Ադրբեջանի անվտանգության վտանգավորությունը՝ սեփակա՛ն երկրի նկատմամբ… Հայաստանի ազգային անվտանգությունը զարմացած է հակառակորդի անգրագիտությունից – Իսկ անգրագետ ադրբեջանցիների արկածները դեռ կշարունակվեն…

Վերջին շրջանում ՀՀ ԱԱ ծառայությանն անդրադառնալու պահեր շատ են լինում: Նաեւ ԱԱԾ ղեկավարի այս կամ այն ասելիքի հետ կապված: Իհարկե, սա այն ծառայությունն է, որին պետք է միշտ ուշադրություն դարձնել ու անդրադառնալ, սակայն, երբեմն անսպասելի հարցեր են առաջանում, որոնց անդրադառնալու համար նաեւ տարակուսում ես… հանուն երկրի անվտանգության:

Ինչեւէ: ԱԱԾ պաշտոնական կայքից վերջերս տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունը հնարավորություն չունի գտնել մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին, որպեսզի կասկածի տակ չառնվի իսկությունը, իբր, իրենց ձեռք գցած նամակի, որն իրենք վերագրում են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին: «Հոկտեմբերի 16-ին ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել՝ իբրեւ «հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին»:

Ըստ բացատրության՝ շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների տկարամտությունն ու անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձեւակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն): Հետո, բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով ու ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության եւ քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետեւանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրեւ «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել եւ խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել:  Մեզ համար էլ պարզ է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, հակառակը՝ հակառակորդի վերջին սադրիչ դրսեւորումներն ավելի են համախմբել մեր բնակչությանը, հատկապես սահմանամերձ շրջանների եւ հաստատակամ են դարձրել սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը: Հարյուրավոր ազատամարտիկներ են մեկնել սահմանային հատվածներ՝ լինելու երիտասարդ զինծառայողների կողքին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական գործողություններին մասնակցելու համար…

Նման նամակ հրապարակելով՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել եւ իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Միայն իր քաղաքացիներին, քանի որ միջազգային հանրությանը եւս հնարավոր չէ խաբել սին տեղեկատվությամբ: Այսպես փորձում են հպարտանալ, թե կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք բերել ու հրապարակել: Չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկությանը: Փաստորեն, Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնելու մեկին, ով գոնե լիարժեք կտիրապետի հայերեն լեզվին:

Այսպես են վարվում ադրբեջանական իշխանությունները նաեւ սահմանային միջադեպերի ժամանակ: Նրանք ստում են իրենց ժողովրդին, թե հայկական կողմին մեծ վնասներ են պատճառել, սակայն, իրականում այդ մեծ վնասները, զոհերն ու վիրավորները իրենց կողմից են լինում, եւ հետո՝ որպես ավտովթարի կամ զենքի հետ անզգույշ վարվողի անվան տակ սպանվածների՝ նրանց դիակները հանձնում են իրենց ծնողներին: Իհարկե, հիմա դժվարությամբ են դա անում, քանի որ հայկական կողմը սպանված ադրբեջանցի զինվորների անունները նաեւ հրապարակում է…

Մեզ մոտ նման գործելաոճ չի կիրառվում:

Բայց անախորժ դեպքերից խուսափելու համար ճիշտ է մեր պաշտպանության նախարարության նաեւ այն զգուշացումը, որ համացանցային հրապարակումներում պետք է հրաժարվել այն կարգի զրույցներից, որոնք առնչվում են այս կամ այն զինվորի գտնվելու վայրի հետ՝ ակամա մատնանշելով այս կամ այն զորամիավորման տեղն ու դերակատարումը…

Դառնալով վերոնշյալ խնդրին՝ նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ է տալիս ակնհայտ ստահոդ ու անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ է արվել զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ սադրանքների նկատմամբ:

Իսկ անգրագետ ադրբեջանցիների արկածները դեռ կշարունակվեն, քանի որ նախատեսում են «ազգային համացանցային որոնման համակարգ» ստեղծել: Առաջին անգամ այսպես կոչված Հարավային Կովկասում Ադրբեջանն աշխատում է սեփական համացանցային որոնման համակարգի ստեղծման ուղղությամբ։

«Խիստ վերահսկվող, էներգակիրներ արտահանող երկրի պաշտոնյաները հայտնել են, որ այդ գաղափարը բխում է եւ ազգային անվտանգության, եւ առեւտրային նկատառումներից»,- գրել է EurasiaNet-ը։ Կապի նախարարության վերահսկողության ներքո ադրբեջանական մասնագետներն արդեն մշակել են վեբ որոնիչներ ու աշխատում են ծրագրային ապահովման վրա։

Հղում անելով ադրբեջանական մամուլին՝ հիշյալ աղբյուրը նշում է, որ տեխնոլոգիական զարգացման պետական «Դիլմանկ» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ազգային որոնման համակարգի ստեղծմամբ Ադրբեջանում տեղեկատվական անվտանգությունն առավել կմեծանա։

Նախարարությունը դեռեւս չի մշակել, թե ինչն է ընկալվելու որպես սպառնալիք, սակայն որոշ իրավապաշտպան ակտիվիստներ ենթադրում են, որ «նախարարության հիմնական մտահոգությունը լինելու են կառավարության քննադատները»: Ըստ հրապարակման հեղինակի՝ ավանդական մամուլի՝ ամբողջությամբ կառավարության կողմից վերահսկվելու պարագայում համացանցը եւ, մասնավորապես, Facebook-ն Ադրբեջանում շարունակում են մնալ իշխանությունների դեմ քննադատության բարձրաձայնման միակ հարթակը, սակայն կառավարությունն արդեն իսկ ձեռք է բերել համացանցային հավատարմության ձգտման հեղինակություն։

«Freedom House»-ը հայտնում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում առավել մեծանում է առցանց ակտիվիստների ու բլոգերների նկատմամբ ճնշումը…

Այսպես՝ երկրի անվտանգության մասին խոսողները առավելապես իրենց անվտանգության եւ երկիրը ամբողջությամբ վերահսկելի դարձնելու մասին են մտածում:

Իսկ «հայկական գաղտնի փաստաթղթերի» հրապարակումները շուտով միայն ծիծաղ կառաջացնեն հենց Ադրբեջանում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։