«Ադրբեջանի տարիքը նույնիսկ 2 անգամ չի գերազանցում Իլհամ Ալիեւի տարիքը» – Ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ում հնչած հակահայկական արտահայտություններին… Պարզունակ, բայց հասկանալի չկամություն – Աշխարհի պատմությունն ու քարտեզագրությունը նոր չի սկսվել..

Ի պատասխան ՅՈՒՆԵՍԿՕ-ում հնչած հակահայկական արտահայտություններին…

Հերթական հակահայ դրսեւորումներին արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Tert.am լրատվական կայքի հարցերին:

- Ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունեցած ելույթում հնչեցրած հակահայկական արտահայտությունները:

– Ադրբեջանի ղեկավարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթով լուրջ ներդրում կատարեց մշակույթի բնագավառում, բայց, ավաղ, կեղծիքի մշակույթի բնագավառում: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ 1918թ. հայտնված Ադրբեջան պետության տարիքը նույնիսկ 2 անգամ չի գերազանցում Ադրբեջանի ներկա նախագահի տարիքը, ինչը չի խոչընդոտում այդ նախագահին հայտարարել, որ անգամ Ստրաբոնի, Պլուտարքոսի եւ այլ անտիկ հեղինակների աշխատություններում հիշատակված Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում են Ադրբեջանի պատմական տարածք:

Ադրբեջանը չի կատարել 1993թ. ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիմնական պահանջը՝ «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», եւ անցած 22 տարվա ընթացքում չի կատարել նաեւ նույն բանաձեւերի «շրջանի տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգման», «հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը խոչընդոտող որեւէ գործողությունից ձեռնպահ մնալու» պահանջները: Դա չի խանգարում Ադրբեջանի նախագահին պնդել, որ բանաձեւերի իր ընտրովի եւ խեղաթյուրված մեջբերումները պետք է իրականացվեն օրերի եւ, նույնիսկ, ժամերի ընթացքում:  - Բաքուն անդադար սպառնում է պատերազմով եւ զինված սադրանքներ իրականացնում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին հայտարարել, որ հայկական կողմերը խաղաղություն չեն ցանկանում:

– Պետական տեռորի քաղաքականություն որդեգրած Ադրբեջանը հայերի ջարդեր եւ էթնիկ զտումներ իրականացրեց երկրի ամբողջ տարածքում, ներառյալ՝ 250 հազար հայ բնակչություն ունեցող մայրաքաղաք Բաքվում, ինչը կրկին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին փորձել հայկական կողմերին մեղադրել ահաբեկչության մեջ:

- Ադրբեջանը բարբարոսաբար ոչնչացնում է հայկական պատմական հուշարձանները՝ բավական է հիշատակել Նախիջեւանի միջնադարյան խաչքարերի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայության պատմամշակութային ներկայության բոլոր հետքերի ոչնչացումը: Դա ամենեւին չի խանգարում Ադրբեջանի ղեկավարին պնդել, որ իր երկիրը հանդիսանում է բազմամշակութայնության եւ հանդուրժողականության օրրան է:

– Հակառակ ՄԱԿ կանոնադրության պահանջներին՝ Ադրբեջանը հակադրում է տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, ինչը եւս չի խոչընդոտում Ադրբեջանի ղեկավարին հայտարարելու, որ, իբր, միջազգային իրավունքն աջակցում է իրենց հավակնություններին:

Մնում է միայն հիշեցնել՝ կա սուտ, կա հրեշավոր սուտ, եւ կա Ադրբեջանի պետական քարոզչություն:

Սեփ. լրատվություն

* * *

Պարզունակ, բայց հասկանալի չկամություն

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ադրբեջանն այլեւս չի թաքցնում իր ռազմատենչ մտադրությունները, եւ իրավիճակը բերում է «պատերազմին մոտիկ կարգավիճակի»: Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանը Արցախում ու Տավուշում տեղի ունեցող իրադարձություններն արդեն պատերազմ է անվանում: Այո, սա տեղային (լոկալ) պատերազմ է եւ միտում ունի ծավալվելու, եթե Մերձավոր Արեւելքում հակամարտությունը թեժանա:

Իսկ Բաքվի վերջին գործողությունները, որ նախկինում միայն հայտարարություններ էին լինում, իրոք պատերազմի նախերգանք են հիշեցնում:

Իլհամ Ալիեւը միշտ հայտարարել է, որ ռազմական ճանապարհին կդիմի, եթե բանակցություններն արդյունք չտան իրենց տեսանկյունից: Անգամ փորձել է փոխել տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները, ինչում միշտ ստացել է Թուրքիայի աջակցությունը:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ նույն կաղապարի մեջ են խոսում, առանց տարբերակումների, առանց մեղավորին ու մեղավորին տեղը դնողին զատելու… Հիմա կրկին լծվել են Հայաստանի ու ադրբեջանի նախագահների դադարեցված հանդիպումները վերականգնելու գործին: Մի գործ, որը երբեք առաջ քայլ չի տանում, քանի որ այստեղ եւս բացակայում է ճշմարտության գործոնը:

Աշխարհի պատմությունն ու քարտեզագրությունը նոր չի սկսվել, ոչ էլ 1918թ.-ին՝ երբ ստեղծեցին արհեստական Ադրբեջան պետությունը… Այսինքն՝ ամեն բան պարզից էլ պարզ է եւ անիմաստ է պարզունակ հանդիպումներ կազմակերպելը:

Այստեղ մի խնդիր կա միայն, որ այդ հանդիպումներից հանում է պարզունակության շղարշը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները շահագրգռված չեն արդարությամբ լուծելու խնդիրը, քանի որ շահեր ունեն տարածաշրջանում, եւ այս համակարտությունը պետք է մնա իրենց աշխարհաքաղաքական խնդիրները միշտ օրակարգում պահելու համար…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։