Սեւանի խնդրով տարիներ եմ զբաղվել: Վերջին երկու տարիներին էլ իմ ուշադրության կենտրոնում եղել է Սեւանի ձկնաբուծության խնդիրը: Թեման ուսումնասիրեցի, «Հայաստանի Հանրապետության» համար մեծ հոդվածաշար պատրաստեցի՝ ցանկանալով արծարծածս հարցերը հենց ուղղակիորեն իշխանություններին հասցնել: Երբ այն ամբողջացավ, Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը դեռ ողջ էր: Երբ հոդվածաշարը սկսեց տպագրվել, Վլադիմիր Մովսիսյանը, ցավոք, մահացել էր: Չհասցրեցի, խոստացել էր տեղ հասցնել մտահոգություններս…
Հետո մի դեպք եղավ (այդ անձին ուրիշ ձեւով չեմ կարող կոչել), եւ… հոդվածաշարի տպագրումն ընդհատվեց՝ գուցե նաեւ իմ ցանկությամբ, որին կանդրադառնամ դեռ հաջորդիվ համարներում: Բայց զգալի աշխատանք եմ տարել, տարբեր փաստեր ուսումնասիրել, ամիսներով կապվել եմ այս ու այն երկրի ձկնաբուծական տնտեսությունների հետ, հետազոտել իրավիճակը տարբեր երկրներում եւ, ինչու ոչ, նաեւ առաջարկներ ներկայացրել:
Ի դեպ, երբ հոդվածաշարի տպագրումն սկսվեց, շատ արձագանքներ եղան թե՛ մասնավոր, թե՛ հանրային եւ թե՛ պետական կառույցներից: Պետական կառույցներից առաջինն արձագանքեց գյուղատնտեսության նախարարությունը՝ ասելով, որ անհամբեր սպասում են հոդվածաշարի ավարտվելուն (նախարարի մամլո խոսնակն, ինչպես միշտ, շատ արագ արձագանքեց), որպեսզի խնդիրն ու լուծումը ամփոփվելուց հետո իրենք էլ իրենց խոսքն ասեն: Հետո նույն ցանկությամբ հանդես եկավ բնապահպանության նախարարությունը: Հոդվածաշարում փորձել էի ընդգրկել բոլոր կողմերին՝ բնապահպանական, գիտական, պետական՝ քննարկման տեղ թողնելով նաեւ շահագրգիռ այլ կողմերի համար էլ: Քանզի Սեւանի խնդիրը մեր երկրի համար ռազմավարական եւ ազգային նշանակություն ունի: Ի դեպ, ռազմավարական նշանակության մասով հավելեմ, որ այդ նշանակությունը միայն մեր երկրի մասով չէ:
Ինչեւէ, խնդիրը կա, այն այսօր էլ արդիական է, եւ «Լուսանցք»-ը կվերահրատարակի հոդվածաշարը՝ աննշան թարմացումներով եւ նաեւ ավարտին կհասցնի այն՝ պատրաստ լինելով շարունակել այս թեման: Իսկ վերոհիշյալ խոստացածս, ինչպես ասացի, դեռ կներկայացնեմ:
Հա, թեման բաց է, եւ բանավեճի համար պատրաստ եմ տարածք տրամադրել: Պայմանով, որ որոշ դեպք-անձինք իմ տեսադաշտում չհայտնվեն եւ իրենց ասածը վերջնական ճշմարտության տեղ չընդունեն: Բայց սրան, կրկնվեմ, դեռ կանդրադառնամ:
* * *
Տարիներ առաջ երբ Շվեդիայի Մորա քաղաք էի ուղեւորվում, մի լիճ տեսա, որոշ հատվածներում կարծես Սեւանի 292 քառ կմ-անոց մանրակերտը լիներ: Պարզապես գույները մերինի պես վառ չէին, երանգներն ավելի մոխրագույնի էին ձգտում: Հայաստանում բազմիցս եղած մեր շվեդ ուղեկցորդը ասաց, որ լիճը Սիլիան է կոչվում, բայց թե ինչ ստուգաբանություն ունի, իրենք չգիտեն: «Գուցե ձեր կողմերից եկել են, տեսել են Սեւանին նման է, անունը դրել են Սեւան, մենք էլ Սիլիան ենք դարձրել»,- կես լուրջ, կես կատակ ասաց ուղեկցորդը, որ արդեն հասցրել էր ինձնից լսել Հայոց պատմության որոշ դրվագներ: Մեկ էլ նայելով նոթատետրում գրառումներս, հավելեց, թե իրենք լճի անունը յան-ով են գրում՝ Սիլյան (Siljan, մինչդեռ ես անգլերեն Silian էի նշել): «Ձուկն էլ,-ասաց,- ձեր սիգի պես է մաքուր ու ախորժաբեր»: Բայց Սիլյանը Սեւանի նկատմամբ առավելություն ուներ, որ մարդկանց շնորհիվ էր. լճի տարածքը, առանց չափազանցության, անթերի մաքրություն ուներ: Բնության հանդեպ հարգանքն ու պարտքը այստեղ օրորոցից է սերմանվում…
Երբ 2009թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում եղավ, հայտարարեց, թե՝ «Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ՝ սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք»: Իսկ Սեւանին առողջությունը վերադարձնելը շղթայական խնդիրների լուծում է ենթադրում՝ տարածքի մաքրություն, ավազանի համայնքների կոյուղու խնդրի լուծում, լճի վրա մարզում գործող հանքարդյունաբերության ազդեցության գնահատում, ջրային պաշարների համալրում, ձկնային պաշարների վերականգնում եւն: Ինչպես ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն էր ասում՝ Սեւանի հետ կապված խնդիրները բարդ ու բազմապիսի են եւ պահանջում են համակողմանի ու հավաստի ուսումնասիրություններ:
Քանի որ վերջերս շատ էր խոսվում լճի ձկնային պաշարների վերականգնումից, այժմ հիմնահարցերի շարքում խնդրո առարկան հենց դա կդարձնենք: Մենք լճի ձկնային պաշարների վերականգնման ծրագիր ունենք, բայց բնապահպանները դժգոհ են դրանից եւ ոչ թե ասում են, որ այդ ծրագիրն անարդյունավետ է լինելու, այլ՝ որ վտանգելու է լճի ջրային պաշարի որակը:
Փաստորեն, ինչ է ստացվում, մի կողմից ուզում ենք վերականգնել լճի ձկնային պաշարները, մյուս կողմից՝ համարում ենք, որ դա վտանգավոր է: Հասկանալու համար գանք սկզբից:
Դեռ կյանքի վերջին տարում Վլադիմիր Մովսիսյանն ասել էր, թե ձկան պաշարների որոշակի ավելացում գոյություն ունի: Եվ եթե նախորդ տարիներին միայն էնդեմիկ տեսակների չնչին ավելացում կար, ապա նախորդ տարի դիտարկումով փաստել են նաեւ սիգ ձկնատեսակի քանակի ավելացումը: Վ. Մովսիսյանը չէր ժխտել, որ անխնա օգտագործման պատճառներով ձկնային պաշարներին հսկայական վնաս է հասցվել: Ու դրական տեղաշարժ կա միայն Սեւանի էնդեմիկ ձկնատեսակների արհեստական բազմացման, վերարտադրության շնորհիվ: Վերջին 7 տարիների ընթացքում բնապահպանության նախարարության միջոցով Սեւանա լիճ է բաց թողնվել ավելի քան 2 միլիոն մանրաձուկ, եւ այս բոլորը բերել է արհեստական վերարտադրության բարելավմանը:
Թեկուզ վիճակը որոշակիորեն շտկվել է, բայց սա խնդրի լուծումը չէ: Եթե մենք չկարողանանք բնական վերարտադրության համար պայմաններ ստեղծել, ապա անընդհատ արհեստական միջամտություններով արդյունք ակնկալել չենք կարող:
Այդ ժամանակ Վ. Մովսիսիյանն ասել էր նաեւ, թե արհեստականի հետ միասին շարունակում ենք նաեւ «ցանցավանդակային եղանակով ձկներ աճեցնելու պիլոտային ծրագիրը»: Փորձնական ծրագիրը ավարտված է, մոնիտորինգը արված է եւ պետք է շարունակվի: 2-3 խնդիր էր առանձնացվել, որոնց լուծումը կարող է նպաստել բնական վերարտադրությանը: Առաջինը՝ ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերի բնական հուների վերականգնումը եւ մաքրության ապահովումը: Հաջորդը՝ այդ 10 գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի խնդիրն է, որոնք իրենց կառույցներով արգելակում են ձկների ազատ հոսքը դեպի վերեւ, դեպի բնական ձվադրում: «Մենք մոնիտորինգի ենք ենթարկել դրացից 7-ը, 7-ում էլ գտել ենք զգալի թերություններ ձկնթող համակարգի առումով: Դրանց վերաբերյալ մենք առաջարկությունները ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը եւ ՀՀ նախագահին: Հիմա կառավարությունը մտել է Ազգային ժողով, որպեսզի օրենքով արգելի այդ գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը եւ եղած բոլոր ՀԷԿ-երը տեխնոլոգիապես եւ տեխնիկապես կառուցել այնպես, որ չխոչընդոտեն ձկների վերարտադրությանը»:
Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը, սակայն, ըստ բնապահպանների, չի լուծի խնդիրը:
Ավելին՝ Սեւանի գլխին էլի մի մեծ խնդիր կավելացնի:
Այլ կերպ՝ այդ ծրագիրը, ինչպես բնապահպաններն են բնորոշում, «անկառավարելի ռիսկեր է պարունակում Սեւանա լճի համար»:
Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, ինչու՞ է ձկնային պաշարների վերականգնումը երկսայրի սուր դառնում կամ արդյո՞ք հարցն այդքան մտահոգիչ է: Կխոսենք հաջորդիվ:
Ամենակարեւորն այն է, որ խնդրո առարկայի շուրջ ի մի բերենք բոլոր տեսակետները: Չմոռանանք, որ աշխարհում շատ երկրներ խմելու ջրի սուղ խնդիր ունեն: Ընդհանրապես աշխարհում քաղցրահամ ջրի պաշարները սպառվում են: Իսկ Սեւանա լիճը մեր քաղցրահամ ու թարմ ջրի շտեմարանն է:
Հ.Գ. – Հոդվածաշարս սկսել էր տպագրվել այս տարվա սկզբից:
Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Նոր գազային էլկայան կունենանք
Երեւանում համակցված շոգեգազային շրջափուլով էլեկտրակայան կկառուցվի, որի ընդհանուր հզորությունը 234 ՄՎտ կլինի: Կառավարության երեկվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ռենկո» ընկերության հետ՝ էլկայանի կառուցման փոխըմբռնման հուշագրին:
Ինչպես նշեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ընկերությունը պարտավորվել է, որ պայմանագրի կնքման պահից 30 ամսում կկառուցի էլկայանը՝ ընդ որում՝ իր հաշվին՝ դրա համար ներդնելով 215 մլն դոլար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ընդգծեց, որ օտարերկրյա այս ներդրումը «լավ ներդրում է, որովհետեւ ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման»:
Կառավարությունը հետաքրքրվածություն է ցուցաբերել համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ եւ ոչ պակաս 50,5% ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման գործում՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված եւ ավելի ցածր ծախսեր պահանջող էլեկտրաէներգիայի կայուն եւ աճող պահանջարկը:
Համապատասխան պայմանագրի համաձայն՝ մեր կառավարությունը կաջակցի «Ռենկո» -ին ձեռք բերել հողատարածք՝ էլկայանի կառուցման համար՝ «Երեւանի ՋԷԿ» -ին հարակից տարածքում: Կառավարությունը պարտավորվում է նաեւ էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում էլէներգիայի արտադրության համար էլկայանին անհրաժեշտ գազի մատակարարումը (230,8167 դոլար գնով 1000 խմ համար՝ գումարած ՀՀ–ում գործող հարկերը, տուրքերը եւ այլ վճարումները): «Ռենկո»-ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ դրա երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6,62 ԱՄՆ ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն եւ ցանկացած լրացուցիչ հարկ կամ տուրք:
«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում: