Շաբաթվա մարզական կյանքից.- Հայկական ֆուտբոլի ոդիսականը – ՖԱՖ-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը… Մեր հավաքականի ֆուտբոլիստների դիմումը… Հրաժարական՝ անհաջողության դեպքում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ցանկալի եւ անցանկալի մրցակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլը դեռ չի ավարտվել, իսկ ահա ՖԻՖԱ-ում արդեն տեղի ունեցավ 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մեր ուշադրության կենտրոնում, բնականաբար, գտնվում է եվրոպական գոտու վիճակահանությունը: ՖԻՖԱ-ն հավաքականներին նախապես բաժանել է 6 զամբյուղներ՝ առաջնորդվելով վարկանիշային աղյուսակով: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Դա նշանակում է, որ մեր թիմին մրցակից չեն կարող դառնալ Կիպրոսի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Լիտվայի եւ Մոլդովայի թիմերը, որոնք նույնպես հայտնվել են նույն զամբյուղում:

Ընտրական խմբերը կգլխավորեն Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը, Իսպանիան եւ Խորվաթիան (1): Ելնելով այդ երկրների հնարավորություններից, մեր թիմի համար ցանկալի մրցակից կարելի է համարել Ուելսի հավաքականին: 2-րդ զամբյուղում ընդգրկվել են Սլովակիան, Ավստրիան, Իտալիան, Շվեյցարիան, Չեխիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Դանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան: Այստեղ ընդունելի տարբերակ է Սլովակիան: 3-րդ զամբյուղից լուրջ մրցակիցներ են համարվում Ուկրաինան, Շոտլանդիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեդիան, Սերբիան, Հունաստանը, անցանկալի՝ Ալբանիան, ցանկալի՝ Հյուսիսային Իռլանդիան: 4-րդ զամբյուղում բարդ կլինի մրցակցել Սլովենիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի դեմ, անցանկալի հակառակորդ է Թուրքիան, ցանկալի՝ Ֆարերները եւ Էստոնիան: 6-րդ զամբյուղում ընդգրկվել են Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Վրաստանը, Մալթան, Սան Մարինոն եւ Անդորան: Վերջին երկուսն ամենաթույլ մրցակիներն են ցանկացած թիմի համար: Բազմազանության համար ցանկալի կլինի, եթե Հայաստանի հավաքականի մրցակիցներ դառնան Անգլիան, Խորվաթիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովենիան, Չեռնոգորիան, Ֆարերները, Լիխտենշտայնը, Սան Մարինոն, քանի որ մերոնք դեռեւս չեն հանդիպել այդ երկրների ազգային թիմերի հետ: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում:

ՈւԵՖԱ-ն դեռ չի արձագանքել

Ինչպես հայտնի է, թուրքական զինուժը ռուսական Սու-24 օդանավ է խոցել Սիրիայի տարածքում, ինչի պատճառով լարվածություն է ստեղծվել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում հաստատել Թուրքիայի կամ Ռուսաստանի՝ մեկը մյուսի թիմերի կամ հավաքականների միմյանց հետ հանդիպումները կանխելու կամ մրցավարական խմբերը փոխելու առաջարկները: «Այս պահին կա միայն մեկ որոշում, որն ընդունվել է 2014թ. հուլիսին, որը վերաբերում է ռուսական եւ ուկրաինական թիմերի տարանջատմանը»,- նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության հենց սկզբից եւս կանխվել են փոփոխությունների հարցերը, բայց դեռ միջադեպերի առիթ եւս չի եղել:

ՖԱՖ-ը 3 պահանջներին ավելացրել է եւս 2-ը

Հայկական առաջին ճակատ ՖԱՖ շարժումն օրերս երթ կազմակերեց դեպի ՀՖՖ՝ իր 3 պահանջներին ավելացնելով եւս 2-ը։ Հիշեցնենք, որ նրանք պահաջում էին, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ունենա փորձառու գլխավոր մարզիչ։ 2-րդը՝ ազգային թիմ հրավիրվեն ֆուտբոլիստներ՝ առանց ավելորդ հավակնոտության եւ 3-րդ՝ ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Ցույցի մասնակիցները պահաջում են նաեւ ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմալուծումն ու տոմսերի էժանացումը։ ՖԱՖ երկրպագուները ցանկացան ցուցապաստառներ ամրացնել ֆուտբոլի ֆեդերացիայի դարպասներին, սակայն ոստիկանները դա թուլ չտվեցին։ Այդ հարցում թեթեւ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանների եւ ցույցի մասնակիցների միջեւ։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ֆուտբոլասերներին կոչ արեց չօգտագործել հրավառ, պայթուցիկ նյութեր եւ ցույցն անցկացնել խաղաղ։ ՖԱՖ-ի երկրպագուները հայտարարեցին, որ կհամառեն այնքան ժամանակ, մինչեւ չստանան իրենց հարցերի պատասխանները։  ՖԱՖ նախագահը հավաստեց, որ խաղը վաճառվել է, չնայած ոստիկանությունը դեռ ուսումնասիրում է: Հայաստան-Ալբանիա աղմկահարույց ֆուտբոլային խաղի կապակցությամբ օտարերկրյա զլմ-ների տարածած հրապարակումները, որի համաձայն Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներ կաշառք են ստացել ալբանացիների հաղթանակը ապահովելու համար, ոստիկանության 6-րդ վարչությունը դեռ ուսումնասիրում է։ Նյութերը գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչություն, այսպես ասած ստուգողական աշխատանքներ կատարելու։ Մինչ ոստիկանությունը էական բացահայտումների մասին կհայտարարի, «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն։ «Դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ իրականում եղել է դա, եւ մեր գործն է, որ դա բացահայտենք, եւ այդ մարդկանց անունները հրապարակենք։ Մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ կլինեն։ Խաղը սկսվելուց կես ժամ անց ես դա արդեն հասկացել էի»,- ասել է նա՝ վստահ, որ կբացահայտվի խաղի վաճառքը։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, հյուրընկալելով Ալբանիայի թիմին, խոշոր՝ 0-3 հաշվով պարտություն կրեց: Այդ հաղթանակը ալբանացիներին «մտցրեց» «Եվրո-2016-ի» եզրափակիչ փուլ։ Խաղից հետո սերբական զլմ-ները տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի ընտրանու 4 ֆուտբոլիստներ կաշառվել են՝ ստանալով 500 հազարական եվրո:

ՀՖՖ նախագահի խոսքով, հավաքականում 2-3 նվիրյալ ֆուտբոլիստներ կան, ովքեր «միշտ պատրաստ են խաղալ մեծ նվիրումով, բայց ֆուտբոլում կարեւոր են բոլոր 11-ն էլ»: Որոշ ֆուտբոլիստներ մեծամտացել են. «Նրանք միլիոնանոց պայմանագրեր են կնքել իրենց ակումբների հետ, թանկարժեք մեքենաներ գնել, բայց տեղ են գտել պահեստայինների նստարանին ու դրանով բավարարվում են՝ համարելով, որ հասել են իրենց գագաթնակետին, ավելին անելու ձգտում չունեն»: Նշվեց, որ մոտ ժամանակներս կհայտարարվի նոր գլխավոր մարզչի անունը, ով, ամենայն հավանականությամբ, տեղացի մասնագետ կլինի: Դասեր քաղվել են արտասահմանցի մասնագետների հետ աշխատանքից, ովքեր խարխլում են թիմի կարգապահությունը, ինչը հետո վերականգնելու համար երկար ժամանակ է պահանջվում:

Հայտնիների դիմումը՝ ՀՖՖ նախագահին

Հայաստանի հավաքականի 9 առաջատար ֆուտբոլիստներ անդրադարձել են հայկական ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու ՀՖՖ նախագահի մամլո ասուլիսին: «Հաշվի առնելով վերջին շրջանում մեր ֆուտբոլի հավաքականի շուրջ տարածված լուրերը, մեկնաբանությունները եւ շշուկները, ուզում ենք անդրադարձ կատարել վերը նշված հարցերին: Նախ նշենք, որ Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա եւ մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որեւէ արդյունք չի տալու: Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ՝ նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված եւ անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք եւ վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների՝ հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին:

Միշտ գործել ենք ի շահ հավաքականի՝ վնաս տալով թե՛ մեր առողջությանը, թե՛ բազմաթիվ դեպքերում նաեւ մեր ակումբային կարիերային: Հավաքականում միշտ եղել է, եւ հիմա էլ միասնական մթնոլորտ է: Բոլոր ֆուտբոլիստները մեկ ընտանիքի պես են, ֆուտբոլիստների միջեւ հարաբերությունները նախկինի պես ջերմ եւ ընկերական են, ու հավաքականում տիրող վատ մթնոլորտը ոչ մի կերպ պայմանավորված չէ թիմի ֆուտբոլիստների միջեւ լարված հարաբերություններով կամ ֆուտբոլիստների պահվածքով: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել հավաքականի բոլոր երկրպագուներին թե՛ Հայաստանում, թե՛ երկրից դուրս այս 7-10 համատեղ տարիների համար: Դուք միշտ երկրպագել եք մեր հավաքականին՝ անկախ ցույց տրված արդյունքներից եւ խաղի որակից»:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Արաս Օզբիլիզ, Ռոբերտ Արզումանյան, Մարկոս Պիզելլի, Գեւորգ Ղազարյան, Գեւորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան:

Անհաջողության փուլում՝ կլինի հրաժարական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական կտա, եթե ֆուտբոլի ազգային հավաքականը 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի, ասել է ՀՖՖ նախագահը Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես նշել է ակումբի ղեկավար Դենիս Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը ասել է, որ հավաքականի անհաջող ելույթի դեպքում ինքն այլեւս անելիք չի ունենա ֆուտբոլում։

Ֆան ակումբի ղեկավարի այն հարցին, թե որքանո՞վ վստահ է ՀՖՖ նախագահը, որ էդպես է լինելու, Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Ես էսքան ժամանակ ստախոս չեմ եղել, էսքան ժամանակ երբեք նման բան չեմ ասել, որ եթե հավաքականը շրջափուլում անհաջողություն կրի, ես հրաժարական կտամ, սա առաջին դեպքն է, որ ես սենց բան եմ ասում ու իմ խոսքի տերը կլինեմ»։ Միաժամանակ, տոմսերի գների իջեցման հարցում նա խոստացել է քայլեր ձեռնարկել, իսկ հավաքական հմուտ ֆուտբոլիստներ հրավիրելու պահանջին ի պատասխան ասել է, որ ինքը այդ հարցին չի միջամտում։

«Մարզչի հետ կապված հստակություն չկա՝ հնարավոր է նաեւ արտասահմանցի մարզիչ, մինչեւ տարվա վերջ էդ հարցի լուծումը կստանանք»,- ասել է իր հերթին Դենիս Սարգսյանը։ Ռուբեն Հայրապետյանը հավելել է, որ Վարդան Մինասյանը կտրականապես հրաժարվում է վերստին ստանձնել մարզչի պաշտոնը (հիշեցնենք, որ այս մարզչի օրոք մեր հավաքականը մեծ թռիչք կատարեց), եւ հիմա ինքը փորձելու է հրավիրել ֆրանսիական «Նանտ»-ի մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հատարարություն է տարածել, որով օատասխանել էր ՖԱՖ-ի հարցադրումներին, նշելով, որ իր համար առանձին հասկացողություն է մեր ֆուտբոլային հանրությանը, մեկ այլ հասկացողություն է ՖԱՖ-ի ղեկավարող խմբակը, որը փորձում է ապակողմնորոշել ֆուտբոլային հանրությանը հայկական ֆուտբոլային իրականությունից:

Իսկ ՖԱՖ-ը շարունակում է պայքարը՝ իր հարցերի պատասխանները ստանալու համար: «Լուսանցք»-ն այս խնդրին արդեն անդրադարձել է: ՖԱՖ-ը բողոքի ցույցեր է կազմակերպում, նաեւ նոր հայտարարություն է տարածել, որ մինչեւ վերջ սատար է կանգնելու հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին եւ վստահություն է հայտնում, որ «այս միջադեպի հետեւանքով ունենալու ենք ինչպես ավելի կուռ ու միասնական կոլեկտիվ, այնպես էլ հայ երկրպագու-ֆուտբոլիստ հրաշալի հարաբերություններ»:

Նշված է, որ ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին ու ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից: ՖԱՖ-ը ցանկանում է ՀՖՖ ղեկին տեսնել պատասխանատու, աջ ու ձախ մեղավորներ չփնտրող, ինքնաքննադատ, հաշվետու, պրոֆեսիոնալ ղեկավարի, ում համար Հայաստանի ֆուտբոլային հանրությունը չի ամաչի: Մենք թույլ չենք տա, որ վտանգվի հաջորդ, ամենայն հավանականությամբ ներկա սերնդի ամենակարեւոր ընտրական փուլը: «Մեր գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն նաեւ սույն թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում»,- նշել են մարզասերները:

«Ալաշկերտ»-ը տարին ավարտեց 1-ին տեղում

Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ փուլի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ը արտագնա խաղում հանդիպեց իր գլխավոր ախոյանի՝ «Փյունիկ»-ի հետ, որն ընդամենը 2 միավորով էր ետ մնում: Հյուրերին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը եւ ոչ-ոքի խաղալ՝ 0:0: Այդպիսով, «Ալաշկերտն» իր պատմության մեջառաջին անգամ տարին ավարտեց 1-ին հորիզոնականում: «Արարատ»-«Ուլիս» խաղը, ինչպես եւ սպասվում էր, ավարտվեց հյուրերի պարտությամբ, որոնք արդեն մի քանի շաբաթ է չեն մարզվում եւ միայն խաղից առաջ են հավաքվում: Արդյո՞ք սա «Ուլիս»-ի վերջին խաղն էր բարձրագույնխմբում, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, այժմ ակումբը ո՛չ սեփականատեր ունի, ո՛չ հովանավոր, ո՛չ էլ ֆինանսական միջոցներ, իսկ պարտքերի մեջ խրված (ֆուտբոլիստները, մարզիչները, ակումբի աշխատակիցները մի քանի ամիս չեն ստացել աշխատավարձ), ենթակառուցվածքներ չունեցող թիմին դժվար թե որեւէ գործարար ցանկանա ձեռք բերել:

Գյումրիի «Շիրակը» 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին» եւ ընդհուպ մոտեցավ «Արարատ»-ին, իսկ Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում մրցեց «Միկա»-ի հետ՝ գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Ալաշկերտ»-ը, որը վաստակել է 32 միավոր. 2 միավոր քիչ ունի «Փյունիկ»-ը, 7՝ «Արարատ»-ը: 4-5 տեղերում «Շիրակ»-ն ու «Գանձասար-Կապան»-ն են, 6-7 տեղերում «Միկա»-ն ու «Բանանց»-ը, աղյուսակը եզրափակում է «Ուլիս»-ը, որն ընդամենը 2 միավոր է վաստակել 45 հնարավորից:

Այժմ առաջնությունում ձմեռային ընդմիջում է հայտարարվել: Մրցաշրջան-2016-ը կմեկնարկի մարտի 5-ին նախատեսված 16-րդ փուլի 2 խաղերով:

Հայաստանի ծանրորդները 3 մեդալ նվաճեցին ԱՄՆ-ում

Հյուսթոնում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները միասին վաստակեցին ընդամենը երեք փոքր մեդալ:

Մրցումների վերջին օրը մերոնցից մրցահարթակ ելան 3 հոգի: Կանանց գերծանր քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 260 կգ (115+145) արդյունքով զբաղեցրեց 14-րդ տեղը: Տղամարդկանց գերծանր քաշում Գոռ Մինասյանը առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում (437 կգ), ընդ որում պոկում վարժությունում նա արժանացավ բրոնզե փոքր մեդալի, ինչը թվով 3-րդն էր մեր հավաքականի համար: Մեր մյուս գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը ցույց տվեց 8-րդ արդյունքը (433 կգ): Հիշեցնենք, որ մեր ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում նույնպես պոկում վարժությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: Նա լավ հնարավորություն ուներ միայննորմեդալ նվաճելու եւ երկամարտում բրոնզե մեդալը զիջեց միայն անձնական ծանր քաշի պատճառով: Հայաստանի ծանրորդները 2-րդ մեդալը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը» Նա 105 կգ քաշային կարգի մրցումներում երկամարտի 402 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը, սակայն պոկում վարժությունում մեր ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ՝ իրեն ենթարկելով 186 կգ ծանրաձողը: Հրում վարժությունում պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոնը ձախողվեց առաջին եւ երկրորդ մոտեցման ժամանակ, ուստի չկարողացավ լրջորեն պայքարել մեծ մեդալի համար: Նշենք, որ նույն քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը 411 կգ արդյունքով գրավեց մրցանակային 2-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանի տղամարդկանց հավաքականը 57 երկրների մեջ զբաղեցրել է 12-րդ տեղը, կանանցը՝ 19-րդը (59 մասնակիցների մեջ):

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                «Լուսանցք»՝     52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։