Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

Դպրոցական տարիներից ինձ արդեն հետաքրքրել է հայոց պատմության մութ ծալքերը բացելու-բացահայտելու խնդիրը: Ամեն բացահայտված էջ հայտնագործության պես մի բան է եղել:

Մինչեւ 8-րդ դասարանն առավելապես ընկղմված էի մեր եւ մեզ վերաբերող հնագույն պատմության կիսատ-պռատ հրամցված փաստերի մեջ՝ փառահեղ կամ ցավոտ անցքերին ավելի հանգամանորեն տիրապետելու հնարավորության հույսով:

Մայրս շաբաթվա կեսն անցկացնում էր ինձ տնից դուրս հանելու խնդրով… Համառորեն համոզում էր, որ գոնե մի քանի ժամով տնից դուրս գամ՝ դադարեցնեմ ընթերցանությունը, աչքերիս էլ հանգիստ տամ… Զգում էր, որ հետզհետե կարճատեսություն է առաջանում մոտս:

Այնպես չէ, որ տնակյաց տղա էի, ինձ հաճախ միայն առավոտյան էին տեսնում տնեցիները, եւ ապա իրիկունը՝ քնած ժամանակ: Բայց երբ կարդալս գալիս էր, անգամ ֆուտբոլ խաղալը տնից չէր հանում ինձ: Թերեւս միայն ներթաղային «հախ-հաշիվները» կամ մեր թաղի տղերքի հետ միասին կռիվ տալու գնալն էր կտրում գրքատենդից… Ճշտի չգրված օրենք կար՝ դավանանքի պես մի բան էր ընկերության մեջ, որ «ընկերովի մահը հարսանիք է»…

Պատանի ժամանակ ֆուտբոլ եւ բասկետբոլ շատ լավ էի խաղում, առհասարակ խաղային մարզաձեւերում վատ չէի դրսեւորում ինձ: Հայրս նույնիսկ Երեւան էր ցանկանում տեղափոխել, որ կրթություն ստանամ՝ զուգահեռ ֆուտբոլով զբաղվեմ: Թաղի տղերքը, ինչպես այդ տարիներին էր ընդունված նաեւ Աբովյանում, լավ խաղացող ու գոլ խփողներին Պելե կամ Գարինչա էին ասում, նաեւ բրազիլացի այլ ֆուտբոլիստների անուններով կնքում: Դե ես էլ եղա Պելե, սակայն դա էլ չկտրեց ինձ գրքերից: Համ էլ մայրս Գիքորի պատմությունը սարքեց մեր՝ լոռեցիներիս տանը՝ թե մեր երեխուն ինչու ես կտրում տնից-տեղից…  Աբովյանում կար եւ՛ քաղաքային եւ՛ շրջանային գրադարան: Երկուսում էի գրանցվել էի: Դե դպրոցն էլ իր գրադարանն ուներ, մեր տանն էլ 1000 կտորից ավելի գիրք կար գրապահարանում խցկած: 10-րդ դասարանն ավարտելուց շուրջ 2500 գիրք էի կարդացել: Մեր N-2 դպրոցից իմ եւ մանկական ու դպրոցական (ցայսօր) ընկերոջս՝ Սեյրան Աթոյանի նկարներն էին քաղաքային, ապա շրջանային գրադարանի պատին հայտնվել՝ «առաջամարտիկ ընթերցողներ» էինք: Նկարները հայտնվել էին այն ժամանակ, երբ գրադարաններից յուրաքանչյուրում անցել էինք 500 կարդացած գրքի սահմանը…

Իսկ 8-րդ դասարանից սկսած գրքացանկումս շատացան հայոց բնաշխարհի ու պատմության մասին փաստագրական գրքերը, նաեւ արկածային, աստղազարդ տիեզերքի ու այլմոլորակային պատմությունները: Իմ պահոցում ունեմ դպրոցական տարիներին կուտակած «Գարուն» գրական-ստեղծագործական, «Գիտություն եւ տեխնիկա» գիտա-տեխնիկական ամսագրերի հարյուրավոր համարներ, ամենատարբեր ամսագրերից ու թերթերից հարյուրավոր պոկոտած նյութեր, որ լույս էին սփռում հայոց պատմության, մեր ծագման եւ ինքնության, բնօրրանի ու այլ փակ թեմաների շուրջ գոյացած խավարի մեջ:

Դեռ Հայ Աստվածներին խորապես չէի հասել, բայց մեր արարման հարցերը նաեւ այլմոլորակային բանականության մեջ էի փնտրում…

Հետո հետաքրքրեցին նորօրյա պատմա-փաստագրականկան փակ թեմաները՝ ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ի, քաղբանտարկյալների, 60-ականների ազգային եւ մտավորական շարժումների, ԽՍՀՄ ներսում Արցախի (քաղաքական որոշակի հատվածում քննարկվում էր նաեւ Նախիջեւանի ու Ջավախքի, երբեմն էլ Արեւմտյան Հայաստանի հարցերը՝ հայդատական խնդիրների հոլովույթում)՝ Հայաստանին վերամիավորելու մասին եւ այսօրինակ այլ իրադարձությունները:

Դպրոցական կյանքիս երազներում տեսնում էի, թե ինչպես եմ թշնամու հետ կռիվ տալիս Տիգրան Մեծի հզոր թագավորությունում ու զորավոր բանակում, դառնում Արքայից Արքայի հավատարիմ զինակիցը, հետո, ըստ այլ գրքերի բովանդակության, այս ու այն արքայի հետ հաղթական արշավանքների էի մեկնում… կամ Վարդան Մամիկոնյանի հետ միասին պարսկական զորքի փղերի տակ ընկնում՝ հերոսաբար նահատակվելով: Այս երազներիս չէին զիջում ֆիդայական բազմասերիանոց երազները, երբ որեւէ հայդուկի ջոկատում կռվելու ցանկություն էր առաջանում… Ու էլի նման բաներ: Հետո էլ արդեն փորձեցի հասկանալ այս ամենին հասնելու, ազդեցիկ քայլեր անելու հնարավորությունները:

Պատմաստեղծագործական գրքերին փոխարինեցին փաստագրականները, արկածայիններին՝ վրիժառուականները, այլմոլորակայիններին՝ տիեզերագիտականներն ու աստվածաբանական աշխատությունները:

Սրանք էլ դարձան կյանքիս ուղեկիցները ու տարիների ընթացքում զգացի, թե ինչպես է հոգիս շնչում մարմնումս եւ ինչպես է միտքս գիտակցում դա ու դրանից բխող հետեւությունները…

Ընկերներիցս, նաեւ հարեւաններից զարմացողներ եղան (չնայած բոլորը գիտեին նախասիրություններս ու նկրտումներս), թե թաղի, ինչպես ընդունված էր ասել՝ լավ տղերքից մեկը ոնց «վերածվեց» բացահայտ ազգային մտածողությամբ շարժվող մարդու: Թեեւ ինչպես ես, այնպես էլ նրանցից շատերը հետո հասկացանք, որ այդ տղերքից շատերը եղան 1988-ի, 1990-ի եւ այլ կարեւոր-հիշարժան տարիների նվիրյալ տղերքը…

Ինքնահաստատված, առանց բարդույթի տղեն արագ է տղամարդ դառնում: Եվ այդ տղերքից շատերը դարձան ազգի ճակատագրական պահերի թե՛ հանրային ու ազգային, թե՛ մարտական ու ռազմական ասպարեզների կամավորականները…

Չկայացածները թռան երկրից ու թռան վախկոտի, ստորի նման, մինչեւ զինադադարը:

Հետո եկան ու «կայացան»… «հայրենասեր» դարձան իրենց՝ այս կամ այն երկրում հավաքած փողերով… Կռվողի վկայականներն էլ չմոռացան գնել, իրենց մասին գրքեր ու կինոներ հորինել… «կայացան» նաեւ պատերազմի դաշտից թռած եւ Հայաստանում ծվարածները, որ սովի, մթի, ցրտի ու ալան-թալանի տարիներին անգամ թիկունքի զինվորը չեղան… բայց հասցրեցին վերավաճառքը (որ գողուն էր առավելապես) բիզնեսի վերածել, թալանը՝ վարկային թե բանկային ինքնասպասարկման… լափամանը՝ բարեգործական սեղանի…

Այսպես՝ մեր հաղթանակած երկրում հաղթությանը մեջքով կանգնած «կայացան» երկրից թռած-ետ եկած ու երկրում ծվարած-հղփացած անհայրենիք «հայրենասերները»…

…Մինչ այս ամենը, դեռ երիտասարդ տարիներիս՝ 1987թ. տարեվերջին մի միտք հղացավ մոտս:

Որոշեցի ոչ սովորական հարցում անել՝ քանի հոգի դրական կարձագանքի մեր երկրի անկախության ու միասնության գաղափարին: Մի ընկերոջ հետ որոշեցինք թռուցիկներ փակցնել Աբովյանի մարդաշատ վայրերում՝ կոչ անելով անկախության եւ հայոց տարածքների վերամիավորման: Այսօր աղոտ եմ հիշում ամբողջական ձեւակերպումները:

Ոչ մի օրինակ չպահեցի՝ հասկանալի պատճառներով:

Գործողության օրը՝ լուսաբացին, ժամը 3-4-ի արանքում պիտի փակցնեինք, բայց ընկերս եկավ ու զարմանալի մի պատճառաբանությամբ չմասնակցեց գործողությանը, չմնաց նաեւ կողքից հսկելու համար (անունը չեմ տալիս. եթե այդ օրը որոշեց ստվերում մնալ, ապա այսօր նրան ստվերից չեմ հանի՝ «լավություն» անելով): 10 կամ 15 թռուցիկ էր, բոլորն էլ ձեռագիր, այս ու այն կողմ նայելով կպցրեցի եւ հոգնած ու բավարարված գնացի տուն: Բայց քունս չէր տանում, սպասում էի, թե առավոտյան ինչ զրույցներ են լինելու: Փաստորեն, թռուցիկները պատերին ու խանութների ապակիներին փակցված որոշ տեղերում մնացել էին մինչեւ ժամը 12-13-ը: Բայց ՊԱԿ-ի աշխատակիցները քաղաքը ոտնատակ տալով հավաքել էին: Հետո, իհարկե հարցուփորձ էր սկսվել, բայց ոչ ոք ոչինչ չէր տեսել…

Ի զարմանս ինձ, շատերն էին ոգեւորվել, մեծերն անգամ հիշել էին 60-ականների շարժերը, եւ ուրախությանս չափ չկար: Մոռացել էի, թե ինչ բան է ՊԱԿ-ը… Շրջում էի քաղաքում ու լսում արձագանքերը: Բայց ուրախությանս չափն ավելացավ, երբ մի քանի ամիս անց՝ 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

Այսպես եկավ իմ պատանեկան ու երիտասարդական երազների վերջը եւ գործելու սկիզբը…

Վստահ եմ, որ այդ թռուցիկները ցայսօր գտնվում են նախկին ՀԽՍՀ ՊԱԿ-ի, այժմ՝ ՀՀ ԱԱԾ-ի պահոցներում: Ինչ բացատրություն է տրվել այդ տարիներին՝ չգիտեմ, բայց 28 տարի անց խոստովանում եմ՝ այդ թռուցիկները ես եմ փակցրել…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։