Դեռ հասկանալ է պետք քաղաքականության մայր «եզր»-երը (իմա՝ հայրենի) – Մերթ ընդ մերթ հայտնվում են էլի ազգափրկիչ ծրագրերով դաշինքներ, որոնց առաջին ծրագրային կետը լինում է դրամահավաքը…

Ըստ որոշ աղբյուրների, Հիմնադիր Խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը վաղուց չի համարվում ընդդիմադիր ալիք առաջացնող գործիչ, պարզապես փոխարինողի հարցն է ձգձգվում: Բայց Երեւանում հանցավոր խմբի վնասազերծումը եւ ՀՀ ազգային անվտանգության նշած՝ «հանցավոր խմբի հետ ընդդիմադիր ուժերից մեկի կապի մասին» տեսակետը ընդդիմադիր շարժումներ առաջացնելու ցանկություն ունեցող ոմանց ստիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին ետ բերել քաղաքական դաշտ:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ վերջերս ԱՄՆ դեսպանատանը արած «արյունալի» հայտարարությունները եւս հիասթափեցնող են եղել ու «հայ ժողովորդին փուռը տվող պատգամավորը» հազիվ թե այսօր նոր ասելիք ունենա, եթե լսողներ լինեն այլեւս:

Դեռ սեպտեմբերին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ եվրոպական մի շարք այլ դեսպանների, ապա մեկնեց ԱՄՆ՝ երեւի առողջական որոշ խնդիրներ կարգավորելու նպատակով: Եվ երբ շարք վերադարձավ՝ նոյեմբերի 30-ին իր գրասենյակում ընդունեց մի խումբ դեսպանների եւ այլ դիվանագետների: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը, ով նաեւ «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է, Հանրապետության ներկա իրավիճակի, Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումների իր տեսլականը համառոտ ներկայացրեց Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինին, Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվըրթին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, Իտալիայի դեսպան Ջիովանի Ռիչիուլիին, Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին, Չեխիայի դեսպան Պետր Միկիսկային եւ Ճապոնիայի դեսպանի խորհրդական Քենիչիրո Սասամիին:  Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Քննարկումների ընթացքում Հովհաննիսյանին ուղեկցում էին «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական արդի մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքին զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես տեսնում ենք՝ բացակայում են Ժիրայր Սեֆիլյանը եւ Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու ՕԵԿ (էլի ընդդիմադիր դարձած) նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ մի շարք այլ կազմակերպությունների հետ զարկ են տվել մի այլ աշխարհաքաղաքական ուղղության ընդդիմադիր ալիքի առաջացմանը, որը եւս կիսատապալված վիճակում է ցայսօր:

Չմոռանանք նշել, որ մերթ ընդ մերթ էլ հայտնվում են ազգափրկիչ հայտարարություններով ու ծրագրերով դաշինքներ, որոնք նույնպես քայլ առաջ չեն շարժվում, քանի որ առաջին ծրագրային կետը լինում է դրամահավաքը… Եվ բոլոր նման կազմակերպությունների «ժողովուրդ ջանը» չգիտի որ մեկին ֆինանսավորի հանուն իր ինքնափրկության՝ իր այս սուղ պայմաններում հայտնված վիճակում:

* * *

Հերթական անգամ Ժիրայր Սեֆիլյանն իրենց պայքարին միանալու կոչով դիմել է այլ կուսակցությունների առաջնորդներին հանրահավաքի ժամանակ: Հատկապես դիմել է խորհրդարանական ուժերին՝ երեւի կարծելով, որ այսպես կարող են ԱԺ բարձր ամբիոնից հնչեցնել իրենց իշխանության գալու կոչերը…

Երբ այս գործիչը հայտնեց, թե իրեն արդեն մոտեցել են ՀԺԿ անդամները, այս կուսակցության պատասխանատուները հերքեցին դա՝ ասելով, որ նույն կերպ իրենց կարող է որեւէ մեկը մոտենալ ու ասել, թե ինքը Ժիրայր Սեֆիլյանն է…

Իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն լուրջ չէ, երբ դիմում են մի հարցով, որ քանիցս մերժվել են պատճառաբանված: Նա այս անգամ շեշտել է, թե իրենք մարդկանց չեն կարող պարտության տանել այսպիսի պայքարով…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։