ԼՂՀ ներքին կյանքի առաջխաղացումը՝ խիստ անհրաժեշտություն – Արցախ աշխարհը նախապատրաստվում է ներքաղաքական կայունության ամրապնդմանը, որ առավել ամուր դարձնի իր զինուժը, անառիկ՝ սահմանները…

ԼՂՀ բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու

Արցախում եւս տարեվերջն է ամփոփվում եւ հայկական 2-րդ հանրապետությունը նախապատրաստվում է հաջորդ տարվա մարտահրավերներին դիմակայել: Առավել եւս, որ Մերձավոր Արեւելքի ռազմա-քաղաքական սրացումները մերթ ընդ մերթ շաղկապվում են մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հետ, որոնց մեջ Արցախյան հակամարտությունն առաջնային է:

Իսկ արտաքին վտանգներին դիմակայելու լավագույն ձեւը ներքին կայունությունն է, ինչին էլ փորձում են հասնել Արցախում: Եվ ԼՂՀ կառավարությունում առաջարկել են փոփոխել մի շարք օրենքներ, վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Փոփոխություններ են առաջարկվել «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքներում: «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում նախատեսված են տրանսպորտի բնագավառի 4 տեսակի լիցենզիաներ, դրանցից 2-ը երկաթուղային տրանսպորտի գործունեության եւ ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիաները, օրինագծերով առաջարկվում է հանել, քանի որ Արցախում բացակայում է երկաթուղային տրանսպորտը՝ որպես տրանսպորտային միասնական համակարգի բաղկացուցիչ մաս:

Փոփոխության այդ առաջարկով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ առաջարկել նաև «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում: Կառավարության անդամների քննարկմանն է ներկայացվել նաեւ «Անասնաբուժության մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի սանիտարական ոլորտի օրենսդրությանն անասնաբուժությունը համապատասխանեցնելու պահանջով:

Օրինագծով առաջարկվում է հանրապետությունում ներդնել անասնաբուժության բնագավառի միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող պահանջները, որոնք անմիջականորեն կնպաստեն անասնաբուժական գործունեության կազմակերպմանը եւ իրականացմանը, նյութատեխնիկական եւ մասնագիտական կատարելագործմանը, հանրապետությունում կենդանիների առողջության պահպանման ու անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը:  Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքը, ինչի արդյունքում դադարելու է գործել աշխատանքի պետական տեսչությունը՝ որպես աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ պետական հսկողություն ու վերահսկողություն իրականացնող մարմին:

Այդ առաջարկով պայմանավորված՝ որոշ փոփոխություններ են առաջարկվել նաեւ առնչվող այլ օրենքներում: Քննարկմանն է ներկայացվել քաղաքացիական օրենսգրքի նախագիծը: Ըստ արդարադատության նախարարի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի նախագահի նախընտրական ծրագիրը կենսագործելու, «ԼՂՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2013-2017թթ. ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ԼՂՀ նախագահի կարգադրության դրույթներն իրականացնելու եւ Արցախի սեփական քաղաքացիական օրենսգիրք ունենալու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:

Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվել՝ «Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում: Օրինագծի ընդունումից հետո՝ 2016թ. հունվարի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակը կսկսի անվճար իրավաբանական օգնություն տրամադրել անձանց կոնկրետ շրջանակի:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016-ի հունվարի 1-ից անհնար կլինի համայնքներում իրականացնել այդ գործառույթները՝ շենքային պայմանների բացակայության, ինչպես նաեւ փաստաբանների վերապատրաստման անհրաժեշտության պատճառով, նպատակահարմար է այնտեղ հետաձգել դրանց իրականացումը մինչեւ 2017թ. հունվարի 1-ը: «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում կառավարությունն առաջարկել է մտցնել նոր հասկացություններ:

Օրինագծով սահմանվում են, մասնավորապես, «աշակերտություն» եւ «հերթագայությամբ ուսուցում» հասկացությունները: Նույն փաթեթով ներկայացված՝ «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում առաջարկվող լրացմամբ՝ արտոնություն է սահմանվում այնտնտեսվարող սուբյեկտների համար, որոնք՝ որպես վարձու աշխատողներ իրենց աշխատանքների մեջ ներգրավում են արհեստագործական ուսումնարաններում սովորող աշկերտներին:

Բոլոր օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Ըստ Արցախի վարչապետի՝ ԼՂՀ պետբյուջեի ծախսային մասը 2016թ. լինելու է շուրջ 88 մլրդ. ՀՀ դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ ծախսերի ավելացում չի նախատեսում: «Նվազագույն աշխատավարձի եւ թոշակների բարձրացում եւս չի նախատեսվում: Ինչ վերաբերում է հաստիքների կրճատումներին, ապա պետք է հասկանալ, որ բյուջետային ծախսերն աշխատատեղեր ապահովելու համար չեն, այլ՝ պետության առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար: Բյուջեի գլխավոր ուղղվածությունը տնտեսության զարգացումը խթանելն է լինելու, հայտարարել է կառավարության ղեկավարը: Դրա միջոցով նոր աշխատատեղեր են ստեղծվելու հանրապետությունում, եւ հնարավոր է լինելու կրճատված պետաշխատողներին աշխատանքով ապահովել:

Կառավարությունը հաստատել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը‘ զուգահեռաբար ուժը կորցրած ճանաչելով վերոհիշյալ ոլորտը կարգավորող կառավարության նախկին որոշումներից մեկը, որն ընդունվել էր 2015թ. հունիսի 30-ին՝ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված:

Գործադիր մարմնի կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել կառավարության նախկին մի շարք որոշումներում: Մասնավորապես՝ հաստատվել է «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման եւ կիրառման նոր կարգը, եւ հաստատվել նույն հոդվածով նախատեսված ներդրումները գնահատող եւ արտոնություն տրամադրող հանձնաժողովի նոր կազմը: Ընդունվել է «Արցախս» եւ «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ները միացման ձեւով վերակազմակերպելու մասին որոշում՝ միավորելով դրանց գործառույթները, խնդիրները, կառավարման մարմինները՝ դրանով իսկ տնտեսելով ֆինանսական միջոցներ եւ բարձրացնելով կառույցի կառավարման արդյունավետությունը: Փոփոխություններ են կատարվել այդ ոլորտներին առնչվող որոշումներում: Գործադիր մարմնի որոշմամբ՝ հաստատվել է 2015թ. բերքի տակ կատարվելիք աշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռքբերվելիք դիզելային վառելանյութի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը, որի համաձայն՝ անփոփոխ են մնացել նախորդ տարվա սուբսիդավորման կարգի պայմանները:

Նիստում սահմանվել են թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ու դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները, հաստատվել դրանց տեղափոխման ձեւաթուղթը եւ հաշվետվության ձեւը:

Բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության եւ սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով՝ գործադիրի որոշմամբ հանրապետությունում ներդրվում է նոր՝ ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը: Այն հնարավորություն է տալու ընտանիքը, սոցիալական ռիսկերի տեսանկյունից, դիտարկել որպես սոցիալական պաշտպանության օբյեկտ եւ սոցիալական ու հարակից այլ ոլորտներում քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման ընթացքում օգտագործել դրա ունեցած արդյունքները: Համակարգի խնդիրներն են ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների հիմնավորվածության ապահովումը եւ դրանց գնահատման գործոնների ազդեցության չափի որոշումը:

Նիստում հաստատվել է նաեւ ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգում ընդգրկվելու կարգը: Վարչապետն, անդրադառնալով նոր համակարգին, մասնավորապես, նշել է. «Գաղափարը ողջունելի է, այն մեզ հնարավորություն է տալու ճշգրտորեն որոշել ընտանիքների կարիքավորության աստիճանը եւ, համակարգի արդյունքների վրա հենվելով, մշակել ու առավել արդյունավետ իրականացնել սոցիալական ծրագրերը»:

Կառավարության որոշմամբ՝ բարձրացվելու են զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին վճարվող պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը:

Արցախի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաեւ մարտական հերթապահության եւ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում առաջարկվում է վճարել 2,000,000 ՀՀ դրամ՝ 910.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում վճարել 1,000,000 ՀՀ դրամ՝ այսօրվա 455,000 ՀՀ դրամի փոխարեն: Միաժամանակ վերանայվել են 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամ՝ զինծառայողներին վճարվող գումարների չափերը:

Բարձրացվելու են գիտական ու գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին (գիտության դոկտորին եւ թեկնածուին) տրվող հավելավճարները՝ դրանով իսկ խթանելով գիտաշխատողների աշխատանքը:

Ըստ որոշման՝ ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող աշխատողներին հավելավճար է հատկացվելու միայն մեկ ծրագրից՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համապատասխան վարձատրություն ստանալու դեպքում:

Կառավարությունը փոփոխություն է մտցրել գործադիրի՝ 2007թ. հոկտեմբերի 23-ի «ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը եւ աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 440 որոշման մեջ, որով՝ Պետության եւ կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորող լիազոր մարմին է ճանաչվել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Ջրային համակարգերի շահագործման, անվտանգ եւ անխափան օգտագործման ու պահպանման վերահսկողության իրականացման, ջրային համակարգերի արդյունավետ կառավարման նպատակահարմարությամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ՝ «Մարտակերտի ջրային տնտեսություն» ընկերությունը միացվել է «Ջրային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը: Հաստատել է նաեւ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների առավելագույն սահմանաքանակները:

Այդ որոշմամբ հանձնարարվել է պետական մարմիններին ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման եւ գրանցման փոփոխության հետ կապված գործողությունները կատարել բացառապես որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան: Արցախի վարչապետը նշել է, որ արդեն շուրջ 30 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել, իսկ 2-րդ փուլում նախատեսվում է եւս 80-ը կրճատել:

Անի Մարության եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.