«Anonymous»-ը պատերազմ հայտարարեց «Իսլամական պետություն» խմբավորմանը – Կամ՝ անտեսանելիների կռիվը համացանցային պատերազմադաշտում…

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի է դուրս եկել նաեւ «Anonymous» խումբը: Նրանք ակամա միացել են ամենատարբեր երկրների ու կազմակերպությունների պայքարին, ովրոնք փորձում են պատժել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական հարձակման կազմակերպիչներին: «Anonymous» թարգմանաբար «Անանուն» հաքերների միջազգային խումբը ձեւավորվել է 2003թ.: Այս խումբը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, որոնք իրենց համոզմամբ, խոչընդոտում են համացանցում տեղեկատվության ազատ տարածմանը: Այս խմբի անդամներին անվանում են «Անոնս»-ներ եւ նրանց կարելի է ճանաչել անգլիացի հեղափոխական Գայ Ֆոքսի դիմակով:

Փարիզի ահաբեկչությունից մեկ օր անց «Anonymous»-ը էլեկտրոնային կայքերում տեսագրություն տարածեց՝ այդպիսով պատերազմ հայտարարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Խմբի ներկայացուցիչը տեսագրությունում ֆրանսերենով ասել է (հետո հաքերների հրապարակած տեսաուղերձը հայտնվել է մի քանի լեզուներով),- «Երեկ, 2015թ. նոյեմբերի 13-ին երեկոյան մեր երկիրը՝ Ֆրանսիան հարձակումների է ենթարկվել ձեր՝ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Փարիզում: Այս հարձակումները չեն կարող անպատիժ մնալ եւ դա է պատճառը, թե ինչու աշխարհի շուրջ գտնվող բոլոր «Anonymous»-ները կսկսեն ձեր որսը: Այո, հենց ձեր դեմ, ովքեր սպանում են անմեղ մարդկանց: Մենք ձեզ կգտնենք, ինչպես դա արեցինք «Շառլի Էբդո»-ի դեմ ձեր հարձակումից հետո»:

2014թ. հունվարին «Շառլի Էբդո» շաբաթաթերթի վրա հարձակումից հետո «Anonymous»-ի հաքերները արշավ սկսեցին, որպեսզի Թվիթերի կայքում «Իսլամական պետություն» խմբավորման հետ որեւէ առնչություն ունեցող բոլոր մարդկանց էջերը փակվեին:  Նրանց ներկայացուցիչը ասել է. «Այսպիսով պատրաստ եղեք «Anonymous»-ի կողմից զանգվածային փոխհատուցմանը: Իմացեք, որ մենք ձեզ գտնելու ենք եւ բաց չենք թողնելու: Մենք ձեր դեմ սկսելու ենք պատմության մեջ ամենախոշոր հարձակումը: Սպասեք բազմաթիվ համացանցային հարձակումների: Պատերազմը հայտարարված եմ համարում»: Այնուհետեւ ավելացրել է, որ իրենք ցավակցում են զոհվածների ընտանիքներին եւ ուղերձը եզրափակել է՝ ասելով, որ իրենք չեն մոռանա ու չեն ների այդ արարքը:

Ի պատասխան «Anonymous»-ի հայտարարությանը, «Իսլամական պետություն» խմբավորումը համացանցում երկու տեսագրություն է տեղադրել: Առաջինում նրանք հաքերների կազմակերպությանը անճար են անվանում, այնուհետեւ իրենց աջակիցներին հորդորում են անծանոթ էլէկտրոնային հասցեներից նամակներ չբացել: Երկրորդ տեսագրության մեջ նրանք իրենց կողմնակիցներին քաջալերում են համախմբվել Ֆրանսիայի դեմ, իրենց կայքէջի նկար դարձնելով Ֆրանսիայի դրոշը՝ վրան կոշիկի հետք պատկերված:

Լիբերման Սոֆթվեր հիբեր-անվտանգության ընկերության փոխնախագահ Ջոնաթան Սենդերի խոսքերով, «Anonymous»-ը կարող է գտնել ահաբեկչական խմբավորման համացանցային հաշիվները եւ դրանք փակել՝ դրանով իսկ խոչընդոտելով նրանց հաղորդակցությունը: Նրա խոսքերով, երկրորդ բանը, որ «Anonymous»-ը կարող է անել, նրանց առաջնորդների երեսպաշտության դրվագները հրապարակելն է, ինչը կարող է նրանց դնել անհարմար դրության մեջ:

Ըստ մասնագետների, եթե «Իսլամական պետություն» խմբավորումը զրկվի համացանցի միջոցով հաղորդակցման հնարավորությունից, ապա խմբավորման անդամները չեն կարողանա հստակորեն ծրագրել իրենց հարձակումները: Նրանք կդառնան իրարից անտեղյակ, չարացած մարդկանց մի խումբ:

Օրերս «Anonymous»-ը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորման համացանցային 5500 հաշիվ արդեն փակվել է: Բացի այդ, հաքերները նաեւ տարածում են խմբավորման իրենց հայտնաբերած անդամների տեղեկությունները: Պատերազմը շարունակվում է:

Արամ Ավետյան

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։