Շաբաթական պատգամավորական անկեղծություն… Թուրքավարի դաշնակցություն… Չի կարող պատահել… Չե՛ն ու՛ – զու՛մ… «Սնիքերս»-ի գլխին քար կգցի… Բռնադատվածներին կօգնե՞ն… Տուգանքները կնվազեցնե՞ն… Այնուհանդերձ՝ մեր ապահով երկիրը…

Շաբաթական անկեղծություն

Ուրեմն՝ վատ նորությունը: Մենք բոլորս՝ պատգամավորներով, իշխանություններով, ընդդիմությունով, պահպանողականներով, ազատականներով, թայֆայականներով, ինստիտուցիոնալներով, շատ ելույթ ունեցողներով կամ միայն կնոպկա սեղմողներով, այսինքն՝ բոլորով միասին մեր ժողովրդին հետաքրքիր չենք: Ընդհանրապես հետաքրքիր չենք: Անշուշտ սա շատ դրական երեւույթ կլիներ, եթե Հայաստանը լիներ բարեկեցիկ արեւմտյան երկրներից մեկը. այնտեղ նման երեւույթներն ավելի քան բնական են: Իսկ մեզ մո՞տ… իսկ մեզ մնում է ձեւ անել, իբր քաղաքական գործիչների ու ուժերի հետեւում սատարող հոծ ժողովուրդ կա եւ ինչքան հնարավոր է բարձր խոսել ժողովրդի անունից, ժողովրդի համար (ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանի հայտարարությունը – 27.10.2015):

Թուրքավարի դաշնակցություն

«1915-ին տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութիւնը եւ այդ իրողութեան վերաբերեալ վէճ չկայ»,- ըսած է համաշխարհային հռչակ վայելող դերասան Ճորճ Քլունին՝ Հարաւային Քալիֆորնիոյ հանրային ձայնասփիւռի կայանի «Ֆրէյմ» յայտագիրէն սփռուած իր հարցազրոյցին ընթացքին:

«Հիմա պատմութիւնը փոխուած է, եւ թուրքերը չեն ուզեր խօսիլ անոր մասին: Իսկ քանի որ մենք Թուրքիոյ մէջ ռազմական խարիսխներ ունինք, յանկարծ այն նոյն քաղաքական գործիչները, որոնք մինչ այդ կ՛ըսէին՝ «Այո՛, Ցեղասպանութիւն տեղի ունեցած է», այսօր չեն կրնար խօսիլ անոր մասին»,- յայտնած է Քլունի:

Դերասանը նաեւ աւելցուցած է, որ ինք շարք մը քոնկրեսականներու հարցուցած է, թէ անոնք կրնա՞ն այսօր խօսիլ Հայոց Ցեղասպանութեան մասին, իսկ օրէնսդիրները պատասխանած են. «Բոլորովին չենք կրնար, որովհետեւ Թուրքիա ահաբեկչութեան դէմ պայքարին մէջ մեր դաշնակիցն է»:

Քլունի ընդգծած է, որ դերասանը չի կրնար քաղաքականութեամբ զբաղիլ, բայց կրնայ բարձրացնել հարցեր, որոնք իրեն համար կարեւոր նշանակութիւն ունին (http://asbarez.com):

Չի կարող պատահել

… Պատճառաբանությունն այն է, որ մենաշնորհ զբաղեցնող ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերությունը չի կարողանում բավարարել հատկապես մեծ ընկերությունների ներքին սպառման պահանջարկը: Պատասխանատուները փորձում են խնդիրը լուծել «Գազպրոմի» կշիռը մեծացնելով: Մինչդեռ «Սոկար» ընկերությունը հայտարարել է, որ կարող է բավարարել ամբողջ պահանջարկը: Վրացի փորձագետները, ոլորտի մասնագետները հայտարարում են, որ չեն կիսում ադրբեջանական ընկերության տեսակետը եւ իրենք այն կարծիքն են, որ անհրաժեշտ է զրկել ադրբեջանական ընկերությանը մենաշնորհային դիրքից… Արդեն Վրաստանում բարձրաստիճան մակարդակով խոսում են իրանական գազի, երկաթուղու մասին: Պատրաստակամության կա իրանական կողմից: Այդ դեպքում Հայաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել՝ լինելով տարանցիկ երկիր… Վերջին տարիներին, ընդհանրապես, փոխվել է Վրաստանի իշխանության վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: Նախկին նախագահ Սաակաշվիլին մշտապես մեղադրում է Վրաստանի գործող իշխանություններին հակաադրբեջանական, հակաթուրքական քաղաքականություն վարելու մեջ… Վրաստանի ներկայիս իշխանություններն իրականացնում են հարեւանների հետ հավասարակշռման քաղաքականություն, փոխվել են նաեւ հայ-վրացական հարաբերությունները. ի տարբերություն նախկին իշխանության ժամանակաշրջանի, ներկայիս ղեկավարությունը մեր պետության ղեկավարության հետ ավելի սերտ համագործակցության է ծավալում (վրացագետ Ալիկ Էրոյանցի ասուլիսից – 28.10.2015):

Չե՛ն ու՛ – զու՛մ

Lenta.ru-ն փոխանցում է, որ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Վրաստանից ողջ կենդանիներ ներկրել Ռուսաստան։ Այս մասին ասված է գերատեսչության՝ Ռյազանի եւ Տամբովի մարզերի հարցերով վարչության կայքում։

Արգելքը վերաբերում է նաեւ Վրաստանի ձեռնարկություններում մշակված արտադրանքին, բացառությամբ ձկնեղենի, ծովամթերքի եւ ձկան ալյուրի:

«Սնիքերս»-ի գլխին քար կգցի

«Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության մեջ նկատվել են գների բարձրացում եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր: Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը՝ Հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, իրենց հանձնաժողովը մրցակցային կանոնների խախտումներ է հայտնաբերել նաեւ սննդամթերքի ձեռքբերման գնումների ոլորտում: Ըստ Շաբոյանի, ՏՄՊՊՀ-ն բացահայտել է, որ կան տնտեսվարողներ, որոնք հակամրցակցային համաձայնության են գալիս ու շուկան բաժանում իրար մեջ: ՏՄՊՊՀ նախագահը նշել է նաեւ, որ կան նաեւ ընկերություններ, որոնք չպատճառաբանված գների իջեցում են անում՝ գայթակղելու համար գնորդին:

Ի դեպ, վերջերս 50 դրամով էժանացել են «Սնիքերս»-ը, «Բաունտի»-ն եւ «Մարս»-ը:

Բռնադատվածներին կօգնե՞ն

Խորհրդային տարիների՝ Հայաստանի քաղաքացի քաղբանտարկյալների բնակարանային հարցը հնարավորության սահմաններում լուծված է: Այս մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին, որը կապված էր այդ օրը նշվող Քաղաքական բռնաճնշումների զոհերի օրվա հետ:

Նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ բնակարանային բարդ պայմաններում գտնվող մի քանի հարյուր բռնաճնշված արտոնյալ՝ 1% տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ է ստացել բնակարան գնելու համար: Հետագայում գումարի վերադարձման խնդիր է ծագել, եւ ծրագրի արդյունավետությունը հարցականի տակ է դրվել: Վարկի կուտակված տոկոսները ներվել են, վարկի պայմանները՝ բարելավվել: Նոր ծրագիր չի քննարկվել, բայց եթե առաջարկ ներկայացվի, կքննարկեն:

Ժամանակին բռնադատվածների հարցը մշտապես ուշադրության ներքո էր պահում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով այդ հարցով բաց խորհրդակցություններ էր հրավիրում՝ թույլ տալով արտահայտվել շահագրգիռ բոլոր կողմերին:

Տուգանքները կնվազեցնե՞ն

ՀՀ կառավարությունը ցանկանում է կտրուկ իջեցնել մի շարք տարածված, բայց ոչ վտանգավոր խախտումների համար նախատեսված ճանապարհային տուգանքները։

Այս մասին հոկտեմբերի 28-ին խորհրդարանում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նա բառացի ասել է, թե մի շարք խախտումների տուգանքները պետք է փոխարինել նախազգուշացումներով, իսկ մի շարք խախտումների վրա գուցե ընդհանրապես աչք փակեն։ «Մենք համատեղ քննարկումներ կանցկացնենք, որպեսզի հասկանանք, թե որ տուգանքներն է ավելի նպատակահարմար իջեցնել, իսկ որոնք՝ առհասարակ չեղարկել։ Հրավիրում ենք Ձեզ եւ այլ շահագրգիռ անձանց եւ կառույցներին համագործակցելու»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին։

Ժամանակին, երբ նոր-նոր էին արագաչափերը տեղադրվում, ոլորտի անմիջական մասնակից-տուժողները, հիմնականում՝ վարորդները հուշում էին այս մասին: Ըստ երեւույթին, պետական ու մասնավոր գրպան լցնելու խնդիր կար: Հիմա էլ, իհարկե, կա, բայց… Բայց այդպես էլ հասկանալի չէ, թե ինչու են ասում, թե որտեղ են տեղադրվում նկարահանող սարքերը: Թեեւ սա արդեն այլ թեմա է…

Այնուհանդերձ՝ մեր ապահով երկիրը

Gallup կազմակերպության «Համաշխարհային իրավունք եւ կարգ- 2015» զեկույցը (Law and Order Index) ներկայացնում է այն երկրները, որտեղ մարդիկ իրենց առավել ապահով են զգում գիշերը միայնակ քայլելիս: Այս մասին գրում է The Independent-ը։ Ցանկում ներառված է նաեւ Հայաստանը։

Ինդեքսը չափում է մարդկանց անձնական անվտանգության զգացողությունը ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ նրանց սեփական փորձառություններն իրավապահ մարմինների հետ։

Զեկույցը 2014թ. 141 երկրներում անցկացված ավելի քան 142 հազար հարցազրույցների հիմամբ է պատրաստվել:

Հարցման մասնակիցներից, ի թիվս այլ հարցերի, ճշտել են. «Դուք Ձեզ ապահո՞վ եք զգում քաղաքում կամ որտեղ ապրում եք գիշերը քայլելիս»:

Կայքը ներկայացնում է զեկույցում ընդգրկված «ամենաապահով» եւ «ամենաանապահով» 10 երկրները:

Ապահով երկրների 10-նյակն է. Սինգապուր՝ 91%, Հոնկոնգ՝ 91%, Նորվեգիա՝ 86%, Իսպանիա՝ 85%, Ռուանդա՝ 85%, Ինդոնեզիա՝ 85%, Սլովենիա՝ 84%, Տաջիկստան՝ 83%, Հայաստան՝ 82%, Ավստրիա՝ 81%։

Անապահով երկրների 10-նյակն էլ սա է. Վենեսուելա՝ 22%, Գաբոն՝ 29%, Կոնգո՝ 30%, ՀԱՀ՝ 31%, Պարագվայ՝ 32%, Աֆղանստան՝ 34%, Բոթսվանա՝ 35%, Լիբերիա՝ 35%, Բրազիլիա՝ 36%, Զամբիա՝ 36%։

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։