Հայկական խոհանոց – Ջեմով կարկանդակներ… Աշխարհի մարզական հեւքից – Ֆուտբոլային կրքեր – Հայ առաջատար ֆուտբոլիստը պատժեց ադրբեջանական թիմին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բածանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ջեմով կարկանդակներ

Բաղադրությունը – Կարագ -100 գ, դեղնուց – 3 հավկիթի, մեղր – 1 ճաշի գդալ, շաքարավազ – 100 գ, թթվասեր – 100 գ, սոդա – 0.5 թեյի գդալ, կիտրոնի հյութ – 2 ճաշի գդալ, ալյուր – 3 բաժակ, ջեմ:

Պատրաստման եղանակը – Պատրաստել ձեռքերին չկպչող խմոր: Բացել 10/20 սմ-ի, վրան ջեմ լցնել, գլանակի պես փաթաթել, կտրատել, հակառակ կողմով դնել: Ջեռոցում պահել 20 րոպե 2000-ի տակ:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Ռազմամարզականի եզրափակիչը՝ Երեւանում

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացավ «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» եզրափակիչ փուլը: Նոյեմբերի 3-5-ն անցկացված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմամարզական խաղերին մասնակցել են Հայաստանի մարզերում եւ Երեւանում 1-ին տեղերը գրաված հանրակրթական դպրոցների թիմերը՝ թվով 99 աշակերտ: Ծրագրում ներառված էին նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք, ինքնաձիգի քանդում-հավաքում, կրոսավազք, հրաձգություն, ձգումներ պտտաձողից:

Հ.Գ. – Նախարարության կողմից պարգևատրվել են ռազմամարզական խաղերի հաղթողները – Նոյեմբերի 5-ին, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերը: Մրցումների փակման ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ուղերձ է հղել մասնակիցներին, նշելով, որ ռազմամարզական խաղերը կատարել են իրենց դերը, նշանակում է՝ նախարարությունն էլ հասել է իր առջեւ դրված նպատակին: Ընդհանուր թվով 31.245 մասնակիցներից նոյեմբերի 3-5-ն անցկացված ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում ուժերն են չափել 99 դպրոցական: Ընդհանուր թիմային հաշվարկով հաղթել է Լոռու մարզի Վանաձորի №13 ավագ դպրոցի թիմը, 2-րդ տեղն է զբաղեցրել Երեւան քաղաքի Ա. Մանուկյանի անվան №93 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմըՀաղթողները պարգևատրվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով, գավաթներով ու նվերներով: Հիշեցնենք, որ անցած տարի թիմային հաշվարկով հաղթել էր Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղն էր զբաղեցրել Վայոց Ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցի թիմը:

Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլը

Երեւանի «Փյունիկ»-ը այս փուլում հաղթանակ տանելով՝ վաստակեց 23 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ մայրաքաղաքի մեկ այլ թիմի՝ «Ալաշկերտ»-ին (25 միավոր): 3-դ տեղում է Գյումրիի «Շիրակը»՝ 21 միավոր), որը միայն 1 միավորով է առաջ սյունիքցիներից՝ «Գանձասար-Կապանից»:

Հաջորդ՝ 13-րդ փուլը, տեղի կունենա նոյեմբերի 7- 8-ին: Կենտրոնական խաղը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակ»-ը կընդունի Երեւանի «Արարատ»-ի, որը 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:

«Փյունիկ»-ին զրկեցին Հայաստանի գավաթից

Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան 2 խաղերը: Գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը Կապանում հանդիպեց «Գանձասար-Կապանի» հետ՝ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: Առաջին խաղն ավարտվել էր կապանցիների վստահ հաղթանակով՝ 3:1, որոնք էլ մտան կիսաեզրափակիչ:  Գյումրիում տեղի «Շիրակ»-ն ընդունեց «Միկա»-ին: Առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Այս անգամ ավելի հաջողակ գտնվեցին երեւանցիները. հաղթեցին 1:0 հաշվով:

Մասնագիտական պայքար՝ ոչ մասնագետներով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով ՀՖՖ-ում հատուկ հանձնախումբ է ստեղծվել, որը կուսումնասիրի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների բոլոր հանդիպումները եւ կտա մասնագիտական եզրակացություններ:

Գործադիր կոմիտեի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է եղել «Ապօրինի խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների եւ դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին» հարցը:

ՀՖՖ նախագահն ասել է, որ միջազգային ֆուտբոլում նկատվող երեւույթներ հնարավոր առկայություն ունեն նաեւ հայկական ֆուտբոլում: Այդ իսկ պատճառով գործադիր կոմիտեի 6 անդամները համաձայնել են ստեղծել վերը նշված հանձնախումբը՝ հետեւյալ կազմով. Հրայր Թովմասյան, Վիկտոր Դալլաքյան, Էդիկ Մարգարյան եւ Լեւոն Հասրաթյան: Սակայն հարկ է նշել, որ ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի սույն անդամները ֆուտբոլի մասնագետներ չեն, ուստի նրանք դժվար կարողանան մասնագիտական լուրջ եզրակացություններ անել:

Ներֆուտբոլային պատերազմ.- ՀՖՖ նախագահի պատասխանը դատախազությանը եւ երկրպագուներին

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստ, որի ընթացքում քննարկվող հարցերի թվում է եղել մի ուշագրավ խնդիր՝ Հայաստանում անօրինական խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի հարցը: Մինչ այժմ կարծես թե Հայաստանում չի շոշափվել այդպիսի խնդիր, համենայն դեպս հանրային հնչեղության մասշտաբում, չեն եղել աղմկոտ պատմություններ: Ինչու՞ է հանկարծ ՀՖՖ-ն որոշում անդրադառնալ այդպիսի խնդրի, այն էլ ստեղծում հատուկ հանձնախումբ, որն ուսումնասիրելու է իրավիճակը Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն եւ առաջին խմբերում:

Հանձնախմբի կազմն էլ բավական ուշագրավ է: Դրանում ընդգրկվել է ՀՖՖ գործկոմի 4 ներկայացուցիչ՝ Էդիկ Մարգարյան, Լեւոն Հասրաթյան, Վիկտոր Դալլաքյան եւ Հրայր Թովմասյան: Հրայր Թովմասյանը արդարադատության նախկին նախարարն է, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը, իսկ Վիկտոր Դալլաքյանը նախկին պատգամավոր է, ներկայում ԱԺ-ում Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Ի՞նչ են բացահայտելու նրանք հայկական ֆուտբոլում, կամ ի՞նչ հարցեր են լուծելու: Այդ խնդիրը ֆուտբոլի ֆեդերացիայի օրակարգում է դրվում Հայաստան-Ալբանիա խաղից հետո ծագած աղմուկի համապատկերին, որը կարծես թե մարել է, սակայն այդուհադերձ այդ կապակցությամբ սպառիչ պարզաբանում ՀՖՖ-ն Հայաստանի երկրպագուներին այդպես էլ չի տվել: Ինչպես հայտնի է, սերբական մամուլը գրեց, թե Հայաստան-Ալբանիա խաղը հանձնել են Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ, որոնք ստացել են 500 հազարական դոլար:

Ֆեդերացիան այդ պատմության առնչությամբ գերադասեց պահպանել լռություն: Միեւնույն ժամանակ լռություն է նաեւ «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների կազմակերպության ներկայացրած վերջնագրի կապակցությամբ: Հոկտեմբերի 16-ին ճակատը ֆեդերացիային է ներկայացրել մի քանի պահանջ, կապված Հայաստանի հավաքականի մարզչի, հավաքականի կազմի եւ տոմսերի գների հետ:

Ֆեդերացիայի նախագահին տրվել էր մեկ ամիս ժամանակ: Փաստորեն անցել է ժամկետի կեսը, նա դեռեւս չի արձագանքել: Միեւնույն ժամանակ, պահպանվող լռությունն էլ կարող է դիտվել արձագանք՝ յուրովի արձագանք, քանի դեռ այլ արձագանք չկա:

Դրան զուգահեռ, մի քանի օր առաջ անսպասելի տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը ստուգողական աշխատանք կատարելու համար ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն է ուղարկել Հայաստան-Ալբանիա խաղի «վաճառված» լինելու մասին տեղեկությունը, որ հրապարակվել էր սերբական ու ալբանական թերթերում:

Ահա այդ ֆոնին էլ ֆեդերացիան հանդես է գալիս ֆուտբոլային հատուկ հանձնախմբի եւ խաղադրույքային խարդախություններն ու պայմանավորված խաղերի խնդիրները ուսումնասիրելու նախաձեռնությամբ: Փաստացի դա հայկական ֆուտբոլում վերահսկողության գործառույթի մի հայտ է, որը կարծես թե հուշում է հնարավոր ներֆուտբոլային պատերազմի մասին, որտեղ բնականաբար շոշափված կլինեն խոշոր կապիտալի, հետեւաբար նաեւ իշխանության տարբեր թեւերի շահեր, քանի որ այդ կապիտալն է ներգրավված նաեւ ֆուտբոլում:

Այդ ամենը տեղի է ունենում Ռուբեն Հայրապետյանի շուրջ «արտաֆուտբոլային» զարգացումների ուղեկցությամբ: Նախօրեին Ռուբեն Հայրապետյանը պետք է քննչական կառույցում առերեսվեր ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ, որին դաժան ծեծի ենթարկեցին Երեւանի կենտրոնում եւ ինչի համար էլ նա մեղադրում է ՀՖՖ նախագահին, ասելով, թե իրեն ծեծել են նրա պատվերով: Մինչ այդ, ըստ մամուլի տեղեկության, Ռուբեն Հայրապետյանը նույն Սմբատ Հակոբյանի գործով ցուցմունք տալուց հետո ընտանեկան հանգամանքներով տիկնոջ եւ հոր հետ մեկնել էր Հայաստանից: Փաստորեն, վերադարձից հետո ՀՖՖ նախագահը առերեսվում է, միաժամանակ ինքն էլ նախաձեռնում է ներֆուտբոլային «առերեսման» մի ընդգրկուն գործընթաց, որն անկասկած ունի արտաֆուտբոլային երկար ճյուղավորումներ:

Մեր ֆուտբոլի հերթական խայտառակությունը

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստուհիների հավաքականը խայտառակ ձեւով ավարտեց ելույթները Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում: Պորտուգալիայում կայացած խմբային մրցաշարում մեր պարմանուհիները մեկը մյուսի հետեւից պարտվեցին Իսպանիայի, Հունաստանի եւ Պորտուգալիայի թիմերին՝ ընդհանուր 0:18 հաշվով:

Բայց ցավալին ոչ այնքան գրանցված արդյունքներն են, որքան մեր ֆուտբոլիստուհիների ցույց տված օգտակար գործողության գործակիցը:

Իսպանուհիների հետ խաղում հայուհիները չեն կարողացել հարված կատարել մրցակցի դարպասին կամ վաստակել անկյունային հարվածի իրավունք: Իսկ ահա մրցակիցը կատարել է 29 հարված, որից 9 հասել է նպատակին:

Հունաստանի հետ խաղում մեր հավաքականին արդեն հաջողվել է կատարել 1 հարված եւ 1անկյունային վաստակել: Հույն ֆուտբոլիստուհիները 11 անգամ են հարվածել ուղիղ դարպասին, որից 8-ը արդյունավետ է ստացվել:

Դաշտի տիրուհիների՝ պորտուգալուհիների հետ խաղում միակ առաջընթացը եղել է այն, որ նրանց կատարած 21 հարվածներից միայն 1-ն է հասել նպատակին: Իսկ, ահա, մերոնք 2 անգամ են սպառնացել մրցակցի դարպասին, ինչպես նաեւ 1 անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում:

Այս թվերը վկայում են այն մասին, որ Լիանա Հայրապետյանի ղեկավարած թիմը ընդհանրապես պատրաստ չի եղել նման բարձր մակարդակի մրցաշարին: Առհասարակ, մեր ֆուտբոլի ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների խաղերը խիստ անգույն են եւ առաջընթացի նշույլ անգամ չի նկատվում:

Վերջում մի «մխիթարիչ» փաստ այս մրցաշարից՝ մեր հարեւան Վրաստանի հավաքականը նույնպես միավոր չի վաստակել ընտրական մրցաշարում, սակայն բոլորին պարտվել է ընդհանուր 0:33 հաշվով:

«Գաբալա»-ի հետ հանդիպումը սովորական խաղ է»,- Հենրիխ Մխիթարյան

«Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ փուլի հանդիպումից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ չի ցանկանում քննարկել ադրբեջանական թիմի հետ առաջին խաղում իր բացակայության հարցը: «Շատերն ասում են, որ դա լավ որոշում էր: Մյուսները ենթադրում են, որ ես պետք է թիմի հետ մեկնեի Ադրբեջան ու խաղայի այնտեղ: Սակայն ես կարծում եմ, որ ճիշտ որոշումն այստեղ մնալն էր: Իհարկե, չէի ցանկանա խոսել այդ հանդիպման մասին, որովհետև այն արդեն անցյալում է, իսկ ես չեմ ցանկանում քննարկել անցյալը: Արդեն մտածում եմ «Գաբալա»-ի հետ առաջիկա հանդիպման մասին, որը կկայանա այստեղ: Հույս ունեմ, որ դա սովորական խաղ կլինի, քանզի պարտավոր չեմ որևէ բան ապացուցել մարդկանց»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Sport1»-ը:

– Հենրիխ Մխիթարյանը պատասխան խաղում «միայնակ» հաղթեց ադրբեջանական թիմին՝ խփելով 1 գոլ եւ կատարելով 2 գոլային փոխանցում (հանդիպումն ավարտվեց՝ 4:0 խոշոր հաշվով)… Սա իսկական վրեժխնդիր խաղ եղավ ու նաեւ բոլորին հասկանալի դարձավ «Գաբալա»-ի՝ նախորդ խաղում ունեցած ահը…

Հենրիխ Մխիթարյանը դեռ չի հետաքրքրել «Բարսելոնա»-ին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Արիեդո Բրայդան անցած շաբաթ ներկա է եղել Գերմանիայի առաջնության «Վերդեր»-«Բորուսիա» (Դորտմունդ) խաղին: Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, կատալոնյան հանրահայտ ակումբը ներկայումս հետաքրքրված է գերմանական թիմի 5 ֆուտբոլիստների ծառայություններով: Մասնավորապես, առաջիկա ձմռանը ցանկանում են ձեռք բերել «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Կատալոնիա տեղափոխվելու մյուս թեկնածուներն են պաշտպան Հումելսը, կիսապաշտպաններ Ռոյսը, Գյունդոկանը եւ Վեյգլը:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ում է հանդես գալիս նաեւ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ում ծառայություններով առայժմ հետաքրքրվել են անգլիական «Լիվերպուլ»-ն ու իտալական «Յուվենթուս»-ը, իսկ ահա իսպանական ակումբներն առայժմ ուսումնասիրում են հայ ֆուտբոլիստին: Ի դեպ, «Վերդեր»-«Բորուսիա» խաղում Հենրիխ Մխիթարյանն անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, ինչը եւս կարող է փոխել բարսելոնացիների կարծիքը մեր ֆուտբոլիստի մասին:

Հայաստանի չեմպիոնը կխաղա Բարսելոնում

Հայաստանի այս տարվա չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը կմասնակցի Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, հունգարացի Չաբա Բալոգը, պարագվայցի Ակսել Բախմանը, կատալոնցիներ Իպոլիտո Ասիսը եւ Մարկ Նարցիսոն:

Մրցաշարը կանցկացվի դասական շախմատի կանոններով, մեկ շրջանով: Հաղթողը կպարգեւատրվի հատուկ գավաթով եւ 2000 եվրոյով: 2-րդ տեղը կստանա 1500 եվրո պագեւավճար, 3-րդը՝ 1100: Ի դեպ, Կարեն Հ. Գրիգորյանը երկրպագում է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբին, որը Կատալոնիայի գլխավոր թիմի՝ «Բարսելոնա»-ի ամենաոխերիմ մրցակիցն է:

Կպայքարեն Հայաստանի 3 պատվիրակներ

Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից մրցանակային տեղերի համար շարունակում են պայքար մղել միայն 3 հոգի: Առաջին կարգային Արփինե Գրիգորյանը մինչեւ 14 տարեկան աղջիկների մրցաշարում 7 միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը: Մինչեւ 14 տարեկան շախմատիստների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը նույնպես 7 միավոր է վաստակել 9 փուլից հետո եւ շարունակում է հետապնդել առաջատար երկյակին: Առաջնության ավարտից 2 փուլ առաջ մրցանակային տեղի համար պայքար է մղում նաեւ մեր 16-ամյա շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը, ով 7 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

Մեր մյուս պատանի շախմատիստ-շախմատիստուհիները, ավաղ, չկարողացան դիմանալ չեմպիոնական մրցավազքին եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից: Մասնավորապես, 14-ամյա Արամ Հակոբյանը եւ 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը 9-րդ փուլում ցավալի պարտություն կրեցին եւ վերջնականապես զրկվեցին մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից:

Լեւոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եկող տարի կմասնակցի շախմատի հավակնորդների մրցաշարին: Ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպում է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել է մրցաշարի կազմակերպման հետ կապված հարցեր: Այդ հանդիպումից հետո պարզվել է, որ հավակնորդների մրցաշարը կայանալու է Մոսկվայում: Այն հովանավորելու է «Տաշիր» ընկերությունը, որը պատկանում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին:

ՖԻԴԵ-ն իր կողմից որպես հավակնորդ առաջարկել է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանին: Նրանից բացի մրցաշարին կմասնակցեն նաեւ եւս 7 շախմատիստներ՝ Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ Ռուսաստան), Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Անիշ Գիրիին (Հոլանդիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Մրցաշարի հաղթողը 2016թ. աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ կվիճարկի շախմատի հերթական թագը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.