Հայաստանում իշխանատենչ արնախումնե՞ր – «Արյունալի» քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը… Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի…

ԱԺ-ում 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, որ ուշադրություն էր դարձնում ոչ թե կոնկրետ թվերին, այլ գնահատականներին: Բացի իր կուսակիցների ելույթներից, նրան դուր էին եկել նաեւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ելույթները. «Սրտացավ, խորաթափանց ելույթներ էին»: Սակայն, ըստ Մավել Բադեյանի, կային նաեւ ելույթներ, որոնք «սպեկուլյատիվ բնույթ էին կրում»:

Նա մասնավորապես անդրադարձավ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին՝ այն անվանելով կուլ տալու կոչ. «Ծիծաղով պետք է վերաբերվեմ այդ ելույթին, 2 ժամ առաջ այդ անձնավորությունը ԱՄՆ դեսպանատանն էր: Նրան ուղղված այն հարցին՝ արդյոք նա պատրա՞ստ է արյունահեղության իր երկրում, նա պատասխանեց՝ այո, իսկ այն հարցին, թե քո արյունը դու պատրա՞ստ ես տալ, նա ասաց՝ ոչ: Նա շագանակներ կհանի, իսկ այդ ընթացքում կթափվի ուրիշի արյունը»:

Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը նա որակեց որպես սոցիալական դեմագոգիա. «Պատգամավորը հարցում է ուղարկել Դանիայի խորհրդարան, իսկ միգուցե մեկ այլ հարցում էլ աներ ու պարզեր, որ Դանիայի խորհրդարանի անդամը 3 անգամ ավելի քիչ է ուտում, քան ՀՀ ԱԺ պատգամավորը: Եվ նա հաշվի չէր առնի, որ Դանիայում ավելի շատ ձուկ են ուտում, քան հաց: Ուղղակի հարցը կարելի էր ավելի կոռեկտ ձեւակերպել»:

Հիշեցնենք, որ Մանվել Բադեյանից առաջ ելույթ էր ունեցել Զարուհի Փոստանջյանը եւ դեւերի մասին անեկդոտ էր պատմել: «Դեւը բռնում է Սարգսյան 3 եղբայրներին ու 24 ժամ է տալիս՝ որոշելու, թե որն է ճիշտ՝ այո-ն, թե ոչ-ը: Եղբայրները որոշում են այո ասել՝ երեւի ճիշտը դա է, դրա համար երեւի դեւը բաց կթողնի: Եղբայրներից մեկն այո է ասում, դեւը կուլ է տալիս: Մյուս երկու եղբայրը խորհրդակցում են, ասում են՝ հիմա ոչ ասեն, դեւը նորից է կուլ տալիս նրանցից մեկին: Մնում է Լեւոն եղբայրը: Նա դեւին հարցնում է՝ մենակ ճիշտն ասա, գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, «այո՞»-ն է ճիշտ, թե՞ «ոչ»-ը, դեւն ասում է՝ ճիշտ գոյություն չունի, ճիշտ միայն մեկն է՝ ձեզնից ազատվելը, ու նրան էլ է կուլ տալիս»:  Ըստ երեւույթին այս անեկդոտն ընդդիմադիր պատգամավորի ամերիկյան ուսման ընթացքում ստացած դասերից մեկն է, որը արնախմության նախերգանքը պիտի համարել, ինչի մասին նա խոսել է հենց ԱՄՆ դեսպանատանը…

Այսինքն, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի:

Իսկ, ըստ Զարուհի Փոստանջյանի, հանրաքվեին ամբողջ ՀՀ-ն ենթարկվելու է ցնցումների: «Դա դավաճանություն է՝ հայ ժողովրդի նկատմամբ: Դեռ դրան էլ գումարվել է մի՝ այսպես կոչված շոու, որը հեռուստացույցով են ցույց տալիս, որը կրկես է իրենից ենթադրում: Այն պետական այրերը, որոնք պետք է պատասխանատվություն կրեն օրենքների իրագործման համար, մեր պետությունը թատրոնի են վերածել: Եվ թատրոնի ռեժիսորը՝ Սերժ Սարգսյանը, շոուներով փորձում է այդ թատրոնը կյանքի կոչել: Այնպես է ուզում անել, որ հենց թատրոնը ավարտվի՝ ունկնդիրներ չլինեն դահլիճում: Ես էլ մի պատմություն պատմեմ, որը նույնպես շոուի ժանրից է…» եւ այստեղ պատմել է դեւի պատմությունը:

ԱԺ փոխնախագահ եւ նիստը վարող Հերմինե Նաղդալյանը մի քանի անգամ փորձել է միջամտել, ապա ստիպված դիմել, թե՝ «ինչի՞ ես էս թատրոնը կազմակերպել… Ձեր կոչերով էս ժողովուրդը ոչ դեւ է դառնալու, ոչ էլ դեւի գործընթաց է անելու: Թե դուք դեւ եք, էդ ուրիշ…»:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։