Բաքուն պարտվում է միջազգային հարթակներում – Պեկինը աշխուժանում է Կենտրոնական Ասիայում… Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, ինչը հասկացել են Իրանում եւ Չինաստանում…

Ադրբեջանի տարածաշրջանային եւ ասիական հարցերով փորձագետ Հեթաշ Բաբեդովը տեղի մամուլում ուշագրավ դիտարկում էր արել, ինչն ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների համապատկերում դիտվեց իբրեւ դավաճանություն: Երբ Բաքուն վերջին օրերին բողոքում էր, որ Թբիլիսին ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը Վրաստանում մենաշնորհից զրկելով, դավաճանում է իրեն, Հ. Բաբեթովը գրեց. «Ադրբեջանին ոչ ոք չի դավաճանում: Պարզապես Ադրբեջանին արդեն ոչ ոք չի վստահում: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Չինաստանը «Մետաքսի ճանապարհում» նախընտրեց Հայաստանին»:

Մենք մանրամասն անդրադարձել ենք այն հարցին, թե միջազգային հարթակներում առաջ քաշվող «Մետաքսի ճանապարհի» 7-8 տարբերակներից ինչու Չինաստանը նախընտրեց այդ ճանապարհի պատմական տարբերակը: Այդ 8 տարբերակներից 5-ը ներկայացրել ենք, մնացյալը կրկնություններ են: Իսկ պատմական տարբերակը ենթադրում է այն ուղին, որն անցել է Հայաստանով եւ որում կենտրոնական դեր է խաղացել Հայաստանը: Այդ օրերին ադրբեջանական զլմ-ները գրում էին, թե՝ «Չինաստանը նախընտրեց օկուպանտ Հայաստանին», «Չինաստանը նախընտրում է իրպեսներին՝ ագրեսոր հայերին», «Չինաստանն ընտրում է թանկ ուղին, միայն թե դուրս մղի Ադրբեջանին» (իրականում Հայաստանով անցնող ուղին թանկ չէ), «Չինաստանը վախենում է պատմական Ադրբեջանից» եւն:

Հ. Բաբեթովն, իհարկե, ճշմարտությունը չէր արձանագրել եւ Չինաստանի կողմից Հայաստանին նախընտրելը վերագրել էր Ադրբեջանի անհաջող արտաքին քաղաքականությանը:

Մինչդեռ իրականությունն այլ է, եւ չինական կողմը դա չի թաքցնում:

Այլ խոսքով՝ հայտնի է, որ համաթուրքական վտանգը հեռահար տարածվում է նաեւ Չինաստանի վրա, եւ Պեկինը վաղուց ունի տեղային թյուրքական խնդիր, որը ույղուրական վտանգի տեսքով է, սակայն չինացիներին հուզում է դրա համապարփակ վտանգը եւս: Իզուր չէ, որ «Հին Մետաքսի ճանախարհ»-ն է նախընտրում Պեկինը՝ որպես «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի նախագիծ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսված չեն Չինաստանից Եվրոպա ճանապարհը սպասարկելու համար (այս մասին մասնակիորեն խոսել եմ «Հայաստանի Հանրապետություն»-ում նաեւ): Միջին Ասիայի թյուրքական երկրների քաղաքներն էլ նպատակայնորեն են ընտրված (հին Մետաքսի ճանապարհում այսօրվա պետություններն ու քաղաքները չեն եղել, պարզապես հին քարտեզային տեղանքն է պահպանվել): Հակիրճ՝ Չինաստանը նախատեսել է «Մետաքսի ճանապարհ»-ի վերականգնման գործը հեռու պահել համաթուրքական զարգացումներից: Այս իրողությունն է, որ անտեսելով թուրքական դերակատարումը, կարեւորել է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում: Եվ վերոնշյալ առաջարկվող «Մետաքսի ճանապարհ»-ը Չինաստանից հասնելով Հայաստան՝ իջնում է հարավ, Իրանի եւ արաբական երկրներ Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի միջոցով հասնում է Միջերկրական ծով ու Եվրոպա… Կամ՝ Հայաստանով անցնում է Վրաստան, ապա՝ Սեւ ծովով հասնում Եվրոպա: Երկու դեպքում էլ դուրս է թողնված ներկայիս Թուրքիայի տարածքը, իսկ մինչ այդ ներկայիս Ադրբեջանն արդեն դուրս է թողնված (տե՛ս այս թողարկման PDF տարբերակի 8-րդ էջում տպագրված քարտեզը -http://www.hayary.org/wph/wp-content/uploads/39-385.pdf):

Համաթուրանականության ճանապարհը փակելու առումով Հայաստանը լավագույն դաշնակիցն է Չինաստանի համար: Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, եւ սա հասկացել են նաեւ Պեկինում:

Ու քանի որ Ադրբեջանում նեղացել են Ռուսաստանից, որն, ըստ ալիեւյան մամուլի, «օգնում է հայ-վրացական ճակատին գործել ընդդեմ Ադրբեջանի», հիշեցնում են «վելիկոռուսական ռուսներին», որ Պեկինը «անգութ Հայաստանին» օգտագործում է թե՛ վելիկոռուսական եւ թե՛ համաթուրանական կրքերը սառեցնելու համար: Սա վերջին տարիներին առաջին դեպքն էր, որ Բաքուն բարձրաձայնեց համաթուրանական շահերի մասին (ի տարբերություն Անկարայի, որ դա մշտապես է անում):

Դատելով այն հանգամանքից, որ Չինաստանը մեծացնում է իր տնտեսական կապերը թյուրքալեզու Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի հետ, համաթուրանականության բուն վտանգը նա տեսնում է հենց Թուրքիա-Ադրբեջան դաշինքից: Բացի այդ՝ Պեկինը իրականացնում է երկրորդ կարեւորագույն քայլը. նշված թյուրքալեզու 4 երկրների համար տնտեսական անհրաժեշտ գործընկեր դառնալով՝ նա վերջիններիս կտրում է համաթուրանական դաշինքի հետ սերտ համագործակցությունից՝ նաեւ քաղաքականապես թուլացնելով այն: Բանն այն է, որ այս երկրները տուժելով նավթի գնանկումից, գոնե այս պահին հազիվ թե հրաժարվեն չինական միլիարդավոր դոլարների ներդրումներից՝ հօգուտ համաթուրանականության:

Միջազգային զլմ-ներն արդեն նկատել են Չինաստանի ներկայացվածության աճը Կենտրոնական եւ Միջին Ասիայում: Չինաստանը վերջին տասնամյակներում դարձել է այդ շրջանների տնտեսական շարժիչ ուժը: Չինաստանի առեւտրաշարջանառությունը նախկին խորհրդային 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի հետ 2000թ. կազմում էր 1,8 մլրդ. դոլար, իսկ արդեն 2013թ.՝ 50 մլրդ: Այդ երկրներից մի մասի կառավարությունները չինական ներդրումները դիտարկում են որպես տնտեսության խթանման ու քաղաքական կայունության պահպանման վերջին հնարավորություն, ինչը հանգեցնում է մերձեցման քաղաքականության: Մասնավորապես մեծացել է համագործակցությունը հանքահումքային վառելիքաէներգետիկ ոլորտներում: Ղազախստանում նավթարդյունաբերության մեջ չինական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 20-25%, որը, ուշադրություն դարձնենք, շատ քիչ չափով է զիջում պետական «Կազմունայգազ»-ին: Թուրքմենստանում Չինաստանը որպես գազի հիմնական գնորդ շրջանցել է «Գազպրոմին» (թուրքմենական գազի 61%-ը արտահանվում է Չինաստան): Վերջինս կատարվեց շնորհիվ 2009թ. շահագործման հանձնված գազատարին, որի 4-րդ խողովակաշարը այժմ կառուցման փուլում է:

Չինաստանի եւ Ղազախստանի սահմանին կառուցված «Խորգոս» տրանսպորտային լոգիստիկ կենտրոնը, դրա ղեկավարի խոսքով, դարձել է հանգուցակետ. «Այդ կետում Արեւմուտքը հանդիպում է Արեւելքի հետ»: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» կոչվող տրանսպորտային միջանցք ծրագրի մեկնարկից հետո չինական ներդրումների աշխարհագրությունը զգալիորեն մեծացել է: Եթե մինչ այդ ներդրումների հիմնական ոլորտը նավթագազային սեկտորն էր, ապա այժմ այն ներառում է նաեւ ենթակառուցվածքները, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ»,- նշել է Չինաստանի ժամանակակից միջազգային համալսարանի կենտրոնասիական ծրագրի ղեկավար Դին Սաոսին:

Այս ծավալումներն անհանգստացնում են Անկարային, քանզի քաջ գիտակցում է մեր՝ վերեւում ասվածը՝ համաթուրանական դաշինքի թուլացումը: Բայց Անկարան այս մասին լռում է՝ աղմկելու ամբողջ գործը թողնելով կրտսեր եղբոր՝ Բաքվի վրա: Վերջինս էլ սկսել է մ.թ.ա. քարտեզներում «փնտրել» Ադրբեջանի տեղը՝ Հին մետաքսի ճանապարհում խցկվելու համար: Բայց այս զառանցանքը պետական մակարդակի է հասել, քանզի մեկ տարի առաջ Կոլիզեի մոտակայքում Պոմպեի պատին Հին հռոմեական կայսրության քարե քարտեզը նայելիս մի ադրբեջանցի խմբից առաջ է անցել եւ լուրջ դեմքով հարցրել է ուղեկցորդին. «Իսկ ուր է այդ քարտեզներում Ադրբեջանը»: Հայկական մամուլում այս մասին մենք գրեցինք, քանզի խմբում նաեւ իմ ընկերներից մեկն էր եղել ու պատմել էր այդ մասին: Բայց այս մասին գրեցին նաեւ ֆրանսիական մի քանի թերթեր, ու գրողը հենց ականատեսն էր եղել:

Ինչեւէ, Պեկինի կողմից ասիական նախաձեռնությունները եւ եւ Հին մետաքսի ճանապարհի վերականգնումը (Պատմական ճանապարհի վերականգնումը,-ինչպես Գյումրիում արտահայտվել էր չինացի պաշտոնյան) այն եզակի դեպքերից է, երբ տնտեսությունն է քաղաքականություն թելադրում:

Սա նաեւ այն եզակի միջազգային նախաձեռնություններից է, երբ Հայաստանը համագործակցելով, վստահաբար, շահում է:

  1. Խոչընդոտվում է ոչ միայն համաթուրանական ծրագիրը, այլեւ մեր տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը զրկվում են ենթակառուցվածքային ծավալումներից: Համապատկերում հիշեցնենք, որ Անկարայի եւ Բաքվի բոլոր ծրագրերը միտված են եղել Հայաստանը մեկուսացնելուն («Նաբուկո»-ի ծրագրի՝ այս հատվածին առնչվող մասը մանրամասնել է «Լուսանցք»-ը):
  2. Համաթուրանականության ծրագրին զուգահեռ ընթացող (Անկարայի կողմից տարվող) համաիսլամական ծավալումները (այդ թվում՝ ԻԼԻՊ-ի) նույնպես խոչընդոտվում են, քանի որ Մերձավոր Արեւելքը վերստին կարեւորվում է ֆինանսատնտեսական առումով:
  3. Ամենակարեւորը՝ Հայաստանը դառնում է տարածաշրջանային առանցք Եվրոպա-Ասիա հարաբերություններում՝ կապելով երկու աշխարհամասերը Իրան-Հայաստան-Վրաստան նոր ձեւաչափով:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։