Արեւապաշտությունը բնապաշտություն է, վերկրոնակա՛ն երեւույթ – առաքելական եկեղեցու քահանան եզդիների հավատը խառնում է սատանայապաշտության հետ… Հայ արիները արեւապաշտությունը լուսավոր հավատ են ընկալում… Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին յոգան աղանդ է համարում…

Նոյեմբերի սկզբին տեղեկություն տարածվեց, թե Եսայի քահանա Արթենյանը, ով հոգեւորական է, վիրավորել է եզդիներին: Եզդիները բողոքել են, որ հայ հոգեւորականը, ով հաստատ իր կրթության ընթացքում ուսումնասիրել է նաեւ այլ կրոններ ու հավատներ, պետք է իմանար, որ եզդիները արեւապաշտ չեն, արեւը աստծո խորհրդանիշն է եզդիական կրոնում: Եզդի համայնքի ներկայացուցիչները համեմատության համար նշել են, թե արդյո՞ք այդ մտածելակերպով կարելի է ասել՝ քրիստոնյաները խաչապաշտ են, մուսուլմանները՝ լուսնապաշտ եւ այլն:

Եկեղեցական հոգեւորականը նաեւ ասել է, թե՝ «եզդիական սրբավայր մտնելիս տեսնում ենք սատանայի արձանը»: Եթե խոսքը՝ «Տաուսե Մալաքի» կերպարը խորհրդանշող սիրամարգ-հրեշտակի խորհրդանիշի մասին է, ապա դա անհասկանալի է եզդիների համար: Նրանք անգամ նշել են, որ այդ խորհրդանշանը սատանա են համարել միայն «Իսլամական պետության» ահաբեկիչները, որի պատճառով էլ սպանում են հարյուրավոր եզդիների:

Եզդի ներկայացուցիչների կարծիքով՝ այս քահանան աստվածաբանությունից տարրական պատկերացում չունի, չգիտի, որ եզդիական կրոնում սատանա գոյություն չունի, քանզի իրենք գտնում են, որ եւ՛ լավը, եւ՛ վատը հենց մարդու մեջ է, ու հենց մարդն է ընտրում՝ որ ճանապարհով գնալ, բարի լինել, թե չար… Եվ քահանային խորհուրդ են տալիս, մեղմ ասած, ոչ գիտակ լինելով, չզբաղվել եզդիների հետ կապված հարցերով: Անգամ զարմացած են, որ Աստվածաշնչի համաձայն հանդուրժող չգտնվելով՝ քահանան մեղք է գործել… Պարզապես պետք է ընդունի իր սխալը եւ ներողություն խնդրի եզդի ժողովրդից՝ նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար: Նման կարծիք է հայտնել նաեւ «Միջէթնիկ եւ միջմշակութային համագործակցությունների կենտրոն» հ/կ նախագահ Սաշիկ Սուլթանյանը:  Իսկ «Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Եսայի քահանայի հայտարարություններին: Նա գրել է, որ քահանան դա ասել է եզդի տղայի ու հայ աղջկա ամուսնության հնարավորությանն անդրադառնալիս: «Եզդին արեւապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արեւն է: Աղոթում են արեւին՝ որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից եւ, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում («Լուսանցք»-ը միշտ իրական անունն է նշում՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցի, որ նշանակում է դրսից Հայաստան այցելած), դառնում եկեղեցու անդամ»:

«Սա ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլեւ խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ: Ուստի դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին, որպեսզի կարգի հրավիրի իր հայրապետության ներքո գտնվող հոգեւորականին, որպեսզի այլեւս նման խտրական հայտարարություններ չլինեն: Եզդիների կրոնից անտեղյակ մեկը չի կարող խոսել մեր կրոնից: Եսայի քահանան ստվեր է նետում նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարի անվան վրա: Կոչ եմ անում նաեւ Արարատյան Հայրապետական թեմին իրենց պաշտոնական կայքից հեռացնել Եսայի քահանայի անհարիր մեկնաբանությունը»,- ասվում է Մուրազիի հայտարարությունում:

Այն՝ ինչ ասվում է ի պաշտպանություն եզդիների կրոնի ու պաշտամունքների համար, ճիշտ է եւ հասկանալի է վրդովմունքը: Բայց մի բան հստակ է, որ եթե եզդիներն իրենց կրոնում ունեն առանձնահատկություններ, որոնց համար այսօր վրդովվել են իրավացիորեն, ապա Հայաստանյայց առաքելական եկեղեցին էլ իր առանձնահատկությունները ունի: Դրանցից մեկն էլ այն է, որ հայ քրիստոնյա աղջիկը պետք է ամուսնանա եկեղեցում, բայց՝ քրիստոնյա տղայի հետ: Հակառակ դեպքում նրանք կարող են ամուսնանալ, բայց՝ առա՛նց եկեղեցական կարգի: Այստեղ չկա վատաբանում, երբ քահանան ասում է, որ եզդի տղան իր կրոնից պիտի հրաժարվի եւ աղջկա հետ ամուսնանալիս դառնա քրիստոնյա հավատացյալ… Այլ դեպքում, կրկնեմ, զույգը պիտի ամուսնանա առանց եկեղեցական պսակադրության, ոչ ոք չի խանգարում: Հայ աղջիկներն այսօր ամուսնանում են տարբեր ազգի ու մաշկի գույնի տղամարդկանց հետ, նույնն էլ՝ հայ տղամարդիկ՝ այլազգի կանանց հետ…

Այս հարցով դիմեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչների հետ եւս արիադավան-հեթանոսական ծեսեր է կազմակերպել: Նա շատ կարճ պատասխանեց՝ «Այն, որ եզդին արեւապաշտ է ու իրենց Աստվածն էլ արեւն է, հրաշալի է, նշանակում է եզդի տեսակը մնացել է հարազատ իր բնապաշտական հավատին: Այն, որ եզդին աղոթում է արեւին՝ որպես լույսի, գերազանց է, նշանակում է եզդին մնացել է դեպի լույսը, դեպի ճերմակն ու ճշմարիտը գնացող տեսակ: Մենք՝ հայ արիներս, նույնպես արեւապաշտ ենք, կրակն էլ մեզ համար երկնային ԱրԷգԱկ-ի երկրային արտացոլանքն է, որ վառում ենք մեր ծեսերին… Այս դեպքում ի՞նչ սատանայապաշտության մասին է խոսքը: Ինչպե՞ս կարող է արեւապաշտը լինել սատանայապաշտ:

Իսկ մնացած՝ հայի եւ եզդու եկեղեցով պսակադրության հարցը խիստ կրոնական է, ինչը կարող է նաեւ պարտադրվել: Մենք, օրինակ, առհասարակ դեմ ենք խառնամուսնությանը, խառնարյունությանը: Հետաքրքիրն այն է, որ եզդիներն իրենք նույնպես դեմ են այլազգիների հետ ամուսնությանը, սակայն եթե մարդիկ իրար սիրում են՝ ինչ կարող ես անել, թող պարզապես ամուսնանան… ու վերջ»:

Հենց այսպես էլ ես եմ եզրափակում միտքս:

Վահագն Նանյան

Հ.Գ. – Եկեղեցին էլ ուրիշ մասնագետի կարիք ունի – «…Հայ Առաքելական Եկեղեցին յոգան աղանդ է համարում: Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները նրանք են, ովքեր Առաքելական ավանդության համապատասխան մկրտված են Առաքելական Եկեղեցում եւ ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագին՝ հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Հետեւորդ լինել նշանակում է հետեւել՝ հետեւից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետեւել մեկին եւ համարվել մյուսի հետեւորդ: Եթե դուք զբաղվում եք յոգայով, ուստի յոգայի էլ հետեւորդն եք: Մի համարեք, որ Մայր եկեղեցու հետեւորդն եք: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությունն է, Ում առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որ մեղքերի քավության միջոցով է լինում: Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետեւ խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին՝ սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը՝ հպարտությունը: Յոգայով զբաղվելով՝ դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա՛ է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14: 6); «Չեք կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. 6: 24):

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան»:

«Լուսանցք» – եկեղեցին հայ առաքելական չէ, Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական է: Իսկ այն, որ մեր եկեղեցու համար հպարտությունը ախտ է, լիովին բացատրում է, թե ինչու է քրիստոնյա մեր երկիրը այսքան ծնկաչոք ու գլխիկոր…

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։