Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ – Հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական – Կազմ ու պատրաստ սպասում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը… Ջավախքին էլ է պանթուրքիզմը սպառնում…

Որոգայթներ Արեւմտյան Հայաստանի շուրջ

Պաշտոնական Անկարան թնբկահարում էր, թե Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրություններն աննախադեպ են լինելու իրենց օրինականությամբ: Բայց եղավ հակառակը, ինչպեսեւ սպասվում էր: Նախագահ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը մեծ խախտումների գնով հասավ միակուսակցական իշխանության: Անգամ թուրքական զլմ-ներն ահաբեկվեցին՝ ականատեսը լինելով այդօրինակ խառնակչությունների, նշեցին, որ սա Թուրքիայի կործանման սկիզբը կարող է դառնալ:

Այս անգամ եւս քրդերն անցան Թուրքիայի խորհրդարան, բայց արդեն չեն կարող այն խոչընտոտ դերն ունենալ, ինչն ունեին մինչ արտահերթ ընտրությունները: Իսկ քրդական հարցը ներքաղաքական լուրջ խնդիրներից բացի, նաեւ արտաքին՝ տարածաշրջանային նշանակության խնդիր է, որի հետեւում նաեւ Արեւմուտքի գործակալներն են կանգնած:

Այս խնդիրը նաեւ հայերին է առնչվում, քանի որ քրդական կուսակցությունը խոստացել էր բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ հասնել պաշտոնական ներողություն խնդրելուն… Սա՝ ներքին հարցերում:

Իսկ արտաքին ոլորտում քրդական ծավալումը կարող է նաեւ ոչ հայանպաստ լինել, քանի որ Թուրքիայի քրդերը փորձում են Սիրիայի, Իրաքի եւ Իրանի քրդերի հետ «Քրդստան» հիմնել, որը նաեւ Արեւմտյան Հայաստանն է ներառում:

Այս դեպքում խիստ անհասկանալի է, թե ինչու՞ են Թուրքիայի քրդերը փորձում բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը խորհրդարանում, եթե ունեն մի ծրագիր, որով իրենք են զավթելու Արեւմտյան Հայաստանը… Հասկանալի է՝ սա մի խաղ է, գուցե ոչ միայն քրդական, որպեսզի հայերին նախապես չտրամադրեն «Քրդստան» մոգոնման դեմ: Բայց սա անհաջող խաղ է եւ կարող է այլ ճակատագրի արժանանալ:

Ի վերջո, հայերի համար ի՞նչ տարբերություն՝ Արեւմտյան Հայաստանը թուրքական է լինելու, թե քրդական: Իսկ եթե հիշենք, որ քրդերը նաեւ որոշակի մասնակցություն ունեն 1915-1923թթ. հայերի զանգվածային կոտորածների ու թալանի մեջ, ապա նախորդ հարցադրման իմաստն ավելի է ընդգծվում:

Իհարկե, չպետք է անտեսել, որ քրդական կազմակերպությունը ազգային ու կրոնական փոքրամասնությունների հիման վրա ստեղծված կուսակցություն է, որտեղ կան նաեւ հայեր, բայց դա մեծ հաշվով որեւէ հայանպաստ խնդիր չի կարողանալու լուծել: Քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով մեկուսացված է Իմրալը կղզում, անդրադարձել է Թուրքիայում կայցած ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» գրանցած արդյունքներին։ Նա ընտրություններում քրդամետ կուսակցության անհաջողությունը պայմանավորել է ԺԴԿ-ի եւ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» սխալ քաղաքականությամբ։

Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականի՝ քուրդ առաջնորդը (ով հայ է ծագումով) պետական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ընտրություններին նախորդող շրջանի եւ արդյունքների վերաբերյալ իր գնահատականները։ Նշել է, որ ԺԴԿ-ի անհաջողությունը նոյեմբերի 1-ին իրեն հիասթափեցրել է։ ՔԲԿ-ն եւ ԺԴԿ-ն չեն կարողացել հասկանալ ժողովրդին, վերլուծել նրա ցանկությունները, չեն տեսել Թուրքիայի ներքին, տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական իրավիճակը եւ, ժողովրդին այլընտրանք չթողնելով, նրան մղել են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գիրկը։

«Ես ասել եմ, որ զենքերի ստվերում խաղաղություն չի լինի։ Ասել եմ՝ երբ զենքի ձայն է լսվում, խաղաղ կարգավորումից, խաղաղությունից հնարավոր չէ խոսել։ Չլսեցին, իսկ ես իրավացի դուրս եկա։ Ժամանակն է, որ ՔԲԿ-ն եւ ԺԴԿ-ն ինքնաքննադատությամբ մաքրվեն։ Նրանց քաղաքականությունը անհաջողության մատնվեց։ Ամենափոքր անհաջողությունից զենքի դիմեցին, պետության հետ բախումների գնացին»,- ասել է Աբդուլլահ Օջալանը։

Նա ընդգծել է, որ մի քանի անգամ կոչ է արել վայր դնել զենքերը, սակայն ՔԲԿ-ն ականջալուր չի եղել, իսկ ԺԴԿ-ն քաղաքականության մեջ նոր փաստարկներ չի կարողացել բերել, չի կարողացել նոր քաղաքականություն ձեւավորել։

Բայց քրդերի մեծ մասը այլեւս առաջնորդվում է միջազգային իրավիճակի թելադրմամբ, այսինքն՝ այդ իրավիճակը ստեղծողների կամքով: Իրաքում արդեն կիսաանկախ գործում է Քրդստանը, փորձում են նույն բանն անել Սիրիայում, ինչի հաջողման դեպքում կհայտարարվի նման պետության ստեղծման մասին: Եվ Թուրքիայի քրդերը կրկին կանցնեն զինված պայքարի, ինչին արդեն դեմ է նրանց բանտարկված առաջնորդը…

Այս իրավիճակում չի կարելի լռել հայությանը, պետք է գործի անցնել միջազգային ասպարեզում: Հատկապես, որ ազգայնամոլական դարձող Թուրքիան, որը նորօսմանական եւ նորհամաթուրանական երգեր է երգում, արդեն վախեցնում է արեւմտյան երկրներին:

Իսկ Թուրքիայում ինքնակործանման տանող իրադարձություններն ավելի արագ են զարգանում, քան կարելի էր պատկերացնել, ինչին պետք է նպաստել բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով:

Այլապես Արեւմտյան Հայաստանի շուրջ կուտակված որոգայթները կհասնեն նաեւ բուն Հայաստանին, ուրեմնեւ՝ ներկայիս Հայաստան-Արցախի հանրապետությանը… Իսկ Թուրքիայից եւ «Քրդստան»-ից բացի՝ կազմ ու պատրաստ սպասում են Ադրբեջանն ու Վրաստանը…

Վահագն Նանյան

Ջավախքին էլ պանթուրքիզմն է սպառնում

javakhkmedia-ն գրում է, որ մի քանի օր առաջ անսովոր գրություն էր հայտնվել Ախալքալաքի նախկին բերդի ավերակներում: Բերդի մի անկյունում է գտնվում կիսավեր նախկին մզկիթը, որի մի պատին նոյեմբերի սկզբներին հայտնվել էին թուրքական կարմիր կիսալուսիններ եւ Bir gun donecegiz elbet գրությունը, որը թուրքերեն նշանակում է «Մի օր մենք հաստատ կվերադառնանք»:

Ախալքալաքի բերդը Ջավախքում թուրքական օկուպացիայի տարիներին թուրքական ադմինիստրացիայի նստավայրն էր: Բերդը գրավվել է 1828թ. հուլիսի 23-ին, գեներալ Պասկեւիչի կողմից, եւ անցել Ռուսական կայսրությանը: Դրանից հետո այն որեւէ ռազմական, սոցիալական կամ պատմական դեր չի խաղացել, եւ անցած համարյա 200 տարվա ընթացքում հիմնականում քայքայվել է:

Վերջին տասնամյակների ընթացքում Ջավախքի եւ Բորչալուի վրայով կոմունիկացիոն նախագծեր են իրականացվում, որոնք կապում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ Բաքու-Ջեյհան նավթատարը, Բաքու-Էրզրում գազատարը, Ղարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին, Ղարս-Ծալկա-Բաքու ավտոմայրուղին եւ այլն: Մասնավորապես, վերջերս այդ մայրուղու համար բացվեց դեպի Թուրքիա նոր անցակետ, որը գտնվում է Ջիվանու հայրենի Կարծախ գյուղի մոտ:

Այս ամենի արդյունքում Աջարիայում, Ջավախքում, Բորչալուում եւ Վրաստանի հարավում ընդհանրապես օրեցօր ավելի զգալի է դառնում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայությունը: Ուստի հատկանշական է, որ Ջավախք այցելող թուրք «հյուրերը» փաստորեն, չեն մոռացել Ախալքալաքի բերդի տեղը եւ դրա ավերակներ այցելելով «հուզական» մակագրություններ են թողել:

Իսկ ավելի հատկանշականն   այն է, որ երբ Ախալքալաքում լուր տարածվեց այս գրությունների մասին, մի քանի օրից դրանք մի գիշերում անհետացան:

Եթե առաջին ձեռքը, որ թողել էր այդ գրությունները, կարող էր պատմությամբ հետաքրքրվող պատահական անցորդ թուրքի ձեռք լինել, ապա գրությունները ծածկող ձեռքը ավելի զգույշ ու համակարգված կազմակերպչի մասին է վկայում:

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։