Ստեփանակերտի օդանավակայանը՝ հակաահաբեկչական թռիչքային գոտի – Այսօր էլ դեռ Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵՏՄ-ի հետ նվազել է… ԼՂՀ-ն պետք է ինքնալուծարվի ու վերամիավորվի Հայաստանին՝ մինչեւ նոր պատերազմի սանձազերծումը…

Արցախի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի մասին տեղեկություններ են սպրդում: Այդ գործընթացների նախաձեռնողը Մոսկվան է: Խոսքը ԼՂ-ի հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին է: Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որը թույլ կտա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը ԵՏՄ-ին անդամակցելու հարցում: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի ընթացքում, ըստ այդ տեղեկատվության, քննարկմվել է նաեւ այդ հարցը:

Եվ հետաքրքիր է, որ երեկ Մոսկվայում ասուլիս է տվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով նշել է, որ Ռուսաստանը կարող է օգտվել Ստեփանակերտի օդանավակայանի ծառայություններից՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներին հարվածելու համար: Այսպիսով՝ դիմելով Ռուսաստանին, Արցախի նախագահը նաեւ Արեւմուտքին եւ այլ շահագրգիռ կողմերի եւս հասյկացրեց, որ անկախ Արցախը միանում է հակաահաբեկչական պայքարին եւ պատրաստ է աջակցել:
Սա ասվել է այն դեպքում, երբ Ադրբեջանը անթաքույց աջակցում է ծայրահեղ իսլամականներին ահաբեկչության ծավալման հարցում: Հարյուրավոր ադրբեջանցիներ ու թուրքեր են կռվում ահաբեկիչների զինյալների հետ՝ ընդդեմ Սիրիայի եւ Իրաքի: Բաքվում հույս ունեն, որ իրենց չկայացած բանակի փոխարեն այդ ահաբեկիչները կկռվեն հայկական զինուժի դեմ, իսկ ԻԼԻՊ-ը կաջակցի:

Մոսկվան Արցախի խնդիրը դեռ մինչեւ Հայաստանի՝ ԵՏՄ ներգրավումը գործածեց, երբ Ադրբեջանի նախագահը նամակ էր գրել Ղազախստանի նախագահին Արցախի հարցով… Մաքսային միության խնդիրն էր քննարկվում այդ ժամանակ: Այսօր էլ մեր դաշնակից համարվող Մոսկվան ճանաչել է Աբխազիայի եւ հարավային Օսիայի անկախությունը, սակայն Արցախինը՝ ոչ: Անհամ Ղրիմի՝ Ռուսաստանին միավորումից հետո ռուսական կողմը որեւէ քայլ չարեց Արցախի ուղղությամբ: Ավելին՝ հայտարարեց, թե Ղրիմի հարցը ուրիշ էր, չի կարող համեմատվել արցախյան խնդրի հետ…

Եվ Հայաստանում արդեն կարծիք կա, որ Ռուսաստանը փորձում է նեղել Հայաստանին ԵՏՄ-ում, առավել եւս վերջին դեպքերից հետո, երբ հայաստանցիները հասկացրեցին, որ կարող են հրաժարվել ռուսական հովանավորչությունից, եթե…

Վերլուծաբաններ էլ կան, որ համոզված են, թե Մոսկվան ոչ թե նեղելու փորձ է անում, այլ հասկացնում է, որ կարող է Հայաստանին դուրս է մղել ԵՏՄ-ից: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն, «պետպատվերի հասանելիությունը պետք է նույնը լինի ԵԵՏՄ անդամ բոլոր երկրների համար, նույնպիսին ինչպիսին է ներազգայիննբնագավառում է»: Խոսքն այն մասին է, որ մեծ տեղ տրվի ռուսաց լեզվին, ինչը չի պահպանվում Հայաստանում եւ Ղազախստանում: Եվ ըստ ռուսական զլմ-ների, «ՌԴ տնտեսական զարգացման նախարարության՝ ԵԱՏՄ-ին հանձնած տվյալների համաձայն, այդ պահանջը բազմաթիվ գերատեսչություններ չեն բավարարում, ուստի՝ նոտա է հղվել Երեւանին ու Ասթանային: Նման մի նոտա էլ գնացել է Մինսկ՝ Բելառուսի առեւտրի նախարարություն»: Պարզվում է՝ Հայաստանն ամենաիրավախախտն է այս առումով, ինչը կարող է քաղաքական «հալածանքների» վերածվել: Գնումների ծանուցումներն ու փաստաթղթերը չեն թարգմանվում ռուսերեն, մինչդեռ ԵՏՄ պաշտոնական լեզուն ռուսերենն է…

Տնտեսական առումով եւս բարվոք չեն մեր գործերը, Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալները Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ շարունակում են նվազել: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա 9-ը ամիսների արտաքին առեւտրի ցուցանիշները, որոնք ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ արտաքին առեւտրի ոլորտում ստեղծված անմխիթար վիճակը չի շտկվում:

Այսպես, 9-ը ամիսների ընթացքում Հայաստանի առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ նվազել է 14,1%-ով: Այդ թվում՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները նվազել են 27,8%-ով , դեպի Հայաստան ներմուծման ծավալները՝ 12,9%-ով:

Մյուս երկրների մասով իրավիճակն ավելի անմխիթար է: Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 9-ը ամիսներին նվազել է 21,2%-ով , իսկ Բելառուսի հետ՝ 17,3%-ով: Դեպի Բելառուս արտահանման ծավալները նվազել են 36,7, իսկ դեպի Ղազախաստան՝ 20%-ով:

ԵՄ անդամ երկրների հետ նույնպես նվազել են Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալները, սակայն սա այլ հարթության խնդիր է, թերեւս հենց Մաքսային միության նոր օրենքներին է առնչվում, որն այս ուղղությունից տարաբնույթ ապրանքների ներկմանն ի վնաս է ծառայում… 9-ը ամիսների ընթացում նվազումը կազմել է 25,8%-ով:

Նույն ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն աճել են Իրաքի՝ 22,2%, Վրաստանի՝ 13.6%, Կանադայի՝ 18,1%, Թուրքմենստանի՝ 34,8%, Ռումինիայի՝ 19,9%, իսկ Դանիայի հետ Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալը կտրուկ աճ է արձանագրել՝ կազմելով 40,6%: Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալն այս տարվա 9-ը ամիսներին նվազել է 20%-ով:

* * *

Կառավարության 12.11.15թ. նիստից հետո լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնման հարցը:

Այս առնչությամբ Կ. Նազարյանն ասաց, թե այդ կարգի հարցերին բազմիցս անդրադարձ եղել է, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունեն ՄԽ համանախագահների առաջարկներ՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Սկզբունքների մասին առանձին խոսել, քննարկել, անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ՝ համանախագահների: Այդ հանդիպմանը առհասարակ քննարկում եղել է ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ, բայց չեմ կարծում, որ նման հարցի անդրադարձ եղել է»,- հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Նազարյանը՝ միաժամանակ հավելելով, թե ընդհանրապես Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ընթացքում չէր կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը:

Եթե սահմաններում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դեպքերը շարունակվեն, ապա հնարավո՞ր է, որ ԼՂ-ն հանրաքվե անցկացնի եւ միանա Հայաստանին: Լրագրողներից մեկի այս հարցի վերաբերյալ Կարեն Նազարյանը չցանկացավ այժմ տեսակետներ, մեկնաբանություններ հայտնել՝ խորհուրդ տալով նման հարցերով դիմել ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությանը:

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։