Գյուղատնտեսություն եւ տնտեսություն Հարստություն, որից չենք օգտվում – Բանն այն է, որ թռչնաղբը օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբին… Այս սարքը կարելի է չգնել եւ պատրատսել մեզ մոտ…

Քիմիական պարարտանյութով սնված բույսը շատ կամ քիչ չափով վնաս է մարդու օրգանիզմին: Դեռ չի տրված այս կամ այն բույսին հավելվող քիմիական պարարտանյութի այն քանակը, որը բույսին սնելով, չի վնասի մարդուն ընդհանրապես: Ասել կուզի՝ բույսը պետք է սնել օրգանական պարարտանյութերով, որը մի կողմից կապահովի բույսի բնական աճն ու բերքատվությունը եւ մյուս կողմից՝ անվնաս կլինի մարդու օրգանիզմի համար:

Այդպիսի օրգանական պարարտանյութերի շարքին է պատկանում մեր երկրում հազարավոր տոննաների հասնող թռչնաղբը: Դեռ հնագույն ժամանակներում հայ հողագործը հողի բերրիությունն ավելացնելու, մշակովի բույսերից ավելի շատ բերք ստանալու համար օգտագործել է իր հավերի, բադերի, սագերի, հնդկահավերի աղբը: Բանն այն է, որ թռչնաղբը օգտակար նյութերի պարունակությամբ գերազանցում է գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբին:

Մեր հանրապետությունում զարգացած են արդյունաբերական հիմունքներով գործող թռչնաբուծական ֆաբրիկաները: Յուրաքանչյուր նման ֆաբրիկայում տարեկան գոյանում է հազարավոր տոննա թռչնաղբ: Սակայն, դրա արդյունավետ օգտագործման ժամանակակից արդյունավետ եղանակները մեր հանրապետությունում չեն կիրառվում: Ինչի հետեւանքով այդքան թանկարժեք օրգանական պարարտանյութը փչանում է կամ օգտագործվում է դրա մի չնչին մասը միայն, այն էլ այն վիճակով, ինչպիսին ստացվում է թռչունիցՄինչդեռ այդպիսի թռչնաղբի գործածումը վնաս է բնակչությանը, քանզի պարունակում է տարբեր հիվանդաբեր մանրէներ: Բացի դա՝ ունի տհաճ հոտ եւ լի է բազմաթիվ մոլախոտերի սերմերով: Չհաշված, որ տեղափոխումն ու դաշտում այն օգտագործելը եւս դժվարությունների հետ է կապված:

Թռչնաղբը պարունակում է 6% կալցիում, 7% ֆոսֆոր, 3% ազոտ: Մագնեզիում քիմիական տարրի պարունակությունը թռչնաղբում 5 անգամ ավելի է, քան` ձիերի եւ խոզերի աղբում:

Թռչնաղբը գյուղատնտեսական մյուս կենդանիների աղբի համեմատ պարունակում է նաեւ մի քանի անգամ ավելի օրգանական տարբեր նյութեր: Այսպես, վանդակներում եւ խորը, երկար ժամանակ չփոխվող ցամքարի վրա խնամվող հավերի աղբը պարունակում է, համապատասխանաբար, 33 եւ 25 տոկոս հում պրոտեին, 13 եւ 20 տոկոս հում թաղանթանյութ, 4 եւ 12 տոկս ճարպ, 14 եւ 16 տոկոս մոխիր:

Թռչնաղբի այս օգտակար առավելություններն օգտագործելու նպատակով անհրաժեշտ է այն չորացնել, որպեսզի ոչնչանան հիվանդաբեր տարբեր մանրէներ, բազմաթիվ մոլախոտերի սերմեր, վերանա հտաճ հոտը: Աշխարհի խոշոր թռչնաբուծական տնտեսությունները թռչնաղբը, որպես օրգանական պարարտանյութ, օգտագործում են միայն չորացված, աղացված ալրային վիճակով: Բարձր ջերմաստիճանում չորացված, աղացված թռչնաղբի մեկ տոննան պարունակում է 15-20% խոնավություն, ստացվում է 450-500 կգ չոր զանգված: Խոնավ թռչնաղբի մեկ տոննան չորացնելիս պարունակում է 47-60 կգ ազոտ, 25-30 կգ ֆոսֆոր, 11-12 կգ կալիում:

Չոր թռչնաղբ ստանալու համար պատրաստվում է շատ պարզ սարք: Այն մեծ տարողությամբ ցիլինդր է հիշեցնում՝ ներսում՝ երկու շերտ: Վերնամասը լայն է եւ ընդարձակ, աստիճանաբար այդ ցիլինդրը ներքեւում նեղանում է: Հեղուկ վառելիքի կամ բնական գազայրոցի բոցը ներքեւից տրվում է ներսի երկար խուցին, որի դրսի պատին պտույտ գործելով իջնում է խոնավ թռչնաղբը: Թափվում է ներքեւի դռնակից: Այստեղ տեղադրված սարքը (ասենք՝ կանաչ խոտ մանրացնող եւ այլն) չոր թռչնաղբը մանրացնում, դարձնում է ալյուր եւ լցնում պարկերը: Այն կարելի է լցնել անգամ փոքր տարաների մեջ՝ քաղաքային բնակչության համար՝ տնային պայմաններում ծաղիկներ եւ բույսեր աճեցնելու համար:

Այս ամենից զատ՝ չոր թռչնաղբի ստացումն ու օգտագործումը զգալի եկամուտ կբերի տնտեսությանը: Նաեւ՝ կթեթեւացնի գյուղացու հոգսերը, բնակչությունը կստանա օրգանապես մաքուր գյուղատնտեսական մթերք: Ռուսաստանում էլ են այս փորձը կիրառում:

Թռչնաղբի չորացման սարքը կարող է լինել նաեւ անիվների վրա, որպեսզի տեղափովի թռչնանոցից թռչնանոց:

Ի դեպ, մեր ձեռներեցներին գաղափար եմ տալիս, մանավանդ, որ այս սարքը կարելի է չգնել եւ արտադրել կամ պատրատսել հենց մեզ մոտ: Մնում է շահագրգիռ կողմերի նախաձեռնությունը: Բայց սա մի ձեռնարկ կլինի, որից կշահեն բոլորը՝ դաշտն ու դաշտի տերերը, թռչնաբուծական ֆաբրիկաներն ու սպառողը եւ վերջապես, բնությունը:

Սերգեյ Ավագյան, կենսաբան

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։