Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը… ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում հանցավոր խմավորման բացահայտված մասին… Հիմնադիր Խորհրդարանը տեղյակ չէ… Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել…

Ու՞ր կտանի զինված խմբավորման հետքը

Միջազգային սրացումներին զուգահեռ մի փոքր լարում նկատվեց նաեւ Հայաստանում: Բայց խնդիրն այն բանում չէ, որ ծայրահեղ իսլամականներն իրենց ահաբեկչական ու զավթողական ծրագրերում նաեւ Հայաստանն են ներառել, նաեւ նրանում չէ, որ մշտապես խախտվում է զինադադարը հայ-ադրբեջանական սահմաններում եւ սադրանքներն են լինում գրեթե ամեն օր, այլ մեր երկրի ներքին կյանքին եւ ապահովությանն առնչվող մի խնդրում է: Հայաստանում վտանգավոր հանցախումբ է հայտնաբերվել, որը պատրաստվում է զինված գործողություններ իրականացնել, իսկ թե ինչ նպատակներով, կպարզի հետաքննությունը:

Երեւանում, Նորքում գտնվող մի առանձնատնից ԱԱԾ-ն դուրս է բերել մի շարք ծանր հանցագործություններ ծրագրած խմբի անդամներին՝ 3 կնոջ եւ 7 տղամարդու: Փաստորեն, ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել մեր երկրում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Այդ տարածքը խիստ հսկողության տակ էր առնվել. ոստիկանությունը տարածք չէր թողնում մտնել անգամ այդ տան հարեւանությամբ ապրող բնակիչներին։ Ականատեսները պատմում են, որ տանն ամեն ինչ ջարդուփշուր է արված, հետախուզվում էր ամեն անկյուն: Տան տիրոջ քույրը պատմում է, որ չի կարողանում գտնել «այն բրոկերին, ով տունը վարձով է տվել»: Իսկ իրավապահները տուն են մտել պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով:

Այն փաստը, որ մեր քաղաքական ու լրատվական բնագավառները դեռ կայացած չեն, անմիջապես երեւում է որեւէ արտակարգ իրավիճակի առաջացման առաջին իսկ պահից: Հաճախ չտրամաբանված կամ ենթադրյալ կարծիքների տարածմամբ գրեթե խուճապային տրամադրություններ են առաջ գալիս: Անմիջապես «գցվեց» ահաբեկչական խմբավորման ձերբակալման թեզը, երեւի որոշ լրատվամիջոցներ այդպես գտան նպատակահարմար, որ՝ «Արդեն հայտնի է տեռորիստական խմբի ղեկավարի անունը», «ԱԱԾ-ի՝ Նորք-Մարաշում հայտնաբերած 10 սիրիացիները հայերեն խոսել են իմացել» եւ նման բաներ, որոնք սկսեցին հայտնվել «ամենաընթերցվածները» համացանցային կարգավիճակում: Բազմիցս է խոսվել այս մասին, որ ժամանակից առաջ ընկնելն ու, կամա թե ակամա, խուճապային տրամադրություններ առաջացնելը վտանգավոր է: Բայց համացանցային «լայքերը» պարզապես դարձել են վերպետական ու վերազգային երեւույթներ… Հետո «հայախախոս սիրիացիները» «դարձան» «ադրբեջանցի հայախոսներ» եւ ոմանք երեւի թե արդեն պատրաստվում էին հերթական ադրբեջանական սադրանքի մասին տեղեկացնել, բայց ԱԱԾ-ն կանխեց: Չնայած ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանը իր հարցազրույցում եւս ակնարկել էր, թե «չի բացառվում, որ Ադրբեջանից հայախոս ահաբեկիչներ թափանցեն»:  Իսկ ԱԱԾ-ն ընդամենը հայտարարել էր, որ «զինված խումբը ծանր հանցագործություններ էր պլանավորել», այսինքն՝ չկա խոսք «տեռորիստական» խմբի կամ ահաբեկչական գործողություն իրականացնելու մասին:

Մինչ ԱԱԾ պաշտոնական հայտարարությունը, տարածվում էր տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԱԾ-ն եւ նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության ու Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երեւանում կանխել են լուրջ եւ մեծ հանցագործություն: Նորք Մարաշի տներից մեկում վնասազերծել են զինված մի քանի անձանց՝ 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, ովքեր զինված են եղել ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով եւ «նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»: Իսկ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ասել են, որ հանցավոր խմբում եղել են նաեւ սփյուռքահայեր: Եվ իբր ԱԱԾ-ն հետագայում խուսափել է սփյուռքահայ բառից:

Այս անգամ էլ աղմուկ բարձրացավ, թե «Հայաստանում սփյուռքահայերի շրջանում վհուկների որս է հայտարարում»: Սրան հավելվեց նաեւ այն հանգամանքը, որ այս խումբը որոշակի կապեր ունի Հայաստանի ընդդիմադիր մի քաղաքական ուժի հետ: Եվ «վհուկների որսի հայտարարումը» անցավ այլ ոլորտ: Անմիջապես արձագանք եղավ, թե իշխանությունը հանցախմբին կարող է կապել ընդդիմադիր շարժման հետ եւ թերեւս միակ հայտարարությունը եղավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից, թե «Ակնհայտ է, որ վարչախումբը փորձում է նման ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել ու հոգեբանորեն ճնշել ժողովրդին ու ապակողմնորոշել միջազգային հանրությանը», ուստի՝ «Նոր Հայաստան»-ը ժողովրդին կոչ է անում չենթարկվել հոգեբանական պատերազմի այս հերթական գրոհներին եւ դեկտեմբերի 1-ին խաղաղ ձեւով համախմբվել Ազատության հրապարակում՝ տեր կանգնել իրավունքներին: Անգամ հնչեցին մեկնաբանություններ, թե իշխանություններն այսպիսով փորձում են դեկտեմբերի 1-ից առաջ հիմք ստեղծել՝ «Նոր Հայաստան» շարժման նախատեսած հավաքը չեզոքացնելու համար. «Նման հանգամանքը չեմ բացառում, ռեժիմն ունակ է գնալ նման քայլերի»,- ասել էր Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ով չի բացառել, որ ընդամենը հայտնաբերվել է

սովորական զինված խումբ.…«Ես իհարկե չեմ տեսել ու կարդացել, որ այդ ահաբեկչական խումբը կարող է կապ ունենալ «Նոր Հայաստան»-ի հետ, կարդացել եմ, որ կարող է կապ ունենալ ընդդիմադիր ուժերից մեկի հետ»,- ասել է նա՝ ծիծաղելով, թե՝ «Մենք իրականում կապ ունենք Թուրքիայում ռուսական ինքնաթիռը վայր գցելու հետ»…

Իսկ նոր մանրամասները պարզեցին, որ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավարը Արթուր Վարդանյանն է, ով Արցախյան ազատամարտի մասնակից Վալերի Վարդանյանի որդին է, «Հայոց Վահան» հ/կ նախագահը: Համացանցում առկա տեսանյութերից ենթադրվում է, որ նրա ստեղծած գունդը մասնակցելու է Քեսաբի ազատագրմանը, սակայն թե որքանո՞վ է դա համապատասխանել իրականությանը, հայտնի չէ, քանի որ Քեսաբում դա որեւէ մեկը չի հաստատել: Հետագայում «Հայոց Վահան»-ի որոշ անդամներ լքել են խումբը, իսկ Արթուր Վարդանյանը փորձել է ֆ/բ էջերում անդամագրումներ անել եւ ազգային ու հայրենասիրական էջերի հետ կապեր ստեղծել:

Արման Դավթյան

ԱԱԾ հայտարարությունը՝ Երեւանում բացահայտված ու կանխված հանցագործությունների մասին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015թ. ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Հիմնադիր Խորհրդարանը տեղյակ չէ

Հիմնադիր Խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ հայտնաբերված զինված խմբավորման հետ ընդդիմադիր մի ուժի կապի մասին տեղեկատվությունը ստանալուն պես շատերը միանգամից հիշել էին Հիմնադիր խորհրդարանի «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը: Բայց դա իհարկե, այդպես չէ, Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ընկերներին չեն հետախուզել եւ իրեղեն ինչ-որ ապացույցներ կամ զենքեր չեն հայտնաբերել: Այդ խումբը կապ չունի իրենց հետ եւ սա արվում է հատուկ նպատակով, որպեսզի մարդկանց հեռու պահեն Հիմնադիր Խորհրդարանից կամ «Նոր Հայաստան»-ից: Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ «Զինված խմբավորման ղեկավարի անունն իրեն ոչինչ չի ասում: Ես մի հոգու անուն եմ կարդացել այդ խմբավորման ղեկավարի հետ կապված, բացարձակապես այդ անուն ազգանունը ինձ ոչինչ չի ասում… ուրիշ մեկնաբանելու բան չունեմ»:

Ընդդիմադիրներին զարմացրել էր նաեւ, որ Գյումրիում էլ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված, գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում խստացված հսկողություն էր իրականացվում, նույնիսկ, ըստ ականատեսների, հարակից գյուղերից դեպի Գյումրի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենաների վարորդներին ու զննել մեքենաները, օրինակ՝ այդպես է եղել Արեւիկ գյուղի մոտակայքում: Նույն վիճակն է եղել Հոռոմի խաչմերուկում: Իսկ Գյումրու կենտրոնական փողոցներում այնպիսի հսկողություն է եղել, որ թիվ 40 ավտոբուսը փոխել է իր երթուղին:

Սկզբում կարծիք կար, թե այս ամենը կապ ունի Գյումրիում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ: Բայց, փաստորեն զինված խմբավորումը բացի զենքերից, ունեցել է նաեւ Երեւանի եւ Գյումրիի քաղաքային մանրակրկիտ քարտեզները եւ դեռ պետք է պարզվի, թե ինչ նպատակով են այդ քարտեզները ձեռք բերվել:

Այստեղից կարելի է ենթադրել, որ կազմակերպված հանցավոր խմբակցությունը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել

«Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- ըստ aravot.am-ի՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է ամբաստանյալի կարգավիճակում գտնվող, Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը: Նա մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:

Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը Գոռ Վարդանյանը Արցախյան հերոսամարտի 20-ամյա տարելիցին նվիրված է նկարել:

«Ես չէի հասկանում ռազմամթերքից, բերեցին այդ մթերքը դատարկեցին դպրոցի բակում, հիշում եմ՝ ուժեղ անձրեւ էր գալիս, կինոյի կազմով մի կերպ տեղավորեցինք դպրոցի ներսում: Մասնագետ չկար, ու ես չգիտեի՝ որն է պայթուցիկ, որը՝ չէ»:

«Լուսանցք» թիվ 41 (387), 2015թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։