Վաշինգտոնն ու Մոսկվան զիջու՞մ են Պեկինին – Կենտրոնական եւ Միջին Ասիան մրցակցության նոր թատերաբեմ… Չինաստանը Հայաստանին Եվրոպա-Ասիա առանցքի միջանցք եւ համաթուրանականության դեմ պարիսպ է դիտարկում…

Հայտնի է, որ համաթուրքական վտանգը հեռահար տարածվում է նաեւ Չինաստանի վրա: Իհարկե, Պեկինը վաղուց ունի տեղային թյուրքական խնդիր, որը ույղուրական վտանգի տեսքով է, սակայն չինացիներին հուզում է դրա համապարփակ վտանգը եւս:

Իզուր չէ, որ «Հին Մետաքսի ճանախարհ»-ն է նախընտրում Պեկինը՝ որպես «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի նախագիծ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսված չեն Չինաստանից Եվրոպա ավտոճանապարհը սպասարկելու համար: Միջին Ասիայի թյուրքական երկրների քաղաքներն էլ նպատակայնորեն են ընտրված: Մի խոսքով՝ Չինաստանը նախատեսել է «Մետաքսի ճանապարհ»-ի վերականգնման գործը հեռու պահել համաթուրքական զարգացումներից:

Այս իրողությունն է, որ անտեսելով թուրքական դերակատարումը, կարեւորել է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում: Եվ վերոնշյալ առաջարկվող «Մետաքսի ճանապարհ»-ը Չինաստանից հասնելով Հայաստան՝ իջնում է հարավ, Իրանի եւ արաբական երկրներ Սիրիայի ու Լիբանանի միջոցով հասնում է Միջերկրական ծով ու Եվրոպա… Կամ՝ Հայաստանով անցնում է Վրաստան, ապա՝ Սեւ ծովով հասնում Եվրոպա:

Համաթուրանականության ճանապարհը փակելու առումով Հայաստանը նաեւ լավագույն դաշնակիցն է Չինաստանի համար:

Թուրքերը Հայաստանին «անիծյալ սեպ» են համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, եւ սա հասկացել են նաեւ Պեկինում:

Պեկինում նաեւ հասկացել են, որ Ռուսաստանը միայն Արեւմուտքի հետ պայքարում է դիտարկում Չինաստանին որպես դաշնակից: Այլ հարցերում չինացիները եթե հակառակորդ չեն, ապա մրցակիցներ են: Իսկ համաթուրքական պոռթկումները հաճախ ռուս-թուրքական կապի միջոցով է լինում, ինչը աշխարհի 3-րդ բեւեռը կազմելու նպատակ ունեցող Չինաստանի համար միանշանակ է: Իսկ Մոսկվային Միջին Ասիայից կտրելով՝ Պեկինը միաժամանակ խոչընդոտում է նաեւ «1 ազգ՝ 6 պետություն» համաթուրքական ծրագրի ծավալմանը: Ղազախստանը, Ուզբեկստան, Ղրղզստանն ու Թուրքմենստանը չինական ներդրումներից չզրկվելու ու տարածաշրջանային ծրագրերից դուրս չմնալու համար կսառեցնեն իրենց կրքերը համաթուրանական եւ վելիկոռուսական նպատակներին սատարելու մասով…

Միլիարդավոր դոլարներ ներդրումներ կատարելով Կենտրոնական եւ Միջին Ասիայում, Չինաստանը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, որտեղ երկրների տնտեսությունները զգալիորեն տուժել են նավթի գների անկումից ու Ռուսաստանում տիրող տնտեսական անբարենպաստ իրավիճակից: Սա կարող է փոխել ոչ միայն ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այլեւ համաշխարհային մակարդակով, ինչն էլ հեռահար նպատակ է:

Միջազգային զլմ-ներն արդեն նկատել են Չինաստանի ներկայացվածության աճը Կենտրոնական եւ Միջին Ասիայում: Այդ զլմ-ները գրում են, որ «Չինաստանի կողմից տնտեսական էքսպանսիան Ասիայի այդ հատվածներում ռիսկեր է պարունակում նաեւ հենց Չինաստանի համար, քանի որ միլիարդավոր ներդրումներ կատարելով Աֆղանստանին հարեւան երկրներում, մեծ է հավանականությունը, որ Պեկինը կներքաշվի տարածաշրջանի քաղաքական ու ռազմական հարցերում»… Հենց այստեղ է, որ կարող են բախվել միջազգային որոշակի շահեր: Արեւմուտքի հետարքրություններն այդ տարածաշրրջանում հետզհետե նվազում են, իսկ Ռուսաստանի հնարավորությունները ներդրումներ կատարելու հարցում սահմանափակ են՝ հաշվի առնելով տնտեսական անկումը: Եվ Չինաստանը վերջին տասնամյակներում դարձել է այդ շրջանների տնտեսական շարժիչ ուժը: Չինաստանի առեւտրաշարջանառությունը նախկին խորհրդային 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի հետ 2000թ. կազմում էր 1,8 մլրդ. դոլար, իսկ արդեն 2013թ.՝ 50 մլրդ: Այդ երկրներից մի մասի կառավարությունները չինական ներդրումները դիտարկում են որպես տնտեսության խթանման ու քաղաքական կայունության պահպանման վերջին հնարավորություն, ինչը հանգեցնում է մերձեցման քաղաքականության:

Հատկապես մեծացել է համագործակցությունը հանքահումքային վառելիքաէներգետիկ ոլորտներում: Ղազախստանում նավթարդյունաբերության մեջ չինական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 20-25%, որը շատ քիչ չափով է զիջում պետական «Կազմունայգազ»-ին: Թուրքմենստանում Չինաստանը որպես գազի հիմնական գնորդ շրջանցել է «Գազպրոմին» (թուրքմենական գազի 61%-ը արտահանվում է Չինաստան): Վերջինս կատարվեց շնորհիվ 2009թ. շահագործման հանձնված գազատարին, որի 4-րդ խողովակաշարը այժմ կառուցման փուլում է: Չինական ներդրումների ծավալը Կենտրոնական եւ Միջին Ասիայի երկրներում 10,7 անգամ գերազանցում են ռուսական ներդրումներին, եւ ապագայում այդ հարաբերակցությունը ավելի կմեծանա հօգուտ չինականի:

Չինաստանի եւ Ղազախստանի սահմանին կառուցված «Խորգոս» տրանսպորտային լոգիստիկ կենտրոնը դրա ղեկավարի խոսքով դարձել է հանգուցակետ. «Այդ կետում Արեւմուտքը հանդիպում է Արեւելքի հետ»: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» կոչվող տրանսպորտային միջանցք ծրագրի մեկնարկից հետո չինական ներդրումների աշխարհագրությունը զգալիորեն մեծացել է: Եթե մինչ այդ ներդրումների հիմնական ոլորտը նավթագազային սեկտորն էր, ապա այժմ այն ներառում է նաեւ ենթակառուցվածքները, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ»,- նշել է Չինաստանի ժամանակակից միջազգային համալսարանի կենտրոնասիական ծրագրի ղեկավար Դին Սաոսին:

Այս ծավալումներն անհանգստացնում են նախ եւ առաջ Ռուսաստանին, որը տվյալ տարածաշրջանը ավանդաբար համարում է իր շահերի կենտրոններից մեկը, ինչպես Կովկասի տարածաշրջանը, որից արդեն քիչ բան է մնացել Մոսկվային…

«Երբ մեկնարկեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագիծը, Մոսկվան այն ընդունեց որպես մրցակից սեփական ինտեգրացիոն միավորմանը՝ ԵՏՄ նախագծին, սակայն Չինաստանը հավաստիացրել է, որ 2 նախագծերը պետք է զարգանան իրար զուգահեռ»,- ասել է Fudan University փորձագետ Չժաո Խուաշեն: Քաղաքագետ Ֆեոդոր Լուկյանովի խոսքով էլ՝ Չինաստանը եւ Ռուսաստանը պայքարում էին կենտրոնասիական երկրների նավթագազային պաշարներին հասանելիության համար, սակայն երկար ժամանակ Ռուսաստանը հետապնդում էր մեկ նպատակ՝ թույլ չտալ, որ նավթը եւ գազը հասնեն Եվրոպա, իսկ չինական շուկան հետաքրքրություն չէր ներկայացնում: Չնայած չինական կողմը Ռուսաստանի հետ մեծածավալ պայմանագիր է ստորագրել գազի ներկրման համար, որը նաեւ աջակցություն էր Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների ժամանակ, այնուամենայնիվ, Մոսկվա-Պեկին ներքին պայքարը չի դադարել: Եվ ինչպես ռուս քաղաքագետն է նշել. «Այժմ իրավիճակը փոխվել է: Ստացվել է այնպես, որ Ռուսաստանը ինքն է դուրս եկել ասիական շուկա եւ այդ պարագայում մրցակցությունը ավելի է սրվել»: Առհասարակ փորձագետները նշում են, որ Չինաստանի ներկայացվածության աճը տարածաշրջանում նրան չի կարող հեռու պահել մի շարք տարածաշրջանային անվտանգային հարցերի լուծմանը միջամտելուց:

Եվ Չինաստանն արդեն սկսել է ռազմական օգնություն տրամադրել Ղրղզստանին եւ Տաջիկստանին: Չի բացառվում, որ «Մետաքսի ճանապարհ»-ին այդ օգնությունների կարիքը կլինի նաեւ Կովկասում ու Մերձավոր Արեւելքում, ինչը երկբեւեռ դարձած աշխարհը կտանի եռաբեւեռ կարգերի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։