Կաշառակերության դեմ պայքարող կաշառակերները – ԵԽԽՎ եվրակաշառակերները չեն կշտանում Բաքվի նավթադոլարներից – ԵԱՀԿ ՄԽ-ն զարմացած է… Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու – Արցախը փակ է ծախու եվրալամուկների առջեւ…

Կաշառակերության դեմ պայքարող կաշառակերները

Զարմանալի կլիներ, եթե «Ադրբեջանի նավթը, գազը եւ փողերը ինչ-որ բան չանեին այս ընտրություններում»,- այսպես են արձագանքել միջազգային որոշ զլմ-ներ ադրբեջանական ընտրությունների մասին:

«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին համատարած հաղթել են իշխող Իլհամ Ալիեւի կողմնակիցները, իսկ հիմնական ընդդիմադիր գործիչները եւ միջազգային դիտորդները բոյկոտել են ընտրությունները, դրանք համարելով կեղծ»,- սա է հիմնական վերլուծականը արեւմտյան մամուլում:

Հիմնական այսպիսի բովանդակությամբ են արտահայտվել միջազգային տպագիր եւ առցանց զլմ-ները՝ քննադատելով Ադրբեջանում կայացած ընտրությունները, բայց միաժամանակ հիշեցրել են, որ Բաքուն միջազգային շուկայում Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերով նավթ եւ գազ արտահանող երկիր է:

Human Rights Watch-ի ղեկավար Քեն Ռոթը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը եւ փողերը ինչեր կարող են անել քաղաքական գործիչներին բռնությունների առջեւ կուրացնելու համար»:

Սրանք զուր խոսքեր չեն, քանզի միանգամից աշխուժացան Բաքվի նավթադոլարներից սնվող եվրախամաճիկները, եւ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» նոր զեկույց է ընդգրկվել ԵԽԽՎ հանձնաժողովի օրակարգում:

ԵԽԽՎ անգլիացի հայադավ նախագահ Ուոլթերը նորից իր զեկույցում երկկողմանի տեսակետ չներկայացնելը պատճառաբանում է այն բանով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չտվեցին, որպեսզի նա այցելի ԼՂՀ՝ այնտեղից եւս տեսակետ ունենալու համար։

Այս կաշառակեր եվրոպացին հայտնի է որպես այդպիսին, սակայն մնում է իր պաշտոնին: Ինչն էլ նրան հնարավորություն է տալիս համախմբել այլ երկրների կաշառակերներին՝ ԵԽԽՎ-ի հակահայ հարցերում:

Հ.Գ. – ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներն առաջին անգամն է, որ անթույլատրելի են համարել ԵԽԽՎ-ի նման մոտեցումը Արցախի հարցին, քանի որ պատասխանատու միակ մարմնի կարծիքը ոչ-ոք չի հարցրել վերոնշյալ զեկույցի համար…

Գերմանական Deutsche Welle-ն հիշեցնում է, որ Ադրբեջանում իշխում է Ալիեւների ընտանիքը. կրտսեր Ալիեւը նախագահությունը ժառանգել է 2003-ին՝ հոր մահվանից հետո եւ ընտանեկան կլանը շարունակում է իր հաղթարշավը:

«Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին ընտրություններց առաջ ընդդիմախոսների վրա համակարգված հարձակումների համար»,- գրել է Deutsche Welle-ն: «Առնվազն 20 մարդ բանտարկված է այս երկրում իշխանությունների քաղաքականությանը դեմ գնալու համար»,- հիշեցնում է Amnesty-ն հրապարակված հայտարարության մեջ:

Բրիտանական BBC-ն փաստում է, որ իշխող կուսակցությունը տոնում է հաղթանակը, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին, որոնք իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների գնահատմամբ անցել են լայնածավալ սահմանափակումների միջավայրում:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է դիտորդական առաքելություն կազմավորել Ադրբեջանի նոյեմբերի 1-ի ընտրությունների համար՝ հղում անելով ազատությունների աննախադեպ սահմանափակումների եւ ընդդիմության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումներին:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քվեարկությունից հետո ընտրատեղամասը լքել է առանց որեւէ հայտարարություն անելու,- հաղորդում է Reuters-ը, որն ավելի վաղ նշել էր, որ,- ԺՀՄԻԳ որոշումը դիտորդական առաքելություն չներկայացնելու մասին անընդունելի է:

Միջազգային մի շարք առաջատար զլմ-ների ներկայացուցիչներ, ներառյալ Reuters-ի լրագրողները, չեն ստացել երկիր մուտքի արտոնագիր եւ տեղում ընտրությունները լուսաբանելու հավատարմագիր: Ադրբեջանի ԱԳՆ-ն պատճառը վերագրել է որոշ «տեխնիկական խնդիրներին»:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանահովը ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում որեւէ նշանակալից ընտրախախտում չի արձանագրվել:

Ավելի վաղ ընդդիմադիր առաջատար «Մուսավաթ» կուսակցությունը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին՝ պատճառ բերելով իշխանությունների կողմից ստեղծված քարոզչության համար անհավասար պայմանները եւ բազմաթիվ խախտումները: Մուսավաթիստները կոչ էին արել ԿԸՀ-ին հանել իրենց կուսակիցներին ընտրացուցակներից, որը սակայն ԿԸՀ-ն մերժել էր: Նրանց առաջնորդ Իսա Գամբարը ասել էր Agence France-Presse-ին, որ ստեղծված միջավայրում իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակը լիովին կանխատեսելի է «համատարած ընտրախախտումների» համատեքստում:

Ընտրախախտումների եւ բռնությունների մասին ավելի համապարփակ պատկեր է ներկայացրել «Ազատություն» ռ/կ-ն:

Ի դեպ, ինչպես հայտնում է ադրբեջանական Հաքքին.ազ կայքը, ադրբեջանական նավթի գները միջազգային շուկայում շարունակում են անկում ապրել…

* * *

«Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու»,- հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի՝ ԵԽԽՎ հանձնաժողովի օրակարգում ընդգրկվելու հետ կապված։

Ինչ մնում է Ադրբեջանին վաճառված ԵԽԽՎ նախագահ Ուոլթերի հայտարարություններին, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը նշել է, որ Ստեփանակերտը պատրաստակամություն չի հայտնել այդ մարդուն ընդունելու համար, քանի որ ընդունելու դեպքում էլ ոչինչ չէր փոխվի կաշառքն ընդունած մարդու մոտ: Արցախում նրան չեն ընդունում, բայց ըստ Դավիթ Բաբայանի՝ «տարբեր մեսիջներ ուղարկելու փոխարեն պետք է ճիշտ մոտեցում դրսեւորել, Արցախում պատրաստ են քննարկել ցանկացած տարբերակ, բայց պետք է լինի ողջամիտ մոտեցում, պետք է նաեւ այդ չարաբաստիկ վերնագիրը փոխվի, որից հետո մենք պատրաստ ենք նրան ընդունել»։

Բայց այդ եվրակաշառակերը, փաստորեն, չի պատրաստվում վերանայել իր զեկույցը, ուստի՝ Երեւանն ու Արցախը պետք է միանշանակ արգելեն նրան ու նմաններին այցելել հայոց երկիրի որեւէ հատված:

Եթե հարցն ընդգրկվի ԵԽԽՎ հունվարին կայանալիք նստաշրջանի օրակարգում, ու զեկույցն ընդունվի ԵԽԽՎ նիստում, ապա դա կզայրացնի, բայց չի զարմացնի արցախցիներին: Նրանք, ըստ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի, խուճապի չեն մատնվի, սպիտակ դրոշներ չեն բարձրացնի, եւ դա որեւէ բան չի տալու, «պարզապես այդ նյութը մտնելու է արխիվ, Ադրբեջանից բացի՝ որեւէ մեկը նույնիսկ այդ նյութին չի անդրադառնալու, ու այդ զեկույցը թաղվելու է արխիվի փոշու մեջ։ Ուրիշ որեւէ ճակատագիր այդ զեկույցին չի սպասվում»:

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։