Հայտարարություն նախագահական ընտրությունների մասին

ՀԱՄ


Ընթացքի մեջ է ՀՀ նախագահի ընտրության նախընտրական արշավը: ՀՀ նախագահ ընտրվելու համար առաջադրված 9 թեկնածուներն էլ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նպատակները:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը ՀԱՄ Երեւանի քաղաքային ու մարզային խորհուրդների հետ քննարկել է բոլոր թեկնածուների առաջադրման նպատակներն ու ծրագրային դրույթները, նման քննարկումներ արել են նաեւ «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունները: Սույն հայտարարության համար հաշվի են առնվել նաեւ ՀՀ նախագահի 9 թեկնածուների անցյալն ու ներկա գործունեությունը:

Վերոնշյալ կազմակերպությունների ղեկավար խորհուրդները հայտնում են, որ բոլոր թեկնածուներն էլ իրապես ունեն լավ ու վատ կողմեր, կատարած գործեր ու սխալներ, սակայն բոլորն էլ հեռու են ինչպես հայ-արիների դավանած, այնպես էլ ճշմարիտ ազգայնական գաղափարախոսությունից, ինչն էլ նախ եւ առաջ պատճառ է հանդիսացել երկար ժամանակ ուսումնասիրելու առաջադրված թեկնածուների նախընտրական ծրագրերն ու ասելիքը, որն ամփոփվել է հունվարի 30-ի ՀԱՄ ԳԽ ընդլայնված նիստում, որին մասնակցել են «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչները: Եվ ըստ այդմ՝

Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները որոշել են.

1. Չսատարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված 9 թեկնածուներից ոչ մեկին:

2. Չսատարելու պարզաբանումը ներկայացնել հանրությանը ԶԼՄ-ների միջոցով՝ հայտարարությամբ:

3. Հանձնարարել՝ Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների անդամներին եւ համակիրներին, մասնակցել փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությանը, տեր լինելով սեփական ձայնին, դեմ քվեարկելով բոլոր թեկնածուներին:

Հայ Արիական Միաբանության, «Ուխտ Արարատի» եւ «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունների ղեկավար խորհուրդները պարզաբանում են, որ չեն սատարում՝ …

1. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հաշվի առնելով անցյալում նրա թույլ տված կործանարար սխալները, ինչի հետեւանքով կազմալուծվել եւ թալանվել է ՀՀ տնտեսական համակարգը, մասնավորեցման անվան տակ մեջ-մեջ է արվել ազգի սեփականությունը, ապազգայնացվել են հատկապես գաղափարական, քաղաքական, իրավական համակարգերը, օրենքները: ՀՀՇ-ական իշխանության ժամանակներում սկիզբ դրվեց արտագաղթի մղող, հայահալած եւ օտարասիրական, նաեւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցում զիջողականության տանող ներքին ու արտաքին քաղաքականությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներողությունը բավարար պայման չէ հայ-արիների համար՝ նրան հավատալու ու սատարելու, մանավանդ, որ առաջին նախագահի քաղաքական հենարանը գրեթե նույնն է կամ լրացված է հիմնականում իրենց քաղաքականապես սպառած ՀՀՇ-ական ու ընդդիմադիր համարվող այլ գործիչներով: Սակայն, սույն հայտարարությունն ստորագրած կազմակերպությունները ողջունում են ՀՀ քաղաքական դաշտում այս նոր ընդդիմության հայտնվելու փաստը, ինչն իրապես կարող է ներքին ճնշիչ լծակ դառնալ ապագա իշխանությունների համար կամ՝ կազմելով իշխանություն, կարող է համարժեքորեն դիմակայել ապագա ընդդիմադիրների մեծ բանակին:

2. ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի ոչ ազգանպաստ ներքին քաղաքականությունը: Առավել վտանգավոր ենք համարում, երբ ազգայինից ու ազգայնականությունից խոսող քաղաքական այս ուժը նկատելի վարկաբեկման է տարել հենց նույն ազգայինն ու ազգայնականը: Մեկ բան է ցեղակրոնությունից ու ազգային նվիրյալ Նժդեհից խոսելը, լրիվ այլ բան՝ ազգային տնտեսությունը փոշիացնելը, կուսակցության ու նրան կից վերնախավի շահերին հարմարեցնելը, այն քաղաքական նպատակներով օտարին նվիրաբերելը, նաեւ կրթական, լեզվաքաղաքական ու սոցիալական ոլորտներն ապազգայնացնելը, կաշառակերությանը նպաստելը եւ հովանավորելը, սոցիալական եւ իրավական անարդարությունը խթանելը, ծայրահեղ աղքատության համապատկերին մի քանի մեծահարուստների համար պետություն կառուցելը: Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական հենարանը որեւէ հույս չի ներշնչում, թե վերոթվարկյալ արատները կվերանան նրա՝ ՀՀ նախագահ ընտրվելու դեպքում, ինչքան էլ այս թեկնածուի ծրագրերն իրատեսական թվան:

3. ՀՅԴ առաջադրած Վահան Հովհաննիսյանին՝ հաշվի առնելով վերջին տարիներին ՀՅԴ կառույցի իշխանության մաս կազմելու եւ ՀՀԿ-ի հետ առկա իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը բաժնեկցելու հանգամանքը: ՀՅԴ-ն հատկապես վարկաբեկվեց սոցիալական ու կրթական համակարգերն ավերելու եւ օտարահպատակ դարձնելու, դրանցում եւ առողջապահության համակարգում կաշառակերությանը կամա թե ակամա նպաստելու, ազգին սոցքարտերի անվան տակ համարակալելու գործունեությամբ, ՀՀ ԱԺ-ում ՀՅԴ խմբակցությամբ հակասոցիալիստական ու հակազգային բազմաթիվ որոշումների կողմ քվեարկելու քաղաքականությամբ: Այս դեպքում նույնպես մեծ հարված է հասցվել հայկական ազգային-ազգայնական գաղափարախոսությանը՝ ի դեմս ՀՅԴ-ի խեղված ներքին քաղաքականության:

4. ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ հաշվի առնելով ՀՀՇ-ական իշխանության օրոք նրա վարչապետությամբ նախաձեռնված եւ մասնավորեցման անվան տակ իրականացված թալանը, այս մասին նրա տված ոչ ճշմարիտ ու ամբողջական պարզաբանումը եւ հետագայում ընդդիմության համախմբման նպատակով պարբերաբար կատարվող քայլերի անտեսումը, անձնական նկրտումներին տուրք տալու հանգամանքը:

5. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ հաշվի առնելով ինչպես ՕԵԿ-ի, այնպես էլ նրա ղեկավարի նախկինում ՀՀՇ-ական իշխանությանը երկրպագելու, այնուհետեւ ներկայիս իշխանությունների հետ «փայատիրական» սկզբունքով աշխատելու, բայց պատասխանատվությունից խուսափելու նպատակով այսօր ընդդիմություն խաղալու հանգամանքը: Լինելով ՀՀ ԱԺ նախագահ՝ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների հետ դեռ պատասխան ունի տալու ազգին՝ ապազգային օրենքների ընդունման ու դրանք մեր կյանքում՝ հաճախ օտարների պատվերով կիրառելու համար, հատկապես՝ եռաիշխանական համակարգով ՀՀ սահմանադրական փոփոխությունները եվրապարտադրմամբ անցկացման համար:

6. ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին՝ հաշվի առնելով նրա տեսակետների ու նպատակների անհամատեղելիությունը հայ-արիական, դասական ազգայնական, ազգային-ազատագրական գաղափարախոսությունների հետ, ինչպես նաեւ Տիգրան Կարապետյանի կերպարի անհամապատասխանությունը մեր պատկերացրած ՀՀ նախագահի կերպարին:

7. ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանին՝ հաշվի առնելով նրա կերպարը, վերամբարձ ու անձնակենտրոն վտանգավոր ինքնությունը եւ մշտապես սին ընդդիմադիր լինելու ու ըստ նպատակահարմարության իշխանություններին օժանդակելու փաստը:

8. ԱՀԿ նախագահ Արամ Հարությունյանին՝ հաշվի առնելով նրա քաղաքական դաշտում ընտրությունից ընտրություն երեւալու անհեռանկար քաղաքականությունը եւ, ըստ այդմ, անհիմն առաջադրումը:

9. Անկուսակցական Արման Մելիքյանին՝ հաշվի առնելով այս թեկնածուի որեւէ կերպ չփաստարկված առաջադրումը եւ իր այս քայլով, հավանաբար, զուտ անձնական ճանաչողության նկրտումներ հետապնդելը:

Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ նախընտրական ու ընտրական կեղծիքներից, ընտրակաշառքներից եւ այլ անօրեն գործողություններից, ինչպես նաեւ՝ հետընտրական «գունավոր» շահարկումներից:

Հայ Արիական Միաբանություն,
«Ուխտ Արարատի» (ASALA-ի նախկին քաղբանտարկյալներ եւ ազատամարտիկներ) միություն,
«Հանուն Հայրենիքի» կազմակերպություն
31.01.2008թ.-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։