Ձմեռային սրվող հիմնախնդիր.- Գայլը՝ բնության սանիտա՞ր, թե՞ թշնամի… Մեզ համար անակնկալ տեսակետ.- Ամենուր պետք է ոչնչացնել այս գազանին՝ սրանք բնության թշնամիներն են, եւ դրանցից անհապաղ պետք է ազատվել…

Խմբագրության կողմից՝ նախաբանի փոխարեն.

Անկեղծ ասած՝ մեզ համար անակնկալ էր ներքոհիշյալ տեսակետը:

Շատ ենք լսել, որ գայլերը հարձակվում են, քանզի մեղավորը մարդն է, որ խլում է այս գազանի կենսատարածքը, որ գայլն անհրաժեշտ է բնությանը, քանզի սանիտար է (եւ ոչ միայն): Բայց որ գայլին պետք է անխնա ոչնչացնել, եւ որ Եվրոպայում վաղուց են դա արել, մեղմ ասած, անհավատալի նորություն էր:

Ինչեւէ, Սերգեյ Ավագյանը մեր թերթի էջերում հանդես է եկել մի շարք հրապարակումներով, նա լուրջ գրիչ ունի: Եվ նրա տեսակետը գոյության իրավունք ունի: Բայց մենք պատրաստ ենք քննարկում սկսել այս թեմայի շուրջ. գայլը բնության սանիտա՞րն է, թե՞ թշնամին: Պատրաստ ենք տպագրել տեսակետները:

* * *

Այս տարի հաճախացել են գայլերի հարձակումները ինչպես դաշտերում արածող ոչխարի հոտերի, խոշոր եղջերավոր անասունների, այնպես էլ գոմերում ու փարախներում խնամվող գյուղատնտեսական տարբեր կենդանիների վրա: Անգամ բակերից գողանում եւ հոշոտում էին շներին: Պատճառը մեկն է՝ անտառներում, արոտավայրերում, ձորերում եւ լեռներում պակասել է կենդանական աշխարհը: Սա, իհարկե, հենց իրենց՝ գայլերի ձեռքի գործն է: Գայլերը հարձակվում ու հոշոտում են ամեն ինչ. աղվեսների, այծերի, նապաստակների ու ոչխարների: Հարձակվում են անգամ թռչունների բների վրա, նորելուկ ձագերին պարզապես հոշոտում են, փչացնում:

Այդ գիշատիչներին զոհ չեն դառնում միայն հազվադեպ կենդանիներ՝ առյուծները, վագրերը, հովազները: Անգամ վայրի վարազները չեն ազատվում դրանց հարձակումներից:  Չափազանց դիմացկուն են գայլերը, մեկ գիշերում կարող են հարյուրավոր կիլոմետրեր վազք կատարել: Մարդկանց կողմից դրանց հետապնդումը դարձրել է գայլերին չափազանց զգուշավոր եւ դժվարորսալի:

Հայաստանում գայլերը տարածված են Սեւանի ավազանում, Տաշիրում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում, Աշոցքում եւ այլուր:

Գայլը գիշատիչ է: Մեծահասակները կշռում են 40-ից մինչեւ 70 կգ, մարմնի երկարությունը հասնում է 150-180 սմ-ի:

Գայլերը շներից տարբերովում են իրենց մարմնի հզոր կառուցվածքով, լայն ճակատով եւ մշտապես ցցված ականջախեցիներով: Սրանք ունեն խոշոր երախ, ամուր եւ հզոր ծնոտներ, մկաններ եւ երկարավոն ժանիքներ, որոնք կարողանում են փշրել անգամ կարծր ոսկորը: Սեռահասունանում են 2.5 տարեկանում, զուգավորումը կատարվում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին: Էգի հղիությունը տեւում է 60-63 օր, ապա ծնվում են մինչեւ 12 կույր, մերկ ձագուկներ: Մայր գայլը համարյա մեկ ամիս չի հեռանում որջի մոտից, հսկում է ձագերին եւ մինչեւ 20-25 օր սնում իր կաթով:

Վեց ամսական հասակում ծնողները ձագերին վերցնում են իրենց հետ որսի:

Սրանց է միանում նաեւ նախորդ տարվա իրենց սերունդը՝ կազմելով համերաշխ ոհմակ:

Այսպես գայլերը սար ու ձոր, դաշտ ու անտառ մաքրում են նապաստակներից, աղվեսներից, թռչուններից:

Մեր որոշ բնապահպանների այն անիմաստ ու անհիմն պնդումները, թե «գայլերը անտառի սանիտարներն են», միայն անգիտության արդյունք է:

Ճիշտ հակառակը:

Գայլերը ոչնչացնում են մեր բնաշխարհի կենդանական ամբողջ գլխաքանակը:

Առանց դրանց մեր բնաշխարհն ավելի հարուստ ու գեղեցիկ կլինի, մեր գյուղացիների անասունն ու ոչխարները ավելի ապահով, ազատ ու անկաշկանդ կլինեն արոտավայրերում:

Գայլերի ոչնչացումը պետք է կատարվի ինչպես հրազենով, այնպես էլ թակարդով, թունանյութերով: Եվրոպան վաղուց է ազատվել այս գիշատիչներից: Ամենուր պետք է ոչնչացնել այս գազանին: Սրանք բնության թշնամիներն են, եւ դրանցից անհապաղ պետք է ազատվել:

Սերգեյ Ավագյան

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.