Մինչեւ վթար չի լինում, քամակները չեն շարժում – Պարզվում է՝ Հայաստանում գործում են կանոնավոր եւ ոչ կաոնավոր ուղեւորափոխադրումներ… Չինաստա՞նն էլ խնդրի առաջ կանգնեց – Այսուհետեւ ամուսիններին կթույլատրվի 2 երեխա ունենալ…

Մինչեւ վթար չի լինում, քամակները չեն շարժում

Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երեւան երթուղու «Քինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: ՃՏՊ-ի հետեւանքով զոհվել է ՀՀ 8 քաղաքացի, տուժել է 43 մարդ:

Երեկ կառավարության նիստից հետո տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների մի մասն ու զոհվածների աճյունները հենց այդ օրը՝ նոյեմբերի 5-ին կտեղափոխվեն Հայաստան (ուշ երեկոյան տեղափոխվեցին): Տուժածներից 12-ը մնալու են ՌԴ-ում, որպեսզի բուժումը շարունակեն Տուլայի մարզի հիվանդանոցներում:

Ցավակցում ենք զոհվածների հարազատներին: Նրանց որեւէ բան ասելու ուժ չկա:

Բայց շատ կարեւոր փաստ կա, որ հարկ է արձանագրել:

Պարզվում է՝ Հայաստանում գործում են կանոնավոր եւ ոչ կաոնավոր ուղեւորափոխադրումներ:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ զրույցում պարզվեց, որ Տուլայի ավտոբուսը գործել է ոչ կանոնավոր տարբերակով: Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումը սա է. վաճառվում է տոմսը, ուղեւորը նստում է մեքենան ու ուղեւորվում: Մինչդեռ կանոնավոր ուղեւորափոխադրումները ավտոկայանից են արվում, ուր գործում են համապատասխան ենթակառուցվածքներ, վարորդները պարտադիր բժշկական ստուգում են անցնում, կա կանոնավոր չվացուցակ, եւ ուղեւորը գիտի, թե որտեղ եւ քանիսն են լինելու կանգառները ու թե երբ է ինքը հասնելու իր ուզած վայրը։ Ուղեւորվելուց հետո ամբողջ ընթացքում վերահսկողություն է լինում, թե ուղերթը ինչ վիճակում է գտնվում, կամ ինչ խնդիրներ կան առհասարակ:

Փաստորեն, ոլորտում կա ոչ կանոնավոր՝ բարձիթողի ուղեւորափոխադրում, եւ միայն ողբերգական դեպքերն են մեզ ստիպում կրկին վերանայելու ոլորտի վիճակը: Այս եւ այլ կարգի դիտարկումներին ի պատասխան Արթուր Առաքելյանը նկատեց, որ «հանձնարարություն կա ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ կատարելու: Մասնավորապես, այս պահին շրջանառության մեջ է գտնվում ուղեւորափոխադրումների հետ կապված նոր օրենքի նախագիծ, որը ենթադրում է մի փոքր ավելի վերահսկողություն այդ գործընթացների նկատմամբ: Իսկ այս պահի դրությամբ օրենսդրությունն ազատականացված է, որովհետեւ, դարձյալ ըստ փոխնախարարի, թույլ են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային նախարարությանը վերահսկողություն սահմանել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների նկատմամբ, այսինքն՝ հանված են թույլտվության լիցենզիայի մեխանիզմները:

Խոսքը պարտադի՞ր լիցենզավորման մասին է: «Խոսքը ոչ թե պարտադիր լիցենզավորման, այլ՝ մրցութային արդյունքներով տրամադրվող իրավունքի մասին է, որը պետք է հնարավորություն տա ուղեւորափոխադրում իրականացնել»,-հարցին ի պատասխան համառոտեց բանախոսը՝ միաժամանակ հավելելով, թե «մինչեւ դեկտեմբերի պետք է ուժեղացվի վերահսկողությունը»:

Այնուամենայնիվ, ողբերգական դեպքերն են ստիպում կանոնակարգումներ անել, վերահսկողություն ուժեղացնել:

Լրագրողներիս կրկնվող դիտարկումներին Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Երբ ուժեղանում է վերահսկողությունը, մեծանում է ճնշումը բիզնեսի վրա, բողոքներն էլ այդտեղից սկսվում են: Ուստի՝ պետք է ընտրենք բալանսավորված տարբերակ, եւ այդ տարբերակն արդեն շրջանառվում է»:

Չինաստա՞նն էլ խնդրի առաջ կանգնեց

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի «Սինհուա» գործակալությունը հաղորդել է, որ Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել այն կանոնը, որն ընտանիքներին արգելում Է ունենալ մեկից ավելի երեխա:

Այսուհետեւ ամուսիններին կթույլատրվի երկու երեխա ունենալ:

Ընտանիքի պլանավորման քաղաքականությունը ՉԺՀ-ի իշխանությունները նախաձեռնել էին դեռ նախորդ դարի 70-ական թվականների վերջին՝ նպատակ ունենալով կրճատել բուռն ժողովրդագրական աճը: Նախաձեռնությունը քաղաքներում ապրող ընտանեկան զույգերին արգելում Էր մեկից ավելի երեխա ունենալ: Գյուղական բնակիչները կարող էին երկու երեխա ունենալ այն դեպքում, եթե առաջնեկը աղջիկ Էր լինում:

Ժամանակի ընթացքում ծնելիության սահմանափակման քաղաքականության մեջ ի հայտ եկան զիջողություններ. ընտանիքներում, որտեղ ամուսիններն իրենց ծնողների միակ երեխաներն Էին, թույլատրվում Էր ծնել երկրորդ երեխան:

«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, սակայն, բերեց սոցիալական լուրջ խնդիրների եւ հասարակության դժգոհությունն առաջացրեց:

Բանն այն է, որ Չինաստանում արագ տեմպերով բնակչության ծերացում Է տեղի ունենում: Եվ կանխատեսվում Է, որ չինական ավանդական ընտանիքի «1-6» մոդելը, երբ միակ երեխայի խնամակալության տակ կհայտնվեն նրա ծնողները, երկու տատերն ու երկու պապերը, սովորական դառնա:

Ծերացման ներկայիս դինամիկայի դեպքում 2050թ. Չինաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը 60-ից բարձր տարիք կունենա, իսկ թոշակառուների թվաքանակը կգերազանցի ԱՄՆ-ի բնակչությանը: Նախկին քաղաքականության հետեւանքներից մեկն Էլ դարձել Է գենդերային անհամամասնությունը. 15-ից ցածր տարիքի երեխաների թվում յուրաքանչյուր հարյուր աղջկան բաժին Է ընկնում 118 տղա, ինչը կարող Է ապակայունացնող լուրջ սոցիալական գործուն դառնալ ապագայում:

ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչության տվյալներով՝ 2015թ. սկզբի դրությամբ Չինաստանի բնակիչների թվաքանակը (առանց Հոնկոնգ եւ Մակաո հատուկ վարչական շրջանների, ինչպես նաեւ Թայվան կղզու հաշվառման) կազմում Է 1 մլրդ. 367 մլն. 820 հազար: 2014թ. բնակչության բնական աճը կազմել Է 7,1 մլն մարդ (այս մասին էլ հաղորդել է ՏԱՍՍ-ը):

Նկատենք, որ «1-6» մոդելը սարսափելի չէ այն պատճառով, որ երեխայի խնամքին են մնում 6 հոգի, այլ՝ որ այդ երեխան չի ունենում եղբայր, քույր, հորեղբայր, մորեղբայր, հորաքույր եւ մորաքույր… Չէ, այս առումով մենք երջանիկ ենք:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.