Հայաստանը պե՛տք է ունենա ատոմակայան – Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ… Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել… Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը…

Հայաստանը կունենա ատոմային էներգետիկա եւ անպայման էլ ավելի կզարգացնի այն: Այս մասին խոսվել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում: Դրանից հետո տեղի ունեցած ասուլիսում էլ նույնն է հայտարարվել: Ասուլիսին մասնակցել է նաեւ խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը (Գերմանիայից)՝ անդրադառնալով ՀԱԷԿ-ի շուրջ թուրքական կողմի շահարկումներին եւ պնդելով, թե ՀՀ-ն պետք է ունենա ատոմակայան:

Ի դեպ, նկատեմ, որ Ադոլֆ Բիրկհոֆերը տարիներ շարունակ նույն տեսակետին է եղել (անձամբ եմ համոզվել, երբ տարին մեկ անգամ հարցրել եմ նրան այդ մասին), եւ ի պատիվ իրեն, տարիներ շարունակ չի փոխել իր համոզմունքը՝ ապացուցելով, որ իրական տնտեսական անվտանգ քաղաքականության համար անհրաժեշտ է ատոմակայան ունենալը մեր պես երկրների համար: Ու քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համապատկերում չենք կարող անտեսել միջուկային էներգետիկայի զարգացումների անհրաժեշտությունը, մի բան հաստատ է «Հայաստանի նման երկիրը, որը չունի նավթ, գազ, պետք է ունենա ատոմային էներգետիկա» (Բիրկհոֆերի խոսքերով):  Մանավանդ՝ որ դա պետք է մեր երկրին, կրկնում ենք, անվտանգ ու ապահով տնտեսություն ունենալու համար:

Ամբողջացնեմ Ադոլֆ Բիրկհոֆերի խոսքերը. «Հայկական ատոմակայանն ունի անվտանգության բացարձակ մակարդակ, ինչպիսին ունեն նման տեսակի բոլոր ատոմակայանները։ Դրան Հայկական ատոմակայանը հասել է երկար տարիների ընթացքում։ Վերջին տարիներին ներդրվել է ռեակտորի վթարային պաշտպանության նոր համակարգ։ Եթե առաջ այն աշխատում էր մեկ ուղեգծով, ապա ներկայումս վթարային ռեժիմների համար կրկնակի պաշտպանություն է գործում, ինչը շատ լուրջ միջոցառում էր։ Նախորդ տարի վերանորոգվել են ու թարմացվել շոգեգեներատորները, դրանք մինչ այդ մոտ 30 տարի աշխատում էին։ Աշխատանքներին ներգրավված էին մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Չեխիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից… Առանձնացնեմ վթարային ռեժիմների ժամանակ ուղեցույցների մշակումը, երբ կատարվում են ծանր վթարների հաշվարկներ ու ուղեցույց է մշակվում ԱԷԿ-ի օպերատորների համար։ Ատոմակայան Հայաստանում կա եւ լինելու է, քանի որ Հայաստանը նախ եւ առաջ համաշխարհային հանրության, ՄԱԳԱՏԷ-ի կողմից հաստատված է որպես միջուկային տեխնոլոգիա ունեցող երկիր, ինչը չպետք է ձեռքից բաց թողնել: Բացի այդ, Հայաստանն ունի նոր, բարձրորակ կադրեր։ Սերնդափոխություն է տեղի ունենում, ու պետք է դա պահպանել։ Հայաստանի նման երկիրը, որը չունի նավթ, գազ, պետք է ունենա ատոմային էներգետիկա»։

Ի դեպ, Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը նկատել է, որ հայկական ԱԷԿ-ը հատուկ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությանը էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման եւ հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Նոյեմբերի 5-ին կլրանա Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման 20 տարին՝ գործունեության ժամանակավոր դադարեցումից վեց տարի անց: Այն շատ տեսանկյուններից յուրահատուկ նախագիծ է: Կատարվել է աննախադեպ ծավալի վերականգնողական աշխատանք՝ բազմաթիվ ինժեներական յուրահատուկ լուծումներով: Երկրորդ էներգաբլոկի վերագործարկման պահից իրականացվել են անվտանգության մակարդակի բարձրացման ավելի քան 1400 միջոցառումներ:

Երկրի ղկավարը շեշտել է, որ «ՀՀ-ն հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, եւ այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում»:

Նախագահը բաց տեքստով խոսել է կայանի կադրային իրավիճակի մասին՝ առաջնային համնարելով այդ հարցը Հայաստանի ատոմային էներգետիկայի բոլոր ճյուղերում. «Հարկավոր է ամրապնդել եւ պահել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես կայանում, այնպես էլ բոլոր մասնագիտացված կազմակերպություններում»:

Վերջում փակագծերում կրկին գամ «Լուսանցք»-ի նախորդ հրապարակումներին. այն, որ էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նոր ԱԷԿ ունենալու հարցում չշտապելու մասով ինչ-ինչ բառեր էր ասել, հիմա վստահաբար եմ վերագրում նրա տարիքային հոգնածությանը: Քանզի այս օրերին համոզվեցի, որ նոր միջուկային էներգաբլոկ ունենալու մասով պետական քաղաքականությունը չի փոխվել: Հստակորե՛ն չի փոխվել:

Աստղինե Քարամյան

Լրացուցիչ տեղեկություն

ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է 1996թ., ՀՀ նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:

Խորհուրդը ձեւավորվում է միջազգային ճանաչում եւ հեղինակություն ունեցող գիտնականներից եւ ոլորտի մաuնագետներից:

Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ:

Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են՝‘

– ատոմային էներգետիկայի անվտանգության եւ դրա զարգացման առաջնային ուղղությունների ձեւավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը եւ առաջարկությունների նախապատրաuտումը.

– ատոմային էներգիայի խաղաղ եւ անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը եւ փորձաքննությունը:

Խորհրդի անդամներն են՝

– Ադոլֆ Բիրկհոֆեր՝ Խորհրդի նախագահ (Գերմանիա)

– Վահրամ Պետրոսյան՝ Խորհրդի գործադիր քարտուղար (Հայաստան)

– Ռոբերտ Ավագյան (Հայաստան)

– Ալեքսանդր Լոկշին (ՌԴ)

– Վլադիմիր Ասմոլով (ՌԴ)

– Ալեքսեյ Ֆերապոնտով (ՌԴ)

– Ռոբերտ Բադնից (ԱՄՆ)

– Բերնարդ Գեսդոն (Ֆրանսիա)

– Ջերալդ Օուզունյան (Ֆրանսիա)

– Քրիստոֆեր Վաթսոն (Մեծ Բրիտանիա)

– Միրոսլավ Լիպար (ԱԷՄԳ, Ավստրիա)

– Ժոզեֆ Միշակ (Չեխիա)

Ի դեպ

Թուրքիան նախատեսում է իր տարածքում 3-րդ ատոմակայան կառուցել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Նա նշել է, թե 3-րդ ԱԷԿ-ի կառուցման վայր է նախատեսվում եվրոպական հատվածում գտնվող Քըրքլարելի նահանգի Իղնեադայի շրջանը։ Այս պահին կայանի կառուցման հարցով բանակցություններ են ընթանում չինական եւ ամերիկյան ընկերությունների հետ, սակայն ճապոնացիներն էլ են հետաքրքրություն ցուցաբերել։

Բաքուն էլ մտադրություն ունի կառուցելու Ադրբեջանում 1-ին ԱԷԿ-ը: Ադրբեջանական «Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի» նախագահ Ադիլ Գարիբովի հայտարարությամբ՝ առաջին միջուկային ռեակտորի կառուցումը կավարտվի 2020թ.: Շինարարության համար նախատեսված 15 հա հողատարածքն ընտրված է: Ռեակտորից բացի, այնտեղ կառուցվելու է վարչական շինություն, տվյալների մշակման կենտրոն եւ գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ ենթակառույցներ:

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։