Երբ պայքարը աթոռի, ոչ թե գաղափարի շուրջ է – Բոլորովին կապ չունի, այդ ընդդիմադիր հռչակված կառույցը ամիսը մեկ մի նոր անունով հանդես կգա, թե իր հին կամ զուգահեռ բոլոր անուններով…

Սահմանադրական փոփոխությունների թեման հենց սկզբից որոշակի նոր բաների մասին խոսելու հնարավորություն էր ստեղծել, սակայն դա երկար չտեւեց, քանի որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմադիրները համակարգված ասելիքին այդպես էլ տեղ չտվեցին: Իսկ իրավիճակային ասելիքները երկար կյանք չեն ունենում, առավել եւս, երբ կրկնվում են՝ տաղտկալի են դառնում: Եվ կապ չունի, այդ ընդդիմադիր հռչակված կառույցը ամիսը մեկ մի նոր անունով հանդես կգա, թե իր հին կամ զուգահեռ բոլոր անուններով:

Ի վերջո, ժողովուրդը մի հին ու փորձված խոսք ունի, «անունը կա՝ ամանումը չկա», այսինքն՝ այս դեպքում, ընդդիմադիրների անունը, իբր բազմանալով եւ փոփոխվելով, իրականում կա, բայց քանի որ նույն մարդիկ են, ապա նոր սպասումներ չեն լինում եւ ստացվում է՝ «ամանումը չկա»:

Բոլորս ենք հետեւում մեր երկրի ներքին կյանքին, անցուդարձերին եւ իսկապես կուրախաննք, եթե մի նոր որակի, հին ու նոր տրամադրություններն ու տրամաբանությունները շաղկապած քաղաքական կառույց հայտնվի ներկա ընդդիմադիրներին համարժեք ուժով ու կարողություններով: Իհարկե կան նման կառույցներ, բայց իրենց դրամական կարողություններով, անդամների սոցիալ-տնտեսական դժվարին կարգավիճակով դեռ ի զորու չեն ավելի մեծ դերակատարում ստանձնել երկրի ներսում:

Իսկ հին ուժերով ստեղծված «Նոր Հայաստանը» հերթական անգամ հայտարարեց շուրջօրյա նստացույց սկսելու մասին: Բայց չստացվեց: Մարդիկ այլեւս չեն ցանկանում առանց լուրջ համոզմունքի ժամանակ վատնել: Գալիս են հանրահավաքի կամ բողոքի ցույցի, ավարտից հետո հետեւում են զարգացման ընթացքին եւ համոզվելով, որ ոչ մի բան տեղի չի ունենալու, կոչերից հոգնած տուն են վերադառնում՝ վաղվա սպասումով: Առավել հուսալքող է դարձնում բողոքավորներին այն, երբ հավաքի որոշ մասնակիցներ հայտարարում են, թե դուրս են գալու դեկտեմբերի 1-ին եւ այլեւս տուն չեն գնալու՝ մինչեւ իշխանությունը չփոխվի: Բայց անգամ 1 օր չեն մնում դրսում…

Այս անգամ նաեւ ոստիկանությունն էր լուրջ տրամադրված: Հայտարարել էր, որ «Նոր Հայաստանի» դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է խախտումներով: Ըստ ոստիկանության, հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված եւ ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, քաղաքում ազատ քայլելու ու համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց եւ արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթեւեկությունը: Ուստի՝ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետեւել իրազեկմամբ նախանշված երթուղուն: Ոստիկանությունը նաեւ փաստել է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով «ՀՀ ոստիկանության նախապես տարածած հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության եւ օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն ու ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ: Ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին եւ, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է արել եւ պահանջել նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց»:

Նման գործողությունների արդյունքում առաջացած հետեւանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները. հայտարարել են ոստիկանները:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանությունը Երեւանում նախատեսված հավաքների անցկացման կապակցությամբ 8 կետանոց հայտարարություն էր տարածել, որում հանգամանորեն նշված է, թե ինչ քայլերի կդիմի ոստիկանությունը, եթե լինեն օրինազանցներ ու կարգազանցներ: Անդրադարձ էր եղել նաեւ զինված հանցախմբի՝ օրերս տեղի ունեցած վնասազերծմանը, որը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել՝ նշելով ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությունն այդ պատասխանատու եւ վտանգավոր գործողությանը:

Միեւնույն ժամանակ, ոստիկանության պետը օրերս հրավիրած խորհրդակցության ժամանակ մտահոգություն է հայտնել հանրության որոշ խմբերի գնահատականի վերաբերյալ ու զգոնության եւ անաչառության կոչ հղել բոլոր նրանց, ում անվտանգությունը նույնպես ապահովվել է այդ գործողության մասնակիցների շնորհիվ: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաեւ զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման եւ մասնակիցների անվտանգության ապահովման խնդիրներին եւ, խոսելով այդ միջոցառումների կազմակերպիչների՝ ոստիկանությանն ուղղված հայտարարությունից՝ տվել է հստակ ցուցումներ ու հանձնարարականներ:

Քննարկվել է նաեւ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման հարցը եւ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին ցուցումներ է տվել հանրաքվեի նախապատրաստման եւ ծառայության կազմակերպման ուղղությունների վերաբերյալ:

Դեռ երբեք ոստիկանությունն այսպես կտրուկ եւ բացահայտ չէր արտահայտվել, սակայն զինված հանցախմբի հայտնաբերումն ու վնասազերծումը նոր մտահոգություններ է առաջ բերել: Ի վերջո, չի բացառվում, որ հանցախմբի անդամները միայն այնքանը չէին, որքան ձերբակալվել են: Չի բացառվում, որ այդ դեպքում, չհայտնաբերված հանցագործները հայտնվեն հանրահավաքներում, ցույցերում եւ հանրային հնչեղության այլ միջոցառումներում…

Դառնալով դեկտեմբերի 1-ի եւ դրան հաջորդող հանրահավաքային տրամադրություններին, պետք է նշել, որ դժվար թե ծավալումներ լինեն: Ինչպես լրատվամիջոցներն են հոգնել այս ու այն գործիչների ասուլիսներից, դրանք լուսաբանելու ցանկությունից (որովհետեւ այստեղ էլ նոր բան չկա ոչ ասելիքի, ոչ էլ ասողների առումով), այնպես էլ մարդիկ են հոգնել նույնաոճ ու միապաղաղ հանրահավաքներից:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանրահավաքից հետո չկարողացավ հզոր երթ իրականացնել, որեւէ փողոց «գրավել» ու փակել, ինչը շատերին ետ քաշեց հետագա քայլերից, իսկ ովքեր մասնակցեցին երթին, որ ընթացավ դեպի ՀՀԿ գրասենյակ, այնտեղ էլ ավարտեցին բողոքի ցույցը: Այն բանից հետո, երբ ոստիկանական պատը կանգնեց ՀՀԿ շենքի եւ ցույցի մասնակիցների միջեւ, ճակատի առաջնորդները որոշեցին կարճ խորհրդակցություն անցկացնել։ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ երթը պետք է շարունակել մինչեւ Հանրապետության հրապարակ, որտեղ էլ կմտածեն՝ ինչ անել։ Այդ ընթացքում լեզվակռիվ էր տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, բայց ոստիկանները թույլ չտվեցին տեղաշարժվել տեխնիկայով՝ բարձախոսներ եւ այլն։ Իսկ առանց բարձրախոսների հնարավոր չէր լինի ելույթ ունեցողների խոսքը հասցնել բոլոր մասնակիցներին:

Եվ այսպես էլ՝ «Նոր Հայաստանի» հայտարարած շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը մնաց առկախ: Հանրությունն այդպես էլ չփրկվեց… Չնայած երեկվա հանրահավաքին մասնակցեց նաեւ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյյանը, բայց տեղացած ձյունն ավելի էր թուլացրել հանրահավաքային ձգտումները:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։