Կողմնորոշված չեն ու շատ վատ են – Երկրի տնտեսական վիճակը շատ լավ ոչ ոք չի գնահատել, իսկ շատ վատ է՝ 39,1%-ի համար… Վարչապետը՝ ամեն ինչի պետ (նաեւ սահմանադրական փոփոխությունների)… Փնտրվում են խղճով երեսփոխաններ…

Կողմնորոշված չեն ու շատ վատ են

«Գելլափ ինթերնեյշնլ» ընկերությունը սահմանադրության հանրաքվեին ընդառաջ ամփոփել է սեպտեմբերին շուրջ 1000 քաղաքացիների շրջանում իրականացված հարցման արդյունքը: Պարզվել է, որ բնակչության մի հոծ հատված տեղյակ չէ, թե ներկայումս կառավարման ինչ ձեւ է գործում երկրում: «Քաղաքացիների 69,8%-ն է ասել, որ տեղյակ է այժմյան կառավարման ձեւից: Սակայն հարցին, թե ո՞րն է այդ, 55,3%-ը, պատասխանել է՝ նախագահական կառավարում է, եւ միայն 36,2%-ն է նշել, որ կիսանախագահական է»,- հայտնել է ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Բնակչության 61,6%-ն է տեղյակ սահմանադրական փոփոխություններից, մոտ 31%-ը՝ անտեղյակ է: «Մարդկանց 34,1%-ը նշել է, որ այդ փոփոխությունն ուղղված է իշխանության վերարտադրությանը»,- նշել է «Գելլափ ինթերնեյշնլ»-ի տնօրենը: Հարցվածների մի մասի համար էլ դա դրական տեղաշարժի առիթ է, որոշներն էլ՝ չեն կարողացել հստակ պատասխանել:

Այս պահին ամենահետաքրքրող հարցին, թե քաղաքացիներն ինչպե՞ս կքվեարկեն հանրաքվեին, հարցումը հետեւյալ պատկերն է ցույց տվել: Հարցվածների 42%-ն ասել է, որ կմասնակցի հանրաքվեին: Իսկ ինչպե՞ս կքվեարկի. 29,1%-ն ասել է, որ կողմ քվեարկի, 26,1%-ը՝ դեմ: Մնացածը կողմնորոշված չեն՝ մասնակցել, թե ոչ:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին՝ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Ընկերությունը նաեւ այլ թեմաների է անդրադարձել, այն հարցին, թե ինչպե՞ս են քաղաքացիները գնահատում մեր երկրի տնտեսական վիճակը, պարզվել է հետեւյալը. «Շատ լավ ոչ ոք չի գնահատել, լավ՝ 1,8-ը, 24,3%-ը՝ միջին, 33,8%-ը՝ վատ, իսկ շատ վատ՝ 39,1%-ը: Իսկ որքանո՞վ են հավանություն տալիս երկրի ղեկավարի ու որոշ կառույցների գործունեությանը: Պարզվել է, որ նախագահի աշխատանքին հավանություն է տալիս 25,6%-ը, կառավարությանը՝ 20,9%-ը, խորհրդարանին՝ 18,6%-ը»:

Սեփ. լրատվություն

Վարչապետը՝ ամեն ինչի պետ

Տարաբնույթ հարցումները մեր քաղաքացիների շրջանում հանգեցնում են այն մտայնության, որ իշխող ուժը կկիրառի պետական լծակները: Եվ այն հանգամանքը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «այո»-ի շտաբի ղեկավար է նշանակվել, հարցվածների մեծամասնության մոտ առաջ է բերել հենց վերոնշյալ մտայնությունը: Արդյո՞ք սա չի նշանակում, որ նա նշանակվել է՝ կիրառելու վարչական բոլոր հնարավորությունները՝ իր ստորադասներին հրահանգելով գնալ ու պարտադիր «այո»՛ ասել սահմանադրական փոփոխություններին: Այս հարցի շուրջ խոսել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշել է, որ եթե տեսնեն, թե շտաբի պետն ասում է՝ «Ես՝ որպես վարչապետ, հորդորում եմ գնալ ու «այո» ասել, նա այդպես կօգտագործի իր պաշտոնը: Հենց որ լսեք որեւէ մի տեղից, որ վարչապետը հրահանգել է, կարծում եմ, կարող եք դրա մասին բարձրաձայնել: Մարդիկ վախեցած չեն, նրանք հանգիստ կարողանում են իրենց տեսակետներն արտահայտել: Հավատացեք, որ այդ ժամանակներն անցել են երկրում, երբ մարդը վախենում է կարծիք արտահայտել»:

Այս պատասխանը կարող էր բավարար համարվել, եթե հավատայինք, որ վարչապետը բացահայտ է հրահանգներ արձակելու… Նշանակում է, այն ինչ ասվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից, հավատ չի ներշնչում: Իրականում ասելու եւ խոսելու, առավել եւս՝ հրահանգելու տարբերակները այլ ձեւերով են արվում: Մանրամասնելու կարիք, վստահ ենք, չկա:

Ուստի, երբ Դավիթ Հարությունյանը նաեւ անդրադարձավ այն հանգամանքին, որ երբ վարչապետն ի պաշտոնե հայտարարություն է անում որպես շտաբի պետի ղեկավար, չի դադարում լինել վարչապետ, այլեւս հարց չառաջացրեց եւ նա դիմելով լրագրողներին նշեց. «Ձեր ընկալումները շատ տեսական են: Դուք ինչ-որ մի եթերային երկրի մասին եք խոսում, որը երկրագնդում գոյություն չունի: Երբ մենք խոսում ենք, որպես վարչապետ քարոզչություն է իրականացնում, նշանակում է նա որպես վարչապետ իր պարտականությունները կատարելիս՝ լինի դա կառավարության նիստ կամ խորհրդակցություն, որն իրականացնում է որպես վարչապետ, սկսի իր ստորադասների հետ քարոզչություն անել, դա ամենեւին արգելված չէ որեւէ երկրում: Եթե դուք տեսնեք, որ նա հայտարարություն անի ու ասի՝ ես որպես վարչապետ հորդորում եմ ձեզ գնալ ու «այո» ասել, ճիշտ կլինեք, որ նա օգտագործում է իր պաշտոնը, բայց եթե չլսեք դա ու լսեք՝ ես որպես «այո»-ի շտաբի ղեկավար, դա չի նշանակում խախտում»:

Որպես օրինակ մատնանշվեց ամենա-ամենա-ժողովրդավարական ԱՄՆ-ի փորձը. «Եթե քաղաքական պայքարում շերիֆը հանդես է գալիս իր շորերով, համարվում է, որ նա վարչական ռեսուրս է օգտագործում: Եթե շերիֆը հանում է շորերը ու չի ասում ես շերիֆ եմ, համարվում է, որ դա վարչական ռեսուրս չէ»: Իսկ այն դիտարկմանը, որ վարչապետը համազգեստ չունի, ինչպես իմանալ՝ նա այդ պահին ի պաշտոնե է հանդես գալիս, թե որպես շտաբի պետ է, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը խորհուրդ է տվել ուսումնասիրել համաշխարհային փորձը, երբ որեւէ վարչապետ չունի համազգեստ, սակայն կարող է ազատորեն մասնակցել ընտրական բոլոր գործընթացներին. «Հանրաքվեն քաղաքական գործընթաց է, ուստի ցանկացած պաշտոնյա, հատկապես նման բարձրաստիճան՝ ինչպես վարչապետ, նախարար, պատգամավոր եւ այլն, չեն կարող ընդգրկված չլինել նման կարեւոր քաղաքական գործընթացում»:

Կարեն Բալյան

Փնտրվում են խղճով երեսփոխաններ

Սահմանադրական փոփոխությունների քվեարկության օրը որոշված է, «այո»-ի եւ «ոչ»-ի ճակատները շարունակում են հանրային քննարկումները:

«Մենք չէ, որ պիտի ասենք, կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, թե չէ, դա պարզունակ, սիրողական վերաբերմունք կլինի»,- ասել է գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։ Ըստ նրա՝ եթե երկրի քաղաքական այրերն ասում են, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, ուրեմն դրանք իրոք անհրաժեշտ են:

Զարմանալի է, երբ իրեն մտավորական համարող մարդը կարող է նման միտք արտահայտել: Եթե մտավորականի գործը այս կամ այն իշխանությանը ենթարկվելն է ու իր «մտավորական» կյանքը վայելելը, ապա…

Բայց ոչ, նա սեփական տեսակետն էլ է արտահայտում. «Մի բան ինձ համար հստակ է. նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, երկրի, ժողովրդի հանդեպ տածած սիրուց չէ, որ դեմ են: Նրանց մոտեցումներից երեւում է, որ սեփական շահեր են հետապնդում: Ես այս մարդկանց ուղղակի չեմ հասկանում»:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը չի ասել, թե դա իր գործը չէ եւ նշել է, որ սահմանադրական փոփոխություններից սարսափ չի զգում. «Ես սարսափ զգում եմ անազնվությունից: Նրանք, ովքեր ասում են, որ այս նախագծով Սերժ Սարգսյանը ցանկանում է վերարտադրվել, պարզապես պետք է ազնվություն ունենան խոստովանելու, որ իրենք էլ են նույն բանն ուզում, իրենք էլ են ուզում վերարտադրվել»:

Չհամաձայնել չենք կարող: Այո, այստեղ գործում է այն տրամաբանությունը, որ քաղաքական դաշտը բոլորովին չի փոխվել, եւ արդեն երկու տասնամյակ եւ՛ իշխանությունները, եւ՛ խորհրդարանական ընդդիմությունը (որ միասնաբար մյուս քաղաքական ուժերին չեն թողնում կայանալ) քանիցս վայելել են իշխանության մեջ լինելու պտուղները եւ դեռ հարց է, թե ով է ավելի շատ ցանկանում վերարտադրվել:

Քանդակագործի կարծիքով՝ Սահմանադրության մեջ պետք է անպայման ազգային մտածելակերպ դրվի՝ զերծ թեթեւսոլիկությունից, ինչի հետ եւս համաձայն ենք:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ռազմիկ Դավոյանը հայտարարել էր, որ Սահմանադրությունը գրված է Լեւոն Տեր-Պետրոսյանի հագով ու «ոչ» էր ասել դրան: Իսկ այն հարցին, թե ա՛յս Սահմանադրությունը ոչ ոքի հագով կարված չէ՞, նա պատասխանել է. «Երեւի ԱԺ-ի, խորհրդարանական է դառնում կառավարումը, բայց իրականում դա ինձ չի մտահոգում, ինձ մտահոգում է, որ ազնվագույն խիղճը թագավոր դառնա, կառավարի, խորհրդարանում 20-25%-ը խղճով աշխատի, ամեն բան լավ կլինի»:

Ամփոփիչ եղավ Ֆերդինանդ Առաքելյանի միտքը՝ «Բայց չե՛ն կարող էդքան խղճով պատգամավոր հավաքել»:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.