի խնդրի կարգավորումը հակամարտության գործոն է դարձնում նաեւ իրեն վաղուց մեր բարեկամ ու դաշնակից հռչակած Մոսկվան, ինչի ականատեսը եղանք եւ՛ ուկրաինական, եւ՛ սիրիական հակամարտության ժամանակ: Արցախյան հարցի աղմկահարույց փորձագետներից մեկը՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը, որ ժամանակին եղել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունում ԽՍՀՄ ազգային հարցերով հատուկ խորհրդականը, համոզված է, որ «Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր մտցնել Ղարաբաղ, բայց դա կանի միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում»:

Այս իրադարձությունները վկայում են, որ ճիշտ է պաշտոնական Երեւանի վարած փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, երբ հայկական շահերը համադրվում են ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան շահերի հետ:

Դառնալով վերլուծաբան Փոլ Գոբլին, հիշեցնենք, որ նա ժամանակին առաջ էր քաշել նաեւ «Մեղրիի միջանցքի» տարբերակը, որում հարցն այսպես էր դրված՝ Ադրբեջանը բացում է «Լաչինի միջանցքը» եւ ապահովում է Հայաստան-Արցախ կապը, իսկ հայկական կողմը բացում է միջանցք՝ Մեղրիի կողմից եւ ապահովում է Ադրբեջան-Նախիջեւան կապը: Սա մեծ աղմուկ հանած տեսակետներից մեկն էր, որն արծարծվում էր մինչեւ Քաշաթաղ-Լաչինի ազատագրումը:

Ահա այս փորձագետը խոսել է կրկին Արցախի խնդրի մասին եւ հայտնել, որ «Մոսկվան ուզում է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շրջանը նորից անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»: Նախկինի պես հիմա էլ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորը պնդում է, որ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը եւ անհրաժեշտության դեպքում միշտ կդավաճանի հայերին: Իսկ Արեւմուտքը, ըստ նրա, անհրաժեշտ լծակներ չունի տարածաշրջանում, հետեւաբար հակամարտության վերսկսման դեպքում Արեւմուտքը հարցի կարգավորումը կթողնի ՌԴ-ին:

Իրավիճակը կարծում ենք այնքան էլ այդպես չէ: Չնայած աբխազական ու հարավօսական ռուսամետությանը, Արեւմուտքը միայնակ չթողեց Վրաստանին՝ ռուսվրացական պատերազմի ժամանակ: Լծակները քիչ էին այնքանով, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան անգամ պատրաստ էին միանալու Ռուսաստանին, իսկ վրացական բանակը շատ հեռու էր մարտունակ լինելուց… Եվ Արեւմուտքի օգնությունը եղավ այն բանում, որ Մոսկվան հետ կանգնեց Թբիլիսի մտնելու ծրագրից: Հայադրբեջանական հակամարտությունում Մոսկվան իրականում միայնակ չի կարող որոշել, ինչպես Փոլ Գոբլն է կարծում: Նախ՝ Արցախի հիմնախնդիրը ունի եռանախագահների կազմով հանձնախումբ, որի յուրաքանչյուր կողմի հետ հակամարտողները համագործակցում են, հետո՝ Հայաստանն ու Արցախը դեմ են որեւէ խաղաղապահ զինուժի տեղակայմանն իրենց տարածքում, ինչը բացակայում էր ռուսվրացական հակամարտության պարագայում: Այսինքն՝ անգամ ռուսական զինուժը չի կարող ազատ մուտք գործել Արցախ:

Փոլ Գոբլի կարծիքով՝ վերջին իրադարձությունները սահմանին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծել են նոր վիճակ: Եվ Ռուսաստանը այս անգամ էլ կդավաճանի Հայաստանին, եթե կարողանա համոզել Ադրբեջանին՝ անցնելու Ռուսաստանի կողմը՝ Արեւմուտքի հետ մերձենալու փոխարեն: Ըստ նրա, սա ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական պատճառներ: Եվ այսօր, «երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվել են, Ադրբեջանը ընտրության քիչ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի կողքին գրեթե ոչ ոք չկա: Բացառություն է Իրանը, բայց դեպի Իրան թեքվելը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր լինել»:

Բայց պիտի այստեղ էլ չհամաձայնենք, որովհետեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերումները «5+1»ին թույլ է տվել հանել Իրանի նկատմամբ եղած պատժամիջոցների մեծ մասը: Նորմալացել են նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունները, եւ Վաշինգտոնը չնահանջեց անգամ իսրայելական մեծ ճնշման առաջ, որը փորձում էր կասեցնել Իրանի ապաշրջափակումը Արեւմուտքի կողմից: Նշանակում է՝ Իրանը գործընկերային հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ, եւ ՀայաստանԻրան կապը չի կարող վտանգավոր դիտարկվել:

Առավել եւս, որ ԱՄՆ-ն վտանգավոր չի դիտարկում նաեւ Թեհրանի դերը սիրիական հակամարտության հարցում եւ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ի դեպ, ԱՄՆ-ն դուրս է բերել թուրքսիրիական սահմանը պաշտպանող իր հրթիռները, քանզի Վաշինգտոնը հիմնովին վերանայել է սիրիական ընդդիմությանն աջակցելու ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ՊՆ Էշթոն Քարթերը՝ նշելով, որ Սպիտակ տունը եւ Պենտագոնը բավարարված չեն ծրագրի ընթացքով ու նախատեսում են փոխել դրա մարտավարությունը. «Մենք դիտարկում ենք ռազմավարական նպատակին հասնելու այլ ճանապարհներ, իսկ նպատակն այն է, որ թույլ տանք տեղի ունակ ուժերին մաքրել տարածքը «Իսլամական պետություն» խմբավորումից եւ Սիրիայի հողն ազատել ծայրահեղականներից»: Մանրամասնելով սպասվող փոփոխությունները՝ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի չափավոր ընդդիմության հետ համագործակցելու է այն ոլորտներում, որոնց արդյունավետությունն արդեն հաստատվել է. «Անցյալում խնդիրներ ենք ունեցել նրանց ուսուցման ծրագրի հետ կապված: Մինչդեռ սպառազինությունների ծրագիրը բավական արդյունավետ է»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուելը հիշեցրել է բոլորին, որ նախագահ Բարաք Օբաման վերջերս 419 միլիոն դոլարով ավելացրել է Սիրիայի փախստականներին ուղղվող օգնությունը, ինչի արդյունքում 2015թ. ԱՄՆ-ն դարձել է փախստականներին խոշորագույն օգնությունը տված պետությունը: Չնայած այս ամենին, Եվրոպան կանգնած է փախստականներին տեղավորելու լուրջ խնդրի առջեւ: Ըստ փորձագետների, վերջին զարգացումները վկայում են Մերձավոր Արեւելքում հնարավոր փոփոխությունների մասին, ինչը կապված է ոչ միայն փախստականների խնդրի հետ: Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի վերջին հայտարարությունը, որով նա կոչ արեց արգելել ԱՄՆ-ի հետ բանակցությունները, կարող է վկայել Իրանում պահպանողականների եւ բարեփոխումների կողմնակիցների միջեւ ընթացող պայքարի մասին: Մեկ այլ իրադարձություն տեղի է ունեցել Թուրքիայում, չնայած Անկարայի բողոքներին, ԱՄՆ-ն Թուրքիայի տարածքից դուրս է բերել ամերիկյան Փեթրիոթ մակնիշի հրթիռները, որոնք մինչ այդ պաշտպանում էին թուրքսիրիական սահմանը:

Այս վիճակում Հայաստանը պետք է նաեւ նախաձեռնող կողմ լինի, որովհետեւ ռուսարեւմտյան հակասությունները կարող են առժամանակ հեռու մնալ արցախյան հարցից, ինչը կթուլացնի Բաքվի ռազմատենչ ջանքերը, իսկ Անկարան թաթախված է լուրջ ներքաղաքական խնդիրների եւ թուրքքրդական հակամարտության մեջ: Ինչպես ասում են, Թուրքիան այժմ ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն ունի զբաղվելու հայկական հարցերով: Ճգնաժամային վիճակի հետեւանքով Թուրքիայի նախագահ Էրդողանը դիմում է վտանգավոր ու ծայրահեղ քայլերի: Սա իր հերթին ոտքի է հանում թուրք ազգայնամոլներին, ինչն էլ կսրի նրանց հարաբերությունները ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ:

Պիտի հատուկ նշենք, որ Թուրքիան հայթուրքական հարաբերությունները պայմանավորում է հայադրբեջանական հարաբերություններով, ինչն էլ ակամա կթուլացնի թուրքադրբեջանական հակահայ քաղաքականության պոռթկումները:

Օրերս ՆԱՏՕ-ի ԽՎ-ում թուրքադրբեջանական դաշինքը կարծես մի վերջին չիգով փորձել է Արցախի հիմնահարցը դարձնել ՆԱՏՕ-ի օրակարգային խնդիր, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարն ընդհատել է ադրբեջանցի պատվիրակի ելույթը՝ հասկացնելով, որ օրակարգից դուրս հարցերը չեն քննարկվելու: Մեր թշնամիները սա արել են ռուսուկրաինական հակամարտության քննարկման համապատկերին, ինչը ձախողվել է սակայն:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ականները Հայաստանին հասկացրել են, որ ռուսաստանյան կողմի հետ պիտի զգույշ լինել, որ կան հարցեր, որոնց Երեւանը պիտի չխառնվի՝ ակամա հայտնվելով ռուսական կողմում: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասել է, որ ԼՂ-ի հարցերում կային վիճարկային ձեւակերպումներ, ինչի մասին Հայաստանի ներկայացուցիչները խոսել են եւ առաջարկել նույն համապատկերում չդիտարկել բոլոր հակամարտությունները: Մեր պատվիրակության մեկ այլ անդամ, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը զեկույցի հեղինակ Օյարս Կալնինշին է ներկայացրել փաստաթղթում առկա սխալները, ով ընդունել է դրանք եւ համաձեյնելլ հայկական տեսակետների հետ… Հայ պատգամավորը միջանցքում կարողացել է զրույցի բռնվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ներկայացրել է թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ պետական սահմանի խախտումը, ով նախ զարմացել է, ապա խոստացել հարցը ուսումնասիրել անպայման:

Այսպես՝ ՀԱՊԿ չեզեքության համապատկերին, ինչը շարունակում է տարակուսանք հարուցել հայերիս մոտ, երբ ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմաններին անհանգիստ է, իսկ ՀԱՊԿ-ն անգամ հայտարարություն չի անում, ՆԱՏՕ-ն եւս անցել է չեզոք պահվածքի, ինչն այս դեպքում ողջունելի է: Հենց սա էլ մեր արտաքին քաղաքականության ճիշտ համադրությունների արդյունք է:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։