Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոլիգայի խորհրդանշական հավաքականում… Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Ռեյկյավիկ… Լեւոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին… Այլազան…

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոլիգայի խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մինչ այդ՝ նոյեմբերի 5-ին, դորտմունդյան ակումբը հյուրընկալել էր ադրբեջանական «Գաբալա»-ին ու հաղթանակ տոնեց 4:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը դարձավ 2 գոլային փոխանցման եւ 1 գոլի հեղինակ:

«Հայ ֆուտբոլասերներն ինձ համար էին մարզադաշտ եկել»…

Հենրիխ Մխիթարյանն ադրբեջանական «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ փուլի հանդիպման ավարտից հետո պատասխանել է զլմ-ների ներկայացուցիչների հարցերին: «Մինչեւ առաջին գոլը դժվար էր, սակայն դրանից հետո դատարկություն զգացինք մրցակցի պաշտպանությունում: Եվ սկսեցինք ավելի շատ գրոհել: Երկրորդ գոլից հետո արդեն հեշտ էր: Մեր թիմը լավ խաղաց, եւ ես շնորհավորում եմ հաղթանակի առթիվ: «Գաբալա»-ն լավ թիմ է: Գլխավոր մարզչի հետ ծանոթ եմ, Գայի հետ միասին խաղացել ենք: Գիտեմ նաեւ Զենեւին, Բեզոտոստնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Հաջողություններ եմ մաղթում այդ ակումբին: Ինչ վերաբերում է Բաքու իմ այցին, ես ուզում էի գնալ: Սակայն անվտանգության հարցի պատճառով որոշվեց, որ պետք է մնամ Դորտմունդում»,- հայտարարել է հայ ֆուտբոլիստը:

Լրագրողները նրան ասել են, որ իրենից առաջ հայ շատ մարզիկներ են ժամանել Բաքու ու խնդիրներ չեն ունեցել: «Ինձանից առաջ եկել են ըմբիշներն ու շախմատիստները, սակայն ֆուտբոլն այլ գործ է: Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե ժամանեի Բաքու»,- նշել է Հենրիխը, ով խոսել է նաեւ հայ ֆուտբոլասերների աջակցության մասին, ովքեր մարզադաշտ էին ժամանել հայկական դրոշներով: «Այստեղ իմ հայրենակիցները շատ են, ովքեր հաճախում են մարզադաշտ՝ հետեւելու «Բորուսիա»-ի խաղերին: Չի կարելի մտածել, որ դա կապված է ադրբեջանական ակումբի դեմ խաղի հետ: Ֆանատները եկել էին ինձ համար, այլ ոչ թե այն բանի, որ գործեն ընդդեմ ադրբեջանական թիմի: Ինչ վերաբերում է իմ գոլին, խաղից առաջ ասել էի, որ սա ինձ համար յուրահատուկ խաղ չէ: Բայց գոլն ինձ դուր եկավ: Այստեղ ինչ-որ հատուկ սկզբունքայնություն չկա»,- շեշտել է հայ ֆուտբոլիստը:

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը սթրեսի մեջ է

«Բլատտերի առողջական վիճակը փոքր-ինչ վատացել է: Նա 10-օրյա վերականգնման փուլ կանցնի»,- հայտարարել է շվեյցարացու խորհրդական Կլաուս Ստալկերը: Շվեյցարիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ Բլատտերը պառկած չէ հիվանդանոցում, ուղղակի մի քանի օր կանցկացնի տանը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահը մեղադրվում է կաշառակերության մեջ: Գործը հետաքննման փուլում է:

Բեկենբաուերին մեղադրում են Ուորներին գնելու մեջ

Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ ու պաշտոնյա Ֆրանց Բեկենբաուերին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Հիշեցնենք՝ տեղեկատվություն է տարածվել, որ գերմանացիները ստվերային հատուկ հիմնադրամ են ստեղծել, որի միջոցով գնել են մրցութային հանձնաժողովի ձայները: Կապված դրա հետ՝ հրաժարական է տվել Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբախը:

ԳՖՄ-ի նախագահի պաշտոնակատար Ռայներ Կոխն ամեն ինչում մեղադրել է Ֆրանց Բեկենբաուերին, ով զբաղվել է աշխարհի առաջնության անցկացման համար Գերմանիայի ներկայացրած հայտով: Նա բացատրություն է պահանջել Բեկենբաուերից, ինչպես նաեւ հաստատել, որ նա պայմանագիր է ստորագրել ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորների հետ եւ նրան տարբեր ծառայություններ է խոստացել, եթե Գերմանիայի հայտը հաղթի մրցույթում: Կայզեր Ֆրանցը վերջերս խոստովանել է, որ մասնակցել է այդ հիմնադրամի գործունեությանը: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն արդեն ցմահ որակազրկել է Ջեկ Ուորներին:

ՖԱՖ-ը պատասխանեց ՀՖՖ նախագահին

«Հայաստանի առաջին ճակատ» (ՖԱՖ) ֆան շարժման ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարությանը եւ պատասխան են տվել: «Մոտ մեկ ամիս առաջ, ներկայացնելով պահանջներ՝ ուղղված ՀՖՖ-ին, մենք առաջարկեցինք ելքի ճանապարհ՝ հավաքականում խաթարված մթնոլորտի եւ անփառունակ խաղերի շարանը հաղթահարելու համար, ակնկալում էինք պահանջների քննարկում, առարկայական գործողություններ, ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի որոնում: Մրցաշրջանի վերջին խաղից անցել է շուրջ մեկ ամիս: Չկար արձագանք ՀՖՖ-ից՝ կապված խայտառակ մրցաշրջանի հետ, չկային վերլուծություններ եւ ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի առաջարկներ: Երթի մասին մեր տարածած հայտարարությունից հետո խորը քուն մտած ֆեդերացիան ի վերջո արձագանքեց, իսկ արձագանքը մեղադրական ճառեր ՖԱՖ-ի հասցեին հնչեցնելն էր»:

ՖԱՖ-ը հիշեցրել է, որ իրենց գործողությունների գնահատողը պետք է լինեն միայն հայկական ֆուտբոլի երկրպագուն եւ Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստները: Չցանկանալով անդրադառնալ ուղղված սին մեղադրանքներին եւ իրենց «խմբակի» «արկածներին» հայկական ֆուտբոլում, ՖԱՖ-ը ուղղակի նշել է, որ վերջին 4 տարվա մեջ «ՖԱՖ տուրիստական շարժման» շնորհիվ, չնայած Հայաստանի վիզային եւ սոցիալական ծանր կացությանը, ստեղծվեց Երեւանից Եվրոպայի ցանկացած կետ հավաքականի կողքին խմբով լինելու, 90 րոպե աջակցելու մշակույթը, եւ ՖԱՖ-ի հետ մեկնելով արտերկիր՝ հայ երկրպագուն մոբիլիզացվեց նաեւ արտագնա խաղերի ժամանակ:

Վերջին մի քանի տարվա մեջ հավաքականի արտագնա խաղերին ՖԱՖ-ի կազմակերպած ուղեւորությունների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 1000-ից ավել երկրպագու: «Եղել են դեպքեր, երբ ՀՖՖ-ն հրաժարվել է հյուրերի սեկցիայի տոմսերից եւ մենք, ավելորդ բարդություններ կրելով, տոմսեր ձեռք ենք բերել մրցակից հավաքականի ֆեդերացիաների հետ խրթին բանակցություններ վարելով: Վերջին 2 ուղեւորություններին երկրպագուների քիչ թվաքանակի հետևանքով՝ ՖԱՖ-ի բյուջեն կրել է 3000 եվրոյից ավելի կորուստ, որը կոմպենսացրել ենք մեր ուժերով, մեր նվիրյալ անդամների հանգանակությունների շնորհիվ, ի՞նչ տուրիստական գործունեության մասին է այս դեպքում ակնարկում մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր պաշտոնյան:

Ներկայացված երեք պահանջները ՖԱՖ-ի քմահաճույքը չէին, ՖԱՖ-ը եղել է ու կա անկախ կառույց, ՖԱՖ-ը երբեք քաղաքական խաղերին չի մասնակցել ու միշտ իրացրել է իր քաղաքացիական պարտքը՝ եղել է մարզադաշտում հավաքականի եւ սոցիալական պահանջների դեպքում ժողովրդի կողքին»:

Հետագայում եթե նույնիսկ խոչընդոտվի հավաքականի խաղերի ժամանակ իրենց սեկցիայի տոմսեր ձեռք բերելու գործընթացը եւ մուտքը մարզադաշտ, ՖԱՖ-ը մնալու է իր սկզբունքներին հավատարիմ, իրականացնելու է իր երթը եւ պահանջելու է բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, նաեւ տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում եւ ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում է պահանջվեկու: «Դժվար թե ողջ աշխարհի «հարյուր հազարավոր» հայ երկրպագուները չհամաձայնվեն մեր պահանջների հետ»,- եզրափակել է իր հայտարարությունը ՖԱՖ-ը՝ հայտնելով «Անսպառ Հավատ, Անմնացորդ Նվիրում»…

Ֆուտբոլային խաղում պաշտոնյաները հաղթեցին ուսանողներին

Պաշտոնյաների եւ ուսանողների միջեւ նոյեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 9:0 հաշվով։ Հաղթանակ է տարել պաշտոնյաների թիմը, որի կազմում խաղում էին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) եւ այլք։ Երիտասարդների թիմում ընդգրկված էին ուսանողական կառույցների ղեկավարներ։

Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպվել էր Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության կողմից։ Այն ավանդական բնույթ է կրում, անցկացվում է արդեն 3-րդ տարին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ով խաղի ընթացքում դարձավ դուբլի հեղինակ, նշեց, որ միջոցառման նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է։ Պարոն Ավագյանն ընդգծեց, որ այս ծրագրի միջոցով փորձում են խրախուսել սպորտով զբաղվելը. «Ուսանողությունը, երիտասարդությունը երբեք չպետք է կտրվի սպորտից։ Սովորելուն, աշխատելուն զուգահեռ անպայման պետք է ժամանակ գտնեն որեւէ մարզաձեւով պարապելու։ Երիտասարդների մոտ պետք է սերմանվի ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու մշակույթ, այն դարձվի հնարավորինս մասսայական, ինչը նաև առողջ հասարակություն ունենալու գրավականն է»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որ խաղի ընթացքում 4 գնդակ ուղարկեց հակառակորդ թիմի դարպասը՝ դառնալով պոկերի հեղինակ, նշեց, որ իրականում կարեւորը նման հանդիպումներով առողջ ապրելակերպ քարոզելն է։ ԱԺ փոխխոսնակը նկատում է, որ իրենք շատ լավ գիտեին հակառակորդ թիմի ուժեղ եւ թույլ կողմերը և խաղը կառուցել էին՝ դրանք հաշվի առնելով։ Նա, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է, ասաց, որ ինքը երկրպագում է մտավորական, մտածող ֆուտբոլիստների։ Ֆուտբոլային աստղերից նա առանձնացնում է Միշել Պլատինիին, Դիեգո Մարադոնային, Զինեդին Զիդանին, Լիոնել Մեսիին… Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը նշեց, որ թեեւ նախապես պարապել, պատրաստվել էին խաղին, սակայն պարտություն կրեցին. հավանաբար թերագնահատել էին իրենց ավագ ընկերների ուժերը։

Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Ռեյկյավիկ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները համապատասխանաբար Արշակ Պետրոսյանի եւ Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ մեկնել են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ նոյեմբերի 12-22-ը կանցկացվի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը: Հայաստանի կանանց հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով. Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Սուսաննա Գաբոյան:

Առաջնության բացման արարողությունը կայացել է նոյեմբերի 13-ին, որից հետո մեկնարկել է 1-ին փուլը: Մասնակից հավաքականները կանցկացնեն 9-ական փուլ: Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 36, իսկ կանանց՝ 30 թիմ: Ի դեպ, նախնական վարկանիշներով Հայաստանի հավաքականները զբաղեցնում են նույն 6-րդ տեղերը: Նշենք, որ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11-րդ անգամ է մասնակցում Եվրոպայի թիմային առաջնությանը: Մինչ այս մեր շախմատիստները 1 անգամ հաղթող են ճանաչվել (1999թ., Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Աշոտ Անաստասյան, Լեւոն Արոնյան, Արշակ Պետրոսյան), 1-ական անգամ դարձել են արծաթե (2007թ.) եւ բրոնզե մեդալակիր (1997թ.):

Լեւոն Արոնյանը կմասնակցի հավակնորդների մրցաշարին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մյուս տարի կմասնակցի շախմատի հավակնորդների մրցաշարին: Ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել մրցաշարի կազմակերպմանն առնչվող հարցեր: Հավակնորդների մրցաշարը կայանալու է Մոսկվայում, այն հովանավորելու է «Տաշիր» ընկերությունը, որը պատկանում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին:

ՖԻԴԵ-ն իր կողմից որպես հավակնորդ առաջարկել է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանին: Նրանից բացի մրցաշարին կմասնակցեն նաեւ 7 շախմատիստներ՝ Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ Ռուսաստան), Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Անիշ Գիրիին (Հոլանդիա) եւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Մրցաշարի հաղթողը 2016թ. աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ կվիճարկի շախմատի հերթական թագը:

Անիշ Գիրիին դուր չի եկել Լեւոն Արոնյանի թեկնածությունը

«Ռուսաստանում ասում են՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում: Այդ իսկ պատճառով Մոսկվայի եւ Լեւոնի ընտրությունը բացահայտ է, երբ գործին միջամտում է Ռուսաստանի մայրաքաղաքի հայազգի հովանավորը: Լեւոնից բացի կային մի քանի այլ թեկնածուներ, օրինակ՝ Կրամնիկը, Գրիշչուկը, Դին Լիժանը, Սոն, որոնք նույնպես արժանի էին աջակցության» – շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի տեղի որոշման հետ կապված մեկնաբանել է հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին:

Մրցավայրի ընտրությունը դուր չի եկել նաեւ ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրային: Իսկ ահա բուլղարացի Վեսելին Թոփալովն ընդհանրապես դժգոհ է մրցաշարը Մոսկվայում անցկացնելու գաղափարից: «Մրցաշարը ընդունելու ցանկություն էր հայտնել Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը, սակայն այն անհասկանալի պատճառով չընդունվեց: Իսկ այն մեծապես կնպաստեր շախմատի տարածմանը Աֆրիկայում»,- ասել է աշխարհի նախկին չեմպիոնը, որը հնարավոր է հրաժարվի մեկնել Մոսկվա:

Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կայանալու է 2016թ. մարտի 10-30-ը, Մոսկվայում, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Հայկ Մարտիրոսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունաստանում ավարտված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից մեդալ նվաճեց միայն Հայկ Մ. Մարտիրոսյանը: Մինչեւ 16 տարեկան շախմատիստների մրցաշարում նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայկ Մ. Մարտիրոսյանը գրավեց մրցանակային 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի:

Մեր մնացած 26 պատվիրակներից համեմատաբար հաջող հանդես եկավ 14-ամյա Արամ Հակոբյանը, որն իր տարիքային խմբում զբաղեցրեց 11-րդ տեղը: Նրա հասակակից Շանթ Սարգսյանն ու 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը մրցաշան ավարտեցին 14-րդ հորիզոնականում: Մեդալների թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղերեց Հնդկաստանը՝ 11 մեդալ: Հայաստանը բրոնզե 1 մեդալով գրավեց վերջին, 17-րդ հորիզոնականը:

Կանանց Մ-18 հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2016թ. ամռանը հանդես կգա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Առաջնության մասնակիցների ցանկը եւ անցկացման վայրը հայտնի կդառնա 2016-ի հունվարի 22-ին:

Հավելենք, որ Հայաստանի կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2015թ. հուլիսին մասնակցել էր Անդորայում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը եւ արժանացել էր արծաթե մեդալի:

15 սուսերամարտիկով մեկնեցին Վրաստան

Հայաստանի սուսերամարտի երիտասարդական թիմը նոյեմբերի 12-15-ը մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն 4-5 պետությունների ներկայացուցիչներ: Հայաստանի երիտասարդական ընտրանին կներկայանա 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր եւ խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր): Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի թիմերը:

Սինխրոն լողի առաջնության հաղթողները

2015թ. նոյեմբերի 6-8-ը Երեւանի «Ակվալենդ» մարզա-առողջարանային համալիրի լողավազանում անցկացվել է սինխրոն լողի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 20 մարզուհիներ:

Զուգալող ծրագրում հաղթել է Սրբուհի Մարտոյան-Մերի Մարտոյան զույգը, 2-րդ տեղն է գրավել Միլենա Արսենյան-Սուսաննա Աֆյան զույգը, իսկ 3-րդ տեղը՝ Մերի Գաբրիելյան-Մարիամ Անդրեասյան զույգը:

Մենալող ծրագրում չեմպիոնուհու կոչումը նվաճել է Մերի Մարտոյանը, 2-րդ հորիզոնականում Միլենա Արսենյանն է, իսկ 3-ում՝ Սուսաննա Աֆյանը:

Բոլոր մրցանակակիրների անձնական մարզիչն է ՀՀ սինխրոն լողի հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։