Խաչմերու՞կ, հանգու՞յց, թե՞ խարիսխ – Երեւանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը (Եվրամիություն-Եվրասիամիություն) հասկանալի է Բրյուսելին եւ Վաշինգտոնին, բայց հունից հանում է Անկարայի ու Բաքվի հետ խաղերի նստած Մոսկվային…

«Լուսանցք»-ը գրել է, որ Ռուսաստան-Արեւմուտք ռազմա-քաղաքական սրացումները նոր փուլ են մտել եւ հակամարտությունն ընթանում է նաեւ ռազմական, քաղաքական ու տնտեսական ոլորտներում: Եթե այդ հակամարտությունը նախկինում բավարարվում էր սոցիալ-տնտեսական կամ հոգեւոր-մշակութային ու բարոյա-հոգեբանական հարձակումներով, ապա այժմ այն մոտեցել է ռազմական (պատերազմական) հակամարտության եզրին: Որոշ դեպքերում արդեն հատվել են ռազմական հակասությունները երրորդ երկրների տարածքներում: Նշել ենք, որ այս ընթացքում էլ ավելի է սրվել Եվրոպական ու եվրասիական միությունների հակադրությունը: Արդեն նկատելի են այդ կառույցների շահերի բախման առանցքները:

Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում կարող են հետաքրքիր իրադարձություններ ծավալվել: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն եւ Ղրղզստանը դեմ չեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան եւս լրացնեն ԵՏՄ շարքերը: Հայաստանն էլ դեմ չի արտահայտվել, սակայն, հասկանալի է, որ մեր դիրքերը ԵՏՄ-ում ավելի կթուլանան, եթե այդ երկրներն անդամագրվեն: Կկազմվի համաթուրքական քառյակ՝ Ղազախստան, Ղրղզստան, Թուրքիա եւ Ադրբեջան: Եվ ռուսական շահերը մեկ անգամ եւս կդառնան հայավնաս քաղաքականություն, ինչպես եղել է նախկինում...

Եգիպտոսը, Իրանը, Հնդկաստանն ու Վիետնամը եւս հետաքրքրված են ԵՏՄ-ի գործերով, ու այս եւ այլ երկրների ԵՏՄ-ականացումն էլ կարող է որոշակիորեն հայանպաստ լինել: Այս ամենը կարող է ծավալվել հենց մեր երկրի նախագահության ընթացքում, ինչը հնարավոր է լինի ինչպես պատահականության սկզբունքով, այնպես էլ միտումնավոր նախաձեռնությամբ: Եթե ասենք՝ Ադրբեջանը ցանկանա Հայաստանի դեմ քայլեր ձեռնարկել հենց ԵՏՄ-ում:  Նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում կարող է խթանել թուրք-ադրբեջանական սին ԵՏՄ-ացման քաղաքականությունը: Իսկ սրան պետք է պատրաստ լինել:

Չի բացառվում, որ այս թյուրքական խաղերին կնպաստեն ոչ միայն Ասթանան ու Բիշքեկը, այլեւ՝ Մոսկվան ու Մինսկը: Առաջին երկուսի շահերը հստակ ու պարզ են՝ համաթուրքական դաշինքի նպատակները հաշվի առած, ռուս-թուրքական շահերի պատմական համատեղելիությունը՝ ի վնաս հայերի, հայտնի է մեզ վաղուց, իսկ Բելառուսը փորձում է Ղազախստանի հետ դառնալ Ադրբեջանի ու Միջին Ասիայի նավթա-գազային քաղաքականության մասնիկը՝ Եվրոպայի համար ընդունելի երկիր դառնալու նպատակով…

Հայաստանն այդ պայմաններում մենակ կմնա ԵՏՄ-ական «եղբայրության» մեջ, ինչպես հիմա է այդ վիճակում՝ ԱՊՀ-ում եւ ՀԱՊԿ-ում… Հայ-ադրբեջանական սահմանային բախումներն ու հրադադարի խախտումները, որ խաղաղ բնակչության շրջանում նույնպես զոհերի պատճառ են դառնում՝ ՀԱՊԿ-ին հետաքրքրում են այնքանով, որքանով Հայաստանն ու Ադրբեջանը իրենց հույսը կարող են դնել Մոսկվայի «հաշտարար» կամքի վրա…

Մոսկվան արդեն չի հանդուրժում Երեւանի անկախ քաղաքական գիծ ձեռք բերելու հանգամանքը, եւ ԵՏՄ-ական օրենքներով ամեն բան անում է Եվրասիականությունը Եվրամիության դեմ հանելու ուղղությամբ: Իսկ Երեւանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունը եւ ԵՄ-ԵՏՄ շահերի բախման կիզակետում չհայտնվելու քայլերը հունից հանում են պաշտոնական Մոսկվային: Ինչ մնում է մյուս երկրներին, ապա ամեն մեկն իր շահն ունի, որի մասին խոսեցինք վերեւում:

Բելառուսը մնում է մերժված Եվրոպայի կողմից, իսկ Ղազախստանն ու Ղրղզստանը անմիջական սահմաններ չունեն եվրոպական աշխարհամասի հետ: Եվ Հայաստանն ահա, ԵՏՄ անդամ լինելով, կարողացավ հաղթահարել ԵՄ հետ երկու տարի առաջ ձեւավորված ճգնաժամը, ինչը բարձր է գնահատվել, ու եվրոպական համագործակցությունը պատրաստվում է մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ ստորագրել բացառիկ ասոցացման բանաձեւ՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերն ամրապնդելու համար: Արեւելյան գործընկերության ծրագիրն այսուհետ եւս հաջող ընթացք կունենա Հայաստանի համար: Այս ամենն այլեւս չի հանդուրժվում ռուսական կողմից, ինչն էլ շարունակում է շահագրգիռ պահել ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական կապերը: Եթե Սիրիայում, այնուամենայնիվ, բախվեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը, ապա Ադրբեջանի հարցում Մոսկվան դեռ հույս ունի գործածել Արցախի խնդիրը:

Բաքուն, իհարկե, միայն Ռուսաստանի վրա չի հույսը դնում, եւ փորձում է Արեւմուտքում էլ ծավալել լոբբիստական շարժումներ: Վերջերս ԵՄ-ում դա տապալվեց խայտառակ ձեւով՝ բացահայտվեցին եվրոպական «խավիարակերները» եւ նավթադոլարային խամաճիկները, որից հետո տապալվեցին գրեթե բոլոր ադրբեջանական ծրագրերը՝ ընդդեմ Հայաստանի: Այժմ բարդություններ կան նաեւ ԱՄՆ-ում: Ադրբեջանի լոբբիստական ծախսերը այստեղ եւս խայտառակ կերպով բացահայտվեցին ու վատ արձագանքի արժանացան: Բոլոր տեղեկությունները արտասահմանյան կազմակերպությունների ու ԱՄՆ լոբբիստական կազմակերպությունների համագործակցության մասին հրապարակվում են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից, որտեղ ներկայացված են Ադրբեջանի իրականացված ծախսերը: Հրապարակվել է պատվիրատուների ցուցակը, որում ընդգրկված են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը, Ամերիկայում Ադրբեջանի ալյանսը, Ադրբեջանի պետական նավթային կազմակերպությունը, Ամերիկա-ադրբեջանական առեւտրի պալատը, Ադրբեջանի միջազգային բանկը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ինչպես նաեւ Ռենեսանս ասսոշիէյթս Բաքու ու Ռենեսանս ասսոշիէյթս SA անունները կրող միությունները եւ «Կամելով» նավթի ու գազի կազմակերպությունը։ Կապալառուների թվում են հետեւյալ կազմակերպությունները՝ Ֆաբիանի էնդ Կո, Կարպինո եւ Ասոշիէյթս, Փեթն-Բոգս, Պոդեստա գրուպ, Բոբ Լոուրենս եւ Ասոշիէյթս, Քրեյն գրուպ, Լիվինգսթոն գրուպ, Թուլ շեդ գրուպ, Ջեֆերսոն Ուոթրման։ Լրատվական ծառայություններ կան, որոնք եւս գտնվում են վերոնշյալ լոբբիստների ու հարակից անձանց ազդեցության տակ՝ The New York Times, Washinton Times, Forreign Affairs, Huffington Post, The Hill, եւ այլն։

Միլիարդավոր դոլարներ են ծախսվում, սակայն առարկայական հաջողություն արդպես էլ չի գրանցվում: Իսկ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ճգնաժամի խորացման հետ մեկտեղ՝ ադրբեջանական լոբբիին կորցնում է անպտուղ ներկան, ինչը կանխազգում է դրա բավականին մռայլ ապագան:

Անկարան ու Բաքուն ստիպված են ընդունել, որ հայկական սփյուռքը ավելի արդյունավետ եւ քիչ ծախսերով կարողանում է հիմնականում չեզոքացնել թյուրքական համատեղ քայլերը, ինչն այլեւս թաքցնել հնարավոր չէ: Զուր չէ, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով նախկինում հայտարարում էր, թե Հայկական սփյուռքը նաեւ Թուրքիայի սփյուռքն է, ԱՄՆ-ի թուրքերին կոչ է արել պայքարել Հայկական սփյուռքի դեմ: ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու ժամանակ, Նյու Յորքում նա հանդիպել է նաեւ ԱՄՆ-ի թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ ահազանգել այդ մասին: Հավաքվածներին կոչ է արել պայքարել ոչ միայն հայկական, այլեւ՝ հրեական, հունական եւ այլ լոբբիների դեմ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։