Աշխարհի մարզական հեւքից – Մեր տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր… Ֆրանս-թուրքական եւ ռուս-թուրքական ֆուտբոլա-քաղաքական հակասություններ… Ֆուտբոլի բարձրագույն խմբի արդյունքները…ՀՖՖ նախագահի պատասպանը՝ ՖԱՖ-ին եւ այն մասին, որ Ալբանիայի դեմ խաղում դավաճանություն է եղել…

Հայաստանի տղամարդկանց ընտրանին՝ արծաթե մեդալակիր

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը գրավեց Իսլանդիայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր եւ Հունգարիայի ու Ֆրանսիայի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը ճանաչվեց 2-րդը, Ֆրանսիան՝ 3-րդը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը, որը վերջին փուլում ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ ու պահպանեց 2 միավորի առավելությունը:

Մեր տղամարդկանց արծաթե հավաքականը կուռ կազմ ուներ եւ ըստ խաղատախտակների ցույց տվեց այսպիսի արդյունքներ՝ 1. Լեւոն Արոնյան՝ 9 խաղ – 6 միավոր, 2. Գաբրիել Սարգսյան՝ 8 խաղ – 5,5 միավոր, 3. Սերգեյ Մովսեսյան՝ 7 խաղ – 3,5 միավոր, 4. Հրանտ Մելքումյան՝ 9 խաղ – 6,5 միավոր, 5. Կարեն Գրիգորյան՝ 3 խաղ – 1 միավոր: Հիշեցնենք, որ աշխարհի թիմային առաջնությանը Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձել էր բրոնզե մեդալակիր (Լեւոն Արոնյան, Հրանտ Մելքումյան, Սերգեյ Մովսիսյան, Գաբրիել Սարգսյան, Վլադիմիր Հակոբյան):

Հայաստանի կանանց հավաքականը 7-րդն էր աշխարհի առաւնությունում: Իսկ այս Եվրոպայի թիմային առաջնությունում մեր կանանց ընտրանին զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստուհիները արդյունքներն են՝ 1. Էլինա Դանիելյան՝ 9 խաղ – 3 միավոր, 2. Լիլիթ Մկրտչյան՝ 9 խաղ – 6 միավոր, 3. Լիլիթ Գալոյան՝ 8 խաղ – 4 միավոր, 4. Մարիա Կուրսովա՝ 8 խաղ – 5,5 միավոր, 5. Սուսաննա Գաբոյան՝ 2 խաղ – 0,5 միավոր: Հաղթեց Ռուսաստանի հավաքականը՝ 17 միավորով, 2-րդ եւ 3-րդ տեղերում են Ուկրաինայի ու Վրաստանի հավաքականները՝ 15 եւ 14 միավորներով:

Սամուել Սեւյանը զբաղեցնում է 1-ին տեղը

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը հաջող է հանդես գալիս Դալասում անցկացվող ՖԻԴԵ-ի բաց մրցաշարում: Արդեն կայացած 6 փուլերում մեր հայրենակիցը տարել է 3 հաղթանակ, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի եւ 4,5 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը: Մեր մյուս հայրենակից, ԱՄՆ-ի ազգային վարպետ Տիգրան Իշխանովը, առայժմ վաստակել է 2 միավոր եւ զբաղեցնում է 37-րդ տեղը:

Աբրահամը հաղթեց՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տեւած մարտում հայ բռնցքամարտիկը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին՝ տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը:  Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980թ. փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004թ.-ից:

Աշխարհի առաջնություն.- Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի 2015թ. վարկանիշային առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում է 11 մարզիկ: Առաջինը պայքարի մեջ կմտնի Աննա Գովելյանը (53 կգ)` նոյեմբերի 22-23, ժամը 01:00-ին: Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ): Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հաղորդմամբ, Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի միայն Վանիկ Ավետիսյանի, Անդրանիկ Կարապետյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Ռուբեն Ալեքսանյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի մրցելույթները: Աշխարհի առաջնությունը Հյուսթոնից կմեկնաբանի 1-ին ալիքի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

- Մեր ծանրամարտիկները դեռ 1 մեդալ են նվաճել

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվում է նոյեմբերի 20-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ծանրորդներն առայժմ մեկ մեդալ են նվաճել. 77 կգ քաշային ծանրորդների մրցապայքարում մեր ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ցույց տվեց 167 կգ արդյունք եւ գրավեց 3-րդ տեղը՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 196 կգ ծանրաձողը եւ երկամարտի 363 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը՝ եգիպտացի Մոհամեդ Իհաբիին զիջելով բրոնզե մեդալը անձնական քաշով:

Հ.Գ. – Սիմոն Մարտիրոսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Հայաստանի ծանրորդները 2-րդ մեդալը նվաճեցին Հյուսթոնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում: Մեր հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգի մրցումներում երկամարտի 402 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Սակայն պոկում վարժությունում մեր ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ իրեն ենթարկելով 186 կգ ծանրաձողը: Սակայն հրում վարժությունում պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնը ձախողվեց առաջին եւ երկրորդ մոտեցման ժամանակ, ուստի չկարողացավ լրջորեն պայքարել մեծ մեդալի համար: Նշենք, որ նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը 411 կգ արդյունքով գրավեց մրցանակային 2-րդ տեղը:

«Տաշիր»-ն ու «Դինամո»-ն կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը:

Դեկտեմբերի կեսերին Թեհրանում կկայանա նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցի «Դինամո» ակումբը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Հայ ձյուդոյիստները ձախողվեցին Չինաստանում

Հայաստանի ձյուդոյիստները ձախողվեցին Չինաստանում ընթացող ձյուդոյի Մեծ մրցանակի հերթական մրցաշարում: Ի դեպ,, մեր ձյուդոյիստների մրցակիցները կիսաեզրափակիչում պարտվել են Ադրբեջանի ներկայացուցիչներին եւ կպայքարեն 3-րդ տեղի համար:

Հ.Գ. – «Տաշիր»-ը կպայքարի 3-րդ տեղի համար

Ազատ ոճի ըմբշամարտի ակումբային աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը կպայքարի 3-րդ տեղի համար: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկող մեր թիմը վիճակահանությամբ ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են եղել Բուլղարիայի ՆՍԱ-ն, վրացական «Ջեորջիա»-ն եւ Ղրղըզստանի «Կիրգիզստաը-ը»: Առաջին փուլում «Տաշիր»-ը հաղթել է «Կիրգիզստան»-ին՝ 6:2, ապա ոչ-ոքի է խաղացել վրացական ակումբի հետ, իսկ 3-րդում ջախջախել է բուլղարական թիմին՝ 7:1: «Տաշիր»-ը խմբում գրավել է 1-ին տեղը եւ մտել կիսաեզրափակիչ, որտեղ, ցավոք, 2:6 հաշվով պարտվել է ամերիկյան «Տիտան Մերկուրի»-ին: Ի դեպ, այդ մրցավեճում մեր թիմի կազմում հանդես են եկել իրանցի երկու ըմբիշներ, որոնցից մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել, իսկ քաշային մեկ կարգում մերոնք ներկայացուցիչ չեն ունեցել: 3-րդ տեղի համար խաղում «Տաշիր»-ը ուժերը կչափի իրանական «Կեֆայատ Խորասան» թիմի հետ:

Ֆրանսիացիների սպառնալիքը թուրքերին՝ Ֆրանսիա չգա՛ք

Ֆրանսիացի ֆուբոլասերները չեն հանդուրժել Թուրքիա-Հունաստան ֆուտբոլային ընկերական խաղի ժամանակ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակի մեկ րոպե լռության ընթացքում թուրք մարզասերների պահվածքը: Նրանք լռության պահին գոչում էին «Ալլահ աքբար», ինչը խորը վիրավորանք է հասցրել ֆրանսիացիներին:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Բյուգուն (Այսօր) պարբերականը, ֆրանսիացի ֆուտբոլասերները տարբեր կապուղիներով սպառնալից մեսիջներ են ուղարկել այն թուրքերին, ովքեր ցանկություն են հայտնել գալ Ֆրանսիա 2016թ. եւ դիտել Եվրո-2016 ֆուտբոլի առաջնությունը:

Ֆրանսիացի մարզասերները գրել են երեւի թե ամենակարճ մեսիջը.«Չ՛գաք…»:

Հիշեցնենք նախորդ մեր տեղեկատվությունը - Թուրք ֆուտբոլասերները անարգել են զոհվածների հիշատակը.

Ստամբուլում կայացած Թուրքիա-Հունաստան ֆուտբոլային խաղը պետք է սկսվեր լռության րոպեով՝ ի հիշատակ Փարիզում ահաբեկչության զոհերի, սակայն դաշտի տերերի երկրպագուներն արհամարհել են այն: Ինչպես նշում է բրիտանական The Daily Mail թերթը, երբ թիմերը շարվել են խաղադաշտի կենտրոնում, որպեսզի հայտարարվի լռության րոպե, թուրք ֆուտբոլասերները սկսել են սուլել եւ գոռալ «Ալլահ աքբար»: Ի դեպ, հանդիպմանը ներկա են եղել նաեւ 2 երկրների վարչապետներ Ահմեդ Դավիթօղլուն եւ Ալեքսիս Ցիպրասը: Խաղից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը քննադատել է ֆուտբոլասերների պահվածքը. «Այսօր բարեկամության եւ հարեւանության օր էր, իսկ ֆանատները լրիվ հակառակը ցույց տվեցին»,- ասել է թուրք մասնագետը:

ՈւԵՖԱ-ն դեռ չի արձագանքել Ռուսաստան-Թուրքիա առճակատմանը

ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում փոխել Թուրքիայի մրցավարական խմբին Եվրոպայի լիգայի «Ռուբին»-«Սիոն» խաղին: Ինչպես հայտնի է, օրերս թուրքական զինուժը ռուսական Սու-24 օդանավ է խոցել Սիրիայի տարածքում, ինչի պատճառով լարվածություն է ստեղծվել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ:

«Այս պահին կա միայն մեկ որոշում, որն ընդունվել է 2014թ. հուլիսին, որը վերաբերում է ռուսական եւ ուկրաինական թիմերի տարանջատմանը»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ: «Ռուբին»-«Սիոն» հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, Կազանում:

Սարգիս Հովսեփյանը եւ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են Մեսիի օգտին

2016թ հունվարի 11-ին ՖԻՖԱ-ն կհրապարակի 2015թ «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկրի եւ տարվա լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային թիմերի գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ մեկական մարզական լրագրող երկրից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության համար սահմանված ժամկետներում մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրապարակել են իրենց տարբերակները: Ահա դրանք:

- Սարգիս Հովսեփյան.              – Հենրիխ Մխիթարյան.

Լավագույն ֆուտբոլիստ        Լավագույն ֆուտբոլիստ

1.Լիոնել Մեսսի                                  1.Լիոնել Մեսսի

2.Կրիշտիանու Ռոնալդու                2.Կրիշտիանու Ռոնալդու

3.Լուիս Սուարես                              3.Զլատան Իբրահիմովիչ

Լավագույն մարզիչ                     Լավագույն մարզիչ

1.Խոսեպ Գվարդիոլա                       1.Լուիս Էնրիկե

2.Լուիս Էնրիկե                                 2.Ունաի Էմերի

3.Ունաի Էմերի                                 3.Խոսեպ Գվարդիոլա

«Ալաշկերտ»-ը նորից գլխավորում է աղյուսակը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլում մրցաշարի առաջատար «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց «Շիրակ»-ին: Երեւանի «Արարատ»-ը սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Գանձասար-Կապան»-ի հետ, ընդ որում փրկարար գոլը արարատցիները խփեցին մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին: Երեւանի «Բանանց»-ն իր մարզադպրոցի խաղադաշտում ընդունեց առաջնության ետնապահ «Ուլիս»-ին եւ ջախջախեց 5:1 խոշոր հաշվով: Դաշտի տերերի կազմում 3 գոլ խփեց Լայերսիո Գոմեսը: «Փյունիկ»-«Միկա» հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակը՝

– – – – – – – – – – – – – – –  – Խ   Հ   Ո   Պ    ԽԳ   ԲԳ   Մ

  1. Ալաշկերտ                        14   9   4     1     27    12    31
  2. Փյունիկ                            14   9   2     3    30     10   29
  3. Գանձասար-Կապան         14   5   7     2    18     16    22
  4. Արարատ                          14   6   4     4    14     14    22
  5. Շիրակ                              14   6   3     5    15     16    21
  6. Միկա                               14   4   1     9    10     17    13
  7. Բանանց                           14   2   7     5    17      20   13
  8. Ուլիս                                14   0   2     17    7      34    2

Ռմբարկուներն են՝ Միհրան Մանասյան («Ալաշկերտ»)՝ 12, Հեբեր Արաուխո («Ալաշկերտ»)՝ 10, Վարդան Պողոսյան («Փյունիկ»)՝ 8, Լաերսիո («Բանանց»)՝ 7, Ացամազ Բուրաև («Գանձասար Կապան»)՝ 5, Վարդգես Սաթումյան («Փյունիկ»)՝ 5, Գեւորգ Նռանյան («Արարատ»)՝ 5, Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»)՝ 4, Դավիթ Հակոբյան («Շիրակ»)՝ 4, Ջոն Ջերեմիա («Բանանց»)՝ 4, Օդիլոն Կուակու («Շիրակ»)՝ 4, Նարեկ Բեգլարյան («Գանձասար-Կապան»)՝ 4 գնդակ:

Հ.Գ.- «Ալաշկերտ»-ը տարին ավարտեց 1-ին տեղում

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ փուլի առաջին 2 հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ը արտագնա խաղում հանդիպեց իր գլխավոր ախոյանի՝ «Փյունիկ»-ի հետ, որն ընդամենը 2 միավորով էր ետ մնում: Հյուրերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը եւ ոչ-ոքի խաղալ՝ 0:0: Այդպիսով, «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ տարին ավարտեց առաջին հորիզոնականում:

«Արարատ» -«Ուլիս» խաղը, ինչպես եւ սպասվում էր, ավարտվեց հյուրերի պարտությամբ, որոնք արդեն մի քանի շաբաթ է չեն մարզվում եւ միայն խաղից առաջ են հավաքվում: Արդյո՞ք սա «Ուլիսի» վերջին խաղն էր բարձրագույն խմբում, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, այժմ ակումբը ո՛չ սեփականատեր ունի, ո՛չ հովանավոր, ո՛չ էլ ֆինանսական միջոցներ, իսկ պարտքերի մեջ խրված (ֆուտբոլիստները, մարզիչները, ակումբի աշխատակիցները մի քանի ամիս չեն ստացել աշխատավարձ), ենթակառուցվածքներ չունեցող թիմին դժվար թե որեւէ գործարար ցանկանա ձեռք բերել:

5 թեկնածու՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանրապետության ֆուտբոլային եւ մարզական լրատվամիջոցների ներկայացուցչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մեր ազգային հավաքականը պետք է գլխավորի միայն հայազգի մասնագետը: Ըստ նրաի, այժմ կա նման 15 թեկնածու, որոնցից 13-ը PRO կարգի մարզիչ են, իսկ 2-ը՝ ոչ: Նրանցից մի քանիսն աշխատում են արտասահմանյան ակումբներում:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլից առաջ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց շվեյցարացի Բերնար Շալանդը, որն այս տարվա մարտին կայացած Ալբանիա-Հայաստան խաղից հետո պաշտոնանկ արվեց: Նրա տեղը ժամանակավոր զբաղեցրեց Սարգիս Հովսեփյանը, որը մինչ այդ նշանակվել էր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն այդպես էլ չհասցրեց որեւէ խաղ անցկացնել թիմի հետ:

Հավելենք, որ Հայկական առաջին ճակատ (FAF) ֆան շարժման՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ներկայացված առաջին պահանջը նվիրված է հենց հավաքականի գլխավոր մարզչին, մասնավորապես՝ «հավաքական հրավիրել արտերկրից պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի անցած մարզիչ»:

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը՝ ՖԱՖ-ի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հատարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց փոփոխության (25 նոյեմբերի, 2015թ.):

ՀՖՖ նախագահի հայտարարությունը՝ ուղղված ֆուտբոլային հանրությանը (ոչ ՖԱՖ-ի ղեկավարող խմբակին), ում փորձ է արվում ապակողմնորոշել հայկական ֆուտբոլային իրականությունից: ՀՖՖ-ն ֆուտբոլային համաշխարհային եւ եվրոպական կազմակերպութուններ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի անդամ, Հայաստանում գրանցված Իրավաբանական Անձանց Միություն է, որի գործունեության հիմնական նպատակներն են՝ ֆուտբոլի կանոնակարգումը, կազմակերպումը եւ զարգացումը Հայաստանում եւ հայկական ֆուտբոլի պատշաճ ներկայացումը միջազգային ֆուտբոլային հարթակներում: ՀՖՖ անդամներն են եւ ՀՖՖ-ին կարող են անդամագրվել ֆուտբոլի ասպարեզում գործունեություն ծավալող ու ֆուտբոլի զարգացմանը միտված բոլոր այն ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ընդունում եւ առաջնորդվում են ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի կանոնադրություններով ու կանոնակարգերով: ՀՖՖ շահառուներն են ֆուտբոլիստները, մարզիչները, մրցավարները, ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային մարզադպրոցները, ֆուտբոլի կառավարման եւ սպասարկման ողջ անձնակազմը, մարզական լրատվական միջոցները եւ, իհարկե, ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակը: Այսինքն, եթե կարճ բնութագրենք՝ ֆուտբոլային ընտանիքը եւ ողջ ֆուտբոլային հանրությունը: Ակնհայտ է, որ ՀՖՖ շահառուներն ընդգրկում են Հայաստանի եւ հայ հանրության զգալի մեծ այն զանգվածը, որը սիրում, աջակցում եւ երկպագում է հայկական ֆուտբոլին:

Չնայած հայկական ֆուտբոլի երկրպագուների նշված մեծ բանակին՝ քիչ թե շատ կազմակերպված ՖԱՆ շարժումները/խմբերը Հայաստանում եւ նրանից դուրս սակավաթիվ են, եւ եթե չհաշվենք ակումբային մակարդակը, ապա նրանք ընդամենը 3-ն են, որոնք երբեւէ համագործակցության նպատակով դիմել են ՀՀՖ-ին: ՖԱՖ-ը մեկն է նրանցից, եւ դատելով ՖԱՖ-ի գործունեությունից /ստացած, զեղչված գներով ձեռք բերված տոմսեր ու այլ ակտիվություններ/, կարելի է ենթադրել, որ ՖԱՖ անդամների եւ համակիրների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը:

Եվ այդ տեսանկյունից, հանդես գալ կամ փորձ անել հանդես գալու ֆուտբոլի երկրպագուների ողջ բանակի անունից, ուղղակի, մեղմ ասած՝ ընդհանուրի իրավունքի յուրացման փորձ է նրա մի փոքր մասի կողմից: Ինչ վերաբերվում է «պահանջներ», այն էլ վերջնագրի տեսքով «պահանջներ» ներկայացնելուն, ապա հենց այդ նույն համատեքստում եւ իրավական տեսանկյունից այն հիմնազուրկ է եւ, կարծում եմ դա ակնհայտ է անգամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող փոքրաթիվ այն խմբակին, ով փորձում է մանիպուլյացնել նույն ՖԱՖ-ի (եւ ոչ միայն) բազմաթիվ ազնիվ այլ երկրպագուների հայկական ֆուտբոլի վերջին արդյունքների հետ կապված արդարացի ցասումը: Այլ հարց է, թե այդ խմբակը ինչ նպատակներ է հետապնդում կամ ում շահերն է արտահայտում /կարծում եմ չի կարող երկար ժամանակ անհայտ մնալ/:

Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն հայաստանյան բացառիկ այն հանրային կառույցներից է, որ դեռևս իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկության և դեմոկրատական աննախադեպ սկզբունքեր, որի հետեւանքով ՀՖՖ գործունեությունը, նրա ֆինանսները, ծրագրերն ու անելիքները հասանելի են դարձել ոչ միայն ֆուտբոլային ընտանիքին, այլ նաեւ ողջ հանրությանը: Դրա վառ ապացույցն են ՀՖՖ տարեկան հրապարակային ֆինանսական հաշվետվությունները, որոնք մշտապես հաստատված են եղել միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների կողմից, իմ կողմից կատարված գործունեության մասին մանրակրկիտ հաշվետվությունները, գալիք ժամանակաշրջանի ծրագրերը (դրանք բաց տեղադրված են նաև ՀՖՖ պաշտոնական կայքում), եւ վերջապես, թափանցիկ եւ դեմոկրատական սկզբունքով անցկացված ընտրությունները: Ավելին, շատերին է հայտնի, որ ես անձամբ կամ ՀՖՖ գործադիր կոմիտեի հետ միասին հրապարակային քննարկման առարկա եմ դարձրել հայկական ֆուտբոլի առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ լսել յուրաքանչյուրի կամ յուրաքանչյուր՝ անգամ փոքրաթիվ խմբի կարծիքն ու առաջարկությունները:

Այս տեսանկյունից բացառություն չի կազմել նաեւ հենց նույն ՖԱՖ-ը, ում հետ անձամբ եմ քննարկել նրանց հուզող խնդիրները, լսել առաջարկությունները, որի ստեղծմամբ ուրախացել եմ առաջինը եւ գաղտնիք չէ նաեւ, որ սկզբնական ժամանակահատվածում նաև մեծապես օժանդակել ու նպաստել եմ նրա կայացմանը: Սակայն դադարել եմ անել դա, երբ նկատել եմ, որ ՖԱՖ-ը ղեկավարող կամ ՖԱՖ-ի անունից հանդես եկող խմբակում սկսել են գերադասել հակաֆուտբոլային, անձնական ամբիցիաները, բիզնես կոմպոնենտը եւ ակտիվությունները, որոնք ոչ միայն չէին նպաստում հայկական ֆուտբոլին, այլ որոշ դրվագներում անգամ հասցնում էին բարոյական և նյութական վնաս: Բավական է միայն նշել, որ նրանց գործողությունների արդյունքում ՀՖՖ վճարած տուգանքներով կարելի կլիներ մեկ բարձր որակի խաղադաշտ կառուցել Հայաստանում:

Անդրադառնալով այպես կոչված «պահանջներին», պետք է նշեմ, որ միտումնավոր կամ չիմացության պատճառով դրանք կազմված են բազմիմաստության, ապակողմնորոշման եւ ապատեղեկատվության սկզբունքով: Ի՞նչ է նշանակում «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով մարզիչ», ո՞ր կամ ու՞մ սկզբունքներով: Իսկ միգուցե նույն «հանրաճանաչ, խարիզմատիկ, հարուստ պրոֆեսիոնալ փորձով» մարզիչը մեկ երկրպագուի կամ մասնագետի կարծիքով այդպիսին է, իսկ մյուսի կարծիքով՝ ո՞չ: Կամ մինչ այժմ հավաքականի պաշտոնապես նշանակված ո՞ր մարզիչն է, որ այդպիսին չի եղել: Այլ հարց է, թե ում մոտ ինչպես է ստացվել աշխատանքը կամ ում պարագայում ինչպիսին է եղել հավաքականի պոտենցիալը: Այլ հարց է, որ հենց կատարված աշխատանքի արդյունքների հիման վրա է, որ տրվել է գնահատական կամ ցուցաբերվել է համապատասխան վերաբերմունք: Կամ, ի՞նչ է նշանակում «ինքնուրույն որոշումներ կայացնող» մարզիչ: Իսկ ո՞ր մարզիչն է, որ մինչ այսօր ինքնուրույն չի կայացրել իր որոշումները կամ, ո՞վ կնշանակի մարզիչ, թանկ կվարձատրի եւ նրա փոխարեն կաշխատի եւ կստանձնի նրա պատասխանատվությունը: Կամ ո՞ր մարզիչը կհամաձայնի ոչ իր որոշումների համար եւ իր կամքին հակառակ գործողությունների համար ստանձնել պատասխանատվություն եւ ստանալ արդյունք, որով պայմանավորված է նրա հետագա՝ ողջ պրոֆեսիոնալ (միգուցե եւ ոչ միայն) ճակատագիրը:

Անհեթեթությու՞ն է, թե՞ մտածված և կազմակերպված ապատեղեկատվություն:

Նշվում է, որ «հավաքական ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն՝ ելնելով նրանց մարզավիճակից, այլ ոչ որեւէ պաշտոնյայի քմահաճույքով ու ամբիցիաներից»: Իսկ ո՞վ է որոշում ֆուտբոլիստի լավ մարզավիճակը, հավաքականի մարզիչը, թե՞ ՖԱՖ-ի խմբակը, թե՞ ցանկացած այլ երկրպագու: Իսկ ո՞ր մարզիչը կհրաժարվի լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստից եւ կձգտի վատ արդյունքի: Իսկ արդյո՞ք ակնհայտ չէ, որ չնայած ցանկացած թիմի երկրպագու ունի իր սիրած թիմի յուրաքանչյուր խաղի համար իր նախընտրած կազմը, միեւնույնն է՝ կազմը որոշում է միայն տվյալ թիմի մարզիչը: Եվ արդյո՞ք ակնհայտ չէ, որ հաղթանակի դեպքում մարզիչը միշտ ճիշտ է, իսկ պարտության դեպքում՝ նույն երկրպագուի համար իր նախընտրած կազմը միայն կլիներ ճիշտ: Թե՞ ՖԱՖ-ի խմբակը շատ լավ հասկանալով սա՝ ցանկանում է միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը եւ ստվերել ինչպես իմ կամ ՀՖՖ-ի, այնպես էլ մարզչի հեղինակությունը:

Մինչ այժմ ներգրավված հավաքականի ցանկացած մարզչի հետ աշխատանքի սկզբունքը եղել է մեկը՝ իմ գլխավորությամբ ՀՖՖ-ն ապահովում է հավաքականի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ մարզիչը՝ լավ խաղը եւ արդյունքը: Իսկ ես, կարող եմ ասել, որ մշտապես արել եմ անգամ ավելին, քան պահանջվել է:

Ես պատասխանատու եմ նաեւ հավաքականի գաղափարախոսության, բարոյահոգեբանական մթնոլորտի, կարգապահության ու կազմակերպվածության համար: Այո, բազմիցս հրապարակային հայտարարել եւ կրկնում եմ, որ հավաքականը ֆուտբոլիստների համար է, ովքեր գալիս են այնտեղ ազգի պատիվը բարձր պահելու, հավաքականի հաղթանակի համար անմնացորդ նվիրվելու այլ ոչ դրանից տարբեր այլ նպատակներով: Եվ հենց այդ նպատակով էլ եղել են մի քանի ֆուտբոլիստների հետ կապված իմ հայտարարությունները: Բայց եւ հավատացնում եմ, որ չի եղել ֆուտբոլիստ, ում հավաքականի մարզիչը ցանկացել է տեսնել հավաքականում եւ չի ստացել այդ հնարավորությունը (կան բազմաթիվ այդպիսի օրինակներ): Ի վերջո ՖԱՖ-ին սպասարկող որոշ լրատվամիջոցներ եւ թղթակիցներ կարող էին գտնել գոնե մեկ մարզիչ, որը կհայտարարեր, որ ինքը ուզեցել է հրավիրել որեւէ ֆուտբոլիստի ու ՀՖՖ նախագահը արգելել է: Մնացածը հեքիաթներ են:

Հավաքականի խաղերի տոմսերի արժեքի հետ կապված խնդիրը: Փորձ է արվել հարցի հետ կապված «պրոֆեսիոնալ» կերպով համեմատական վերլուծություն կատարել այլ երկրների հետ: Ինչու՞ նույն «պրոֆեսիոնալությամբ» չի համեմատվել թե նույն այդ երկրներում ֆուտբոլային հասարակությունը ուղղակի (անդամավճարներ, ուսման կամ մարզման վարձ եւ այլն) կամ անուղղակի (պետական կամ տեղական ինքնակառավարման կառույցների բյուջեներ վճարված հարկեր եւ տուրքեր, վիճակախաղերից կամ խաղադրույքներից պարտադիր մասհանումներ եւ այլն) ճանապարհներով որքան ներդրումներ են կատարվում ֆուտբոլի զարգացման նպատակով: Իսկ այդ երկրներում կա՞ն մասնավոր սեփականության «Հրազդան» մարզադաշտեր, որոնց պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով ֆեդերացիան է ներդնում մեկ միլիարդ դրամից ավել միջոցներ:

Իսկ այդ երկրներից քանիսու՞մ է Ազգային մարզադաշտը պատկանում ֆեդերացիային, եվ քանի՞սն են ստիպված եղել նույն Ազգային մարզադաշտերի կառուցման, վերակառուցման եւ արդիականացման նպատակով 3,5 միլիարդ դրամից ավելի ներդրումներ կատարել եւ միայն պահպանման նպատակով տարեկան միջին հաշվով 150 միլիոն դրամ ծախսել: Կամ, այդ երկրներից քանիսի՞ ֆեդերացիաներն են ստիպված եղել պետության կամ ակումբների փոխարեն ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավման նպատակով 12 միլիարդ դրամից ավել ներդրումներ կատարել: Կամ, երբ որ համեմատություններ են արվում այլ պետությունների ՀՆԱ-ների հետ, այդ դեպքում ինչու՞ չեն բերվում տվյալներ, թե որ երկրների կառավարությունները որքանով կամ ինչ ծրագրերով են ֆինանսավորում ֆուտբոլն ու ֆուտբոլի զարգացումը:

Համեմատության համար ցուցանիշներն իհարկե կարելի է ավելացնել, սակայն դա չէ նպատակը, այլ մեկ շատ կարեւոր փաստ, որ այսպես կոչված «էժան» տոմսերի կարիք ունեցող սոցիալապես անապահով կամ երկրպագուների որեւէ խումբ երբեւէ չի անտեսվել: Հավաքականի յուրաքանչյուր խաղի համար ՖԱՖ-ին քաջ հայտնի անհատույց կամ մասնակի հատուցման եղանակով տրամադրվել են հազարավոր տոմսեր: Ավելին, ՀՖՖ ներդրումներով Հանրապետական մարզադաշտում ներդրվել է էլեկտրոնային համակարգ, որը հետայսու հնարավորություն կտա իրագործելու գների, այսպես կոչված սեզոնային տոմսերի, պատանի ֆուտբոլիստների համար տրամադրվող տոմսերի ու վերահսկողության ավելի ճկուն համակարգ:

Եվ ամենավերջում, այս եւ նմանատիպ շատ հարցերի շուրջ ՀՖՖ-ն եւ անձամբ ես ունեցել եմ հետաքրքիր ու կոնստրուկտիվ բազմաթիվ քննարկումներ երկրպագուների եւ այլ տարբեր խմբերի, այդ թվում նաեւ ՖԱՖ-ի հետ ու մշտապես «հասանելի» եմ եղել հենց այդ նույն ՖԱՖ-ի ղեկավար խմբակի համար: Հարց է առաջանում, թե ինչու՞ հանկարծ հիմա ՖԱՖ-ի ղեկավար այդ խմբակը որոշեց ընտրել քննարկման այլ՝ հրապարակային տարբերակ…. Արդյո՞ք տոմսերը «թանկ» չէին, արդյո՞ք մարզչիչը «խարիզմատիկ էր և հանրահայտ», արդյո՞ք այլոք չէին որոշում հավաքական հրավիրվողների ցանկը՝ երբ հավաքականը լավ էր խաղում…

Պատասխանը, համոզված եմ, չի ուշանա եւ բոլորս կիմանանք այս «շոուի» թե իրական նպատակը եւ թե իրական կազմակերպիչներին:

- Հիշեցնենք հատվածներ մեր նախորդ տեղեկատվության մասին – ՖԱՖ-ը դեռ պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը (իմիջիայլոց, մարզասերները համոզված են, որ Ալբանիա-Հայաստան խաղում եղել է դավադիր գործարք…).

«Նոյեմբերի 16-ի երթից հետո ՀՖՖ-ի անդամներից եւ ոչ մեկը մեզ հետ չի հանդիպել, մեր պահանջները չի լսել: Մենք հանդիպել ենք միայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ով մեզ առաջարկել է, որպեսզի երթերի կամ բողոքի ակցիաների ժամանակ պայթուցիկներ չօգտագործենք: Երթից հետո էլ ոչ մեկին բերման չեն ենթարկել, այլ երթի մասնակիցներից ոմանց նստեցրել են ոստիկանական մեքենաները, սակայն մի որոշ ժամանակ անց բաց են թողել: Որեւէ մեկը ոստիկանական բաժանմունք չի տարվել»,- հայտարարեցլ են ՖԱՖ-ի անդամները՝ խոսելով երթի մասին…

…ՖԱՖ-ի ղեկավար խորհրդի անդամ Էդգար Խաչատրյանն էլ կրկին ներկայացրեց ՀՖՖ-ին հասցեագրված իրենց պահանջները. «1. Պետք է լինի այնպիսի մարզիչ, որը կհամապատասխանի մեր հավաքականի պահանջներին, որը կկարողանա թիմը դուրս բերել կոմային վիճակից եւ կապահովի հաղթանակներ: 2. Տոմսերի գների իջեցում, պետք է ունենալ գնային հստակ քաղաքականություն: Հայաստանում մարզադաշտի ծայրամասային նստատեղերի համար տոմսերի ամենաէժան գինը սկսվում է 4000 դրամից, մինչդեռ եվրոպական երկրներում այդ նստատեղերի գինը մի քանի անգամ ավելի էժան է: 3. Պետք է վերանա ըստ սեփական տրամադրության ֆուտբոլիստներին հավաքական հրավիրել կամ չհրավիրելու հարցը: Եթե տվյալ ֆուտբոլիստն արժանի է, միշտ լավ խաղեր է ցույց տվել, ապա նա պետք է անպայման հրավիրվի, այլ ոչ թե ոմանց կամքով կանչվեն հավաքական: 4. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցն է: Մենք նրա հետ կապված անձնական ոչ մի բան չունենք, միշտ գնահատել ենք նրա աշխատանքը, սակայն կարծում ենք, որ նա իր գործառույթները լավ չի կատարում»:

«Մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է ակնկալելը, որ մեր բոլոր պահանջները հերթով կկատարվեն, սակայն մենք եթե հույս չունենայինք, ապա չէինք էլ պայքարի: Մենք հավատում ենք մեր ֆուտբոլի հավաքականին, այն ունի մեծ պոտենցիալ, պետք է կարողանալ դա ճիշտ օգտագործել, որի դեպքում մենք կունենանք մեծ հաջողություններ ու հաղթանակներ, ինչու չէ նաեւ՝ եվրոպական կամ մեծ մասշտաբի այլ խաղերում: Ամենահրատապը առաջին 3 պահանջների կատարումն է, որից հետո նոր կմտածենք մեր հետագա անելիքներ մասին…

Ռուբեն Հայրապետյան. Ալբանիայի դեմ խաղում դավաճանություն է եղել

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ ամփոփել հավաքականի ելույթներն ու խոսել թիմում առկա խնդիրների մասին: Նա նշել է, որ ազգային ընտրանին խայտառակ վատ է ելույթ ունեցել: Ալբանիայի դեմ ընտրական վերջին խաղից հետո, իր վկայությամբ, անգամ պատրաստ է եղել հրաժարական տալ: Ինձնից շատ ոչ ոք չի ցավել այդ անհաջողությունների համար: Միշտ իմ աշխատանքը մեծ նվիրվածությամբ ու ազնվությամբ եմ կատարել, ես չէի կարող այդքան մեծ դժվարությամբ ստեղծածը թողնել»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Նրա համար հատկապես ցավալի է, որ այդ խաղում Հայաստանը պարտություն է կրել, ու հայերի կողմից խաղը վաճառելու հետ կապված խոսակցություններ են եղել. «Պետք է կարգի բերել հավաքականն ու վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Մինչեւ մեղավորներին չհանենք ջրի երես, ոչնչի չենք հասնի»:

ՀՖՖ նախագահի խոսքով, հավաքականում 2-3 նվիրյալ ֆուտբոլիստներ կան, որոնք միշտ պատրաստ են խաղալ մեծ էնտուզիազմով, բայց ֆուտբոլում կարեւոր են բոլոր 11-ն էլ: Նա նշել է, որ մյուսները պարզապես քայլում են խաղադաշտում, չեն ցանկանում խաղալ: «Նախորդ ընտրական մրցաշարում ինչեր էին անում մեր ֆուտբոլիստները: Իսկ այս անգամ Պորտուգալիայի դեմ խաղում Կարլեն Մկրտչյանը պարզապես ոտքից բռնեց ու ընկավ, նա ոչ մի վնասվածք էլ չուներ, պարզապես փախավ: Ֆրանսիայի դեմ խաղում Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը չէին ցանկանում խաղալ: Ես Սարգիս Հովսեփյանին խորհուրդ տվեցի նաեւ Ալբանիայի դեմ չօգտագործել նրանց, գուցե, այդպես ավելի լավ կլիներ»,- ընդգծել է նա:

ՀՖՖ նախագահն ասել է նաեւ, որ ֆուտբոլիստները մեծամտացել են: Նրանք միլիոնանոց պայմանագրեր են կնքել իրենց ակումբների հետ, թանկարժեք մեքենաներ գնել, բայց տեղ են գտել պահեստայինների նստարանին ու դրանով բավարարվում են՝ համարելով, որ հասել են իրենց գագաթնակետին, իսկ ավելին անելու ձգտում չունեն: Ըստ նրա՝ ազգային թիմում անփոխարինելի ֆուտբոլիստ չպետք է լինի, երբ այս հարցը լուծվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա փաստում է, որ ազգային հավաքականում խնդիրները բազմաթիվ են ու միայն դրանք լուծելուց հետո հնարավոր կլինի հաջողությունների մասին խոսել: Ֆեդերացիան էլ է բացթողումներ ու թերացումներ ունեցել, սակայն դրաք հայհոյանքների ու վիրավորանքների պատճառ չպետք է դառնան. «Երբ հավաքականը լավ էր խաղում, ողջ ազգի սեփականությունն էր դարձել, ու ես դրա համար անչափ ուրախ էի: Սակայն, երբ սկսվեցին անհաջողությունները, միայն ինձ ու ֆեդերացիային են մեղադրում: Ես համամիտ եմ բոլոր երկրպագուների հետ, իսկապես, շատ վատ ենք խաղացել: Միասին պետք է ելքեր գտնենք այս իրավիճակից դուրս գալու համար»:

ՀՖՖ նախագահը նշել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի նոր գլխավոր մարզչի անունը, որն, ամենայն հավանականությամբ, տեղացի մասնագետ կլինի: Նա դասեր է քաղել արտասահմանցի մասնագետների հետ աշխատանքից ու գտնում է, որ նրանք խարխլում են թիմի կարգապահությունը, որը հետագայում վերականգնելու համար երկար ժամանակ է պահանջվում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։