Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

Որոշ պատմաբանների կարծիքով, Հնդկաստանի եւ անտիկ աշխարհի երկրների միջեւ հարաբերություններում կարեւոր իրադարձություն էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը Հնդկաստան, բայց պարզ չէ՝ խոսքը ո՛ր Հնդկաստանի մասին է:

Ստրաբոնը, բնութագրելով գրական աղբյուրները Հնդկաստանի մասին, որոնցից ինքը օգտվել է, խոստովանում է. «Ընթերցողները ստիպված են հանդուրժողականությամբ ընդունել տեղեկությունները այդ երկրի մասին, որովհետեւ այն գտնվում է մեզանից շատ հեռու, եւ մեր ժամանակներում քչերին է հաջողվել տեսնել այդ երկիրը: Նրանք, ովքեր տեսել են այդ երկիրը, տեսել են նրա մի մասը միայն, իսկ տեղեկությունների մեծ մասը լսածի հիման վրա է: Ավելին՝ նույնիսկ այն, ինչ հպանցիկ տեսել են արշավանքների ժամանակ, նրանք իմացել են թռուցիկ: Այդ պատճառով է, որ նրանք նույն առարկայի մասին հաղորդում են հակասական տեղեկություններ, բայց, գրի առնելիս, բոլոր փաստերը ներկայացրել են իբրեւ հանգամանալից ստուգված: Այնուամենայնիվ, այդ գրողները հաճախ հակասում են միմյանց: Ու եթե նրանք իրենց զեկույցներում այդքան տարակարծիք են իրենց տեսածների վերաբերյալ, ապա ինչ կարելի է մտածել այն տեղեկությունների մասին, որոնք լսել են ուրիշներից» (XV. 1.2):

Այստեղից կարելի է հետեւություն անել, որ հույները աղոտ պատկերացում են ունեցել ոչ միայն հեռավոր Հնդկաստանի՝ Քուշանաց թագավորության եւ թերակղզի Հնդկաստանի մասին, այլ նաեւ իրենց մոտ գտնվող Հնդկաստանի՝ Հայաստանի մասին (Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթի մասին «Լուսանցք»-ը խոսել է եւ ոչ մեկ անգամ,-խմբ.):

Հին հույների աղավաղումներին է անդրադարձել Լ. ԵլնիցկինՀին հյուսիսային երկրների գիտելիքները»), ով գրում է. «Հին հույների հոգեբանությունում սովորություն է արմատացած եղել՝ հեռավոր հին ժողովուրդների նախնիների ծագումը վերագրել սեփական հերոսական նախնիներին՝ նրանց հետագա ձուլման նպատակով: Այդպես պարսիկների, մեդացիների ծագումը կապել են Հելիոս-Արեգակի հետ, սկյութական ժողովուրդների ծագումը՝ Զեւսի կամ Հերակլեսի հետ, հայերինը՝ արգոնավորդ Արմենոս Թեսալացու:

Հույները, հարստացնելով իրենց գիտելիքները պերիֆերիայի (ծայրերկրի) մասին, նույն անվանումները տեղափոխում էին տարբեր աշխարհագրական օբյեկտների վրա (այդպես մի քանի անգամ հունական օյկումենայի (ծայրերկիր) հյուսիս-արեւելքում տեղափոխվել են Գիպանի, Տանաիս, Արաքս գետերի անվանումները, ինչը զգալի անորոշություն է առաջացնում հույներից հեռու գտնվող շրջաների նկարագրության առումով, եւ որ այդ անվանումների հետ տեղափոխվում էին ցեղերի, բնակավայրերի եւ նույնիսկ լեռնաշղթաների անվանումները»:

Կարծում ենք, որ Ինդոս եւ Գանգես անվանումները նույնպես հույներն են տեղափոխել թերակղզի Հնդկաստան, որովհետեւ սբ. Հերոնիմոսի քարտեզին վերաբերող տեքստում ասվում է, որ այդ գետերը սկիզբ են առնում Կովկասյան լեռներում (Ռ. Գալչյան, «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում»):

Մինչ բուն թեմային անցնելը՝ մի փոքր հետախուզություն կատարենք «Հնդկաստանը հնում» գրքի էջերով (Գ.Մ.Բոնգարդ-Լեւին, Գ.Ֆ.Իլյին), որտեղից կներկայացնենք մեր թեմային առնչվող տեղեկություններ:

– Վաղնջական ժամանակնրում Հնդկաստանը ընդհանուր անուն չի ունեցել: Մեզ հասած գրական աղբյուրներում (համեմատաբար ուշ ժամանակներից) հանդիպում է Բհարատտա-վարշա, բհարատների երկիր անվանումը: Հնդկական առասպելաբանությունում Հնդոստանը (Ինդոստան) երբեմն անվանել են Ջամբուդվիպա, բայց այս անվանումը լայն տարածում չի ստացել:

– Հնդկաստան բառը (Ինդիա) առաջացել է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ինդոս գետից: Ինդիա անվան տակ հասկացվում է «Ինդերի երկիր»: Այս ձեւը հույներից տարածվեց եվրոպական այլ երկրներում: Հնագույն Հնդկաստան ասվածի տակ ենթադրվում են այժմյան Հնդկաստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի տարածքները:

– Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ Հնդկաստանում բացակայել է պատմական գիտությունը: Ինչ վերաբերում է Հնդկաստանի վաղնջական պատմությանը, ապա նույնիսկ Արեւելքի գիտնականները (այդ թվում եւ՝ Հնդկաստանի) համարյա ոչ մի բան չեն իմացել, թեեւ հնդկական գիտության նվաճումները եւ գրական ստեղծագործությունները հայտնի են եղել արաբական աշխարհում:

– Որոշ ընդհանուր մասնագիտական աշխատություններում, նվիրված Հին Հնդկաստանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի փոխհարաբերություններին, հաճախ թեզիս է առաջ քաշվում ինչ-որ Հին հնդկական կայսրության մասին, որն ունեցել է իր գաղութները Հարավ-Արեւելյան Ասիայում, այսինքն՝ մշակվում է շովինիստական կոնցեպցիա «Մեծ Հնդկաստանի» մասին, որը տարածվում է մինչեւ Ճավայի (Յավա) սահմանները:

– Հնդկաստանը հնագույն ժամանակներում կապեր է ունեցել Արեւելքի եւ Արեւմուտքի քաղաքակրթությունների հետ, բայց մինչեւ մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսերը Եվրոպայում (նույնիսկ Հունաստանում, որը ավելի սերտ կապեր է ունեցել Արեւելքի երկրների հետ) Հնդկաստանի մասին համարյա ոչ մի բան չեն իմացել:

– Քուշանական կայսրության վաճառականները հաճախ հանդես էին գալիս որպես միջնորդներ Արեւելքի եւ Արեւմուտքի, Կենտրոնական Ասիայի եւ Հռոմի միջեւ: Չի բացառվում, որ հիշատակումը Հնդկաստանից Հռոմ ժամանած դեսպանների մասին (մ.թ. 99-ին, Տրայանոսի ժամանակ) այդ շփման մի դրսեւորումն է, չնայած մ.թ. 1-ին դարի հռոմեական հեղինակները Հնդկաստան ասվածի ներքո հասկանում էին այն հողերը, որոնք գտնվում էին Կարմիր ծովի ափերում, Պարսից ծովածոցում, եւ այնուհետեւ՝ Արեւելքում՝ ընդհուպ մինչեւ Չինաստան:

Անտիկ շրջանի աղբյուրները հաստատում են, որ պարսիկները չեն ներխուժել Հնդկաստան (Ստրաբոն XV. 1.6, Արրիան «Ինդիկա» V.4.IX.10): Հերոդոտոսը պատմում է, որ Քսերքսեսի արշավանքին մասնակցել է նաեւ հնդկական զորքը: Արիանոսը նույնպես նշում է, որ Գավգամելայի ճակատամարտում պարսիկների դաշնակիցներն էին հնդիկները, որոնք ապրում էին Ինդոսի արեւմտյան սահմանամերձ շրջաններում: Վերջին վերապահումը ցույց է տալիս, որ սահմանի անցկացումը Ինդոսով ունեցել է պայմանական բնույթ:

- Հետաքրքիր է, որ հին հնդկական գրականությունում չեն պահպանվել վկայություններ Մակեդոնացու արշավանքի մասին, չնայած առանձին հետազոտողներ հակված են Ալեքսանդրի հետ կապել որոշ անուղղակի տվյալներ:

Հույն հեղինակները, ովքեր համեմատաբար շատ են գրել մ.թ.ա. 4-րդ դարի Հնդկաստանի մասին, ոչ մի տեղեկություն չեն հաղորդում այդ ժամանակ գոյություն ունեցած հնդկական սատրապությունների մասին եւ Հնդկաստանում տեղավորված պարսկական կայազորի մասին: Ըստ երեւույթին, հնդիկները, որոնք կռվել են Դարեհ 3-րդի կողմից, եղել են վարձկաններ:

Հնդկաստանի մասին աշխատություններում հույն պատմաբանները հաճախ հիշատակում են անտիկ ավանդույթում մեծ համբավ վայելող սյուժեն՝ Մակեդոնացու բանավեճը հնդկական իմաստունների հետ:

Ինչեւէ, Հնդկաստանների առեղծվածին մենք անրադարձել ենքԼուսանցք», սետեմբերի 5-ից հոկտեմբերի 30-ի թողարկումներում, 2014թ.): Մեր նպատակն է՝ համադրելով վերը նշված տեղեկությունները այլ տեղեկությունների հետ՝ ցույց տալ, որ Հին Հնդկաստանի պատմությունը Հին Հայաստանի պատմությունն է, այլ ոչ թե ինդոսների:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։