Նոր պատերազմը՝ Ադրբեջանի մահախոսական – Մեր կարծիքը մնում է նույնը՝ հայերը կնախընտրեն այն ուժը, որը Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ այլեւս կնկատի Հայկական Լեռնաշխարհ բնական տարածաշրջանը … կօժանդակի հայերիս՝ վերատիրելու մեր բնօրրանը…

Հայ քաղաքական ու հանրային ասպարեզներում կարծիք է ձեւավորվել, որ Մոսկվան վերջապես ըմբռնել է, որ Հայաստանը ինքնուրույն պետություն է, որ ունի իր հայամետ քաղաքականությունը, իսկ հայ հանրությունն էլ այլեւս կամակատար մի զանգված չէ եւ պատրաստ է ոտքի կանգնել: Իհարկե, կան գրպանային հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններ, կան ինչպես ռուսամետ, այնպես էլ արեւմտամետ ուղղության, բայց դրանք արդեն հայտնվել են լուսանցքում եւ հետզհետե կորցնում են հավատն իրենց նկատմամբ: Մեր պետությունն էլ միանշանակ անկախ չէ, կան իրավիճակներ, որ պաշտոնական Երեւանը գնում է զիջումների այս կամ այն գերտերությանը, բայց դա այսօր քաղաքական ընդհանրական գործելաոճ չէ: Հայկական դիվանագիտությունը վաղուց է անցել փոխլրացնող արտաքին քաղաքականության, ինչը Հայաստանին զերծ է պահում հստակ բեւեռացումներից, չնայած մեր երկիրն ընդգրկվում է այս կամ այն քաղաքական, տնտեսական ու ռազմական դաշինքների մեջ:

Հայաստանը Եվրասիամիության ու Եվրամիության անդամ է, ՀԱՊԿ-ի կազմում է եւ ՆԱՏՕ-ի գործընկերը, աշխատում է ինչպես ԱՊՀ, այնպես էլ Արեւելյան գործընկերության կառույցներում եւ այսպես շարունակ:

Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանի հետ տարածաշրջանային ծրագրեր են նախատեսում նաեւ Չինաստանը, Իրանը, վերջերս նաեւ Վրաստանը, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եղբայրության փաստաթուղթ ունի ստորագրած...

Այս եւ այլ երկրների հետ համագործակցությունը եւս փոխլրացնող ձեւաչափով է ընթանում, քանզի չի ընդդիմանում ոչ արեւմտյան, ոչ էլ ռուսական ուղղություններին:

Այս համապատկերում «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան. «Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ հասկացել է. Հայաստան պետությունն ու հասարակությունն իր գրպանի մեջ չէ, պետք է աշխատել թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ հասարակության հետ»:

Նա միաժամանակ հավելել է, թե դրական է համարում, որ վերջին շրջանում շատ են կազմակերպվում հայ-ռուսական այցեր, համաժողովներ… Մինչ այս՝ 20 տարուց ավելի է, կարծես թե Ռուսաստանը համարում էր, որ սա է ու կա, այսպես էլ մնալու է:

Այսինքն, ըստ այս գործչի, Մոսկվան այլեւս չի ընդդիմանում հայկական դիվանագիտության բազմազանությանը ու պատրաստ է Երեւանի հետ քննարկել տարբեր հարցեր՝ ոչ միայն արցախյան հիմնախնդրին վերաբերող, այլեւ տարածաշրջանային, Մերձավոր Արեւելքին վերաբերող եւն:

ՌԴ ԱԳ նախարարը եկել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով՝ աշխատանքային այցով: Երեւանում Սերգեյ Լավրովին ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:  Մինչ այս, նոյեմբերի 6-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ։ Երկուստեք գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, հատկապես կարեւորվել է 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը եւ ս.թ. մայիսին ստորագրված Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ Առեւտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ եւ խաղաղապահ գործողություններին Հայաստանի գործուն ներգրավվածության համար։ Քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ օրերս Արցախի հարցով ակտիվ էր նաեւ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԵԽԽՎ-ն մտել է մի դաշտ՝ առանց պատշաճ, գոնե հին պայմանավորվածությունները հաշվի առնելու, որը իրենք են կարգավորում, ուստի պետք է ԵԱՀԿ ՄԽ-ի հետ նախ խորհրդակցեն ու նոր միայն հանդես գան զեկույցով կամ հայտարարությամբ:

Կարծիք կա, որ Ջեյմս Ուորլիքի խոսքերը ոչ թե պետք է ընկալել, թե ինչպիսի հարաբերություններ ունեն ԵԱՀԿ ՄԽ-ն ու ԵԽԽՎ-ն, այլ հայկական կողմը պետք է մտածի, թե այս փոփոխվող իրավիճակում ինչպես պետք է հանդես գա, որ չսրի իրավիճակը: Բայց ԵԽԽՎ-ն ադրբեջանական նավթադոլարներից արբած արդեն սրել է իրավիճակը, եւ նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ Քաղաքական հարցերի ու ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի ադրբեջանամետ պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Իհարկե, այն դեռ պիտի կներկայացվի 2016թ. ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը, սակայն արդեն սրել է խնդիրը:

Շատ արագ եւ ճիշտ է արձագանքել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով նշել է, որ «ԵԽԽՎ-ն կամաց-կամաց վերածվել է Բաքվի շուկաների տաղավարի, որտեղ կարելի է առեւտուր անել, հնարավոր է գնել նման փաստաթուղթ, որը հարված է ինքնին եվրոպական արժեքներին»: Նա նշել է նաեւ, որ հենց սրանից են վրդովվում Սրցախում, քանի որ Ստեփանակերտը ժողովրդավարությունը դիտարկում է կարեւորագույն սկզբունք:

Վերջում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ այս բանաձեւը եթե անգամ ընդունվի, ապա միայն Ադրբեջանում կարող է «ուժ ստանալ», քանի որ մնացյալ աշխարհի համար այն նշանակություն չի ունենալու:

Ըստ երեւույթին Փարիզում ՀՀ ԱԳ նախարարին եւս հավաստել են, որ ԵԽԽՎ որոշումը չի կարող ազդել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի գործողությունների վրա, ինչը նշանակում է՝ Արեւմուտքի տեսակետը կմնա նույնը Արցախի խնդրի կարգավորման առումով:

Եվ ահա, Երեւան է այցելում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հայտնեց Մոսկվայի կարծիքը Արցախի խնդրի շուրջ եւ առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ:

Ռուս նախարարը հավաստեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ իրենք համատեղ ծրագրեր ունեն ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների առումով, այլեւ՝ տարածաշրջանային: Նա շեշտեց, որ իրենք Արցախի հարցում պաշտպանում են պաշտոնական Երեւանի խաղաղասիրական մոտեցումը՝ բանակցությունների միջոցով հասնել խնդրի կարգավորմանը:

Սակայն, որեւէ խոսք՝ ադրբեջանական սադրանքների եւ սահմանախախտումների մասին, նորից չլսեցինք: Եթե Արցախը չի ճանաչվել անկախ պետություն կամ Հայաստանի մաս, եւ ռուսական կողմը ՀԱՊԿ շրջանակներում չի քննարկում Արցախի պաշտպանության խնդիրը, ապա Հայաստանի հարցում ՀԱՊԿ-ն միշտ թերանում է: Դաշնակից երկրի սահմանամերձ գյուղերում խաղաղ պայմաններում մարդիկ են զոհվում ու վիրավորվում ռմբակոծումներից, իսկ ՀԱՊԿ-ն չի կանգնում հայկական զինուժի կողքին, չի սաստում Բաքվին: Հիմա ի՞նչ աջակցություն է ուզում ստանալ Մոսկվան, երբ հայտնվել է Մերձավոր Արեւելքի թնջուկի մեջ, եթե ինքը օգնելու ոչ մի լուրջ քայլ չի արել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում…

Հասկանալի է, երբ խոսքը վերաբերում է իսլամակամ ծայրահեղականության դեմ պայքարին, այստեղ Հայաստանը էլի դաշնակից է Ռուսաստանին, բայց դաշնակից է նաեւ Արեւմուտքին, Իրանին, Չինաստանին, ի վերջո՝ Սիրիային: Չէ՞ որ Հայաստանը նույնպես իսլամականների «սեւ ցուցակում» է: Բայց եթե մենք պիտի լինենք Ռուսաստանի ռազմաբազան՝ Արեւմուտքի հետ մերձավորարեւելյան դիրքային պայքարում, ապա դա այլ խնդիր է՝ պարզ ասած՝ ոչ ձեռնտու: Կովկասի տարածքում մենք այդ դասերն անցել ենք… Իսկ Հայկական լեռնաշխարհի տարածքում մենք այդ դասերից միայն խորշանք են զգում՝ հիշելով ռուս-թուրքական խաղերը…

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին հենց նման մեկնաբանություն է տալիս: Ըստ նրա՝ այս այցի օրակարգում արցախյան հակամարտությունը երկրորդական նշանակության հարց էր, եւ ռուս նախարարի այցը «պետք է ավելի լայն համատեքստում դիտարկել՝ Մերձավոր Արեւելք, սիրիական ճգնաժամ»։ Նա նաեւ նշել է, որ Մոսկվային առավել քան երբեք անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, եւ հայաստանյան այցն այդ աջակցությունը ստանալու փորձ է։

Պաշտոնական Մոսկվան ակտիվ ներգրավվել է Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմին եւ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին, ինչը թելադրված է եղել կարճաժամկետ ու երկարաժամկետ որոշ խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ: Խոսքը նախ եւ առաջ վերաբերում է կարեւոր այդ տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցին՝ Բաշար ալ-Ասադին, օգնելու եւ Սիրիայում նրա իշխանությունը փրկելու Մոսկվայի ցանկությանը, ինչպեսեւ Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը: Հասկանալի է, որ նման խնդիրները հնարավոր չէ լուծել միայն ռազմական ուժով, առավել եւս՝ օդային հարվածներով. քաղաքական որոշումներ են պետք, որոնք կյանքի կոչելու համար Ռուսաստանին առավել քան երբեք անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը: Եվ շրջագայում է Սերգեյ Լավրովը տարբեր երկրներով՝ փորձելով ստանալ նման աջակցություն: Ըստ նշյալ քաղաքագետի, «Հայաստանը ՀԱՊԿ եւ ԵՏՄ անդամ երկիր է եւ առաջիկայում նախագահելու է այդ կառույցներում, եւ Մոսկվային անհրաժեշտ է տարածաշրջանում իր ամենամտերիմ դաշնակցի աջակցությունը ստանալ ռուսական գործունեության առումով: Առանց այս խնդրի լուծման, Ռուսաստանը պարզապես չի կարող նման աջակցություն ստանալ այլ երկրներից»:

Այս տրամաբանությունը մոտ է իրականությանը եւ հնարավոր է, որ ռուսական կողմը վստահեցրել է Հայաստանի իշխանություններին, թե Մերձավոր Արեւելքում կան ընդհանուր շահեր՝ քրիստոնյա ժողովուրդների անվտանգությոանը վերաբերող, այդ թվում՝ տարածաշրջանի հայերի: Իհարկե, աշխարհաքաղաքականության տեսակետից կա այդպիսի խնդիր, բայց այդ խնդրին առնչվում են նաեւ թուրք-ադրբեջանական շահերը եւ, ինչպես վերը նշեցինք, այն հաճախ ավելի է գերադասվել մեր դաշնակից Ռուսաստանի կողմից՝ ի վնաս հայկական շահերի… Եվ այդ վտանգը կա այսօր էլ, դա մենք զգում ենք հենց հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ առնչվող հարցերում:

Ավելի հակված ենք այն կարծիքին, որ նաեւ այլ քաղաքագետներ են արտահայտել, որ Մոսկվան ցանկանում է ի դեմս ռուս-իրանական-չինական-սիրիական դաշինքի Մերձավոր Արեւելքում հակակշիռ ստեղծել ԱՄՆ գլխավորությամբ հանդես եկող արեւմտյան ու արաբական որոշ երկրների դաշինքի: Այս հարցում Արեւմուտքը նաեւ Իսրայելի աջակցությունն ունի: Այսպես՝ ռազմական գործողություններին զուգընթաց Կրեմլը նաեւ աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում՝ փորձելով հնարավորինս հիմնավորվել ու հզորանալ տարածաշրջանում:

Տեղեկություն կա նաեւ, որ Մոսկվան Երեւանին նաեւ «ատոմային պաշտպանություն» է խոստացել, սակայն գրեթե խոստումների չափաբաժինը սպառված է: Եվ հետո դեռ հարց է՝ արդյո՞ք «ատոմային պաշտպանություն»-ը չի հանգեցնի «ատոմային հարձակման»…

Այնպես՝ ինչպես եղավ Սիրիայում Ռուսաստանի ռմբակոծությունների ժամանակ, ռուսական ինքնաթիռները հատեցին Թուրքիայի սահմանը, իսկ Անկարան իր ուղղաթիռները Հայաստանի սահմանն անցկացրեց: Իսկ մեր երկրում սահմանապահ ռուսական զինուժը պատասխան չտվեց:

Մեր կարծիքը մնում է նույնը՝ այն ուժը, որը Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ այլեւս կնկատի Հայկական Լեռնաշխարհ բնական տարածաշրջանը, եւ բացի իր ռազմա-քաղաքական նպատակներից՝ կօժանդակի նաեւ հայերիս՝ վերատիրելու մեր բնօրրանը, ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ հայությունը կկանգնի այդ ուժի կողքին, ամենուր…

Իսկ մինչ այդ՝ ԵԱՀԿ ՄԽ-ն պիտի հասկանա, որ Ադրբեջանի հաջորդ պատերազմը Հայաստանի հետ կավարտվի Բաքվում, որը վերջ կդնի մի արհեստածին պետության գոյությանը մեր հայրենի հողերի վրա…

Արամ Ավետյան եւ Հայկ Թորգոմյան

* * *

Կառավարության 12.11.15թ. նիստից հետո լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի տարածքների հանձնման հարցը:

Այս առնչությամբ Կ. Նազարյանն ասաց, թե այդ կարգի հարցերին բազմիցս անդրադարձ եղել է, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունեն ՄԽ համանախագահների առաջարկներ՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Սկզբունքների մասին առանձին խոսել, քննարկել, անընդունելի է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ՝ համանախագահների: Այդ հանդիպմանը առհասարակ քննարկում եղել է ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ, բայց չեմ կարծում, որ նման հարցի անդրադարձ եղել է»,- հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Նազարյանը՝ միաժամանակ հավելելով, թե ընդհանրապես Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ընթացքում չէր կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու հանգամանքը:

Եթե սահմաններում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դեպքերը շարունակվեն, ապա հնարավո՞ր է, որ ԼՂ-ն հանրաքվե անցկացնի եւ միանա Հայաստանին: Լրագրողներից մեկի այս հարցի վերաբերյալ Կարեն Նազարյանը չցանկացավ այժմ տեսակետներ, մեկնաբանություններ հայտնել՝ խորհուրդ տալով նման հարցերով դիմել ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությանը:

«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։