Երբ դիմացինն անմիտ է ու անզոր – Բաքուն թքած ունի իր կորուստների վրա… Ինչո՞ւ է թեժացվում վիճակը սահմանին… Կրկին անիմաստ է, քանզի անպատիժ է – ԵԱՀԿ ՄԽ-ն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը միայն սեփական շահերին է ծառայեցնում…

Հայ-ադրբեջանական սահմաններին հարաբերական անդորրը երկար չի պահպանվում: Թեեւ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է վերականգնել բանակցային գործընթացը, բայց ադրբեջանական կողմը նորից բորբոքում է հակամարտությունը: Սա շարունակվում է անգամ ադրբեջանցիների առավել մեծ կորուստներ, քան՝ մենք, ունենալու դեպքում: Այն է՝ Իլհամ Ալիեւը սեփական զինվորներին զոհաբերելու գնով նույնիսկ փորձում է իր ներքաղաքական խնդիրները պատսպարել արհեստական արտաքին վտանգ ստեղծելով:

Բայց մեր զինուժը իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարում է հստակ եւ արժանապատիվ: Այս վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է հարյուրավոր անգամներ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ-անոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից գյուղում տուժել է 12 տուն: Վնասվել են տների տանիքներ, պատուհանների փեղկեր, ջարդվել լուսամուտների ապակիներ: Գնդակներից մեկը դիպել է գյուղապետարանի մուտքի դռանը, ապակին է ջարդվել եւ այլն: Գյուղապետարանը հաշվել է վնասները՝ ակնկալելով, որ գնդակոծության նախորդ դեպքերի նման, պետբյուջեից դրամական փոխհատուցում կտրվի: Սակայն այս ամենը կարծես չի հուզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ միայն հայտարարություններով են բավարարվում:

Մեր պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում ու վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ կարճ ժանանակ առաջ էլ ՊԲ հակաօդայինները առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա՝ Ադրբեջանի տարածքում, հավաստանշել էին հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքներ եւ վստահորեն հետեւել դրանց ուղերթին մինչեւ վայրէջք: Իսկ դիվերսիոն փորձը Թալիշի ուղղությամբ կասեցվել է, եւ հակառակորդը հետ է շպրտվել:

ՀՀ-ն կանխարգելիչ գործողություններով ցույց է տալիս միջնորդներին, որ Ադրբեջանն այլեւչի կարող խաղաղություն վաճառել, չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենալարված, ամենաբացասական փուլերից մեկն է ընթանում զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո: Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, հայկական կողմից հասցվող կանխարգելիչ հարվածներն արդյունավետ են. «Այս պահի դրությամբ Ադրբեջանի ակտիվությունը համեմատաբար կասեցված է մեկ ամիս առաջվա համեմատ: Պարզ է, որ Ադրբեջանն էլ ստիպված է լինելու ի վերջո հաշվի նստել տարածաշրջանային զարգացումների հետ, չի կարող իրեն դուրս համարել բոլոր այդ զարգացումներից եւ զբաղվել սեփական քաղաքական օրակարգը ձեւավորելով, այդ թվում եւ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության հաշվին քաղաքական օրակարգ ձեւավորելու իր քաղաքականությամբ»:

Ինչպես այս, այնպես էլ այլ քաղաքագետներ հակամարտ երկրների նախագահների հանդիպումը արդյունավետ չեն համարում այս պայմաններում: «Նյու Յորքում հանդիպեցին ԱԳ նախարարները, որն արդյունք չտվեց: Արդյունքը պետք է լիներ նախագահների նոր հանդիպման մասին հայտարարությունը: Եթե նախարարների մակարդակում այդ հարցը չի լուծվել, նշանակում է, որ խորհրդակցական մեծ աշխատանք դեռ պետք է կատարվի, առնվազն նախարարների մեկ հանդիպում պետք է կազմակերպվի մինչ նախագահների հանդիպումը»,- նշել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Երբ միջնորդները հավաստում են, թե փոխելու են բանակցային դիրքորոշումը, ապա դա նոր փոփոխության հեռանկար չի բացում: Փոխելը նշանակում է առհասարակ փոխել բանակցային տրամաբանությունը, իսկ թե ինչ են առաջարկելու համանախագահները, կերեւա առաջիկայում:

Ամեն դեպքում, երբ բոլորի համար պարզ լինի, որ Ադրբեջանը այլեւս լուրջ սպառնալիք չէ, որ այդ երկիրը չի կարող իր ռազմուժով լուծել Արցախը գրավելու խնդիրը, հայկական կողմի դիրքերը Արցախի ճանաչման կամ Արցախին միջազգային կարգավիճակ տալու տեսակետից, ավելի կուժեղանան:

Կարեն Բալյան

Ինչո՞ւ է թեժացվում վիճակը սահմանին

«Միջազգային քաղաքականության ու հարաբերությունների շատ գործոններ կան, որոնք չնայած ուղղակիորեն կապված չեն Հայաստանի ու Արցախի հետ, սակայն անմիջականորեն ազդեցություն են ունենում մեզ վրա: Մենք այդ ազդեցությունը զգում ենք՝ հատկապես ԼՂ-ի հակամարտության մասով»,- նշում է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ կարեւոր է հատկապես, թե Մինսկի խմբի համանախագահ երկրներն ինչքանով են ներգրավված միջազգային հակամարտություններում: Հայտնի է, որ լարված են Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները: Նրանք միջազգային ճակատում պայքարը տանելու են նաեւ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում: Մեզ վրա կարող է ազդել նաեւ այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում: Չնայած այդ երկիրը Մինսկի խմբի համանախագահող երկիր չէ, այնուամենայնիվ, շահագրգիռ կողմ է եւ շահեր ունեցող պետություն է:

Սահմանին լարվածությունը պահելով՝ Իլհամ Ալիեւն ուզում է միջազգային «խաղացողներին» հիշեցնել, որ նրանք անտեսում են ԼՂ-ի խնդիրը, փոխարենն ակտիվ են, օրինակ, Մերձավոր Արեւելքում: Բաքուն ԼՂ-ի խնդիրը «չմոռացնելու» խնդիր է լուծում»:

Կրկին անիմաստ է, քանզի անպատիժ է

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցությունների նոր փուլի են ձեռնամուխ եղել: Սակայն նրանց այցը տարածաշրջան նոր բան չի հաղորդել: Միջազգային դիվանագիտությունը չի կարողանում (վստահ ենք՝ պարզապես չի ցանկանում) թացն ու չորը զատել միմյանցից եւ պատիժ կիրառել այն կողմի նկատմամբ, որը մեղավոր է զինադադարի պարբերաբար խախտումների եւ նոր զոհերի համար:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր աչքերով է տեսել այն արկի պայթած բեկորները, որից նաեւ բնակիչներ են զոհվել ու տներ են վնասվել: Նա այդ բեկորների նկարները ցուցադրել է համացանցում եւ իր զարմանքն ու տարակուսանքը հայտնել:

Բայց՝ ընդամենն այդքանը: Նորից դիմում են երկու կողմերին հավասարապես՝ դադարեցնել սադրանքները եւ պահպանել հրադադարը:

Նշանակում է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները շարունակելու են ժամավաճառությամբ զբաղվել եւ յուրաքանչյուր կողմ ժամանակավոր դադարը փորձելու է իր նպատակներին ծառայեցնել: Դա արդեն արվեց Ռուսաստանի կողմից՝ Սիրիա օդուժ ուղարկելուց առաջ, սպասվում է, որ Արեւմուտքը եւս ինչ-որ բան կմոգոնի՝ գուցե էլի Սիրիայում կամ Թորքիայում ինչ-ինչ իրադարձություններ ծավալելուց առաջ… Արեւմուտքը լուրջ խնդիրներ ունի նաեւ Իրաքում:

Իսկ մինչ այդ համանախագահները քայլեր են ձեռնարկում, որպեսզի մինչեւ տարեվերջ կայանա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն ընդհատվել է Իլհամ Ալիեւի կողմից հրահրվող սահմանախախտումների ու սադրանքների պատճառով:

Սերժ Սարգսյանը հրաժարվեց նրա հետ հանդիպել, երբ հերթական սադրանքի զոհ դարձան նաեւ սահմանամերձ գյուղերի հայ բնակիչներ:

«Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա»,- Երեւանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանում, այնուհետեւ՝ Ադրբեջանում նախագահների հանդիպման ժամանակ կքննարկեն նաեւ հնարավոր հանդիպման մասին հարցը: Ամերիկացի դիվանագետը չի խոսել հանդիպման ժամկետների մասին, բայց նկատել է, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է ու մինչեւ տարեվերջ «փոքր պատուհան է մնալու» նախագահների հանդիպման կազմակերպման համար: «Հաշվի առնելով հարցերի լայն շրջանակը, անհրաժեշտ է, որ այդ հանդիպումը կայանա»,- նշել է ամերիկացի դիվանագետը:

Համանախագահները մտադիր են հատել շփման գիծը:

Վստահ ենք՝ ամեն ինչ անիմաստ է լինելու, քանզի սադրիչ Ադրբեջանն անպատիժ է ցայսօր: Համանախագահները, ի վերջո, նավթը պիտի տարբերեն մարդկային կյանքից:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։