Տեղը տեղին վթարայինից՝ տեղը տեղին վերանորոգված – Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է մեր երկրում գործող չափորոշիչներին… Սահմանափակ կարողություն ունեցողը չի անտեսվի…

Տեղը տեղին վթարայինից՝ տեղը տեղին վերանորոգված

«Լուսանցք»-ն անդրադարձել է վթարային շենքերում ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին: Հիմա պատկերացրեք, թե ինչ է նշանակում 4-րդ կարգի վթարայնության շենքի բնակարանից դուրս գալ եւ ապրել բոլորովին նոր՝ վերանորոգված բնակարանում:

Հոկտեմբերի 26-ին (ի լրումն մեր նախորդ հրապարակումներից մեկի) եւս 100 ընտանիք ապահովվեց նոր բնակարանով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա էր Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 եւ Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող 100 ընտանիք դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր:

Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները՝ քաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում առկա տասնամյակների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը:

– Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է մեր երկրի նախագահի, նաեւ քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, եւ մենք, կառավարության հետ համատեղ, հատկապես վերջին տարիներին այս խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր նախաձեռնեցինք,- ասաց Տարոն Մարգարյանը:  Տեղեկացնենք, որ այդ քայլերի արդյունքում դեռ 2013թ. լուծվել է առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքների նոր բնակարաններով ապահովելու խնդիրը:

Նախորդ տարի սկսվել է եւս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի շենքում բոլորովին վերջերս շուրջ 100 բնակարաններ հանձնվեցին բնակիչներին: Գումարած այս ամենին՝ հոկտեմբերի 26-ի եւս 100 բնակարանը:

Ինչեւէ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտավ բնակարաններ, բնակիչների հետ միասին գնահատեց արված գործը:

12 հարկանի այս շենքն ունի երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում՝ երկուական վերելակ։ Երեւանի քաղաքապետարանի պատվերով շենքում կառուցվել են թվով 120 մեկ եւ երկու սենյականոց բնակարաններ։ Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչներին:

Ի դեպ, շենքն ունի նաեւ հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներ:

– Նոր կառուցված շենքերի բոլոր բնակարանները բնակիչներին հանձնում ենք նորոգված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում: Մինչեւ տարեվերջ եւս երկու շենք կհանձնենք շահագործման ու այդպիսով, ինչպես եւ խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կլուծենք 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը,- հայտնեց քաղաքապետը:

Արդեն հարազատ-բարեկաների հետ նորամուտի պատրաստվող բնակիչները, որ տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ էին ապրել՝ չհաշված վախը, պատմում էին, որ բնակարաններն իրենց ամենսպասված նվերն են:

Որ ապահովություն ու ջերմություն են տալու՝ բառիս եւ՛ զգացական եւ՛ առարկայական իմաստով: Բանն այն է, որ բնակարաններն անհատական ջեռուցման համակարգով են ու բնակիչներին են հանձնվում էկոնոմ դասի նորոգված ու պատրաստ վիճակում։

Շատերի համար սա էլ էր անսպասելի, քանզի վթարայինից հետո անգամ սովետական պետական վիճակով բնակարանն էր երազանք՝ կապույտ կամ կանաչ ներկոտած պատերով եւ չփակվող պատուհաններով…

Իսկ հիմա՝ էկոնոմ դաս:

Բարո՛վ վայելեն՝ երկրում մնալու հաստատակամությամբ:

Անի Մարության

Սահմանափակ կարողություն ունեցողը չի անտեսվի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի խուլերի միավորում, մասնակցել Խուլերի առցանց աջակցման կենտրոնի բացման արարողությանը:

Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված կենտրոնը մայրաքաղաքի շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա տեսահաղորդակցման հնարավորությամբ սարքավորումների միջոցով, շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, ժեստերի լեզվով հաղորդակցվել եւ ստանալ անհրաժեշտ օգնություն:

Քաղաքապետին ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ կենտրոնը կահավորվել է համապատասխան տեխնիկական ու կապի միջոցներով եւ ծառայությունը հասանելի է նաեւ համացանցին միացված սմարթֆոններից ու համակարգիչներից:

Իր գոհունակությունը փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը նշել է, որ Երեւանում բնակվող շուրջ 650 խոսքի եւ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց նախկինում աջակցում էին կենտրոնի 5 թարգամանիչները, ովքեր ամենուր ուղեկցում էին նրանց:

Նա նկատել է, որ կենտրոնի գործարկումը մի քանի անգամ ընդլայնում եւ առավել արդյունավետ է դարձնում նման աջակցության հնարավորությունները:

Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար քաղաքն ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելուն ուղղված ծրագրերը եւ անելու է հնարավորը՝ նրանց հասարակության մեջ առավելագույն ինտեգրելու համար:

Այսուհետ կենտրոնում աշխատող 4 օպերատորները տեսահաղորդակցման միջոցով կկարողանան իրենց օգնությունն առաջարկել ավելի շատ թվով շահառուների, ինչը կօգնի սոցիալական խոցելի այս խմբին լինել հասարակության մեջ առավել ինտեգրված եւ զգալիորեն կթեթեւացնի նրանց առօրյա շփման հետ կապված հոգսերը:

Կենտրոնի ծառայությունից օգտվելու համար առաջնահերթ կարիքներ ունեցող շահառուներին Երեւանի քաղաքապետարանը նվիրել է պլանշետներ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։