Կործանիչ ու միասնական պայքարով – Միայն այսպե՛ս աշխարհը կազատվի համաշխարհային բեւեռների սնած ահաբեկիչներից… Ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում…

Կործանիչ ու միասնական պայքարով

Իսլամական ծայրահեղականները մեկ անգամ եւս ստիպեցին աշխարհին մտածելու, որ մի համաշխարհային բեւեռն իրավունք չունի ծայրահեղականների մի հատվածի աջակցել միայն այն բանի համար, որ այդ հատվածը համաձայն է հարվածներ հասցնել հակառակ աշխարհաքաղաքական բեւեռին: Իրավունք չունի, քանի որ այդ դեպքում նույն բանն էլ անում է մյուս բեւեռը: Եվ լինում է այնպես, որ համաշխարհային երկու բեւեռները սնում ու զինում են այսպես կոչված ծայրահեղականների երկու հատվածներին ու երկուստեք աշխարհը դնում մշտական ցնցումների տակ…

Աշխարհն այսօր էլ ցնցված է Փարիզի ահաբեկչությունից, ինչը հավաստում է միջազգային արձագանքը: Միջազգային հանրությունը խստորեն դատապարտել է հերթական զանգվածային ահաբեկչությունը եւ տարբեր երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել Ֆրանսիային:

ԵԱՀԿ գրասենյակից, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը եւ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իրենց վշտակցությունն են հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հարազատներին, Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, վիրավորներին ցանկացել ապաքինում: «Մենք խստորեն դատապարտում ենք այս նենգ ահաբեկչական հարձակումների շարքը քաղաքացիների դեմ եւ այն ոչ խտրական բռնությունը, որը տեղի է ունեցել ձեր երկրում: Համոզված եղեք, որ ԵԱՀԿ բոլոր երկրներն այս պահին կանգնած են ձեր կողքին՝ կիսելով այն համոզմունքը, որ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի կարող արդարացնել նման նենգ արարքները»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ հավելելով, որ այս ամենն ավելի է ամրապնդում ահաբեկչության դեմ պայքարելու իրենց հանձնառությունը: Նշվել է, որ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը լավագույն պատասխանն է այն սպանալիքներին, որոնք բախվում են իրենց հասարակությունները:

Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին իրենց վշտակցությունն են հայտնել նաեւ հայության տարբեր հատվածներ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ եւ աջակցություն հայտնել բարեկամ երկրի ժողովրդին: Նախագահը Երեւանի քաղաքապետի ու այլ պաշտոնյաների հետ մասնակցել է Ֆրանսիայի դեսպանատան առջեւ կազմակերպված մոմավառությանը: Ռուսաստանի, Եվրոպայի, Միացյալ Նահանգների եւ այլ գաղթօջախների հայեր իրենց զորակցություն են հայտնել Ֆրանսիայի ժողովրդին: Ամերիկայի հայկական համագումարը, որ սփյուռքահայ ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է, «ցավակցել է անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, դատապարտել Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները եւ հայտնել աջակցություն Ֆրանսիայի ժողովրդին»:  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իրենք պատրաստ են ցանակցած տեսակի օգնություն տրամադրել Ֆրանսիայի կառավարությանը, քանի որ այս հարձակումն ուղղված էր ոչ միայն Ֆրանսիայի բնակիչների դեմ, այլեւ ամբողջ մարդկության եւ այն համամարդկային արժեքների դեմ, որոնք մենք կիսում ենք:

Փարիզում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչական գործողության առնչությամբ Ֆրանսիային ցավակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը, Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Պերուի նախագահ Օլյանտա Մուրալան, Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Իսպանիայի վարչապետը, Իտալիայի եւ Թուրքիայի նախագահները, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, Չինաստանի, Ղազախստանի ու Բուլղարիայի ԱԳ նախարարությունները, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս հայտնել է իր ցավակցությունն ու աջակցությունը եւն:

Հիշեցնենք, որ Փարիզում միանգամից 6 կետում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Փարիզում ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվել է:

Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Նրանց հաղորդմամբ՝ հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրել են: Ամեն դեպքում Փարիզի բնակիչներին խորհուրդ չի տրվում դուրս գալ տանից, քանի որ պահպանվում է հավանականությունը, որ որոշ ահաբեկիչներ թաքնվել են դեպքերի վայրից: Հաջորդ օրը որոշ կրակոցներ եւս հնչել են Փարիզում: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ:

Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա

ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ես ցնցված եմ Փարիզում տեղի ունեցածից: Մեր մտքերն ու աղթոքները Ֆրանսիայի ժողովրդի հետ են: Մենք կանենք ամեն բան, որ օգնենք»:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնել «սարսափելի ահաբեկչական գործողությունների» առնչությամբ: Մոսկվան հայտարարել է նաեւ «Իսլամական պետության» քիմիական զինանոցի առկայության մասին: ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների համար հասանելի են դարձել քիմիական հզոր զինանոցի բաղադրատարրերը»,- ասված է հայտարարությունում: Նշված է նաեւ, որ եթե նախկինում ԻՊ-ի զինյալները մարտական նպատակներով հիմնականում կիրառել են կենցաղային քիմիական տարրեր, ինչպիսին որ քլորն է, ապա վերջին շրջանում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ԻՊ-ը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի դիրքերի հարձակման ժամանակ օգտագործել է իպրիտ։ ԻՊ-ի կողմից թունավոր նյութեր կիրառելն անակնկալ չի եղել Ռուսաստանի համար, եւ որ Մոսկվան կոչ է անում բազմակողմ հետաքննություն սկսել նման միջադեպերի կապակցությամբ, որին պիտի մասնակցի նաեւ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ բոլոր կասկածյալներին պետք է առնել հսկողության տակ, իսկ ծայրահեղական իմամներին՝ ուժով արտաքսել… «Կասկածելի բոլոր անձինք (անվտանգության մարմիններում «S» նշումով անձնական գործերը) պետք է վերահսկիչ ապարանջաններով հսկողության տակ լինեն»:

Նա հիշեցրել է, որ այդպիսի մարդկանց թիվը հանրապետությունում 11.500 է, այդ թվում՝ բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել վերջին հարձակումների հետեւում: Առաջարկել է մտածել այդպիսի անձանց բնակությանը հետեւելու եւ նրանց տեղաշարժը սահմանափակելու մասին: Էլեկտրոնային ապարանջանների միջոցով ոստիկանությունը պետք է մշտապես իմանա, թե նրանք որտեղ են գտնում եւ ինչ են անում՝ նրանց վտանգավորությունը գնահատելու համար: Նախկին նախագահի խոսքով, ցանկացած մարդ, ում համոզել են այցելել ջիհադականների կայքեր, պետք է ջիհադական եւ իրավախախտ համարվեն: Ըստ նրա, այստեղ պետք է նույնպիսի միջոցառումներ կիրառել, ինչպես մանկապղծության կայքերի պարագայում: Ինչ վերաբերում է սալաֆիների կրոնական վայրերում ծայրահեղական քարոզներ անող իմամներին, ինչպես վերը նշեցինք, նախկին նախագահի պնդմամբ՝ նրանց պետք է ուժով արտաքսել, «խոսքը ոչ թե զանգվածային տեռորի, այլ միջոցների ձեռնարկման մասին է»:

Այս ահաբեկչական գործողություններից հետո անհանգիստ օրեր է ապրում ոչ միայն Ֆրանսիայի մահմեդականների համայնքը, այլեւ անհանգիստ են տարբեր երկրների համայնքներում: Ի վերջո, ԻՊ-ի եւ այլ ծայրահեղական կազմակերպությունների ղեկավարները մահմեդական համայնքներում են փնտրում եւ գտնում աջակիցների, ինչն էլ ամենատարբեր երկրներում մարդկանց տրամադրում է այդ համայնքների դեմ:

Իսրայելի իշխանությունները ցավակցել եւ ֆրանսիական կողմին են հանձնել մի տեղեկատվություն, որտեղ նշված են ահաբեկչությունն իրականացրած ահաբեկիչների անուններն ու տվյալները: Փաստորեն, այն մտահոգությունները, որ հայտնում էին եվրոպացիներից շատերը, իրականություն դարձավ, քանի որ միլիոնավոր փախստականների մեջ, որ դեպի Եվրոպա էին գալիս Աֆրիկայից ու Ասիայից, թաքնված ներթափանցել են նաեւ որոշ ահաբեկիչներ… Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը 27-ամյա սիրիացի արմատական Աբդելհամիդ Աբաուդն է եղել: Հետաքննության տվյալներով՝ նա ֆինանսավորել եւ կազմակերպել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունները: Նրան համարում են Սիրիայում «Իսլամական պետության» ամենաակտիվ զինյալներից մեկը: Աբաուդի անունն արդեն հայտնվել էր Բելգիայում կազմակերպվող ահաբեկչությունների հետաքննության շրջանակներում, բացի այդ, նա այն ահաբեկիչների թվում էր, որոնց տարվա սկզբին հետապնդում էին Հունաստանում: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրան ձերբակալել էին: Հաղորդվում է, որ հենց Հունաստանով է Եվրոպա մտել սիրիացի ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ահմեդ Ալմուհամեդը:

Փարիզի ահաբեկչություններից հետո տարբեր երկրների իշխանությունները մտադիր են ավելացնել պետության անվտանգությամբ զբաղվող ծառայողների թվաքանակը: Գերմանիայի կառավարությունը եւս մտադիր է զգալիորեն մեծացնել հատուկ ծառայությունների աշխատակիցների թիվը։

Խոսքը գրեթե 500 նոր աշխատատեղի ստեղծման մասին է։ Դաշնային հետախուզական ծառայությունը կարող է ստանալ 225 հավելյալ աշխատակից, որոնցից 125-ը կաշխատի ահաբեկչության դեմ պայքարի բաժնում։ Պետական հիմնարկների պաշտպանության դաշնային գերատեսչությունը (հակահետախուզություն) ստանալու է 250 նոր աշխատակից, որոնցից 150-ը զբաղվելու են ծայրահեղականությանը հակազդելով։ Գերմանիան խստացնելու է նաեւ անվտանգության միջոցառումները։

Կարծում ենք՝ այս ուղղությամբ աշխատանքներ կծավալեն նաեւ Հայաստանի իշխանությունները:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ է սկսել եւ ֆրանսիական օդուժը արդեն քանի օր է ռմբահարում է ԻՊ-ի զինյալների դիրքերը Սիրիայում: Ֆրանսիայի նախագահը շարունակում է հեռախոսազրույցներ ունենալ հակաահաբեկչական պայքարի ելած երկրների ղեկավարների հետ՝ իսլամական ծայրահեղականներին միասնական եւ վերջնական ու կործանիչ հարվածներ հասցնելու համար:

Ֆրանսիան հարվածներ է հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում տեղակայված՝ «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ։ Հենց սա է ԻԼԻՊ-ի, այսպես ասած, մայրաքաղաքը։

Ֆրանսիական զորքերն առաջին իսկ օրը 20 ավիահարված են հասցրել՝ 10 ռազմական ինքնաթիռով: Հարվածները հասցվել են ջիհադիստների հրամանատարական կետի, զինապահեստների, ինչպես նաեւ ուսումնավարժանքների ճամբարների ուղղությամբ։

Արման Դավթյան

* * *

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում իրականացված հատուկ գործողության շրջանակում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Փարիզի գլխավոր դատախազը:

Ինչպես նշում է BBC-ն, ահաբեկչի՝ բազմաթիվ փամփուշտներով խոցված դին հայտնաբերվել է Սեն Դենիում գտնվող բնակարանում։ Հայտնի է, որ 27-ամյա երիտասարդը Բելգիայի քաղաքացի է. նրա ինքնությունը հաստատվել է մատնահետքերի միջոցով: Ավելի վաղ Փարիզի արվարձան Սեն Դենիում պայթյուններ էին լսվել։ Ոստիկանության հատուկ ջոկատները պաշարել էին Սեն Դենիում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակարաններից մեկը:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում՝ 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։