Ադրբեջանի ընտրություններն ու Արցախի խնդիրը.- Չի բացառվում բախումների վերսկսումը – քանզի արեւմտյան եւ ադրբեջանական զլմ-ները խախտումների առումով օրինական չեն համարում ընտրությունները, իսկ ռուսական, համաթուրքական ու իսրայելական զլմ-ները փառաբանում են այն…

Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները հավաստեցին այն սպասումները, որ դրանք առավելապես թատերականացված միջոցառումներ են լինելու՝ կանխատեսված ավարտով: Սա այնքան ակնհայտ էր, որ միջազգային անկաշառ դիտորդական խմբերը չէին կարող ժողովրդավարական տարրեր գտնել… եւ ավելի մեղմ հայտարարություններ անել: Միջազգային զլմ-ները եւս նշել են բազում խախտումների մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի ընտրություններին, նշենք, որ անգամ ադրբեջանական զլմ-ները չեն կարողացել լռել բացահայտ կեղծիքների մասին: «Մինվալ. ազ» կայքը, «Թուրան», «Թրենդ», «Կովկասկի ուզել» եւ այլ լրատվական գործակալությունները, «Ալիք-13 ԹիՎի» օնլայն հեռուստատեսությունը, «Ռյայ» մոնիթորինգային կենտրոնը, Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը եւն ահազանգել են ամենակոպիտ խախտումների մասին, երբ անտեսանելի թանաքով նշել են ընտրողների ոչ թե ձախ ձեռքի բութ մատը, այլ՝ աջը, բազմաթիվ լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել ընտրատեղամասեր եւ ընտրատարածքներ՝ իրենց աշխատանքը կատարելու համար, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայությունը չի սահմանափակվել, բուֆետներում թաքնված ոստիկաններ են հայտնաբերվել, որ իրենց սեւ գործն են արել, ընտրատեղամասում մի շարք նախագահներ թույլ չեն տվել դիտորդներին մոտենալ քվեատուփերին, ընտրողներին հաճախ բացահայտ մի քանի ընտրաթերթիկ են տվել, երբեմն էլ կույտերով քվեաթերթիկներ են գցվել քվեատուփի մեջ հանձնաժողովի անդամների կողմից, բարձրաձայնվել է հանրահայտ «կարուսելի» եւ այդ ընտրատեղամասում չգրանցված, սակայն քվեարկած ընտրողների մասին եւ էլի նման բաներ:

Բողոքել են նաեւ մի շարք պատգամավորի թեկնածուներ եւ կուսակցական գործիչներ: «Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ» կուսակցությունը ահազանգել է, որ իրենց դիտորդները հեռացվել են ընտրատեղամասերից եւ տարբեր կուսակցությունների անուններով կեղծ դիտորդներ են գրանցվել հանձնաժողովներում:

Ոչ մի փաստաթուղթ, որ արձանագրել է կեղծարարությունը, չի ընդունվել հանձնաժողովների կողմից. կեղծարարություն չկա:  Անգամ ֆեյսբուքյան էջերում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը հաշվի չեն առնվել: «Մուսավաթ» կուսակցությունը հրապարակել է նախապես լրացված քվեաթերթիկի լուսանկարներ, ինչը եւս «անտեսանելի» է մնացել: «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման կողմից առաջադրված թեկնածուի դիտորդների վրա հարձակումներ են եղել եւ սպառնալիքներ ոստիկանության աշխատակիցների կողմից եւ այլն:

Ըստ վերոնշյալ եւ այլ ադրբեջանական զլմ-ների՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվաքանակն ուռճացվել է:

Սակայն, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ադրբեջանում խախտումներ չեն արձանագրվել:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը շարունակելով ռուս-ադրբեջանական քաղաքական սիրավեպի ավանդույթները, նշել է, որ ընտրություններն անցկացվել են խաղաղ մթնոլորտում եւ ընտրողների մասնակցության բարձր մակարդակով:

Հետ չի մնացել մյուս բարեկամական երկրի՝ Իսրայելի դիտորդական առաքելությունը, որի անդամ Սոֆա Լանդվերը եւս հայտարարել է, որ ընտրություններն ընթացել են խաղաղ եւ առանց միջադեպերի:

«ԱՊԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելություն իրականցնող խմբի ղեկավար Սերիկժան Կանաեւը ավելի առարկայական է արտահայտվել, որ իրենք չեն հայտնաբերել ընտրական գործընթացի որեւէ խախտում: Ինչպես ասում են՝ սա սինաբանության վերջն էր:

Իլհամ Ալիեւին շողոքորթելու համար էլ ռուսական «Քաղաքացիական վերահսկողություն» հ/կ համանախագահ Ալեքսանդր Բրոդը «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին հայտնել է, որ «խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում այնքան ակտիվ չեն, որքան նախագահականը»:

Ադրբեջանի խորհրդարանի 125 տեղի համար պայքարեցին 767 պատգամավորի թեկնածու 5547 ընտրատեղամասերում:

Քվեարկել կարող էին 5,2 մլն. Ադրբեջանի քաղաքացի: Ընտրությունների ընթացքին հետեւում է 503 միջազգային դիտորդ 40 կազմակերպություններից, այդ թվում՝ ԵԽԽՎ-ից, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից, Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովից:

Խախտումների եւ ամենաթողության մասին խոսեցին արեւմտյան դիտորդներն ու լրատվամիջոցները, որոնց քանակը չափազանց քիչ էր՝ այլ տարիների համեմատ:

Հիշեցնենք, որ միջազգային կազմակերպությունները մինչ այդ էլ բավականին խիստ դիրքորոշում ունեին Ադրբեջանի 2015թ. խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սեպտեմբեր 11-ին Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Լինքը հայտարարել էր, որ, պայմանավորված Ադրբեջանին իշխանությունների կողմից սահմանափակումներով, ԺՀՄԻԳ-ը չեղյալ է համարել իր դիտորդական առաքելությունը երկրի խորհրդարանական ընտրություններում:

Նախկինում ԺՀՄԻԳ-ը տեղեկացրել էր Ադրբեջան 380 դիտորդներ ուղարկելու մտադրություն մասին:

«Ադրբեջանում ժողովրդավարությունը, ազատությունները եւ բազմակարծությունը շարունակում են բարձր պատնեշների հանդիպել: Խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել վստահության արժանի չափանիշերի»,- այսպիսի գրառում է արել ԵԽ նախագահ Մարտին Շուլցը Twitter-ի իր միկրոբլոգում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների զգուշավոր քննադատությամբ էր հանդես եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆրեդերիկա Մոգերինիի մամլո խոսնակը:

Թե ինչ ընթացք կստանա Եվրախորդարան-Ադրբեջան համագործակցությունը այս ընտրություններից հետո, դեռ չի կարելի ենթադրություններ անել՝ հաշվի առնելով եվրոպական կողմի դժգոհությունները: Երկակի ստանդարտները մեզ քաջածանոթ են:

Համենայնդեպս, Ադրբեջանը կանգնել է խիստ ընտրության առջեւ՝ զիջել Արեւմուտքին եւ շարունակել իր հակահայ քաղաքականությունը, թե՞ գնալ դեպի Ռուսաստան եւ սրել Արցախյան հակամարտությունը: Արդեն այս կարծիքը կա, որ ընտրություններից հետո Ադրբեջանը ավելի կսրի իրավիճակը:

Հայ դիրքապահների ուղղությամբ նորից արձակվել են հազարավոր կրակոցներ, որոնց քանակը այս ընթացքում նվազել էր:

Չի բացառվում, որ կսկսեն էլի հրետանի կամ հրթիռներ օգտագործել: Այս ամենը կարող է կրկնվել ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ինչին պետք է պատրաստ լինել եւ գուցե նաեւ նախահարձակ քայլերի դիմել:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։