Թե՞ Արեւմուտքը կքայլի հայկական ճանապարհով – Իսկ ու՞ր են Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած (1919-1920թթ.) Փարիզի ու Սան Ռեմոյի համաժողովներին մասնակցած, Սեւրի միջազգային դաշնագիրն ու 1920թ. նոյեմբերի 22- ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ստորագրած եվրոպական պետությունները…

95 տարի առաջ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ ընդունված միջազգային Իրավարար վճիռ-քարտեզի տակ դրած ստորագրությամբ սուլթանական Թուրքիան պարտավորվեց Հայաստանին հանձնել 40 հազար քառ. մղոն տարածք: Սեւրի միջազգային դաշնագրով Հայաստան-Թուրքիա սահմանները ճշտած միջազգային այդ վճիռը ստորագրել էին մի շարք պետություններ: 14 երկրի ստորագրած միջազգային այդ աննախադեպ վճռի իրագործումը խափանեց Իրավարար վճիռը ստորագրելուց 10 օր հետո, 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը մեր երկիրը զավթած Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանությունը առաջինը ճանաչել են 1919-1920թթ. Փարիզի ու Սան Ռեմոյի միջազգային կոնֆերանսներին մասնակցած եւ Սեւրի միջազգային դաշնագիրն ու 1920թ. նոյեմբեր 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը ստորագրած եվրոպական պետությունները, որոնք Իրավարար վճիռ-քարտեզով Թուրքային պարտավորեցրին Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 40 հազար քառ. մղոն տարածք (ավելի քան 90 հազար քառ. կմ): Իրավարար վճիռ-քարտեզը ստորագրել են.1. Բրիտանական կայսրությունը, 2. Ֆրանսիան, 3. Իտալիան, 4. Ճապոնիան (այս 4 երկրները պաշտոնապես կոչվում էին Գլխավոր Դաշնակից տերություններ), 5. Հայաստանը, 6. Բելգիան, 7. Հունաստանը, 8.Հեջազը (Սաուդյան Արաբիա), 9. Լեհաստանը, 10. Պորտուգալիան, 11. Ռումինիան, 12. Սերբիա-Խորվաթիա-Սլովենական թագավորությունը, որոնք հետո մտան Հարավսլավիայի մեջ, 13. Չեխոսլովակիան (այս 9 պետությունները կոչվում էին Գլխավոր դաշնակից տերութիւնների դաշնակից տերություններ) եւ 14. սուլթնական Թուրքիան (Քեմալ աթաթուրքի նախաձեռնությամբ… Թուրքիայի ազգային մեծ ժողովը այդ փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել): Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող կետերը 1919թ. փետրվարից սկսած մինչեւ Գլխավոր Դաշնակից տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա) կողմից նշուած կետերի հաստատումը Սեւրում, նախապատրաստել եւ ստորագրության են պատրաստել 1919թ. հունվարի 18-ից մինչեւ 1920թ. հունվարի 21-ը ընդհատումներով գումարված Փարիզի հաշտության եւ 1920թ. ապրիլի 19-26-ը Իտալիայի Սան-Ռեմո քաղաքում անցակցված խորհրդաժողովները: Փարիզի Խորհրդաժողովը հունվարին հիմնեց Պատասխանատվության եւ պատժամիջոցների հանձնաժողով (կարճ՝ նաեւ Տասնհինգի հանձնաժողով), որի առաջին ենթահանձնախումբը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղար Լենսինգը:  Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաս Պոլիտիսի առաջարկով Տասնհինգի հանձնաժողովը առաջարկեց ընդունել Ռազմական հանցագործությունների փաթեթ, որը ներառում էր հայերի զանգվածային կոտորածների համար մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու որոշումը: Ենթահանձնաժողովի 1919թ. մարտի 5-ի զեկույցը ներկայացնում էր հայերի հանդեպ իրականացված հետեւյալ ոճիրները. պարբերական ահաբեկչություններ, կոտորած, կեղծ մեղադրանքներով մահապատիժներ, կանանց եւ աղջիկների պատվազրկում, անձանց եւ հանրային կառույցների, բարեգործական հիմնարկների կողոպուտ: Իսկ 1919թ. մարտի 29-ի վերջնական փաստաթուղթը ավարտվում էր նաեւ հետեւյալ պահանջով. «…Թուրքիայի իրականացրած բարբարոսական եւ ապօրինի գործողությունների համար պատասխանատու բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»: Կոտորածների համար մեղավորներին պատասխանատության ենթարկելու դրույթը Պատասխանատովության եւ պատժամիջոցների հանձնաժողովի ջանքերով արձանագրվեց Սեւրի դաշնագրի թիվ 226 հոդվածում: Փարիզի խորհրդաժողովին ներկա գտնվելու թույլտվություն էր տրված հայկական 2 պատվիրակությունների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ, հայտնի արձակագիր ու ազգային-ընկերային գործիչ Ավետիս Ահարոնյանին եւ Հայ Ազգային պատվիրակության նախագահ, եգիպտահայ հայրենապաշտ մեծահարուստ, 1910-1920-ական թթ. հայ ազգային-պետական-քաղաքական դեմքերից գործնական դիվանագիտության մեջ ամենափորձառուի, Եգիպտոսի նախկին ԱԳ նախարար Պողոս Նուբարին, ով իր բովանդակ կարողությունը նվիրել էր հայկական հարցի լուծմանը: Ազգային պատվիրակությունը 1912թ. վերջին հիմնել եւ գլխավորում էր Պողոս Նուբարը, ով 1906թ. ապրիլի 15-ին Կահիրեում հիմնեց եւ մինչեւ 1930թ. գլխավորեց Հայոց բարեգործական ընդհանուր միությունը: Ամենայն հայոց Գեւորգ Ե կաթողիկոսը 1912թ. նոյեմբերից Եվրոպայում իր անձնական ներկայացուցիչ էր նշանակել Պողոս Նուբարին, ով 1918թ. նոյեմբերի 30-ին հայ

ժողովրդի անունից հռչակեց հայոց պատմական բոլոր տարածքների միավորումը: Թեեւ որոշ հարցերում ունեցած էական տարակարծություններին, Հայկական 2 պատվիրակությունները ստորագրեցին եւ 1919թ. փետրվարի 25-ին Փարիզի խորհրդաժողովի քննարկմանը ներկայացրեցին «Հայկական Հարցը խաղաղության ժողովի առջեւ» միասնական պահանջ-հուշագիրը: Հայերի թվաքանակը ներկայացնող վիճակագրական հավաստի տվյալներով եւ հիմնավոր այլ փաստերով լրացված եւ մի քանի լեզուներով հրատարակված այդ հուշագիրը բաժանվել է խորհրդաժողովի ներկաներին եւ լրատվամիջոցներին:

Խորհրդաժողովների առանցքային դեմքերից մեկը՝ Մեծ Բրիտանիայի 1916-1922թթ. վարչապետ, մեր ժողովրդի բարեկամ Լլոյդ Ջորջը, իր հիշողություններում հավաստի տվյալներ եւ փաստեր է բերում՝ վկայելով, որ Մեծ Բրիտանիայի ու ֆրանսիայի միջեւ Թուրքիան մասնատելու մասին 1916թ. կնքված Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրով Արեւմտահայաստանի հյուսիսային հատվածը եւ նեղուցները, որ դաշնագրում կոչվում էր դեղին գոտի, պետք է անցներ Ռուսաստանին: Սակայն բոլշեւիկները իշխանությունը Ռուսաստանում բռնազավթելուց անմիջապես հետո, 1917թ. նոյեմբերին հրապարակելով այդ գաղտնի փաստաթուղթը, այն չեղյալ հայտարարեցին: Արեւմտահայաստանը Ռուսաստանի «հովանավորությունից» ազատելու առաջինը անուղղակի քայլը Եվրոպան կատարել էր Ղրիմի պատերազմից հետո կնքված Փարիզի 1856թ. մարտի 30-ի պայմանագրում: Այդ փաստաթղթում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի դեսպանների պնդումով արձանագրվեց, որ առանց տերությունների միասնական համաձայնության, Թուրքիայի տարածքների որեւէ փոփոխությունը արգելվում է:

Սակայն Ռուսաստանին հաջողվեց Սան-Ստեֆանոյի դաշնագրով դարձյա՛լ ստանձնել արեւմտահայերի «հովանավորությունը»: Եվրոպան Արեւմտահայաստանը, այն է՝ Հայկական հարցը Ռուսաստանի ճանկերից դուրս բերելու հիմնավոր քայլը սկսեց Լոնդոնի 1876թ. արձանագրության՝ Թուրքիային վերաբերող հատվածում, այնուհետեւ, ինչպես նշվեց, դա ամրագրվեց 1878թ. հուլիսի 13-ին Բեռլինում ընդունված 61-րդ հոդվածում: Սակայն Հայկական հարցի հիմնավոր ձեւակերպումը Հայաստանի անկախ պետականությունը վերականգնելու շնորհիվ արձանագրվեց Փարիզի ու հատկապես Սան-Ռեմոյի խորհրդաժողովներում: Մի շարք հայանպաստ քայլերի հեղինակ, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար լորդ Ջորջ Քերզընի առաջարկով 1920թ. ապրիլի վերջին Սան-Ռեմոյում ելույթ ունեցան նաեւ Պողոս Նուբարը եւ Ավետիս Ահարոնյանը: Նրանք պատասխանեցին խորհրդաժողովի հետեւյալ մի քանի հարցերին. հայերը իրենց բանակը կարո՞ղ են կազմակերպել այնպես, որպեսզի հնարավորություն ունենան պահպանելու երկրի ինքնիշխանությունը: Հայերն իրենց ուժերով պատրա՞ստ են պաշտպանել երկրի սահմանները, կուզենա՞յին հայաթափված Էրզրումը ընգրկել Հայասատանի կազմում եւ ի զորո՞ւ են պահելու Հայաստանի կազմում, քանի որ թուրքաբնակ Էրզրումը կորցնելուց հետո թուրքերը պիտի սկսեին հայերի նոր կոտորածներ: Պողոս Նուբարը պատասխանում է, որ հայերն ունեն 15 հազարանոց շատ լավ վարժված բանակ եւ կարող են կարճ ժամանակում զորակոչել եւս մոտ 40 հազար հոգու, իսկ ԱՄՆ-ում զինվորագրված 5-10 հազար հայ կամավորականները կազմ-պատրաստ սպասում են կռվելու Կիլիկիայում:

Հայերի խնդիրը միայն հագուստի եւ զենք-զինամթերքի, նաեւ սպաների պակասն է: Էրզրում-Կարինը Հայաստանի անվտանգության համար բացառիկ նշանակություն ունեցող բանալի-բերդ է, ուստի անպայման պետք է միանա Հայաստանին: Եթե դաշնակիցները հայերին օգնեն զենք-զինամթերքով եւ հագուստով, հայոց զորքերը կարող են հաղթել թուրք զորքին եւ պահպանել երկրի անվտանգությունը: Պողոս Նուբարը հիշեցրեց նաեւ, որ հայերը ֆրանսիական բանակի Արտերկրային լեգիոնին տրամադրեցին մի ամբողջ զորախումբ, որը մեծ գովեստների արժանացավ ֆրանսիայի ԱԳ նախարարից եւ գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ լորդ Ալենբիից:

Հայերը մարտնչում էին նաեւ ռուսական բանակի շարքերում: Իսկ երբ Մոսկվան պատերազմից ետ քաշվեց, ռազմաճակատների ամբողջ ծանրությունն ընկավ հայերի վրա:

Հաջորդ օրը ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը, ով նույնպես հավաստիացրեց, որ զենք-զինամթերքի, հագուստի ու դաշնակիցների տրամադրած սպայակազմի առկայության դեպքում այժմ 20-25 հազար, իսկ 2-3 ամսից մոտ 40 հազար զորք ունեցող Հայաստանը հեշտությամբ պիտի ջախջախի թուրքական զորքին:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։