Հայկական խոհանոց – Քունջութի խյուսով՝ ձկան աղցան… Աշխարհի մարզական հեւքից – թուրք ֆուտբոլասերներն անարգել են փարիզյան ահաբեկչության զոհերի հիշատակը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական – www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Քունջութի խյուսով՝ ձկան աղցան

Բաղադրությունը – Ապխտած սաղմոն – 1 հատ, կարմիր գինի – 100 գ, կիտրոն – 0.5 հատ, քունջութ – 50 գ, սամիթի տերեւներ – 10 ճյուղի, հազարի տերեւներ:

Պատրաստման եղանակը - Խյուսը պատրաստելու համար քունջութը նախապես ծեծել եւ լցնել գինու ու կիտրոնի վրա, ավելացնել սամիթը եւ լավ խառնել: Սաղմոնը մանր-մանր կտրատել: Հետո խյուսը լցնել վրան:

Ափսեի մեջ շարել հազարի տերեւները այնպես, որ ափսեում փոսիկ գոյանա եւ դրա մեջ լցնել խյուսախառն ձուկը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Մեր շախմատիստները դեռ հեռու են առաջատար դիրքերից

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությոան 5-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի թիմի հետ՝ 2:2: Մեր հավաքականը մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է:

Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Սերբիայի թիմին՝ 1:3 եւ 15-րդ տեղում է:

Հիշարժան էր Նորվեգիայի ազգային թիմի հետ հանդիպումը, երբ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը պարտվեց մեր առաջատարին՝ Լեւոն Արոնյանին, իսկ մեր հավաքականը հաղթեց 2,5:1,5 հաշվով:

Այսօր կայանալիք 6-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը:

Հ.Գ.-1 – ՀայաստանՌուսաստան մրցավեճում մերոնց այս պահին հաղթանակ է պետք… – Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին միմիայն հաղթանակ է հարկավոր այսօր Եվրոպայի թիմային առաջնությունում նախատեսված Ռուսաստանի հետ խաղում: Երեկ կայացած 7-րդ փուլում մեր տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց Լեհաստանի ընտրանուն, վաստակեց 10 միավոր եւ հավասարվեց մրցաշարի ընդգծված առաջատար Ռուսաստանին հետապնդող թիմերին: Այժմ մերոնք պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն մեդալների համար պայքարը:

Հ.Գ.-2 -Հայաստանը գրավեց 2-րդ տեղը – Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը արծաթե մեդալ նվաճեց Իսլանդիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Վերջին՝ 9-րդ փուլում, մեր շախմատիստները վստահ հաղթեցին Վրաստանի հավաքականին՝ 3:1: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր եւ Հունգարիայի ու Ֆրանսիայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանի հավաքականը ճանաչվեց 2-րդը, իսկ Ֆրանսիան՝ 3-րդը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ եւ պահպանեց 2 միավորի առավելությունը:

Հայաստանի կանանց հավաքականը 7-րդ փուլում մրցեց Ադրբեջանի հետ: Սկզբում մեր շախմատիստուհիները առջեւում էին 2:1 հաշվով (Լիլիթ Մկրտչյանը հաղթել էր, իսկ Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան ոչ-ոքի արել): Սակայն մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը երկրորդ անգամ անընդմեջ կոպիտ սխալ թույլ տվեց վերջնախաղում եւ պարտություն կրեց: Այդպիսով, Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 8 միավոր եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: 8-րդ փուլում մեր ընտրանին կմրցի Ավստրիայի թիմի հետ:

Թուրք ֆուտբոլասերները անարգել են զոհվածների հիշատակը

Ստամբուլում կայացած Թուրքիա-Հունաստան ֆուտբոլային խաղը պետք է սկսվեր լռության րոպեով՝ ի հիշատակ Փարիզում ահաբեկչության զոհերի, սակայն դաշտի տերերի երկրպագուներն արհամարհել են այն: Ինչպես նշում է բրիտանական The Daily Mail թերթը, երբ թիմերը շարվել են խաղադաշտի կենտրոնում, որպեսզի հայտարարվի լռության րոպե, թուրք ֆուտբոլասերները սկսել են սուլել եւ գոռալ «Ալլահ աքբար»: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ 2 երկրների վարչապետներ Ահմեդ Դավիթօղլուն եւ Ալեքսիս Ցիպրասը:

Խաղից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը քննադատել է ֆուտբոլասերների պահվածքը. «Այսօր բարեկամության եւ հարեւանության օր էր, իսկ ֆանատները լրիվ հակառակը ցույց տվեցին»,- ասել է թուրք մասնագետը:

ՖԱՖ-ը դեռ պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

«Նոյեմբերի 16-ի երթից հետո ՀՖՖ-ի անդամներից եւ ոչ մեկը մեզ հետ չի հանդիպել, մեր պահանջները չի լսել: Մենք հանդիպել ենք միայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ով մեզ առաջարկել է, որպեսզի երթերի կամ բողոքի ակցիաների ժամանակ պայթուցիկներ չօգտագործենք: Երթից հետո էլ ոչ մեկին բերման չեն ենթարկել, այլ երթի մասնակիցներից ոմանց նստեցրել են ոստիկանական մեքենաները, սակայն մի որոշ ժամանակ անց բաց են թողել: Որեւէ մեկը ոստիկանական բաժանմունք չի տարվել»,- հայտարարեցլ են ՖԱՖ-ի անդամները՝ խոսելով երթի մասին:

ՖԱՖ-ի անդամ Սերգեյ Ջանջոյանի խոսքերով՝ իրենք չեն իմացել, որ այդ օրը սահմանադրական փոփոխությունների հետ կապված ընդդդիմության ներկայացուցիչները եւս երթ են ունեցել կազմակերպած: «Ընդդիմությանը մեզ մեղադրեց, որ փորձում ենք շեղել հանրության ուշադրությունը, նրանց այլ հարցերում ներքաշել, բայց վստահեցնում եմ, որ մենք նման միտում չենք ունեցել: Հենց այդ պատճառով էլ նոյեմբերի 20-ին նախատեսված մեր հաջորդ երթի օրը փոխեցինք, քանի որ այդ օրն էլ ընդդիմությունը կրկին երթ ունի»,- նշել է ՖԱՖ անդամը՝ հավելելով, որ իրենց բողոքի ակցիաները որեւէ կապ չունեն ներքաղաքական իրավիճակի հետ, դրանք սկսվել են վաղուց՝ դեռեւս Հայաստան-Դանիա խաղի ժամանակվանից: Ֆուտբոլասերի կարծիքով՝ արդեն 2 տարի է, որ Հայաստանի հավաքականը ցուցաբերում է խայտառակ խաղ: «Պետք է գիտակցենք, որ հայտնվել ենք փակուղու մեջ, մեր ֆուտբոլն այսօր գտնվում է կոմային վիճակում, իսկ այդ վիճակից դուրս գալու համար քայլեր է պետք ձեռնարկել, ինչը մենք այսօր չենք տեսնում»,- նշել է հայ ֆանատը:

ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ Էդգար Խաչատրյանն էլ կրկին ներկայացրեց ՀՖՖ-ին հասցեագրված իրենց պահանջները. «1. Պետք է լինի այնպիսի մարզիչ, որը կհամապատասխանի մեր հավաքականի պահանջներին, որը կկարողանա թիմը դուրս բերել կոմային վիճակից եւ կապահովի հաղթանակներ: 2. Տոմսերի գների իջեցում, պետք է ունենալ գնային հստակ քաղաքականություն: Հայաստանում մարզադաշտի ծայրամասային նստատեղերի համար տոմսերի ամենաէժան գինը սկսվում է 4000 դրամից, մինչդեռ եվրոպական երկրներում այդ նստատեղերի գինը մի քանի անգամ ավելի էժան է: 3. Պետք է վերանա ըստ սեփական տրամադրության ֆուտբոլիստներին հավաքական հրավիրել կամ չհրավիրելու հարցը: Եթե տվյալ ֆուտբոլիստն արժանի է, միշտ լավ խաղեր է ցույց տվել, ապա նա պետք է անպայման հրավիրվի, այլ ոչ թե ոմանց կամքով կանչվեն հավաքական: 4. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցն է: Մենք նրա հետ կապված անձնական ոչ մի բան չունենք, միշտ գնահատել ենք նրա աշխատանքը, սակայն կարծում ենք, որ նա իր գործառույթները լավ չի կատարում»:

«Մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է ակնկալելը, որ մեր բոլոր պահանջները հերթով կկատարվեն, սակայն մենք եթե հույս չունենայինք, ապա չէինք էլ պայքարի: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլի հավաքականին, այն ունի մեծ պոտենցիալ, պետք է կարողանալ դա ճիշտ օգտագործել, որի դեպքում մենք կունենանք մեծ հաջողություններ ու հաղթանակներ, ինչու չէ նաեւ՝ եվրոպական կամ մեծ մասշտաբի այլ խաղերում: Ամենահրատապը առաջին երեք պահանջների կատարումն է, որից հետո նոր կմտածենք մեր հետագա անելիքներ մասին: Մենք բոլոր ռիսկերը հաշվի ենք առել, սակայն մենք կորցնելու բան չունենք: Մենք ապրում ենք ֆուտբոլով»,- շեշտեցին ՖԱՖ-ի անդամները՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ակնկալո՞ւմ են արդյոք իրենց պահանջների կատարում, հատկապես Ռուբեն Հայրապետյանի գործոնը հաշվի առնելով:

Հիշեցնենք նաեւ, որ ՖԱՖ-ի հաջորդ երթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

ՀՖՖ-ն ընդառաջել է «Արարատ»-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոփոխել է բարձրագույն խմբի առաջնության «Արարատ»–«Գանձասար-Կապան» հանդիպման օրը, քանի որ «Արարատ»-ը նոյեմբերի 25-ին պետք է անցկացնի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումը «Ալաշկերտ»-ի հետ: Ուստի՝ ակումբի ղեկավարությունը խնդրել է ՀՖՖ-ին 1 օր շուտ՝ նոյեմբերի 21-ին տեղափոխել առաջնության խաղը, որպեսզի թիմն ավելի շատ ժամանակ ունենա նախապատրաստվելու համար:

Հ.Գ.- «Արարատ»-ը խուսափեց պարտությունից – Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլում մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց «Շիրակ»-ին: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Գանձասար-Կապան»-ի հետ, ընդ որում փրկարար գոլը արարատցիները խփեցին մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին: Երեւանի «Բանանց»-ն իր մարզադպրոցի խաղադաշտում ընդունեց առաջնության ետնապահ «Ուլիս»-ին եւ ջախջախեց 5:1 խոշոր հաշվով: Դաշտի տերերի կազմում 3 գոլ խփեց Լայերսիո Գոմեսը: «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:

Արդեն կայացած խաղերից հետո մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է «Ալաշկերտ»-ը: 2-րդ տեղում ընթացող «Փյունիկ»-ը ունի 26 միավոր, իսկ 3-4-րդ հորիզոնականներում գտնվող «Գանձասար-Կապան»-ն ու «Արարատ»-ը՝ 22-ական:

Դանիա-Հայաստան՝ 2:0

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց 2017թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր 21 տարեկան ֆուտբոլիստները Դանիայի Օլբորգ քաղաքում մրցեցին այդ երկրի երիտասարդական ընտրանու հետ եւ 5-րդ պարտությունը կրեցին առաջնությունում: 6 փուլից հետո մեր հավաքականը 1 միավորով եզրափակում է ընտրական խմբի աղյուսակը:

Հայաստանը կներկայանա 6 մարզիկով

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք թաեքվոնդոյի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնությունում Հայաստանից հանդես կգա 6 մարզիկ:

Եվրոպայի երիտասարդական հերթական առաջնությունում, որը թվով 6-րդն է, մեր հանրապետությունը կներկայացնեն Հենրիկ Բադալյանը (58 կգ քաշային կարգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Հակոբ Ղազարյանը (68 կգ), Ավետիք Ղազարյանը (74 կգ), Գրիգոր Շահբազյանը (80 կգ) եւ Իզաբելա Վարժապետյանը (62 կգ):

Արթուր Աբրահամը լավատես է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հաննովերում հայացքների հանդիպում է անցկացրել իր առաջիկա մրցակից Մարտին Մյուրեյի հետ: Լրագրողներին առաջին հերթին հետաքրքրել է մրցամարտի անվտանգության հարցերը, քանի որ մեկ օր առաջ այդտեղ նախատեսված Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը չէր կայացել ահաբեկչության վտանգի պատճառով:

«Ընթացքում կկողմնորոշվենք, թե ինչ իրավիճակ է տիրում, սակայն բոլորս էլ լավատեսորեն ենք տրամադրված: Հույս ունեմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի»,- ասել է Արթուր Աբրահամը: 35-ամյա հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ դեռ 2 տարի կշարունակի իր ելույթները մեծ ռինգում: Նրա բրիտանացի մրցակիցը 33 տարեկան է:

Հ.Գ.- Արթուր Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը – Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին` տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980թ. փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն:

Մանկության տարիներին ՀՀ-ում լրջորեն զբաղվել է հեծանվասպորտով, եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն: IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005թ.` նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսը Աբրահամը պաշտպանել է մինչև 2009թ.: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 48 մենամարտ, որոնցից 44-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 6 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` ըստ գերմանական հեղինակավոր “Box Sport” ամսագրի վարկանիշի: Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2007թ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար Արթուր Աբրահամին պարգևատրել է ՀԱՕԿ-ի շքանշանով: 2011թ. սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013թ. հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: 2014թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի եւ հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար: 2015թ. հոկտեմբերին Երեւանի ավագանին Արթուր Աբրահամին արժանացրել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։