ԱԱԾ.- Երեւանում կանխված հանցագործությունների մասին… ԱԱԾ.- Խմբի անդամների եւ գործողությունների մասին… ՀՀ նախագահ.- Կանխարգելիչը շարունակական ու հետեւողական կլինի… ԱԱԾ տնօրեն.- Գգալու՜ է ապաշխարելու ժամանակը…

ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում կանխված հանցագործությունների մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015թ. ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

ԱԱԾ-ի 2-րդ հայտարարությունը՝ խմբի անդամների եւ գործողությունների մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981թ. ծնված, 1997թ.-ից Իսպանիայի Թագավորությունում բնակվող եւ 2015թ. ապրիլից Երեւան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երեւան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի եւ 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են եւ 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք եւ ռազմամթերք, որոնք պահել է Երեւան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:

2015թ. նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել է տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքավորումներ, փամփուշտներ, փամփշտակալներ, կապի միջոցներ ու այլ տեսակի զենք եւ ռազմամթերք: Մասնավորապես՝ Արթուր Վարդանյանի կողմից վարձակալած նշված սեփական տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են՝

6 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ,

4 հատ «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որից մեկը խլացուցիչով,

1 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակ,

1-ական ողորկափող և օդամղիչ հրացաններ,

Տարբեր տրամաչափի ընդհանուր 5261 փամփուշտներ,

2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարքեր (խուզարկության պահին եղել են միացված, վնասազերծվել են),

1 հատ պայթեցման սարք,

1 հատ հակատանկային բեկորային ական «ՄՈՒՎ 50»,

Մոտ 1200 գրամ «տրոտիլ» պայթուցիկ նյութ,

Մոտ 50 գրամ «պլաստիդ» պայթուցիկ նյութ,

11 հատ «Ֆ1» նռնակներ,

46 հատ «ՌԳ» նռնակներ,

3 հատ «ՌԳԴ-5» նռնակներ,

2 հատ հակատանկային նռնականետ,

20 հատ ինքնաձիգի պահունակներ,

Պայթուցիչներ, օպտիկական նշանացույցեր, հեռադիտակներ, դետոնատորներ, մեծ քանակության զինվորական համազգեստ եւ հանդերձանք: Հայտնաբերվել են նաեւ ՀՀ, Երեւան քաղաքի ու Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Սերժ Սարգսյան. Կանխարգելիչը շարունակական ու հետեւողական կլինի

Ինչպես մեզ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրի նախագահն աշխատանքային քննարկում է անցկացրել ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ այս կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ: ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել մեր քաղաքացիների եւ մեր երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

«Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ եւ որեւէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որեւէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում: Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, եւ նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը»,- նշել է Նախագահը, եւ որպես ասվածի վառ ապացույց, մատնանշել նոյեմբերի 25-ին տեղի ունեցած միջոցառումը. «Մենք տարիների քրտնաջան աշխատանքով՝ հենց նշածս մարդկանց քրտնաջան աշխատանքով, դասվել ենք աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, եւ Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, իհարկե նաեւ՝ այս բնագավառում: Խնդրում եմ իմ շնորհակալությունը փոխանցել անձնակազմին, ով մասնակցել է այդ միջոցառմանը»,- եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահն իրավասու իրավապահ մարմիններին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ընդգծելով, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական եւ հետեւողական բնույթ կրեն:

Գորիկ Հակոբյանը գիտի՝ գալու՜ է ապաշխարելու ժամանակը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը պատասխանել է նոյեմբերի 25-ին Երեւանում զինված հանցավոր խմբի վնասազերծման առնչությամբ որոշ մեկնաբանությունների վերաբերյալ «Արմենպրես» գործակալության հարցին:

– ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված հայտնի միջոցառումներից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին նաեւ տարօրինակ եւ երկիմաստ մեկնաբանություններ, որ իբր այն «բեմականացված» էր կամ միտված ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին, որով իսկ փորձ է արվում քաղաքական երանգ հաղորդել իրականացված հատուկ գործողություններին:

– Հիշեցնեմ, որ ազգային անվտանգության ծառայությունն՝ ապաքաղաքականացված կառույց է եւ մեր բոլոր գործողությունները միտված են ՀՀ եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք եւ ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, եւ դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր եւ ինչ հետեւանքներ կարող էին լինել:

Ցանկանում եմ ընդգծել, որ երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա» հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին եւ մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը: Ընդ որում գործողության ընթացքում ոչ մի զոհ չեղավ: Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության եւ հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց աշխատանքը նման գնահատականի արժանանա:

Կարծում եմ՝ այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին:

Իսկ այդ «մասնագետներին» առաջարկում ենք հետագայում մասնակցել գործով դատական նիստերին եւ հուսով ենք այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում:

Գալու է ժամանակը եւ նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողություններն պիտակավորելու եւ հանրությանը ապակողմնորոշելու համար:

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։