Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում – Հանրահայտ «Իսկանդեր»-ներն էլ կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին… Ռուսաստանի պատժամիջոցները.- Թուրքիայի առաջին պատժամիջոցը՝ տնտեսական…

Հայաստանը հզոր սպառազինությու՞ն է ստանում

Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական An124 բեռնատար օդանավին, որը ստիպված է եղել կրկին վայրէջք կատարել Գյումրիում: Ռուսական կողմը որեւէ կերպ չարձագանքեց այդ միջադեպին, իսկ Բաքուն որեւէ բացատրություն չտվեց այդ որոշման համար:

Սա այն եզակի դեպքերից է, երբ Ադրբեջանը փակում է իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար, ինչը ենթադրում է մտածել, որ ադրբեջանական կողմը իր համար կասկածելի է համարել բեռնատար օդանավի պարունակությունը:

Ռուսական զլմ-ները տեղեկություն տարածեցին, որ Ty22M3 ռազմական ռմբակոծիչը թռչելով Մոզդոկից, անցնելով Ադրբեջանի, Իրանի եւ Իրաքի վրայով՝ ռմբակոծել է Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ռազմական հենակետերը եւ կրկին նույն ճանապարհով վերադարձել Ռուսաստան: Եթե Ադրբեջանն իր օդային տարածքը տրամադրում է ռուսական ռազմական օդանավերին, ապա ինչու պետք է մերժի ռուսական տրանսպորտային օդանավին, մի՞թե միայն այն պատճառաբանությամբ, որ այն թռչել է Հայաստանից:

Ադրբեջանի դիրքորոշումը պետք է այսպես հասկանալ. An124 օդանավը, որին անվանում են նաեւ «Ռուսլան», համարվում է աշխարհում գոյություն ունեցող ամենամեծ օդանավը՝ թե՛ իր չափերով, թե՛ բեռնատարողությամբ, այն կարող է տեղափոխել մինչեւ 150 տոննա բեռ: Այս տրանսպորտային օդանավը նախատեսված է ռազմավարական բեռների տեղափոխման համար, այդ թվում եւ՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ու դրանց արձակման կայանների:  Մի քիչ հարցական է, որ Մոսկվան Հայաստանին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կամ դրանց արձակման կայաններ տար, բայց «Ռուսլան»-ը հաստատ Հայաստան է բերել շատ կարեւոր բեռներ, այդ թվում՝ վերջերս ստորագրված ու վավերացրած պայմանագրով նախատեսված ժամանակակից սպառազինություն:

Արդյո՞ք խոսքը «Իսկանդեր» հրթիռային համակարգերին է վերաբերում, որոնք նույնպես նախատեսված են պայմանագրով, դեռ պարզ չէ: Բայց որ այդ համակարգերը մատակարարվելու են Հայաստանին, հստակ է եւ դա արդեն գրգռել է Թուրքիային ու Ադրբեջանին: Սակայն, ըստ այլ լուրերի, դեռ դրանք չեն ուղարկվել, քանի որ մի շարք տեխնիկական պատճառներ կան, որոնք կապված են մեր երկրում դրանց պահպանման ու շահագործման համար անհրաժեշտ պայմանների բացակայությամբ: Փաստորեն, դեռ պիտի կառուցվեն այդ կայանքների տեղակայման համար անհրաժեշտ անգարներ, պիտի պատրաստ լինի տեխնիկական այն անձնակազմը, որը կկարողանա սպասարկել այդ կայանքները: Իսկ դրանց բացակայության պայմաններում՝ իմաստ չունի այդ կայանքների տեղակայումը Հայաստանում, իսկ «Իսկանդեր»-ները կմատակարարվեն մյուս տարվա 2-րդ կեսին:

Ըստ ամենայնի՝ ադրբեջանական կողմն իր աղբյուրներով տեղեկացվել է, որ Գյումրիում վայրէջք կատարած «Ռուսլան»-ի բեռը նախատեսված է եղել ոչ թե ռուսական 102-րդ ռազմաբազայի, որքան Հայաստանի զինված ուժերի համար, ուստի՝ օդանավին Ռուսաստան վերադառնալու թույլտվություն չտալով՝ ադրբեջանցիները փորձել են հասկացնել, որ իրենք չեն կարող իրենց օդային տարածքը տրամադրել Հայաստանի բանակին ժամանակակից սպառազինություն մատակարարելու համար:

Ինչեւէ, ռուսական ինքնաթիռը Հայաստանում չի մնացել՝ Իրանի տարածքով հետ է վերադարձել Ռուսաստան:

Այլ տեղեղեկությունների համաձայն՝ այս «Ռուսլան»-ական այցը առաջին չէ, նաեւ շարունակվելու միտում ունի եւ առաջիկայում եւս 4 չվերթ կիրականացնի Հայաստան՝ բերելով հայ-ռուսական համաձայնագրով նախատեսված մյուս սպառազինություններն ու ռազմական տեխնիկա:

Վահագն Նանյան

Առաջին պատժամիջոցը՝ տնտեսական

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո շարունակվում է երկու երկրների միջեւ լարված իրավիճակը:

Թուրքական «Ռադիկալ»-ն արդեն գրել է, որ ռուսաստանյան կողմն արդեն սկսել է պատժամիջոցների կիրառումը: Ընդ որում՝ սկսել է տնտեսական ոլորտում: «Ռադիկալ»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, հայտնում է, որ Ռուսաստանն արգելել է Թուրքիայից սպիտակ մսի՝ թռչնամսի ներկրումը:

Որպեսզի ավելի հստակ պատկերացնենք, թե խոսքն ինչի մասին է, ասենք, որ նախորդ տարի Թուրքիան 16 միլիոն դոլարի թռչնամիս է արտահանել ՌԴ, իսկ 2015թ. վերջին այդ գումարի չափը կհասներ 23,5 միլիոն դոլարի:

Որոշումը գործի կդրվի դեկտեմբերի 1-ից:

«Ռադիկալ»-ն այս մասին լուրը վերնագրել է՝ «Առաջին պատժամիջոցը՝ Թուրքիային. միլիոնավոր դոլարների վնաս»:

Թե քաղաքական ինչ պատժամիջոցների կդիմի ՌԴ-ն, հստակ չէ, բայց որ տնտեսականին զգալի տեղ կհատկացնի, պարզորոշ է:

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։