Կծավալվի՞ պատժիչ հարվածը… Ռուսաստանը չի՞ պատերազմի – կրկին տեսակետ կա, որ այլեւս ընթանում է 3-րդ համաշխարհայինը… ՆԱՏՕ-ն ԻԼԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի…

Կծավալվի՞ պատժիչ հարվածը

Անկարան հասկացել է, որ ընդառաջելով ԱՄՆ-ի ցանկություններին, հայտնվել է երկու կրակի արանքում: Նման դեպքերում վտանգը ոչ միայն կրկնապատկվում է, այլեւ՝ ըստ իրավիճակի անգամ եռապատկվում կամ քառապատկվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարայի կարծիքով՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման միջադեպում թուրքական ռազմաօդային ուժերը գործել են վտանգին արձագանքելու կանոնների շրջանակում: «Մենք չէինք ուզում նման իրավիճակ լիներ, բայց բոլորը պետք է հարգեն Թուրքիայի՝ սեփական սահմանները պաշտպանելու իրավունքը: Չբացահայտված ռազմական ինքնաթիռը մուտք է գործել մեր օդային տարածք, 5 րոպեի ընթացքում նրան 10 անգամ զգուշացվել է, սակայն խախտումը շարունակվել է: Խստորեն հետեւելով վտանգին արձագանքելու մեր կողմից ընդունված եւ հայտարարված կանոններին՝ ձեռնարկվել է միջամտություն»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա ավելացրել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիսային շրջանում թուրքմենական բնակավայրերի ռմբակոծումները, ինչի հետեւանքով քաղաքացիական բնակչությունը տաղաշարժվում է դեպի Թուրքիայի սահման: Իսկ ինչ մնում է թուրքական քաղաքականությանը, ապա Անկարան չունի թշնամական մտադրություններ որեւէ երկրի նկատմամբ:

Անկարայում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի եւ դրա շուրջ ծավալվող զարգացումների քննարկման նպատակով: Նախագահ Էրդողանի նախագահած նիստին ներկա են եղել վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը եւ որոշ նախարարներ: Թուրքիան այս հարցով դիմել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԱԳՆ է կանչել Միացյալ Նահանգներիի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Միացյալ Թագավորության դեսպաններին:

Թուրքական կողմը մեղադրել է Ռուսաստանին՝ միտումնավոր սիրիական թուրքմեններին հարվածելու մեջ: Նշվել է, որ հնարավոր ամեն բան արվել է այս միջադեպից խուսափելու համար, բայց բոլորը պետք է հարգեն Թուրքիայի իրավունքները: Անկարան չի թաքցրել, որ աջակցում է Սիրիայի ընդդիմադիրներին: Սակայն, չի նշվել, որ այդ ընդդիմադիրները զինվում են թուրքական կողմից եւ թուրքմեն բնակչության միջոցով փորձում են Սիրիան մասնատել եւ որոշ տարածքներ Թուրքիային միացնել:  Սակայն Արեւմուտքի ոչ միակամ վերաբերմունքը մտահոգել է Անկարային, որը փորձում է հասնել ռուսական կողմի զայրույթի որոշակի մեղմացմանը: Բայց, ըստ որոշ լուրերի, ռուսական զինուժը անցել է պատժիչ գործողությունների եւ ոչնչացրել է դեպի Սիրիայի թուրքմենական հսկողության տարածք մտնող թուրքական զինվորականներին՝ ամբողջ զինտեխնիկայով հանդերձ: Օդային ռմբահարումների է ենթարկվել նաեւ այն տարածքը, որտեղից կրակել են ռուս օդաչուների վրա:

Արտակ Հայոցյան

Ռուսաստանը չի՞ պատերազմի

Ռուսաստանը պատերազմ չի հայտարարի. համոզված են ռուս վերլուծաբանները, քանի որ ռուս-թուրքական այս առճակատումը չի հասնի այդ իրավիճակին: Չնայած ավելի քան 30 պատերազմներ են մղել Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց դեմ: Նրանց կարծիքով՝ թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպը՝ ռուսական ինքնաթիռի խոցումը, պետք է գնահատել որպես հարձակողական ու ոչ ճիշտ քայլ:

Այսօր բոլորին է հասկանալի է, որ այս հարվածի հիմնական նպատակը Ռուսաստանին խանգարելն է, որը հաջողությամբ է գործում Սիրիայում՝ ընդդեմ իսլամական ծայրահեղականների, եւ կարող է հիմնովին հաստատվել Մերձավոր Արեւելքում իր զինուժով:

Անկարան նաեւ նպատակ ունի օգնել ԱՄՆ-ին՝ վերադառնալ սիրիական հակամարտության միջնորդի կարգավիճակին, որը Վաշինգտոնը կորցրել է իր բազմախաղ քաղաքականության պատճառով:

Այստեղ մտահոգվելու խնդիր ունենք նաեւ մենք՝ հայերս: Չնայած անհավանական է, որ Թուրքիան ռուս-թուրքական հակամարտությունը տեղափոխի հայ-թուրքական սահման, բայց այդ վտանգը կա: Մի անգամ ռուսական ինքնաթիռների՝ թուրքական սահմանը հատելուց հետո, թուրքական ուղղափիռները հատեցին Հայաստանի օդային սահմանը…

Նշվում է նաեւ, որ Թուրքիան չի կարող որեւէ բան նախաձեռնել Հայաստանի հետ սահմանին, որովհետեւ Թուրքիայի կենտրոնական իշխանություններն ուղղակի չեն վերահսկում իրենց կողմից թուրք-հայկական սահմանը։

Այսօր Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից բոլոր շրջանները վերահսկվում են տեղի քրդերի կամ քրդացած ու ծպտյալ այլ հայերի կողմից։

Հայ վերլուծաբանները եւս բացառում են պատերազմի հնարավորությունը: Համարելով, որ դա բավականին վտանգավոր քայլ կլինի Թուրքիայի կողմից, ինչը կսպառնա ներկայիս Թուրքիայի ամբողջությանը:…

Նախագահ Էրդողանի այսօրվա հավակնությունները նույնպես միանշանակ չեն ընկալվում Թուրքիայում եւ կարող է ներքաղաքական խժդժություններ առաջ գան նաեւ: Իսկ Անկարան նման ռիսկի չի գնա. պնդում են հայ վերլուծաբանները:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են ռազմական բախման վերածվել, եթե միայն Արեւմուտքը որոշի առճակատվել Ռուսաստանի հետ: Բայց այսօր իսլամական ծայրահեղականների դեմ միասնական ճակատի գնացող Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունները չեն կարող թույլ տալ նման բան:

Չնայած տեսակետ կա, որ արդեն (վաղուց) ընթանում է 3-րդ համաշխարհայինը եւ այն լինելու է Հայաստանի հարթակում, քանի որ դա անգամ պայծառատեսներն են նշել, բայց դեռ ծավալման միտումներ չեն նկատվում:

Թուրքիան իր եւ ԱՄՆ-ի դիրքերը ամրապնդելու խնդիրն է լուծում ու նաեւ զուգահեռ փորձում է դառնալ իսլամական աշխարհի կարեւոր երկիր: Այս քայլով փորձում է լինել առաջնորդ երկիր մուսուլմանական աշխարհում, ու հատկապես իսլամական պետությանը մեսիջ է ուղարկում, որ ինքը կարող է պաշտպանել նաեւ նրանց: Այնուամենայնիվ, տարածաշրջանում պայթյունավտանգ վիճակ է, իսկ դա մեզ պարտադրում է լինել զգոն եւ արտաքին եւ ներքին հարթակներում: Չի կարելի բացառել, որ իսլամական ծայրահեղականները վերստին կփորձեն ներթափանցել Կովկաս եւ այնտեղից սկսել իրենց տարածաշրջանային ծրագրի իրականացումը:

Նարե Մշեցյան

ՆԱՏՕ-ն ԻՊ-ին համարում է ընդհանուր թշնամի

ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր պետությունների ջանքերը ԻՊ-ի դեմ պայքարում՝ նշելով, որ «ընդհանուր թշնամին պետք է լինի «Իսլամական պետությունը», եւ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ԻՊ-ի հայտնաբերմանը։ Կարեւոր է, որ բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, առաջնորդվեն ահաբեկչական խմբավորմանը պարտության մատնելու համընդհանուր նպատակով»,- Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ նիստին հաջորդած ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ մինչ այժմ Ռուսաստանը թիրախավորել է Սիրիայի այն տարածքները, որտեղ ԻԼԻՊ-ը ներկա չի եղել, սակայն ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր ջանքերը, որոնք ուղղված են «Իսլամական պետության» դեմ։

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:

Այս սրացումները կանխելու համար ՆԱՏՕ-ն սատարում է Թուրքիային, բայց լարվածության թոթափման կողմնակից է եւ կաշխատի պահպանել Ռուսաստանի հետ ձեռք բերած նախկին պայմանավորվածությունները:

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։