Մարդն ու տատուն.- Նկարով լսիր ասածը – Իսկ դաջվածք անողը դեռ դաջվածք չունի… Տատուն նշան է, վերք, որը զգացմունքի, իրադարձության, արվեստի, փիլիսոփայության … ինքնարտահայտումն է, մարդու բնավորությունն է արտահայտում հաճախ…

Քաղաքում ապրում է տատու արվեստը: Կան մարդիկ ու իրենց տիրոջ բնավորությամբ դաջվածքներ:

Տատուն նշան է, վերք, որը զգացմունքի, իրադարձության, արվեստի, փիլիսոփայության ինքնարտահայտումն է:

Օրինակ Ին-յան դաջվածքը երկու հասկացությունների՝ կնոջ ու տղամարդու միավորման, բայց նաեւ պայքարի, միմիյանց մեջ ներթափանցելու նշան է:

Այս դաջվածքն ունեցողները հեշտությամբ հաղթահարում են դժվարությունները եւ հասնում հավասարակշռության, այն էլ՝ ներքին:

Յուրաքանչյուր դաջվածք իր ասելիքն ունի, իսկ գեղանկարիչ Նանե Իսրայելյանի կարծիքով՝ մարդկանց դաջվածքներ անելու պատճառները երկուսն են.-

«Կան մարդիկ, ովքեր դաջվածքը նորաձեւ լինելու հեշտ տարբերակ են համարում, բայց այս դեպքում էլ նշանի իմաստը կապվում է կրողի կյանքի կարեւոր իրադարձության հետ: Առաջինը դաջելուց հետո սկսում են ուրիշ, նոր մի բան դաջելու մասին մտածել: Եվ սա սկիզբ կոչվածը չէ, որովհետեւ նախքան առաջին դաջվածքն անելը հոգեբանական խնդիրներ են ունենում: Մարդիկ սովորություն չունեն խոսել դաջվածքների պատմության մասին: Հանդիպածս մարդկանց մոտ հիմնական պատճառը վրեժն է: Երբ չեն կարողանում հաղթահարել որեւէ խնդիր, նպատակը տանում է վրեժի՝ սա էլ դաջվածքի»:

Միստիկ դաջվածքներով ռեալ դժվարությունների դեմ դուրս գալը եւ դրանց հետեւում թողնելը գուցե հնարավոր է:  Նախկինում արդիական հերոգլիֆ դաջվածքները կորցրել են իրենց պահանջարկը, բայց պատմության մեջ հավանական են դեպքեր, երբ «երջանիկ եղիր» հերոգլիֆը տատուիստի չինարենի «փայլուն իմացության» ու «սրբագրման» պատճառով՝ զուտ երջանիկ պատահականությամբ դառնա «անճոռնի ճուտիկ»:

Եթե գրել չի ստացվում, ապա կարելի է նկարել փորձել: Գեղանկարչության պես տատուն էլ խորության, լույսի, ստվերի հարաբերության լուծման խնդիր ունի:

«Տատուն նկար է եւ ավելին, բայց դրան արվեստ անվանել չեմ կարող: Մարդը տատուն իր հետ գերերզման է տանում, ի տարբերություն նկարչության բազում ճյուղերի: Տատուի դեպքում հաճախորդն է թելադրում, եւ այն ավելի շատ աշխատանք կարելի է համարել:

Ի տարբերություն Body Art-ի (անգլերենից բառացի թարգմանաբար՝ մարմնի արվեստ), որտեղ տատուիստը մարմնից կտավ է ստեղծում, տատուն ավելի անհատական է: Շատերն արդեն նույնիսկ կրկնօրինակում են դաջվածքները, անգամ հասցնում են հոգնել դրանցից:

«Մարդկանց մի մասի մոտ դաջվածքի առկայությունը անհրաժեշտություն չէ, այն օտար երեւույթ է մարմնի վրա»,- համոզված է Նանեն:

Մինչդեռ տատուիստ Սեմը ասում է, որ հոգնեցնում, զվարճացնում, թե տխրեցնում է՝ կախված է մարդու բնավորությունից:

Նաեւ ավելացնում է, որ ոչ միայն դաջվածքին հավատարիմ մնալն է դժվար, այլ նաեւ Հայաստանում կոնկրետ ոճ ունենալը, որովհետեւ Հայաստանում ազատ մտածողություն չկա: Բայց արի ու տես, որ տատուն ազատության արվեստ է եւ սահմանափակումներ չկան՝ ինչ ու որտեղ նկարել. մարմնի վրա չկա մի հատված, որ հակացուցված լինի:

Զրուցակիցներիցս Նանեն ասում է, որ Աստված, լինելով մարդու ստեղծածը (մարդկանց երեւակայության ու մտքերի արդյունքը), չի կարող մարդուն ստեղծող լինել: Իսկ Սեմը նշում է, որ եթե մարմինը Աստծո տաճարն է, ապա պետք է գեղեցկացնել այդ տաճարի պատերը:

Վերջում միայն նկատեմ, որ մինչեւ հիմա Սեմը, տատուիստ լինելով հանդերձ, դեռ դաջվածք չունի, բայց միայն այն պատճառով, իր իսկ խոսքերով, որ չի կողմոնորշվում՝ ինչ անել:

Սյուզան Գալստյան

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

Հ.Գ. – Դժգույն մարդկանցից տարբերվելու եւ առանձնանալու համար պարտադիր չէ մազերը կարմիր ներկել, կամ քթի վրա օղակ ունենալ… Պարզապես պետք է կեղտ չլինել:

Ես այդքան ժամանակ չունեմ, որ ատեմ նրանց, ովքեր ինձ են ատում, որովհետեւ ես շատ եմ զբաղված այն մարդկանցով, ովքեր սիրում են ինձ:

Այս խոսքերը հայտնի դերասան Ալ Պաչինոյինն են, ով «Օսկարի» մրցանակակիր է նաեւ:

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.