Երեկ գործադիրը նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 300 միլիոն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այն կհատկացվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100-ական մլն դոլարի չափով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, այն տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10-ը արտոնյալ ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման նախապայման է ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը: Ծրագրի գլխավոր ուղղություններն են էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության եւ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը, բիզնեսի վարման պայմանների բարելավումը:
Իսկապե՞ս ՀՀ կառավարությունը չի մտահոգվում մեր երկրի պարտքային բեռն ավելացնելու հետեւանքներից:
Պարզվում է՝ ոչ: Համենայնդեպս, այսպես կարելի է փաստել՝ ելնելով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքերից:
«Այդ 300 միլիոն դոլար վարկի ստացումը 10 տարի չի ազդի Հայաստանի արտաքին պարտքային բեռի վրա,- ասաց Կարեն Ճշմարիտյանը, – Հայաստանի արտաքին պարտքի ծավալները հաշվարկված են, ու այդ բեռը տնտեսագիտական իմաստով մեծ է, թե փոքր, կախված է տնտեսության արդյունավետությունից»: Բացի այդ՝ այս վարկը 10 տարի արտոնյալ ժամկետով է, այսինքն, նախարարի բառացի մեջբերմամբ, 10 տարի դեռ ոչ մի ազդեցություն չի ունենա մեր պարտքային բեռի վրա. «Համաշխարհային բանկից էլ, երբ վերցնում ենք 14 տարի արտոնյալ ժամկետով, եկող 14 տարվա վրա այն ազդեցություն չի ունենում: Մնացածը մեզանից է կախված, որ ջանքեր գործադրենք այդ հարաբերակցությունը հնարավորինս պակասեցնենք ու արդյունավետության բարձրացման միջոցով պարտքերն ավելի արդյունավետ կառավարենք»:
Ինչպե՞ս կարող են հետեւանքները չմտահոգել, երբ մեր արդյունաբերությունը չի զարգանում, իսկ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը մեծանում է: «Միայն արդյունաբերությունով չէ, ընդհանուր տնտեսության խնդիր է,-ասաց նախարարը,-եթե այս տարի արդյունաբերության աճը համեմատեք մնացած երկրների հետ, կտեսնեք, որ մեր ցուցանիշները լավագույնն են եւ՛ տնտեսական աճի, եւ՛ արդյունաբերության, եւ՛ գյուղատնտեսության իմաստով: Այստեղ երկար վերլուծության խնդիր կա: Պարտքային բեռ ունենում են աշխարհի անգամ զարգացած երկրները»:
Էկոնոմիկայի նախարարը չի՞ կարծում, որ Հայաստանը Հունաստանի ուղին է բռնել: «Ոչ, չեմ կարծում»,-շեշտեց նախարարը:
Իհարկե, չի կարծում, մարդու օձիքը բռնել-բաց չենք թողնում: 10 տարի հետո ինքը նախարար չի լինի, իր երեխաներն էլ Հայաստանում չեն լինի, արտաքին պարտքի ամբողջ բեռը մնալու է իմ, քո, մյուսի՝ Հայաստանից գնալ չցանկացողների ուսերին:
Էկոնոմիկայի նախարար է ու ասում է, որ տնտեսությունը արդյունաբերությունով չի: Սա էլ է ճիշտ ասում. ի՜նչ արդյունաբերություն, ի՜նչ տանջանք, հանքերն է՝ կթալանեն ու վերջ: Իսկ տնտեսական աճ միշտ էլ կարելի է նկարել՝ ի հաշիվ սպասարկման:
Կամ՝ թող գոնե այնքան ազնիվ լինի, որ ասի, ես չեմ ուզում լինել էկոնոմիկայի նախարար, ուզում եմ լինել սպասարկման նախարար: Ցավը, գիտեք, որն է, որ Կարեն Ճշմարիտյանը շատ լավ է հասկանում, թե ինչ է տնտեսությունը եւ ինչպես այն պետք է վերականգնել, բայց ձայն չի հանում, որովհետեւ իրեն գլխացավանք պետք չէ, աշխատել պետք չէ: Ինքը, մյուսները, էն մյուսները չեն սիրում մեր երկիրը եւ՝ վերջ:
Դրա համար էլ լուսանկարի (տեսնել այս թողարկման PDF տարբերակում) շան օրն ենք ընկել, մի կերպ դիմանում ենք, որ չխեղդվենք:
Ի՞նչ անհրաժեշտություն կար ակցիզային հարկի փոփոխություն կատարելու: Կարեն Ճշմարիտյանը շարունակում է բառախաղը. «Փոփոխությունը կատարվեց ՀՀ օրենսդրությունը ԵՏՄ օրենսդրության հետ ներդաշնակեցնելու համար. «Որոշակի համամասնություններ կան, որ պետք է պահպանվեն, բայց ներդաշնակեցում չի նշանակում նույնականացում»:
Հարց է ծագում. իսկ այդ դեպքում ինչու՞ չի ներդաշնակեցվում, ասենք, ԱԱՀ-ն, որը մեր երկրում ավելի բարձր է ԵՏՄ անդամ մյուս երկրների համապատասխան ցուցանիշից: «Դա ներքին հարկ է եւ որեւէ կապ չունի ԵՏՄ-ի հետ»,-համառոտեց նախարարը:
Ինչպե՞ս կարող է կապ չունենալ, երբ ռուսաստանցի գործարարները վճարում են 13%, իսկ հայ գործարարները՝ 20%, չէ՞ որ այս դեպքում մրցունակության խնդիր է ծագում: «Մենք էլ արտահանելուց ենք 20% ստանում, իրենք՝ 10%: Սա առանձին հաշվարկի խնդիր է»,-դարձյալ համառոտեց նախարարը՝ չցանկանալով մանրամասնել հարցադրման պատասխանը:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



